Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան |armenpress.am|
10:06 - 12 հոկտեմբերի, 2022

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անդրադարձել է պատերազմական գործողությունների հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, շինարարական աշխատանքներին, բնակչության աճով պայմանավորված խնդիրներին ու դրական փոփոխություններին, Ստեփանակերտի հետպատերազմական կյանքին վերաբերող այլ ուշագրավ  հարցերի: Դավիթ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին, որը ներկայացնում ենք ստորև.

-Պատերազմից հետո Ստեփանակերտում որքանով են վերականգնվել հրթիռահրետակոծության հետևանքով վնասված  շենք-շինությունները, ենթակառուցվածքները և այլն: Այդ աշխատանքներն արդեն ավարտվե՞լ են, թե շարունակվում են:

- Պատերազմից հետո մայրաքաղաքում ձևավորվել է փաստահավաք խումբ, որը տարբեր գերատեսչությունների հետ տեղերում ուսումնասիրել և վեր է հանել հրետակոծությունից վնասված շենք-շինությունների հասցեներն ու ենթակառուցվածքները: Բայց մինչ այսօր էլ մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դիմումներ՝ իրենց այս կամ այն անշարժ գույքի հրետակոծված լինելու վերաբերյալ, սակայն դրանց վնասների ծավալները անհամեմատ փոքր են: Պատերազմի օրերին, բացի մասնավոր հատվածից, հասարակական նշանակության օբյեկտներից ու բազմաբնակարան շենքերից, մեծապես տուժել են ենթակառուցվածքները ևս: Վերջիններս նպատակային էին թիրախավորվել, քանզի գաղտնիք չէ, որ նաև նրանց հուսալիության շնորհիվ է հնարավոր ապահովել բնակավայրի կենսագործունեությունը: Թշնամու նշանառության տակ էր մասնավորապես էներգոցանցը: Քանի որ քաղաքի ողջ վարչական տարածքն էր օրուգիշեր հրետակոծվում, լրջորեն վնասվել են նաև տրանսպորտը, լուսացուցային համակարգն ու ջրաբաշխիչ ցանցը: Ի պատիվ մեր համայնքային ընկերությունների ու գործընկեր կազմակերպությունների և հուրախություն բոլորիս՝ Ստեփանակերտի ենթակառուցվածքներն այսօր լրիվությամբ վերականգնված են: Թերահավատներին հրավիրում եմ Արցախի մայրաքաղաք դրանում անձամբ համոզվելու: Քաղաքը հիմնականում թոթափել է նյութական վնասները: Որոշ տեղերում պատերազմից մնացած հետքեր դեռ կան, բայց դրանց վերացումն էլ արդեն ընթացքավորված է:

-Քաղաքապետարանը ինչ գործառույթներով է մասնակցություն ունենում Ստեփանակերտում ընթացող լայնածավալ շինարարությանը: Որքանո՞վ են լուծում ստացել սոցիալական տարբեր խմբերի՝ մասնավորապես զոհված, անհայտ կորած զինծառայողների և դեռևս Արցախյան շարժման և առաջին պատերազմի տարիներից փախստական ընտանիքների բնակարանային ապահովման հարցը:

 -Քաղաքապետարանը նշված ոլորտի ծրագրերին մասնակցում է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում: Ստեփանակերտում շինաշխատանքներն իրականացվում են ինչպես համայնքային բյուջեի հաշվին, այնպես էլ կապիտալ շինարարության ծրագրերով՝ պետական միջամտությամբ: Փորձում ենք սոցիալական տարբեր խմբերից հնարավորինս շատ շահառուներ ընդգրկել վերանորոգման ծրագրերում: Այդ գործընթացը շարունակվելու է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է եղել գոյամարտի տարիներին զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը: Ընթացիկ տարում ծրագիրը շարունակվել է՝ բնակարանների վերանորոգման և փոխհատուցման տեսքով: Ի դեպ, մեր նահատակների ընտանիքների բնակպայմանների բարելավումը դեռ 2019 թվականին իմ նախընտրական ծրագրի դրույթներից էր, որի իրագործման հարցում հետևողական եղել ու լինելու եմ միշտ:

-Պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատվեցին բազմաթիվ տեղահանված ընտանիքներ: Ի՞նչ խնդիրներ էին առկա այդ առումով, որքանո՞վ են դրանք լուծվել և ի՞նչ դրական առանձնահատկություններ է բերել բնակչության թվի աճը Ստեփանակերտում:

- Բոլորս գիտակցում ենք, որ տեղահանվածներն ունեն բազմաբնույթ խնդիրներ՝ սկսած բնակարանայինից, մինչև հոգեբանական: Ճիշտ է, պատերազմից հետո ստեղծվել են համապատասխան պետական կառույցներ, որոնք կոչված են լուծել նրանց խնդիրները, բայց Ստեփանակերտում հաստատվածները, բնականաբար, կենցաղային շատ խնդիրների դեպքում առնչվում են քաղաքապետարանի հետ: Մենք մեր հնարավորության շրջանակում ընդառաջում ենք նրանց: Հիշեցնեմ՝ Ստեփանակերտը բոլոր արցախցիների հայրենի տունն է, հետևաբար նրա իշխանությունն էլ գրկաբաց ընդունեց տնանկ մեր հայրենակիցներին: Ուղղակի բնակչության այդ կտրուկ աճը մեր կողմից անսպասելի էր ու չնախատեսված, ինչն էլ հանգեցրեց քաղաքի ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության զգալի աճի: Բայց չեմ տրտնջում: Ես, քաղաքապետարանի ողջ աշխատակազմն ու համայնքային ընկերությունները պատրաստ ենք բազմակի ջանասիրությամբ աշխատել՝ մեր տուժած հայրենակիցների խնդիրներն օր առաջ լուծելու համար: Առավել ևս նրանցից յուրաքանչյուրն իր ինքնատիպությունն է բերել Ստեփանակերտ, իրեն բնորոշ գույնով է համալրել ստեփանակերտյան ներկապնակը՝ այն ավելի բազմերանգ ու գրավիչ դարձնելով:

-Հետպատերազմյան ժամանակահատվածում նաև եռուն աշխատանքներ են տարվում փողոցների ու բակային հատվածների բարեկարգման ուղղությամբ: Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ:

-Փողոցների բարեկարգումը մեր գործունեության գլխավոր ուղղություններից էր նաև նախքան 2020 թվականի աշունը: Պատերազմից հետո մենք չենք շեղվել այդ ուղուց: Հատկապես ծավալուն ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարել ծայրամասային հատվածներում: Խաղահրապարակների վերանորոգումն ու կառուցումը ևս մեր ուշադրության կենտրոնում է: Շուտով դրանց թիվը կմեծանա: Ստեփանակերտն ունի բավականին ընդգրկուն լուսավորման ցանց՝ հիմնականում լուսադիոդային (էներգախնայող) համակարգով: Տեղացիներն էլ են փաստում՝ Արցախի մայրաքաղաքը երբեք այսչափ լուսավորված չէր եղել: Ուզում եմ նշել, որ բոլոր վերոնշյալ աշխատանքներում շեշտը դրվում է քաղաքի ծայրամասային հատվածների վրա: Ստեփանակերտի համաչափ զարգացումը մեր գործունեության առանցքն է:

-Ի՞նչ փուլում է հրետակոծությունից մեծապես վնասված՝ Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգումը:

- Նախ ասեմ, որ համար 10 դպրոցի շենքային համալիրը մասնագետների եզրակացությամբ վթարային է գնահատվել դեռ նախքան պատերազմը: Հրետակոծվելու հետևանքով շենքի վիճակը վատթարացել է: Ուստի արդեն այն ոչ թե վերանորոգելու, այլ հիմնովին վերակառուցելու խնդիր է դրվել՝ ներառյալ հիմքերի ուժեղացում և սեյսմակայունության աստիճանի բարձրացում: Մեծ ծավալի աշխատանք արդեն կատարվել է: Ներկա դրությամբ ծրագրի ընթացքն ակտիվ փուլում է: Օրերս 10 հիմնանորոգ դասարաններ կհանձնվեն աշակերտներին: Շենքի մի մասում ներքին հարդարում է կատարվում, մյուսում տանիքն է փոխարինվում ու այդպես շարունակ: Այսինքն, համալիրի տարբեր հատվածներում համաժամանակյա տարբեր աշխատանքներ են կատարվում:

-Ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում նոր Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցումը: Ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Ի՞նչ է խորհրդանշում նոր հուշակոթողը: Աշխատանքներ կտարվե՞ն նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակվածների պանթեոնի և ընդհանուր հուշահամալիրի տարածքի բարեկարգման ուղղությամբ:

-Հարցին պատասխանեմ վերջից: Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանոցը վերանորոգելու, պատշաճ տեսքի բերելու նպատակ ունեինք դեռ նախքան 44-օրյա պատերազմը: Բայց պատերազմի դառը հետևանքները խմբագրեցին մեր անելիքները: Այլևս առաջնահերթ էր վերջին պատերազմում մարտիրոսված տղաների գերեզմանատան կառուցումը: Ինչը հիրավի համազգային պատվի հարց էր. մեր հերոսների հիշատակը նաև այդ կերպ ենք պարտավոր վառ պահել: Նոր Եղբայրական գերեզմանոցի նախագիծը իրականացվել է շատ բարդ ռելիեֆային գոտում: Կատարվել են բարդ հողային աշխատանքներ: Հենապատեր են կառուցվել: Հաջորդիվ բետոնացման ու սալիկապատման աշխատանքներն էին: Շիրմաքարերի տեղադրումից հետո տարածքը բարեկարգվել, կանաչապատվել է: Նաև լուսավորման համակարգ է տեղադրվել: Նորակառույց կոթողը՝ «Լուսո խորան»-ը մատուռ է, որտեղ ցանկացողները կարող են մոմ վառել և աղոթել մեր նվիրյալների հոգիների հանգստության համար: Բայց այդքանով մեր անելիքը Եղբայրական գերեզմանոցում չի սահմանափակվել: Մենք հիշում ենք մեր նախապատերազմյան ուխտը և արդեն առաջարկել ենք նախագծող ընկերություններին Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանոցի վերանորոգման համար: Այն նորակառույցի հետ պետք է համահունչ լինի: Ի վերջո, այնտեղ ննջում են հանուն հայրենիքի ընկածները, իսկ հերոսությունը վաղեմության ժամկետ չունի:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել