Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ
16:39 - 12 հոկտեմբերի, 2022

Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ

Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացին հոկտեմբերի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր զանգահարել և ասել, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն, գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար:

Ինչպես հայտնում են Արցախի դատախազությունից, հիշյալ հասցե են շտապել ոստիկանները: Քաղաքացի Հ.Հ.-ն մարտական վիճակի է բերել ապօրինի պահվող նռնակը և սպառնացել պայթեցնել այն, որից հետո նռնակը ձեռքին դիմել է փախուստի:

Որոնողական աշխատանքների արդյունքում Հ.Հ.-ն ժամը 14:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր տանող ճանապարհին:

Ոստիկանության ծառայողները փորձել են կանխել վտանգը, որի ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ և պայթեցրել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայող Լ.Բ.-ն ստացել է բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները հասցրել են անվտանգ դիրք ընդունել՝ այդ կերպ խուսափելով վնասվելուց:

Ենթադրյալ հանցանք կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել