Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար․ HRW

 |factor.am|
16:27 - 23 մարտի, 2022

Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար․ HRW |factor.am|

factor.am: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանմանը։ Մասնավորապես, կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Եվրասիայի բաժնի տնօրեն Գեորգի Գոգին թվիթերյան իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնում են առանց ջեռուցման, քանի որ գազատարն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով։

«Շատ հացի փռեր ևս չեն աշխատում։ Գազամատակարարման դադարեցումն ազդել է նաև ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների և դպրոցների վրա։ Դրանք մնում են փակ, քանի որ չեն ջեռուցվում։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- գրել է Գոգիան։

Նա նաև նշել է, որ վերջին շաբաթներին նկատվում է նաև բռնության աճ շփման գծում: «Եթե սա բնակչության տեղահանում պարտադրելու միտումնավոր փորձ է, ապա կարելի է համարել Ժնևի կոնվենցիաների խախտում»,- նշել է կազմակերպության պաշտոնյան։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել