Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|

news.am: Հաշվի առնելով Արցախի եւ ընդհանրապես ամբողջ հայ աշխարհի օրհասական վիճակը, որոշել էինք կոչով դիմել մեր հասարակությանը, այս անգամ ոչ միայն Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից եւ մնացած շրջաններից տեղահանվածներին, այլ ամբողջ հայությանը, որ դուրս գան իրենց շահերը պաշտպանելու. Ցավոք սրտի, մեր կոչին արձագանքողները շատ քիչ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։ «Մենք արդեն մոտենում են անելանելի վիճակին, դրա համար կոչ ենք անում ժողովրդին դուրս գալ եւ պաշտպանել իր շահերը, քանի որ մեր շահերը ոչ մեկը չի պաշտպանի, բացի մեզանից:»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր երկրում ստեղծված  վիճակի մեղավորը նաև ժողովրդի իներտությունն է: «Դանակը ոսկորին է հասել, բայց ժողովուրդը որևէ քայլ չի անում իր վիճակը փոխելու համար: Հստակ քայլն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ չեն սպասարկում հայության շահը: Մեր իշխանությունը պայմանագիր կնքեց թշնամու հետ նոյեմբերի 9-ին, որպեսզի իբր կանգնեցնեն նրանց հետագա առաջխաղացումը: Ի՞նչ իմաստ ու ուժ ունի այդ պայմանագիրը, տեսնում ենք բոլորս, ամեն օր մի քիչ ավելի առաջ են գալիս: 2020-ից կսած Ալիեւն ինչ ասում է, անում է, նշանակում է հասնելու է հաջորդ քայլին: Հաջորդ քայլը Հայաստանի հարավի օտարումն է, ճանապարհների տրամադրումը Ադրբեջանին: Փաշինյանն իր բերանով հայտարարում է, որ այդ ճանապարհները սպասարկելու են ոչ հայերը, այլ որեւէ երրորդ երկրի, կոնկրետ ՌԴ-ն»,-ասաց Հայրյանը: «Այս իշխանության հաջորդ հայտարարությունը լինելու է այն, որ մենք չենք կարող անկախ Հայաստանի շահերը պաշտպանել, մենք այդ շքեղությունը չունենք, որ անկախ պետություն պահենք, ու պետք է մտնենք ուրիշ պետության կազմ: Ու քանի որ Թուրքիան խնդրահարույց է, մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն  էլ հեռու է այս պահին ու թույլ, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիեւը այդպես է ուզում: ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը սա է լինելու»: Նա նշեց, որ այսօր իրենց ակցիան ոչ թե կառավարությանն է ուղղված, այլ հայ մարդուն, որպեսզի արձագանքեն երկրի կործանմանը, չնստեն տանը, փողի մասին չտածեն, քանի որ երկիրը կործանվում է։ «Նայեք հադրուցեցու վիճակը, պատկերացրեք ձեր վիճակը: Հադրութեցին տուն չունի, տեղ չունի, պաշտպան չունի, հայրենիք չունի, ընկած է այստեղ փողոցներում։ Դուք էլ եք նույնը վիճակում հայտնվելու։ Սա է մեր ակցիայի իմաստը: Այն խաղաղության պայմանագիրը, որ կառավարությունը հայտարարում է, դա ոչ թե խաղաղության պայմանագիր է ապրելու համար, այլ ասում է՝ ժողովուրդ ջան, եթե պետք է սպանվենք, եկեք խաղաղ սպանվենք, ինչի՞ կռվով սպանվենք: Հայտարարում են՝ դուք պետք է կոտորվեք, ազգը չի պատասխանում: Ձեզ  սպասում  է հադրութեցու ճակատագիրը՝ ինչ-որ մի երկրում անտուն թափառել, քանի որ չենք ուզում մեր պետությունը պահենք, իշխանությունները պետությունը ծախում ենք, մենք սուս ու փուս նայում ենք»- ասաց Լ.Հայրյանը։
15:53 - 13 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը: «Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ․)»,- նշված է հայտարարության մեջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին հստակ գնահատական տալ սույն հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը։
15:37 - 13 հոկտեմբերի, 2022
Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք. Սուրեն Սարումյան
 |artsakhpress.am|

Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք. Սուրեն Սարումյան |artsakhpress.am|

artsakhpress.am: Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք: Այս մասին ասել է ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը: Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 13-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմի, իբր, նպատակաուղղված կերպով շուրջ մեկ միլիոն ականների տեղադրման մասին: Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են:
11:35 - 13 հոկտեմբերի, 2022
Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ

Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ

Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացին հոկտեմբերի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր զանգահարել և ասել, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն, գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Ինչպես հայտնում են Արցախի դատախազությունից, հիշյալ հասցե են շտապել ոստիկանները: Քաղաքացի Հ.Հ.-ն մարտական վիճակի է բերել ապօրինի պահվող նռնակը և սպառնացել պայթեցնել այն, որից հետո նռնակը ձեռքին դիմել է փախուստի: Որոնողական աշխատանքների արդյունքում Հ.Հ.-ն ժամը 14:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր տանող ճանապարհին: Ոստիկանության ծառայողները փորձել են կանխել վտանգը, որի ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ և պայթեցրել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայող Լ.Բ.-ն ստացել է բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները հասցրել են անվտանգ դիրք ընդունել՝ այդ կերպ խուսափելով վնասվելուց: Ենթադրյալ հանցանք կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:  
16:39 - 12 հոկտեմբերի, 2022
Հայտնի են Արցախի 5 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները
 |armtimes.com|

Հայտնի են Արցախի 5 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները |armtimes.com|

armtimes.com: 2022թ. հոկտեմբերի 9-ի Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավարի, Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքների ավագանու անդամների, Մարտունու շրջանի Խերխան համայնքի ավագանու անդամների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն հետևյալն են. Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավար է ընտրվել Արայիկ Էռնեստի Հովսեփյանը` 74 կողմ ձայներով (գրանցված էր 2 թեկնածու): Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Վանյա Ժորայի Սադխյանը (23 կողմ), Արեգ Հակոբի Սարգսյանը (33 կողմ), Սվետլանա Ալեքսեյի Իսրայելյանը (23 կողմ), Հովիկ Ռոբիկի Պողոսյանը (45 կողմ), Սլավիկ Գուրգենի Հարությունյանը (25 կողմ): Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Սևակ Սամվելի Հայրապետյանը (28 կողմ), Գոհար Որոշի Հայրապետյանը (6 կողմ), Նվարդ Սերգեյի Հայրապետյանը (13 կողմ), Թեյմուր Վերդիի Առուստամյանը (19 կողմ): Մարտակերտի շրջանի Վանք համայնքում համայնքի ավագանի են ընտրվել Սեյրան Էդուարդի Առուշանյանը (25 կողմ) , Արթուր Ալեքսեյի Ահարոնյանը (10 կողմ), Նարեկ Տիգրանի Թևոսյանը (122 կողմ), Ժիրայր Յուրայի Ասրյանը (21 կողմ), Մհեր Վլադիմիրի Բեկլարյանը (24 կողմ), Մարտին Միքայելի Լազարյանը (44 կողմ), Խաչատուր Էդվարդի Չիլինգարյանը (42 կողմ): Մարտունու շրջանի Խերխան համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Արմիդա Ռուբենի Բաղդասարյանը (4 կողմ), Յուրի Ռուբենի Համբարձումյանը (16 կողմ), Զոյա Սաշայի Կարապետյանը (8 կողմ), Ժասմեն Սենիկի Խալափյանը (21 կողմ): Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %:
10:20 - 12 հոկտեմբերի, 2022
Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան |armenpress.am|

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անդրադարձել է պատերազմական գործողությունների հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, շինարարական աշխատանքներին, բնակչության աճով պայմանավորված խնդիրներին ու դրական փոփոխություններին, Ստեփանակերտի հետպատերազմական կյանքին վերաբերող այլ ուշագրավ  հարցերի: Դավիթ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին, որը ներկայացնում ենք ստորև. -Պատերազմից հետո Ստեփանակերտում որքանով են վերականգնվել հրթիռահրետակոծության հետևանքով վնասված  շենք-շինությունները, ենթակառուցվածքները և այլն: Այդ աշխատանքներն արդեն ավարտվե՞լ են, թե շարունակվում են: - Պատերազմից հետո մայրաքաղաքում ձևավորվել է փաստահավաք խումբ, որը տարբեր գերատեսչությունների հետ տեղերում ուսումնասիրել և վեր է հանել հրետակոծությունից վնասված շենք-շինությունների հասցեներն ու ենթակառուցվածքները: Բայց մինչ այսօր էլ մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դիմումներ՝ իրենց այս կամ այն անշարժ գույքի հրետակոծված լինելու վերաբերյալ, սակայն դրանց վնասների ծավալները անհամեմատ փոքր են: Պատերազմի օրերին, բացի մասնավոր հատվածից, հասարակական նշանակության օբյեկտներից ու բազմաբնակարան շենքերից, մեծապես տուժել են ենթակառուցվածքները ևս: Վերջիններս նպատակային էին թիրախավորվել, քանզի գաղտնիք չէ, որ նաև նրանց հուսալիության շնորհիվ է հնարավոր ապահովել բնակավայրի կենսագործունեությունը: Թշնամու նշանառության տակ էր մասնավորապես էներգոցանցը: Քանի որ քաղաքի ողջ վարչական տարածքն էր օրուգիշեր հրետակոծվում, լրջորեն վնասվել են նաև տրանսպորտը, լուսացուցային համակարգն ու ջրաբաշխիչ ցանցը: Ի պատիվ մեր համայնքային ընկերությունների ու գործընկեր կազմակերպությունների և հուրախություն բոլորիս՝ Ստեփանակերտի ենթակառուցվածքներն այսօր լրիվությամբ վերականգնված են: Թերահավատներին հրավիրում եմ Արցախի մայրաքաղաք դրանում անձամբ համոզվելու: Քաղաքը հիմնականում թոթափել է նյութական վնասները: Որոշ տեղերում պատերազմից մնացած հետքեր դեռ կան, բայց դրանց վերացումն էլ արդեն ընթացքավորված է: -Քաղաքապետարանը ինչ գործառույթներով է մասնակցություն ունենում Ստեփանակերտում ընթացող լայնածավալ շինարարությանը: Որքանո՞վ են լուծում ստացել սոցիալական տարբեր խմբերի՝ մասնավորապես զոհված, անհայտ կորած զինծառայողների և դեռևս Արցախյան շարժման և առաջին պատերազմի տարիներից փախստական ընտանիքների բնակարանային ապահովման հարցը:  -Քաղաքապետարանը նշված ոլորտի ծրագրերին մասնակցում է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում: Ստեփանակերտում շինաշխատանքներն իրականացվում են ինչպես համայնքային բյուջեի հաշվին, այնպես էլ կապիտալ շինարարության ծրագրերով՝ պետական միջամտությամբ: Փորձում ենք սոցիալական տարբեր խմբերից հնարավորինս շատ շահառուներ ընդգրկել վերանորոգման ծրագրերում: Այդ գործընթացը շարունակվելու է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է եղել գոյամարտի տարիներին զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը: Ընթացիկ տարում ծրագիրը շարունակվել է՝ բնակարանների վերանորոգման և փոխհատուցման տեսքով: Ի դեպ, մեր նահատակների ընտանիքների բնակպայմանների բարելավումը դեռ 2019 թվականին իմ նախընտրական ծրագրի դրույթներից էր, որի իրագործման հարցում հետևողական եղել ու լինելու եմ միշտ: -Պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատվեցին բազմաթիվ տեղահանված ընտանիքներ: Ի՞նչ խնդիրներ էին առկա այդ առումով, որքանո՞վ են դրանք լուծվել և ի՞նչ դրական առանձնահատկություններ է բերել բնակչության թվի աճը Ստեփանակերտում: - Բոլորս գիտակցում ենք, որ տեղահանվածներն ունեն բազմաբնույթ խնդիրներ՝ սկսած բնակարանայինից, մինչև հոգեբանական: Ճիշտ է, պատերազմից հետո ստեղծվել են համապատասխան պետական կառույցներ, որոնք կոչված են լուծել նրանց խնդիրները, բայց Ստեփանակերտում հաստատվածները, բնականաբար, կենցաղային շատ խնդիրների դեպքում առնչվում են քաղաքապետարանի հետ: Մենք մեր հնարավորության շրջանակում ընդառաջում ենք նրանց: Հիշեցնեմ՝ Ստեփանակերտը բոլոր արցախցիների հայրենի տունն է, հետևաբար նրա իշխանությունն էլ գրկաբաց ընդունեց տնանկ մեր հայրենակիցներին: Ուղղակի բնակչության այդ կտրուկ աճը մեր կողմից անսպասելի էր ու չնախատեսված, ինչն էլ հանգեցրեց քաղաքի ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության զգալի աճի: Բայց չեմ տրտնջում: Ես, քաղաքապետարանի ողջ աշխատակազմն ու համայնքային ընկերությունները պատրաստ ենք բազմակի ջանասիրությամբ աշխատել՝ մեր տուժած հայրենակիցների խնդիրներն օր առաջ լուծելու համար: Առավել ևս նրանցից յուրաքանչյուրն իր ինքնատիպությունն է բերել Ստեփանակերտ, իրեն բնորոշ գույնով է համալրել ստեփանակերտյան ներկապնակը՝ այն ավելի բազմերանգ ու գրավիչ դարձնելով: -Հետպատերազմյան ժամանակահատվածում նաև եռուն աշխատանքներ են տարվում փողոցների ու բակային հատվածների բարեկարգման ուղղությամբ: Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: -Փողոցների բարեկարգումը մեր գործունեության գլխավոր ուղղություններից էր նաև նախքան 2020 թվականի աշունը: Պատերազմից հետո մենք չենք շեղվել այդ ուղուց: Հատկապես ծավալուն ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարել ծայրամասային հատվածներում: Խաղահրապարակների վերանորոգումն ու կառուցումը ևս մեր ուշադրության կենտրոնում է: Շուտով դրանց թիվը կմեծանա: Ստեփանակերտն ունի բավականին ընդգրկուն լուսավորման ցանց՝ հիմնականում լուսադիոդային (էներգախնայող) համակարգով: Տեղացիներն էլ են փաստում՝ Արցախի մայրաքաղաքը երբեք այսչափ լուսավորված չէր եղել: Ուզում եմ նշել, որ բոլոր վերոնշյալ աշխատանքներում շեշտը դրվում է քաղաքի ծայրամասային հատվածների վրա: Ստեփանակերտի համաչափ զարգացումը մեր գործունեության առանցքն է: -Ի՞նչ փուլում է հրետակոծությունից մեծապես վնասված՝ Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգումը: - Նախ ասեմ, որ համար 10 դպրոցի շենքային համալիրը մասնագետների եզրակացությամբ վթարային է գնահատվել դեռ նախքան պատերազմը: Հրետակոծվելու հետևանքով շենքի վիճակը վատթարացել է: Ուստի արդեն այն ոչ թե վերանորոգելու, այլ հիմնովին վերակառուցելու խնդիր է դրվել՝ ներառյալ հիմքերի ուժեղացում և սեյսմակայունության աստիճանի բարձրացում: Մեծ ծավալի աշխատանք արդեն կատարվել է: Ներկա դրությամբ ծրագրի ընթացքն ակտիվ փուլում է: Օրերս 10 հիմնանորոգ դասարաններ կհանձնվեն աշակերտներին: Շենքի մի մասում ներքին հարդարում է կատարվում, մյուսում տանիքն է փոխարինվում ու այդպես շարունակ: Այսինքն, համալիրի տարբեր հատվածներում համաժամանակյա տարբեր աշխատանքներ են կատարվում: -Ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում նոր Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցումը: Ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Ի՞նչ է խորհրդանշում նոր հուշակոթողը: Աշխատանքներ կտարվե՞ն նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակվածների պանթեոնի և ընդհանուր հուշահամալիրի տարածքի բարեկարգման ուղղությամբ: -Հարցին պատասխանեմ վերջից: Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանոցը վերանորոգելու, պատշաճ տեսքի բերելու նպատակ ունեինք դեռ նախքան 44-օրյա պատերազմը: Բայց պատերազմի դառը հետևանքները խմբագրեցին մեր անելիքները: Այլևս առաջնահերթ էր վերջին պատերազմում մարտիրոսված տղաների գերեզմանատան կառուցումը: Ինչը հիրավի համազգային պատվի հարց էր. մեր հերոսների հիշատակը նաև այդ կերպ ենք պարտավոր վառ պահել: Նոր Եղբայրական գերեզմանոցի նախագիծը իրականացվել է շատ բարդ ռելիեֆային գոտում: Կատարվել են բարդ հողային աշխատանքներ: Հենապատեր են կառուցվել: Հաջորդիվ բետոնացման ու սալիկապատման աշխատանքներն էին: Շիրմաքարերի տեղադրումից հետո տարածքը բարեկարգվել, կանաչապատվել է: Նաև լուսավորման համակարգ է տեղադրվել: Նորակառույց կոթողը՝ «Լուսո խորան»-ը մատուռ է, որտեղ ցանկացողները կարող են մոմ վառել և աղոթել մեր նվիրյալների հոգիների հանգստության համար: Բայց այդքանով մեր անելիքը Եղբայրական գերեզմանոցում չի սահմանափակվել: Մենք հիշում ենք մեր նախապատերազմյան ուխտը և արդեն առաջարկել ենք նախագծող ընկերություններին Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանոցի վերանորոգման համար: Այն նորակառույցի հետ պետք է համահունչ լինի: Ի վերջո, այնտեղ ննջում են հանուն հայրենիքի ընկածները, իսկ հերոսությունը վաղեմության ժամկետ չունի: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:06 - 12 հոկտեմբերի, 2022
ԼՂ և ՀՀ դեմ ագրեսիան ավելի օբյեկտիվ է քննարկվում միջազգային այն հարթակներում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակից չեն. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԼՂ և ՀՀ դեմ ագրեսիան ավելի օբյեկտիվ է քննարկվում միջազգային այն հարթակներում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակից չեն. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ելույթում, մասնավորապես, ասվել է. «Հարգելի' նախագահ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համատեքստում ցանկանում եմ կատարել հետեւյալ հարցադրումները. 1. Մեր կազմակերպությունը նախընտրել է սահմանափակվել անորոշ եւ անհասցե հայտարարություններով, որոնք հավասարության նշաններ են դնում այս հակամարտության կողմերի միջեւ: Ուստի, կցանկանայի իմանալ` ո՞րն է մեր կազմակերպության հստակ եւ միանշանակ դիրքորոշումը. արդյո՞ք Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ արդյո՞ք պետք է զորքերը դուրս բերի Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքներից: 2. Լեռնային Ղարաբաղի առաջ շարժվելու երկու ճանապարհ կա, եւ դրանցից միայն մեկն է, կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը պետք է խրախուսի եւ հավանության արժանացնի. այն է՝ հարգանքը մարդկանց ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Մյուս այլընտրանքն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերին իրենց պատմական հայրենիքում աստիճանաբար ոչնչացնելն ու արմատախիլ անելը լուռ արտոնելն է, ինչպես դա արվեց Նախիջեւանում: Ո՞րն է Եվրոպայի խորհրդի նախընտրելի տարբերակը: 3. «Նոր նորմա» է դարձել ժողովրդավարական ազատությունները եւ ավանդույթներն աշխարհաքաղաքական շահերի եւ Կասպից ծովի էներգառեսուրսների հասանելիության համար զոհաբերելը: Կցանկանայի իմանալ՝ ե՞րբ է Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել Եվրոպայի խորհրդի համար. երբ ակտիվ պայքարո՞ւմ էր Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ: 4. Առայժմ պարզ է, որ այն միջազգային հարթակներում, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնակից չեն կամ գերիշխող դերակատարում չունեն, Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ զինված ագրեսիայի հարցերն ավելի օբյեկտիվ են քննարկվում: Ճի՞շտ եմ հասկանում, որ մեր կազմակերպությունում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերը կրում են ազգային որոշ պատվիրակությունների լոբբինգի եւ ռեսուրսների որոշիչ ազդեցությունը: 5. Արդյոք կա՞ այդպիսի հասկացողություն, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը եւ Զանգեզուրը» կարգախոսն աղետի հստակ բաղադրատոմս է: Դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարում է, երկրորդ՝ կոպիտ անհարգալից վերաբերմունք խաղաղ գործընթացում ընդգրկված միջազգային գործընկերների նկատմամբ, եւ երրորդ՝ բացահայտ կոչ է ի զեն՝ ուղղված Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը նոր Թյուրքական աշխարհը թյուրքական նկրտումներին համապատասխան վերագծելուն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների հաշվին»:
17:08 - 11 հոկտեմբերի, 2022
Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման, այլև գոյաբանական սպառնալիքների առջև. Ա. Թովմասյան

Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման, այլև գոյաբանական սպառնալիքների առջև. Ա. Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջույնի խոսք է հղել «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին։ Ներկայացնում ենք Արթուր Թովմասյանի խոսքը. «Ողջունում ենք բոլորիդ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում և կարևորում «Արցախի հոգևոր- մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը: Հարգելի´ ներկաներ Այսօր Արցախը կանգնած է ոչ միայն մշակութային ժառանգության ոչնչացման վտանգների, այլև գոյաբանական սպառնալիքների առջև։ Բացահայտ ճշմարտություն է, որ  Ադրբեջանն իր ձևավորումից ի վեր (1918 թ.) վարել է հակահայ պետական քաղաքականություն, որի հիմքում եղել և շարունակում է մնալ հայ ինքնության և մշակութային արժեքների ոչնչացումը։ Դեռևս 1920-ական թվականներից առկա են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և հոգևոր ժառանգության միտումնավոր և չքողարկված կերպով անդառնալի վնաս հասցնելու, դրա հիմնահատակ ոչնչացման և յուրացման փաստագրված դեպքեր, որոնք նախադեպ են հանդիսացել 2020 թվականի աշնանային պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան 1-ին պատերազմի զոհվածների հուշահամալիրների նկատմամբ նոր ուժգնությամբ վայրագությունների: Դատապարտելի են նաև Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ արշավի նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է: Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները բազմիցս ահազանգել են Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր և նյութական ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման դեպքերի, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման մասին: Համոզված ենք, որ այս ահազանգերի արդյունքում միջազգային հանրությունը և միջազգային կառույցները բավարար չափով տեղեկացված են կատարվածի մասին: Դեռևս 2020թ․ արյունոտ աշնան ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության թիրախավորումը միջազգային հանրության կողմից արժանացել է համապատասխան դատապարտող գնահատականների: Այս համատեքստում մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի,ԱՄՆ մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները: Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը: Մեծապես գնահատում ենք հումանիտար այս խնդրի լուծման շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում: Արցախի հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության անբաժան մասն է կազմում: Հետևապես, Ադրբեջանի կողմից մշակութային և հոգևոր ժառանգության՝ հանցավոր միտումնավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը: Միջազգային հանրության՝ Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ անհանդուրժողականության դրսևորումների դատապարտման և միջազգային հանրության և կառույցների ուշադրության հրավիրման միջոցը դիտարկում ենք որպես Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի օկուպացված տարածքներում վտանգված հայկական հոգևոր և մշակութային ժառանգության հետագա ոչնչացման կանխման միակ մեխանիզմը: Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ: Կոչ ենք անում անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը: Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները: Գիտաժողովի հարգելի´ մասնակիցներ Ապրելով իր սրբացած հողում ՝ մեր ժողովուրդն աշխարհին ապացուցում է, որ Արցախը կա, ապրում է՝ պայքարելով իր երկրում ապրելու, ինչպես նաև  մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության  իրավունքների համար։ Կրկին ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ մաղթում եմ արդյունավետ ու բեղուն աշխատանք: Շնորհակալություն:  
13:16 - 11 հոկտեմբերի, 2022
Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար


