Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
 |azatutyun.am|
17:17 - 08 փետրվարի, 2023

Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան այսօր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Լոնդոն կատարած այցի օրը, նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ:

Ցանկը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում, որտեղ նշվում է, որ «պատժամիջոցների են ենթարկվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները և Վլադիմիր Պուտինի իշխանության ու հարստությունների հետ առնչություն ունեցող անձինք»:

Պատժամիջոցների ցանկում են Ձեռներեցների իրավունքների հարցով նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը, նրա որդին՝ գործարար Պավել Տիտովը, Regnum գործակալության սեփականատեր Սերգեյ Ռուդնովը:

Այդ ցուցակում է «Ռոսիա» դրամատան բաժնետեր Սվետլանա Կրիվոնոգիխը: Ըստ «Պրոյեկտ» վերլուծական կենտրոնի անցկացրած հետաքննության, նրա ակտիվները հասնում են 7 միլիարդ 700 միլիո ռուբլու: Այդ գումարը հավասար է մոտ 100 միլիոն դոլարի:

«Կրիվոնոգիխն ունի դուստր, ով արտաքինով աներևակայելի աստիճանի նման է Ռուսաստանի նախագահին»,- գրել է «Պրոյեկտը»:

Սանկցիաների են ենթարկվել նաև «Աերոստարտ» ընկերության ղեկավար Վիկտոր Մյաչինը, «Ռ-Ֆարմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, «Միավորված էներգետիկ համակարգեր» ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Եվգենի Շկլովը և «Էներգետիկա. Համագործակցություն. Հաջողություն» ընկերության սեփականատեր Նիկոլայ Եգորովը:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ավելի քան 1300 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել