Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին

Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին

Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։ «Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը մոտ մեկ տարի առաջ, նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ մասնատված: Նա կարծում էր, որ կարող է գերազանցել մեզ: Բայց նա չափազանց սխալ էր»,- ասվում է հայտարարությունում։ Ասվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար․ «Ես կհայտարարեմ կարևորագույն սարքավորումների ևս մեկ փաթեթի առաքման մասին, ներառյալ՝ հրետանային զինամթերքի, հակատանկային համակարգերի և օդային հսկողության ռադարների, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից»։ Սպիտակ տնից հայտնում են նաև, որ այս շաբաթվա վերջում կհայտարարեն լրացուցիչ պատժամիջոցների մասին էլիտաների և ընկերությունների դեմ, որոնք կփորձեն աջակցել ռուսական ռազմական մեքենային: Անցած տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծեց ազգերի կոալիցիա՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել աննախադեպ ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի: Ասվում է նաև, որ հաջորդիվ Բայդենը մեկնելու Լեհաստան՝ հանդիպելու նախագահ Անջեյ Դուդայի և ԱՄՆ արևելյան դաշնակիցների առաջնորդներին։ «Ինչպես նաև ընդգծելու, թե ինչպես է Միացյալ Նահանգները շարունակելու համախմբել աշխարհը՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու և ամբողջ աշխարհում մեզ միավորող, ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված մարդու իրավունքների ու արժանապատվության հիմնարար արժեքներն պաշտպանելու համար»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
14:24 - 20 փետրվարի, 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Կիևում է

Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Զելենսկին։ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով, այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին գրում է kyivindependent-ը։  Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը հայտարարել էր, որ Բայդենը պետք է Լեհաստան մեկնի փետրվարի 20-22-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկամյակի կապակցությամբ: Մինչ այդ Զելենսկին հանդիպել է Բայդենի հետ դեկտեմբերի 21-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, որը Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր 2022 թվականի փետրվարից ի վեր: «Մենք պատրաստվում ենք Ուկրաինային տալ այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողության հասնելու համար», - ասել է Բայդենը Զելենսկու դեկտեմբերյան այցի ժամանակ։  
14:01 - 20 փետրվարի, 2023
Մակրոնը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ռազմական ճանապարհով չի ավարտվի |azatutyun.am|

Մակրոնը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ռազմական ճանապարհով չի ավարտվի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ցանկանում է տեսնել Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում, բայց ոչ Ռուսաստանի լիակատար ջախջախումը, փետրվարի 18-ին Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Le Figaro և Le Journal du Dimanche թերթերին ու France Inter հեռուստակայանին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Արևմուտքը մերժում է բուն Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու գաղափարը: «Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, և ես ուզում եմ, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր դիրքերը, բայց ես համոզված եմ, որ ի վերջո այս [պատերազմը] ռազմական ճանապարհով չի ավարտվի»,- իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահը։ Չնայած նա հույս է հայտնել, որ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայի հաջողությունները ռազմի դաշտում Ռուսաստանին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, միաժամանակ խոստովանել է, որ այժմ «Մոսկվայի հետ երկխոսության ժամանակը չէ»։ Մակրոնը կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական հարձակում, որը կկործանի ռուսական ճակատը, ինչը կհրահրի վերադառնալ բանակցություններին։ Նրա համոզմամբ՝ «կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ հաղթել»՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան։
15:44 - 19 փետրվարի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հռետորաբանությունը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, չի համապատասխանում Ռուսաստանի հաղթանակի անընդունելիության և Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու մասին նրա հայտարարություններին։  «Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է. դաշինքը բոլոր փաստաթղթերում Ռուսաստանին որպես հակառակորդ է սահմանել։ Փարիզը գուցե դիմադրել է, բայց ոչինչ անել չի կարողացել։ Զենքի մատակարարումը Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին հայտարարությունների ֆոնին որևէ այլ տրամաբանական եզրակացություն չի թողնում՝ բացառությամբ մի բանի․ նրանք ցանկանում են, որ մենք պարտվենք»,- գրել է Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը երբեք հանդես չի եկել և չի քարոզելու Ռուսաստանի պարտությունը։ Մակրոնի խոսքով ոմանք կցանկանային «առաջին հերթին ջախջախել Ռուսաստանը» և «հարձակվել հենց ՌԴ-ի տարածքի վրա»։ «Սակայն դա երբեք չի եղել և չի լինի Ֆրանսիայի դիրքորոշումը»,- ասել էր նա: Միաժամանակ Մակրոնը նաև կարծիք էր հայտնել, որ կողմերից ոչ մեկին չի հաջողվի ամբողջական հաղթանակի հասնել։
15:33 - 19 փետրվարի, 2023
Պետդեպն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին. ՌԴ դեսպանատունը պատասխանել է
 |tert.am|