 |aravot.am|

Ալիևը Բլինքենին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը՝ առաջին պատերազմում անհետ կորածների գերեզմանների տեղն իմանալու համար |aravot.am|

aravot.am: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը: Ալիևը հիշեցրել է պետքարտուղարին, որ ավելի քան 3900 ադրբեջանցիներ անհետ կորած են համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո, և կարևորել է զանգվածային գերեզմանների մասին հայկական կողմից տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը: Նա խնդրել է Բլինքենին «օգտագործել իր հնարավորությունները այդ հարցի լուծման համար»: Ալիևը հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի տեղեկության է տիրապետում մի շարք զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին՝ հիմնված վկաների և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա: Առավել մանրամասն՝ aravot.am-ում
11:47 - 11 հոկտեմբերի, 2022
Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց. պետքարտուղարն ընդգծել է ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցերի քննարկման կարևորությունը |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու պաշտպանությունը, ինչպես նաև՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։  «Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել դրական քայլերի համար, որոնք ձեռնարկվում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ կայուն խաղաղ պայմանավորվածություններին հասնելու համար, ներառյալ վերջին ուղիղ բանակցություններն արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև»,- նշվում է հայտարարության մեջ։ Նեդ Փրայսի խոսքով՝ Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 4-ին 17 հայ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ալիևին կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել՝ խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը, այդ թվում՝ սահմանների հստակ նշման, տրանսպորտային կապերի ապահովման, անհետ կորած անձանց ճանաչման և վերադարձի, ինչպես նաև՝ գերիների ազատման հարցերում։  Ամերիկյան կողմի հաղորդագրության գլխավոր ուղերձն այն էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և պաշտպանության հարցերի քննարկման կարևորությունը, եւ որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմն ու կենտրոնանան բանակցությունների միջոցով համաձայնության հասնելու վրա։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը: <...> Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի»,- նշվում էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
11:06 - 11 հոկտեմբերի, 2022
Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել. «Զարթոնք» կուսակցություն

Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել. «Զարթոնք» կուսակցություն

Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել: Այս մասին հյտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ համարելով Հայաստանի իշխանության՝ Հայաստանի և Արցախի հետ կապված (1) կործանարար բանակցային ընթացքը և (2) հրապարակային դիրքորոշումները, հարկ է համարում տեղեկացնել հանրությանը՝ 1.           Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով: Հայաստանի վարչապետը, կառավարությունը և նույնիսկ Ազգային ժողովն իրավասու չէ Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել: 2. Հայաստանի իշխանությունը չի կարող (իրավունք չունի) Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել, կամ ընդունելի համարել միջազգային կամ ներքին որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Այս խնդրի պատմական և բարոյահոգեբանական կողմին չանդրանդառնալով, ակնհայտ է, որ  Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որոշ ներկայացուցիչների այդօրինակ հրապարակային դիրքորոշումները հակասում են նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. թիվ 0663-1 որոշմանը, ըստ որի Հայաստանի օրենսդիր մարմինը որոշել է՝ 1) Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը. 2) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: 3. Թուրքիայի հետ սիրախաղը հանգեցնելու է նաև Թուրքիա-Հայաստան սահմանների պաշտոնական ճանաչմանը և 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելուն: Հատկանշական է, որ Հայաստան-Թուրքիա սահմանների հետ կապված վերջին միջազգային պայմանագիրը՝ Կարսի պայմանագիրը Հայաստանի կողմից վիճարկման հիմքեր ունի: Մասնավորապես, Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսացել և չի ունեցել անկախ որոշումներ կայացնելու կարողություն: Պարզ երևում է, որ Հայաստանի իշխանության թշնամասիրությամբ պայմանավորված ընձեռնված հնարավորությունն օգտագործելով Թուրքիան լուծում է նաև այդ խնդիրը: Հ.Գ. Միջազգային հանրությանը տեղեկացնում ենք, որ խաղաղության այս ճանապարհը բովանդակային առումով կեղծ է, չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամքին, գիտակցությանը և պատմական հիշողությանը, հետևաբար նման իրավասություն և վստահություն չունեցող վարչապետի հետ ծրագիր իրականացնելն ապագա չունի:  
11:02 - 11 հոկտեմբերի, 2022
Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար |armenpress.am|

Արցախը չի կարող կապ ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: Եթե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի նախագծում վերջինիս կողմից ներկայացված 5 կետերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հստակ նշված չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ այս երկու գործընթացները տարանջատվում են: Այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին՝ դրանց միջոցով ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված այդ հայտարարության մեսիջն այն էր, որ 2 պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, որի մասին Հայաստանի Հանրապետության  իշխանությունները խոսում էին նաև մինչև այդ: Երբ Ադրբեջանի կողմից ներկայացվեցին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 5 կետանոց առաջարկներ, ՀՀ իշխանություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումն առ այն, որ նրա տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ պահանջ չեն ունեցել ու չունեն: Այստեղ խնդիրն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն է վերաբերում՝ ըստ միջազգային նորմերով ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի»,- ասաց Հարությունյանը: «Արցախի Հանրապետությունը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ մենք մեր անկախությունը հռչակել ենք ԽՍՀՄ համապատասխան օրենսդրության և միջազգային բոլոր նորմերի իրավազորությամբ, ինչպես Ադրբեջանը: Մենք բազմիցս ենք նշել, որ ԽՍՀՄ-ում 1991 թվականի ապրիլին ընդունված օրենքի համաձայն, ըստ որի՝ պետությունները, այդ թվում՝ առանձին միավորները, կարող են դուրս գալ  և ստեղծել առանձին պետություն, մենք անկախության հռչակագիր ենք ընդունել,, այնուհետև հանրաքվե անցկացրել նույն իրավազորությամբ, ինչպես, որ Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից»,- մանրամասնեց Արցախի խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ նույն իրավանորմերի շրջանակում 2 պետություն է ստեղծվել՝ հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եղել է նաև որպես առանձին միավոր ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:38 - 11 հոկտեմբերի, 2022