Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
15:37 - 13 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը:

«Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ․)»,- նշված է հայտարարության մեջ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին հստակ գնահատական տալ սույն հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել