Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանում խախտել են շփման գիծը, Խրամորթի կանայք ու երեխաները տարհանվել են

Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանում խախտել են շփման գիծը, Խրամորթի կանայք ու երեխաները տարհանվել են

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։  «Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:  Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի»։ 
17:35 - 24 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Դավիդ Զալկալիանիին է ներկայացրել Բաքվի կողմից ԼՂ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները

Արարատ Միրզոյանը Դավիդ Զալկալիանիին է ներկայացրել Բաքվի կողմից ԼՂ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր:  Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խոչընդոտելու գործողությունները, ինչի հետևանքով Արցախը կանգնել է հումանիտար ճգնաժամի շեմին։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայկական կողմի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։
17:00 - 24 մարտի, 2022
Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են․ այդ լիազորությունը վերապահված է Վիտալի Բալասանյանին

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են․ այդ լիազորությունը վերապահված է Վիտալի Բալասանյանին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:  Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»:
14:54 - 24 մարտի, 2022
Արցախցին ապրել է և ապրելու է Արցախում. կանայք Ստեփանակերտից իրենց կոչը հղեցին միջազգային կառույցներին |armenpress.am|

Արցախցին ապրել է և ապրելու է Արցախում. կանայք Ստեփանակերտից իրենց կոչը հղեցին միջազգային կառույցներին |armenpress.am|

armenpress.am: Արցախցի կանայք խաղաղ հավաք էին կազմակերպել Ստեփանակերտում՝ իրենց ձայնը միջազգային կառույցներին լսելի դարձնելու համար, կրկին ուշադրություն հրավիրելու Արցախում Ադրբեջանի միջամտությամբ գազամատակարարման դադարեցման, դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետի վրա: Ստեփանակերտում հավաքված կանանցից մեկը հայտարարեց. «Բոլոր միջազգային կառույցները, մարդասիրական սկզբունքներից ելնելով, մեր այս իրականության հետ ոչ թե պետք է համակերպվեն, հորդորեն, կոչ անեն, այլ ձեռնարկեն հստակ քայլեր»:   Նրանք շեշտեցին՝ այս պահին հումանիտար աղետ է տիրում Արցախում, և աշխարհը, բոլորը տեղյակ են, թե ով է դրա մեղավորը: Կանայք ընդգծեցին՝ Ադրբեջանն օգտվելու է առիթից, և հնարավոր է, որ էլ ավելի վատ վիճակում հայտնվեն: Արցախցի կանայք հիշեցրին, որ արցախցին աշխարհում ապրող որևէ այլ քաղաքացու հետ հավասար ունի նույն իրավունքները, սակայն այս պահի դրությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայտնվել են անելանելի վիճակում: «Եվ ամենացավալին այն է, որ չկա որևիցե կառույց, որը կարող է ստիպել ագրեսորին՝ վերջ տալ իր վայրագություններին»,-ընդգծեց կանանցից մեկը: Նրանք շեշտեցին՝ արցախցին տեր է իր հողին, իր իրավունքներին: «Պահանջում ենք, որպեսզի միջազգային բոլոր կառույցներն անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգության հարցով, քանի որ սա ոչ միայն կենցաղային խնդիր է, այլ հենց անվտանգության հարց է: Որևիցե արցախցի չի ցանկանում թողնել իր հողը, տունը և լքել Արցախը: Թող Ադրբեջանը դա հասկանա՝ արցախցին ապրել է և ապրելու է Արցախում»-նշեց հավաքի մասնակից կանանցից մեկը՝ ընդգծելով, որ պայքարելու են մինչև վերջ, հակառակորդը չի կարող Արցախը հայաթափել:
14:28 - 24 մարտի, 2022
Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ի կարմիր գծերը 2018-ից հետո չեն փոխվել. Եղոյան |armenpress.am|