Պետդեպն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին. ՌԴ դեսպանատունը պատասխանել է |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի առանց Ղրիմի առնվազն ապառազմականացման, ասել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հայտնում է kommersant.ru-ն:Նրա խոսքով՝ Վաշինգտոնը աջակցում է Կիևի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին։ Նուլանդն ասել է, որ Ղրիմում կան «զանգվածային ռազմական օբյեկտներ, որոնք Ռուսաստանը վերածել է կարևոր նյութատեխնիկական ապահովման կետերի»։«Սրանք օրինական թիրախներ են, Ուկրաինան հարվածում է դրանց, և մենք սատարում ենք դրան», - ասել է նա՝ ելույթ ունենալով Քարնեգի կենտրոնում:Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Նուլանդի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում հարված հասցնելու ծրագրերին: ՌԴ դեսպանատունը դա «ԱՄՆ ռազմատենչ վերաբերմունքի վկայություն» է որակել:Շարունակությունը՝ tert.am-ում
11:47 - 17 փետրվարի, 2023
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցային որոշումների մաս կազմել. Ստոլտենբերգ |1lurer.am|

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցային որոշումների մաս կազմել. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկմանն ուղղված ցանկացած միջազգային ջանքերի մաս կազմել, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում: «Մենք կարող ենք լինել միջազգային բանակցային լուծումների մի մասը։ Ես չեմ անդրադառնա այն բանին, թե ինչ շրջանակում դա կլինի, բայց միանգամայն հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները երաշխիքներ տան ցանկացած միջազգային պայմանավորվածության ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը նաև որոշել է՝ ներկա հակամարտության ցանկացած ավարտից հետո Ուկրաինան կունենա էլ ավելի ուժեղ բանակ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ Ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի՝ դա կօգնի արդյունավետ պաշտպանություն իրականացնել:
20:06 - 13 փետրվարի, 2023
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը
 |tert.am|

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը |tert.am|

tert.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Մի՛ մեկնեք Ռուսաստան՝ կապված Ուկրաինա ռուսական ռազմական ուժերի չհրահրված լայնամասշտաբ ներխուժման անկանխատեսելի հետևանքների հետ», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։Բացի այդ, դիվանագետները չեն խրախուսում Ռուսաստան մեկնելը` ամերիկացիների հետագա կալանավորման համար պոտենցիալ ոտնձգությունների, օրենքի կամայական կիրառման, Ռուսաստանում ԱՄՆ քաղաքացիներին օգնելու դեսպանատան սահմանափակ կարողությունների և ահաբեկչության հնարավորության պատճառներով:Դեսպանատունը նաև հորդորել է Ռուսաստանում ապրող կամ այդ երկրով ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ հեռանալ։ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նաև նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են մերժել ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը ռուս-ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց, արգելել նրանց հասանելիությունն ԱՄՆ հյուպատոսական օգնությանը, ենթարկել նրանց մոբիլիզացիայի, թույլ չտալ հեռանալ Ռուսաստանից և/կամ զորակոչել նրանց:
10:26 - 13 փետրվարի, 2023
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 200 մարդու նկատմամբ |azatutyun.am|

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 200 մարդու նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով ուժի մեջ է մտել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի հետ կապված 200 անձանց նկատմամբ։ Նրանց թվում են ՌԴ նախագահի օգնականներ Յուրի Ուշակովը և Լարիսա Բրիչևայան, «Ռոսատոմի» բարձրագույն ղեկավարությունը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։ Պատժամիջոցները կիրառվում են ֆիզիկական անձանց, ներառյալ՝ որոշ ռուս քաղաքական գործիչների, քաղաքագետների, պետական ձեռնարկությունների ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ 50 տարի ժամկետով։ Ցուցակում ընդգրկված են նաև ՌԴ կառավարության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախկին ղեկավարը՝ նախարարների կաբինետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Բորովկովը, «Ռոստեխնաձորի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ֆերապոնտովը։ Պատժամիջոցների ենթարկված անձանց մի զգալի մասը «Ռոսատոմի» ներկայացուցիչներ են։
19:35 - 12 փետրվարի, 2023
Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
 |factor.am|

Եվրոպային սպառնում է խորհրդային զենքի խելահեղ պաշարներով մի բռնապետ․ Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում |factor.am|

factor.am: Ուկրաինան և Եվրամիությունը համատեղ պաշտպանվում են ժամանակակից աշխարհի «ամենամեծ հակաեվրոպական ուժից», որն այժմ Ռուսաստանն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նա շնորհակալություն է հայտնել եվրոպացիներին ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Զելենսկին ընդգծել է, որ իր նպատակն է՝ Ուկրաինան տանել դեպի Եվրամիություն, այսինքն՝ «տուն»: Եվրոպային և նրա ազատ ապրելակերպին սպառնում է «խորհրդային զենքի խելահեղ պաշարներով» բռնապետը, ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկրի դեմ պատերազմ սկսելու որոշումը։ Ուկրաինայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ իր երկիրը Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակած դուրս գալուց հետո կկարողանա անդամակցել Եվրամիությանը։
17:00 - 09 փետրվարի, 2023
Բլինքենը և Ստոլտենբերգը խոստանում են «առավելագույն հնարավոր» օգնություն ցուցաբերել Ուկրաինային
 |azatutyun.am|

Բլինքենը և Ստոլտենբերգը խոստանում են «առավելագույն հնարավոր» օգնություն ցուցաբերել Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չորեքշաբթի օրը խոստացել են «առավելագույն հնարավոր» օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Էնթոնի Բլինքենը և Յենս Ստոլտենբերգը հայտարարությունն արել են Վաշինգտոնում բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները «ինչպես նախկինում երբեք» հանդես են գալիս միասին՝ կապված Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անօրինական ռազմական ագրեսիան սկսելուց ի վեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ երկրին տրամադրելով մոտ 120 միլիարդ դոլարի ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն: Նա նաև նշել է ԱՄՆ դերի կարևորությունը այս հակամարտության կարգավորման գործում։ Ստոլտենբերգն ընդգծել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հարցում Եվրամիության գործընկերների «աննախադեպ միասնության» կարևորությունը և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև համատեղ խորհրդակցությունների ու հետախուզական տվյալների փոխանակման կարևորությունը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծելով մարտի դաշտում հաջողությունների ազդեցությունն այդ բանակցությունների արդյունքների վրա։ Դաշինքը պետք է համոզվի, որ ուկրաինացիներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս ագրեսիան զսպելու համար, ասել է Ստոլտենբերգը: Մոսկվան պատրաստվում է նոր հարձակումների, և դաշնակիցներն ու գործընկերները պետք է շարունակեն Ուկրաինային տրամադրել այն զենքերը, որոնք անհրաժեշտ են հաղթելու համար, հայտարարել է Յենս Ստոլտենբերգը:
13:32 - 09 փետրվարի, 2023
Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը
 |tert.am|

Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի. Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ. Փարիզում կայացել է Մակրոն-Շոլց-Զելենսկի հանդիպումը |tert.am|

tert.am: Ելիսեյան պալատում փետրվարի 8-ի երեկոյից մինչև փետրվարի 9-ի գիշերը կայացել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։ Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Զելենսկին զրուցել են միմյանց հետ գործնական ընթրիքի ժամանակ։ Բայց նախ նրանք հայտարարություններ են արել մամուլի համար, գրում է rfi.fr-ն։Եվրոպացի առաջնորդների հայտարարությունների ընդհանուր ուղերձն այն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող և չպետք է հաղթի, Եվրոպան Ուկրաինայի հետ կլինի մինչև հաղթանակ։ Զելենսկու ուղերձն էր՝ տվեք ավելի շատ զենք, քանի որ դրանից է կախված խաղաղությունը Եվրոպայում և ուկրաինացիների կյանքը։Աղբյուրը մանրամասնում է, որ Զելենսկին Փարիզ է ժամանել բրիտանական կառավարական ինքնաթիռով՝ Լոնդոնից, որտեղ նա մինչ այդ անցկացրել էր հանդիպումների հագեցած օր՝ խոսելով խորհրդարանականների հետ, հանդիպել և համատեղ մամուլի ասուլիս վարչապետ Ռիշի Սունակի հետ: Զելենսկու ամբողջ եվրոպական ճանապարհորդությունը՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այսօր՝ փետրվարի 9-ին, նաև ԵՄ արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում, նվիրված է հիմնական նպատակին՝ Ուկրաինայի զինված ուժերի համար նոր զենք ձեռք բերելուն, գրում է աղբյուրը:Նշվում է, որ Մակրոնը, Զելենսկին և Շոլցը Ելիսեյան պալատի հանդիսությունների դահլիճ են մտել գրեթե տասը անց կեսին։Մամուլի ճեպազրույցում առաջինը ելույթ է ունեցել հանդիպման հյուրընկալող Մակրոնը։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին արդեն երկու անգամ եղել է այս դահլիճում. առաջին անգամ ուկրաինական ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (2019 թվականի գարնանը), և երկրորդ անգամ, երբ այստեղ տեղի ունեցավ Նորմանդական ձևաչափի երկրների ղեկավարների վերջին գագաթնաժողովը՝ դեկտեմբեր 2019-ին:«Բայց Պուտինը չցանկացավ, որ Դոնբասում զինված հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. հակամարտություն, որն ինքն էր կազմակերպել, և արդյունքում լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց։ Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում», - կրկին հիշեցրել է Մակրոնը։«Մենք աջակցում ենք Ուկրաինային: Վճռականությամբ նրան ուղեկցելու ենք մինչև հաղթանակ և իր օրինական իրավունքների վերականգնումը... Մենք կշարունակենք ջանքերը պաշտպանական մատակարարումների առումով»,- շարունակել է Ֆրանսիայի նախագահը։Մակրոնը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է հույս դնել Ֆրանսիայի և եվրոպական մյուս դաշնակիցների աջակցության վրա, իսկ «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի»։Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը ելույթ է ունեցել երրորդը, ևս վստահեցրել է Զելենսկին, որ դաշնակիցները կաջակցեն իր երկրին, այդ թվում՝ ռազմական առումով, «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»՝ հետ մղելու ռուսական ներխուժումը:«Մենք հավատարիմ ենք Ուկրաինային: Նրան աջակցել ենք ֆինանսական, մարդասիրական և սպառազինության, ծանր հրետանու, հակաօդային պաշտպանության հարցերու, և, վերջերս որոշելով մատակարարել մարտական տանկեր, և մենք կշարունակենք դա արեք այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»,- վստահեցրել է Գերմանիայի կանցլերը:Ինքը՝ Զելենսկին, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահից հետո, շնորհակալություն է հայտնել եվրոպական երկու երկրների ղեկավարներին «այս ամիսների ընթացքում» Ուկրաինայի հետ լինելու համար՝ հիշեցնելով, որ Մակրոնն առաջինն էր, որ որոշեց տանկեր ուղարկել Ուկրաինային, իսկ Շոլցը չափազանց արդյունավետ է մատակարարել ՀՕՊ համակարգերը:Շարունակությունը՝ tert.am-ում
11:00 - 09 փետրվարի, 2023
Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
 |azatutyun.am|

Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան այսօր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Լոնդոն կատարած այցի օրը, նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Ցանկը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում, որտեղ նշվում է, որ «պատժամիջոցների են ենթարկվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և Վլադիմիր Պուտինի իշխանության ու հարստությունների հետ առնչություն ունեցող անձինք»: Պատժամիջոցների ցանկում են Ձեռներեցների իրավունքների հարցով նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը, նրա որդին՝ գործարար Պավել Տիտովը, Regnum գործակալության սեփականատեր Սերգեյ Ռուդնովը: Այդ ցուցակում է «Ռոսիա» դրամատան բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխը: Ըստ «Պրոյեկտ» վերլուծական կենտրոնի անցկացրած հետաքննության, նրա ակտիվները հասնում են 7 միլիարդ 700 միլիո ռուբլու: Այդ գումարը հավասար է մոտ 100 միլիոն դոլարի: «Կրիվոնոգիխն ունի դուստր, ով արտաքինով աներևակայելի աստիճանի նման է Ռուսաստանի նախագահին»,- գրել է «Պրոյեկտը»: Սանկցիաների են ենթարկվել նաև «Աերոստարտ» ընկերության ղեկավար Վիկտոր Մյաչինը, «Ռ-Ֆարմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, «Միավորված էներգետիկ համակարգեր» ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Եվգենի Շկլովը և «Էներգետիկա. Համագործակցություն. Հաջողություն» ընկերության սեփականատեր Նիկոլայ Եգորովը: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ավելի քան 1300 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:
17:17 - 08 փետրվարի, 2023