ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը |tert.am|

Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը |tert.am|

tert.am: Իգոր Պոպովի փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է դարձել Իգոր Խովաևը: Սա հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հուլիսի 29-ին հրապարակված համանախագահների հայտարարությունից. այն տրվել է Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) անունից: Այս թեմայի շուրջ Մոսկվայից պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա: Իգոր Պոպովը զբաղեցնում էր Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2010 թվականից: Բաց աղբյուրների համաձայն՝ 2015 թվականի մարտի 2-ին Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի դեսպան Ֆիլիպինների Հանրապետությունում և միաժամանակ Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում, իսկ նույն տարվա մայիսի 5-ից ՝ Մարշալյան կղզիներում` համատեղության կարգով: Այս բոլոր պաշտոններից նա ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին:
09:40 - 30 հուլիսի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն: Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու  առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների: Համանախագահները վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին»:
20:28 - 29 հուլիսի, 2021
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։ Բացի այդ, Փրայսը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո բանակցություններին:
09:28 - 29 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին. Պետքարտուղարություն |armenpress.am|

ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին. Պետքարտուղարություն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցերի: Անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկման մասին հարցին՝ պետքարտուղարությունը մատնանշել է ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Մենք խորապես մտահոգված ենք անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքների մասին»,- նշել է պետքարտուղարությունը: «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը նաև հարց էր ուղղել օրերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այցի մասին: ԱՄՆ պետքարտուղարությունը նշել էր, որ չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասներ: Պետքարտուղարությունը չի մեկնաբանել նաև Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները:
10:25 - 16 հուլիսի, 2021
Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ․ Արցախի ԱԳՆ

Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի օկուպացված տարածքներ․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․«Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։ Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։ Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործությունների արդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։ Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»։
13:15 - 13 հուլիսի, 2021
Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։   Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։   2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և այդ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպում են մեկ անգամ ևս բարձրաձայնել հայկական դիվանագիտության այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր հայկական պետությունը և միջազգային մակարդակով ըմբռնում և աջակցություն ստանում մինչև 2018-ի ապրիլը: 2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին: Ես կփորձեմ ներկայացնել բարդ դիվանագիտական աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձավ շրջադարձային կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:   Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին   Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթե երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և հատկապես Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ինտենսիվ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ և եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձևաչափերով, ինչպես նաև երեք տասնյակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով: Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:   Մեջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկը. 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»: Այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին: Հակամարտություններով զբաղվող փորձագետները գիտեն, որ սեցեսիոն բնույթի հակամարտությունների ճնշող մեծամասնությունն ավարտվում է նորանկախ պետության լեգիտիմացմամբ ոչ թե այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնությունը, այլ ավելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրության մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերվում: Եվ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ կամքի ազատ արտահայտմամբ, որի հնարավորությանը մենք հասանք 2011 թվականին: Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր: Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը: Դիվանագիտությունը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին և պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նոր առաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցությունից արբեցած, սկսեց հայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր գոյություն չունի», Հայաստանի իշխանությունները լռում են՝ բերանները ջուր առած: Կազանի փաստաթղթում կատարվել են շուրջ երեք տասնյակ այլ փոփոխություններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների համար: Կարևոր է շեշտել, որ որպես կարգավորման հիմք պահպանվել են դեռևս Մադրիդում ներկայացված միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Առաջ անցնելով՝ ես կցանկանայի այստեղ հատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական աշխատանքների վրա և մոտեցրին 2020թ. պատերազմը:   Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Լ'Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հայտարարությունները Մայնդորֆում, Աստրախանում և Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեցինք շարունակել բանակցությունները կարգավորման շուրջ՝ դրանցում պարունակվող առաջարկությունների հիման վրա: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսևորվեցին:   Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը   Կազանում գագաթնաժողովն անցկացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զորակցություն հայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին Կազանի հանդիպմանը «ավարտին հասցնել» կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքվին (ինչպես նաև Անկարային, որը բացահայտորեն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկե, պետք է հատկապես նշել Դ.Ա.Մեդվեդևի և Ս.Վ. Լավրովի ջանքերը, որոնք առավելագույն հետևողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձևակերպումներ: Կազանում ներկայացված տեքստը գործնականում արդեն համաձայնեցված էր կողմերի միջև, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված նամակում նշում էր, որ, ինչպես պայմանավորված է, առաջիկա հանդիպմանը կողմերը նոր փոփոխություններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում: Նախագահ Օբաման հունիսի 23-ին իմ և Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույն օրը մեզ ուղարկած գրավոր ուղերձներում մեզ հորդորում էին հավանություն տալ Կազանում ներկայացված փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրեին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես հայտարարեցի, որ Կազանում դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի: Չնայած միջազգային հանրության մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Միջազգային միջնորդները լրջորեն հիասթափված էին Բաքվի այդօրինակ մոտեցումից և Ալիևից հարցնում էին, թե ինչպես նա կարող է, արդեն որերորդ անգամ, հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։ Եվ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։   Կազանից հետո   Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների մերժմանը՝ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ: 2011 թվականից հետո՝ մինչև 2018 թվականը, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակից ավելի հանդիպումներ, համանախագահների տասնյակ ուղևորություններ դեպի Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Ընդ որում, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։ Փաստացիորեն, նաև Կազանից հետո ձախողվելով դիվանագիտական ճակատում ՝ Ադրբեջանը գնաց հակամարտության գոտում լարվածության սրման՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ստիպել հայկական կողմերին պակաս պահանջկոտ լինել կամ էլ հրահրել միջնորդների ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ փուլի գագաթնակետը դարձան 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողությունները՝ շփման գծի ողջ երկայնքով։ Հաջորդիվ, երբ նաև այս ագրեսիան ձախողվեց և ռազմական գործողությունների չորրորդ օրը Բաքուն Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թե իբր հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Չգիտես ինչու, Հայաստանի ընդդիմադիրները, որոնք այսօր գտնվում են իշխանության ղեկին, մեզ մեղադրում էին նույն բանում։ Եվ հետագայում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ադրբեջանական խոսույթը հայկական քաղաքական դաշտ բերելու փորձերը, չգիտես ինչու, դարձան նոր իշխանությունների հիմնական նպատակը։ Հատկանշական է, որ համանախագահները միանգամից արձագանքեցին՝ պաշտոնական նամակներ ուղղելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ քարտուղարություններ, հետագայում նաև մի շարք համատեղ հայտարարություններ անելով, որոնցում ընդգծվում էր, որ 2016-ի բանավոր համաձայնությունը ոչ միայն չի չեղարկում 1994-95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ անժամկետ համաձայնագրերը, այլև հրամայական է դարձնում դրանց անվերապահ կատարումը։ Այսպիսով, 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես Ադրբեջանին չմոտեցրեց իր նպատակին ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով: Նրանց չհաջողվեց ուժային միջոցներով պարտադրել իրենց մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում: 2016-ի մայիսին Վիեննայում, 2016-ի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա բազմաթիվ հայտարարությունները վերահաստատում են դա: Ադրբեջանը բանակցային գործընթացում իրեն ավելի ու ավելի էր փակուղի մտցնում։ Ընդ որում, հրադադարի բազմակի խախտումների, բանակցային գործընթացը տորպեդահարելու միջոցով Ադրբեջանը պարբերաբար Երևանին հրահրում էր հրաժարվել բանակցություններից, որպեսզի խաղաղ գործընթացի տապալման մեղքը գցի Հայաստանի վրա։ Սակայն ադրբեջանական կողմին դա ոչ մի կերպ չէր հաջողվում։ Թվում էր՝ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Մյուս կողմից՝ մեկ անգամ չէ, որ Հայաստանը հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրա։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ (օրինակ՝ համաշխարհային առաջատար բուհերի հայ շրջանավարտներին ուղղված նամակում), որ 2018-ին ինքս ինձ համար բարդ որոշում եմ կայացրել մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման»։ Պատրաստ լինելով ինձ վրա վերցնելու պատմական պատասխանատվություն՝ ես ուզում էի հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։ 2018թ. գարնանը մենք դրա համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։ Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչև հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորության մեջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։ Իսկ դա միանգամից նոր շունչ հաղորդեց Ադրբեջանի դիվանագիտությանը այնպիսի պայմաններում, երբ թվում էր, թե Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանության կոպտագույն դիվանագիտական վրիպումների, անխոհեմ հայտարարությունների ու գործողությունների արդյունքում իրավիճակը սկսվեց փոփոխվել ոչ հոգուտ Երևանի, որը միջազգային հանրության աչքերում սկսեց դիտարկվել որպես բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացավ այն, ինչ իրեն չէր հաջողվում տասնամյակներ շարունակ՝ որպես կազուս բելլի (casusbelli - պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցություններից հրաժարվելու մեջ։ Ես բազմիցս խոսել եմ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքների, դրանում պարտության պատճառների մասին, այն մասին, թե ինչու հնարավոր չեղավ կանխել, դադարեցնել այն, ռազմական հրեշավոր սխալների մասին, բայց դրա խոր ուսումնասիրությունն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը առանձին թեմա է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է։ Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ պետք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Հայաստանի ներկա ղեկավարությունը, որն իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, փորձում է իր անխոհեմ գործողությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կրած հսկայական, ողբերգական կորուստների պատասխանատվությունը գցել «նախկինների», համանախագահների, Աստված գիտի, թե էլ ում վրա։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների վրա հնարավոր չէ դնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, առավել ևս մեր ժողովրդի և պետության ապագայի պատասխանատվությունը։ Որոշ ուժեր՝ առաջին հերթին ադրբեջանաթուրքական տանդեմը, փորձում են առավելագույնս կապիտալիզացնել Հայաստանի և Արցախի դեմ վերջին ագրեսիայի հետևանքներն ու արդյունքները, հայ հասարակությանը պարտադրել, այսպես կոչված, «նոր իրողությունները»՝ որպես տարածաշրջանում կայացած փաստ։ Սակայն Հարավային Կովկասի ապագան, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը չեն կարող կառուցվել հայ ժողովրդի ազգային շահերի անտեսման վրա։ Հայաստանի գործող իշխանությունների համար, որոնք սեփական դիրքերը պահպանելու համար Հայաստանն ու Արցախը դարձրել են տարածաշրջանում սակարկությունների առարկա, սա երկրորդական է թվում։ Սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերի, մեր ժողովրդի համար սա առաջնային խնդիր է։
10:31 - 07 հուլիսի, 2021
Հռիփսիմե Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում բարձրաձայնել է հայ ռազմագերիների հարցը

Հռիփսիմե Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում բարձրաձայնել է հայ ռազմագերիների հարցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստին: «Մինչ այսօր մենք խոսում ենք տնտեսական խնդիրների և տնտեսական համագործակցության մասին, շատ բարդ է պատկերացնել համագործակցություն այնպիսի իրավիճակում, երբ հարևան երկիրդ անցյալ տարվա աշնանը սանձազերծել է անմարդկային պատերազմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ, այժմ պահում է հայ ռազմագերիներին՝ գերևարված ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, բեմականացնում է նրանց դեմ շինծու դատական գործընթացներ և նույնիսկ ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք այս տարվա մայիսին: Ավելին, ապշեցուցիչ էր տեսնել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ զրույցի տեսանյութը, որում քննարկվում է գերևարված հայ քաղաքացիների հարցը, և Թուրքիայի առաջին տիկինը Ալիևին հարցնում է՝ դեռ կա՞ն գերիներ, ապա խորհուրդ տալիս վերադարձնել նրանց մաս առ մաս կամ փուլերով: Տեսանյութը հստակ ապացույց է, որ բոլոր հայ գերիները պատանդ են Ադրբեջանում՝ քաղաքական սակարկությունների և առևտրի համար: Այդ պատճառով գերիների բոլոր դատավարությունները պարզապես բեմադրված են, իսկ ձերբակալությունները՝ նրանց հանդեպ արգելված պատժամիջոց: Իրականում սրանով Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Այսօր մենք իսկապես պետք է խոսենք Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ներառյալ երկաթուղիները, փոխարենը Ալիևը հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասին՝ իբրև միջանցքի, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ: Միջանցքը կապ չունի ճանապարհների և երկաթուղիների ապաշրջափակման հետ, դա մի հարց է, որը երբեք չի քննարկվել և քննարկվելու, փոխարենը շահարկվում է Ադրբեջանի ավտորիտար նախագահի կողմից, այդ թվում՝ ներքին օգտագործման համար: Իրականում ներխուժումը Հայաստանի Հանրապետություն հենց այն հատվածով, որն ամենանեղն է, երկմտանքի տեղիք չի տալիս ներխուժման դրդապատճառների վերաբերյալ: Պատերազմն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Հայտարարության մեջ ավելի քան հստակ ասվում է, որ բոլորը գերիները և պահվող անձինք պետք է փոխանակվեն անհապաղ և առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: Եվ այս հարցը անհապաղ պիտի հասցեագրենք բոլոր ներկաներս: Սա անկասկած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլ է, որով մենք կմերժենք ուժի օգտագործումը կամ ուժի օգտագործման սպառնալիքը` որպես հակամարտությունների լուծման միջոց՝ համապատասխանեցնելով մեր խոսքերն ու գործողությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահող պետությունների ղեկավարներին` իրենց ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին` հայ գերիներին հայրենիք վերադարձնելուն վերջերս ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:
12:15 - 02 հուլիսի, 2021
Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում խոսել է հայ ռազմագերիներին Ադրբեջանում առևտրի առարկա դարձնելու և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքում ապօրինի գտնվելու մասին։ Անի Սամսոնյանի ելույթի տեքստն ամբողջությամբ. «Հարգելի՛ գործընկերներ, տիկին Հենրիկսեն, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ համավարակի այս բարդ պայմաններում Մարդու իրավուքնների վերաբերյալ զեկույց նախապատրաստելու և խորհրդարանական վեհաժողովին ներկայացնլու համար։ Ես ակնկալում էի այս զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ, որովհետև խոսքը գնում է մարդու հիմնարար իրավունքների մասին։ Ցավոք սրտի, ստիպված եմ ևս մեկ անգամ խոսել այստեղ այն փաստի մասին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել այդ հիմնարար սկզբունքները, չի վերադարձնում հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին՝ ներառյալ կանանց։ Այս օրերին Ադրբեջանում սկսվել են դատավարություններ հայ գերիների նկատմամբ, որը ամբողջությամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, և խախտում է ոչ միայն գերիների, այլև նրանց ընտանիքնի իրավունքները։ Միջազգային մարդասիրական իրավունքը քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից։ Ես Ձեզ ցույց կտամ տեսանյութ, որտեղ Ադրբեջանի և Թուրքայի նախագահները զրուցում են հայ ռազմագերիների մասին՝ նրանց համարելով առևտրի առարկա։ Նշվում է, որ նրանց պլանավորում են վերադարձնել միայն Լեռնային Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզների դիմաց։ Սա անժխտելի ապացույց է, որ Ադրբեջանը ներգրավված է մարդկանց առևտրի գործում և հայ ռազմագերիները վերջինիս համար ենթակա են առուծախի։ Նրանք ապօրինաբար բանտարկված են ականապատված տարածքների քարտեզների դիմաց փոխանակվելու համար։ Հետևաբար, հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ գործընթացներ են և նպատակ ունեն միայն փակելու ձեր աչքերը իրողության վրա։ Ես ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և առ այսօր գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։ Մենք կոչ ենք արել մեր եվրոպացի բոլոր գործընկերներին կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը խախտելու համար։ Մեկ անգամ հայտարարել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումները ոչ միայն Հայաստանի անհանգստության պատճառը պետք է լինի, այլև ողջ միջազգային հանրության, որովհետև Ադրբեջանի վարքագիծը և անպատժելի մնալու վստահությունը սպառնալիք է միջազգային իրավական համակարգի համար, աշխարհի և տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար։ Հարգելի՛, գործընկերներ, Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից և վերադարձնի ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին։ Դուք այս հարցում ունեք էական դերակատարում, որովհետև մենք միասնական ջանքերով պետք է պաշտպանենք միջազգային իրավական կարգը, հասնենք անվտանգության և խաղաղության աշխարհում»։  
11:40 - 02 հուլիսի, 2021
ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն  կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման: Լինդեն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայ հասարակությունը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ԵԱՀԿ-ի պասիվ դիրքորոշումից և հարցին, թե արդյոք ԵԱՀԿ գործող նախագահը կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահի տեսակետը, թե ԼՂ հակամարտությունը լուծված է: «Համաձայն չեմ, որ ԵԱՀԿ-ն շատ ջանք չի գործադրում կոնֆլիկտի հարցում, այն հարցում, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ է: Ես անձամբ հանդիպում եմ ունեցել նրա հետ երեկ՝ քննարկելու իրավիճակը: Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որը համանախագահում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնք փորձում են անել շատ դրական քայլեր»,-ասաց Լինդեն ու նկատեց, որ նրանք, սակայն, անցյալ տարի սահմանափակ հասանելիություն են ունեցել տարածաշրջան՝ կորոնավիրուսի, նաև այլ պատճառներով: ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրեց, որ հունիսի կեսին նաև համաձայնություն եղավ՝ Հայաստանին վերադարձնելու 15 հայ ռազմագերիների, Հայաստանն էլ Ադրբեջանին տրամադրեց քարտեզներ, որոնքը հեշտացնելու են ականազերծման աշխատանքները: Լինդեն դա համարեց վստահության ամրապնդման ողջունելի միջոց:  Նրա կարծիքով՝ դա տեղի է ունեցել Վրաստանի արժեքավոր դերակատարության, ԱՄՆ-ի, նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ում շվեդական համանախագահության գերազանց համագործակցության արդյունքում: «Ես իմ հայտարարությամբ կոչ եմ արել Հայաստանին, Ադրբեջանին՝ անել դրական քայլ՝ ազատ արձակելով բոլոր մնացած կալանավորվածներին և բանակցությունները վերսկսել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, նաև Անջեյ Կասպրշիկի ներգրավվածությամբ քաղաքական լուծում գտնել, քանի որ դեռ չկա խաղաղության համաձայնագիր»,-ասաց Լինդեն:
14:31 - 29 հունիսի, 2021
Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը շնորհավորել է Հայաստանին հաջողված խորհրդարանական ընտրությունների առթիվ |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Բուշը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ ընտրությունները դիտարկելու և դրանց արդյունքներով զեկույցներ ներկայացնելու առնչությամբ: Այս մասին Բուշը խոսել է ԵԱՀԿ նստաշրջանում: «Ուրախ էինք տեղեկանալու, որ ընտրությունները մրցակցային էին և կարճ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Ընտրողներին ներկայացվել է կարծիքների լայն շրջանակ, հիմնարար իրավունքներն ու ազատությունները մեծամասամբ հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել»,- նշել է դեսպանը: Նա կիսել է մտահոգություններն այն մասին, որ քարոզարշավի ժամանակաշրջանն աչքի էր ընկնում խիստ բևեռացմամբ և հրահրող հռետորաբանությամբ, և որ քարոզարշավի ընթացքում կանայք երկրորդ պլան էին մղված: «Ակնկալում ենք տեսնել ընտրությունները դիտարկող առաքելության վերջնական զեկույցը, որը արժեքավոր տեղեկություններ կպարունակի՝ ուղղված ընտրական գործընթացի հետագա բարելավմանը և կլուծի ի հայտ եկած խնդիրները: ԺՀՄԻԳ օբյեկտիվ ուսումնասիրություններն ու առաջարկություններն արժեքավոր գործիք են, և մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել դրանցից, այդ թվում և՝ կյանքի կոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այս և նախկին առաջարկները: Միացյալ Թագավորությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում և ժողովրդավարության ու տնտեսական բարեփոխումների ոլորտում համագործակցության միջոցով»,- հայտարարել է Նիլ Բուշը:
15:27 - 25 հունիսի, 2021
Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է |armenpress.am|

Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը երբեք էլ չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է գործել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցին: «Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ համանախագահների ձևաչափը շարունակում է գործել, կան հարցեր, որոնք մտնում են համանախագահության ձևաչափի օրակարգի մեջ, և կարծում եմ՝ այստեղ շատ բան կախված կլինի կողմերի դիրքորոշումներից», - մեկնաբանեց Կոպիրկինը: Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը օրակարգում է, սակայն թե կոնկրետ ե՞րբ այն տեղի կունենա՝ առայժմ հստակ տեղեկություններ չկան:
16:36 - 22 հունիսի, 2021
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ |armenpress.am|

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Հունիսի 22-ին այդ մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում: «Թույլ կտամ ասել, որ թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն համագործակցում են մի քանի ոլորտներում, բայց կան նաեւ համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում մենք կկարողանայինք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- ասել Է նա: Եվրակազմակերպության գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովում հիշատակվել Է սահմանների պահպանության գործում երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության հակազդման, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: «Ես ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք անմիջակա քննարկելու մեր փոխգործակցության հետագա զարգացման հարցերը»,- իր հերթին նշել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Շմիդը հունիսի 22-ին առաջին անգամ կայցելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարություն եւ ելույթ կունենա ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:15 - 22 հունիսի, 2021