Արցախի հարցով բանակցային գործընթացում ՀՀ-ի կարմիր գծերը 2018-ից հետո չեն փոխվել. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է, որ Արցախի կարգավորման հարցով բանակցային գործընթացում Հայաստանի ներկայացրած կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել: Եղոյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք գործող իշխանությունը չի հատի ադրբեջանցիների, թուրքերի հետ բանակցություններում, ինչո՞ւ հստակ չի ձևակերպվում, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արման Եղոյանը նշեց՝ երբ խոսվում է կարմիր գծերից, պետք է հիշել, որ երբ մի անգամ գծեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու: «Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, այն սիրում է որոշակի առումով կոնֆիդենցիալություն, դիվանագիտությունն արվեստ է՝ խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահամանափակեք նրա հնարավորությունները՝ գործել ապագայում»,-ասաց պատգամավորը: Վերադառնալով 1991-1992 թթ՝ նա ասաց, որ եթե այդ ժամանակ այդ կարմիր գծերի հարցում հայկական կողմն ունենար ավելի ճկուն դիրքորոշում, այլ ոչ թե հստակ հայտարարություններ, գուցե, այսօր շատ ավելի բարվոք վիճակում հայտնվեր ՀՀ դիվանագիտությունը: Նա ընդգծեց, որ կարմիր գծերը պետք է պահպանի ոչ միայն իշխանությունը, այլ նաև՝ ընդդիմությունը: Արման Եղոյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ կարմիր գծեր ունի իշխանությունը, հարց բարձրացրեց՝ ի՞նչ կարմիր գծեր են իրենք ժառանգել, ի՞նչ կարմիր գծեր էին դրված 2018 թվականին, փաստաթղթավորված ձևով, ո՞րտեղ է եղել այդ կարմիր գիծը: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ կարմիր գծերը՝ Արցախի կարգավորման հարցով,  2018 թվականից հետո չեն փոխվել, բանակցային գործընթացում արտահայտված կարմիր գծերը 2018 թվականից հետո որևէ փոփոխության չեն ենթարկվել»,-ասաց Արման Եղոյանը:
13:22 - 24 մարտի, 2022
Մի խումբ քաղաքացիներ ակցիա իրականացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին

Մի խումբ քաղաքացիներ ակցիա իրականացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին

Այսօր Հայաստանում ՄԱԿ գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակին։ Նրանք նշեցին, որ ակցիան քաղաքական չէ, կարող են միանալ և միացել են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը սատարող քաղաքացիները։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ իրենց այս գործողությամբ իրենք միանում են Ստեփանակերտում այսօր բողոքի ակցիա անող իրենց հայրենակիցներին և ուզում են նրանց հայտնել, որ նրանք մենակ չեն։ Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Հայրիյանը հայտնեց, որ իրենց հիմնական նպատակն է միջազգային հանրությանը հասցնել իրենց ուղերձը։ «Ներկայումս տեսնում ենք՝ ինչ ահաբեկչություն է իրականացնում Ադրբեջանը Արցախում։ Սա հումանիտար աղետ է։ Ցանկանում ենք մեր կոչը հղել միջազգային ողջ հանրությանը, որ ուշադրությունը սևեռեն։ Դատապարտում ենք ՄԱԿ գործողությունները, որ Ադրբեջանի օկուպացրած Շուշիում անդամակցության 30-ամյակ են նշում՝ չնայելով, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում»,- ասաց Հայրիյանը։ Ակցիայի մասնակիցները նաև գրություն են փոխանցել ՄԱԿ գրասենյակ։
13:19 - 24 մարտի, 2022
Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների զինանոցը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների զինանոցը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էր Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին՝ այն բնութագրելով հումանիտար եւ անվտանգությանն ուղղված  աղետ: «Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակում են բանակցություններ ընթանալ գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, երաշխիքներ չեն տալիս, որ սրան հաջորդող ժամանակահատվածներում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ: Ես, իհարկե, չէի ցանկանա ընդլայնված ցանկով ներկայացնել այն բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք այսօր առկա են եւ կարող են հաջորդել գազի վթարներին, պայթյուններին, բայց, ցավալիորեն, Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, եւ երկարաժամկետ կտրվածքով որեւէ լուծում տեսանելի չէ»,- ասել է նա: Պատգամավորի գնահատմամբ՝ գազի բացակայությունը բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնելու:
13:18 - 24 մարտի, 2022
Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի որդեգրած քաղաքականությունը այլընտրանք չունի։ Մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեև շատերը Արցախի գազի խնդրի հետ կապված իրադարձությանն արձագանքում են՝ հիշեցնելով եւ քննադատելով  երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը։ «Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության մեր օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ եւ այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր եւ մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց, որ գազատարի առաջին պայթյունից հետո՝ մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման 5 կետանոց առաջարկ: «Մենք շատ արագ՝ մարտի 14-ին, գրավոր արձագանքել ենք այդ առաջարկներին եւ դիմել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին եւ խնդրել ենք աջակցել  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններ կազմակերպելու հարցում: Իսկ 2022 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարը բարձրաձայնեց Հայաստանի ընդհանրական գնահատականը Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին, իսկ այդ գնահատականը հետեւյալն է. «Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»: Այս դիրքորոշման հրապարակման օրը՝ երեկոյան՝ Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, եւ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»,- շեշտեց Փաշինյանը։
12:00 - 24 մարտի, 2022
Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Արդեն 3 օր է՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից, սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նշել է՝ եղանակային այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել է բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար անհրաժեշտ բնական գազի  մատակարարումներից։ «Սա բավական է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին, չեմ կասկածում, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, բայց պետք է ասել, որ Ադբեջանը իր այս գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև միջազգային հանրության համար այս դրվագը Արցախի հիմնախնդրի դիպուկ նկարագրություն է»,– ասաց Փաշինյանը։
11:33 - 24 մարտի, 2022
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով  հայաստանյան գործընկերներին՝ ԱԺ նախագահը  նախ՝ անդրադարձ է կատարել  2020թ․ Աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա  իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում  Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցերի շուրջ։ Խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է համազգային օրակարգ  ունենալու անհրաժեշտությունը և շեշտել լինել միասնական՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, համախմբել ուժերը՝ ի նպաստ հայկական երկու հանրապետությունների։ Թագուհի Թովմասյանը  տեղեկացրել է, որ փաստահավաք  առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար  ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել  է  իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել  հանձնաժողովի  հանրային և հրապարակային գործունեությունը։ Հանդիպումն այնուհետև շարունակվել է  ԱԺ «Արդարություն»  խմբակցության պատգամավորների հետ։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այս օրերին Արցախում գտնվելու և Արցախի խնդիրներով մտահոգվելու համար։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին  ընդգծել է հանձնաժողովի շրջանակներում իրականացվող հումանիտար խնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու գործունեությունը։ Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում միասնական գործելու գաղափարը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Հանդիպմանը քննարկվել են  անվտանգային հարցերին, աշխարհաքաղաքական նոր ազդակներին, հայկական զույգ հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
19:43 - 23 մարտի, 2022
Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ չի փոխվել. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ չի փոխվել. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ որևէ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Թեմայի վերաբերյալ Միրզոյանին հարց էր ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Շուշիի հռչակագիրը պարունակում է  հակահայկական, ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պարունակող դրույթներ: Զարմանալիորեն, այդ հռչակագիրը նաև սկսեց վավերացվել խորհրդարանների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի: Ի՞նչ արձագանք է դրան տրվել՝ բացառությամբ 2021 թվականի հունիսի ԱԳՆ-ի հայտարարությունից, երբ այն դեռ չէր վավերացվել: Այս ամենից հետո որևէ արձագանք տրվե՞լ է ԱԳՆ-ի կողմից»,- հարցրեց Վարդևանյանը: «Սրան ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն է անդրադառնում: Տեղին է հիշատակել Հաագայի դատարանի միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշումը, որտեղ շատ հստակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ է արվում դադարեցնել այդ քաղաքականությունը: Դրա օրինակները բազմաթիվ դեպքերում են՝ ինչպես մշակութային հուշարձանների վերաբերյալ, ինչպես այս օրերին, երբ հումանիտար ճգնաժամ է առաջանում գազի հետ կապված: Իրավիճակը և հնարավոր զարգացումները մեր բոլոր միջազգային շփումների առանցքում են»,- ասաց Միրզոյանը:
18:49 - 23 մարտի, 2022
Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար․ HRW

 |factor.am|

Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար․ HRW |factor.am|

factor.am: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանմանը։ Մասնավորապես, կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Եվրասիայի բաժնի տնօրեն Գեորգի Գոգին թվիթերյան իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնում են առանց ջեռուցման, քանի որ գազատարն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով։«Շատ հացի փռեր ևս չեն աշխատում։ Գազամատակարարման դադարեցումն ազդել է նաև ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների և դպրոցների վրա։ Դրանք մնում են փակ, քանի որ չեն ջեռուցվում։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- գրել է Գոգիան։ Նա նաև նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում է նաև բռնության աճ շփման գծում: «Եթե սա բնակչության տեղահանում պարտադրելու միտումնավոր փորձ է, ապա կարելի է համարել Ժնևի կոնվենցիաների խախտում»,- նշել է կազմակերպության պաշտոնյան։
16:27 - 23 մարտի, 2022
Հայաստանին խորհուրդ ենք տալիս իրացնել ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
 |tert.am|

Հայաստանին խորհուրդ ենք տալիս իրացնել ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին կոչ է արել «կատարել եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները»։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ հայտարարության՝ կապված Արցախում գազամատակարարման հետ։«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդների դուրսբերումը և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և չանել անհիմն հայտարարություններ:  Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցման մշտական դրսևորումը, անհիմն պնդումներ անելը, բացահայտում են այս երկրի իրական մտադրությունները։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին, անհիմն և անօրինական պահանջներ ներկայացնելու փոխարեն, զբաղվի եռակողմ հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմամբ՝ ապահովելով զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Աբդուլաևան:  
15:27 - 23 մարտի, 2022
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Արցախում գազի դադարեցման կապակցությամբ
 |civilnet.am|

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Արցախում գազի դադարեցման կապակցությամբ |civilnet.am|

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի civilnet.am: Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Արցախ գազի մատակարարման երկրորդ անգամ դադարեցման կապակցությամբ։ «Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազամատակարարումը կրկին դադարեցնելու կապակցությամբ։ Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը տեղի տուժած բնակչությանը։ Եվրամիությունը կոչ է անում վերահսկող մարմիններին վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։ Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
14:27 - 23 մարտի, 2022