Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  սեպտեմբերի 18-ին Երևանում  հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Ավելի վաղ Սիմոնյանը և Փելոսին ավելի վաղ այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Ասուլիսի ընթացքում Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար։ Ստորև ներկայացնում ենք Սիմոնյանի հայտարարությունը․ «Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում: Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ: Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային: Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար: Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը եւ իրականացվելիք քայլերը: Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը եւ իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Երկուստեք կարեւորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»:  
12:54 - 18 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում: «Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկրի համար ծանրագույն շրջանում, և այն այս առումով առավել գնահատելի է: Ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ցավոք, զոհեր ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Նա շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք  բերված փխրուն զինադադարի համաձայնության համար, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը, այդ թվում՝ բազմաթիվ կոնգրեսականների՝ վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու համար: Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հետագա միջխորհրդարանական համագործակցության նախագծերին: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդես են եկել հայտարարությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է. «Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը»,- ասել է Նենսի Փելոսին: Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Նենսի Փելոսին հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ: 
12:10 - 18 սեպտեմբերի, 2022
Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ այսօր ավելի ուշ Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։     Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։    Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։   Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
15:19 - 17 սեպտեմբերի, 2022
«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանն ամեն ինչ է ուզում, ուզում է, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն»․ Ալեն Սիմոնյան

«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այսպես ասած, շարունակվում են, քննարկվում են, եւ ես մեծ հույս ունեմ, որ այդ պայմանագիրը մենք մոտ ապագայում կկարողանանք իրագործել»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ իրադրությունը ԳՇ պետի հայտարարություններից հետո քիչ փոփոխության է ենթարկվել։ Հարձակումների մեծ մասը եղել է դիրքային, եւ հիմնական մարտերը տեղի են ունեցել դիրքային մասերում, եւ ի պատիվ մեր բանակի, ի պատիվ մեր զինվորականների՝ շատ թեժ մարտեր են եղել, մեր զինվորները բավականին մեծ դիմադրություն են ցուցաբերել, եւ որոշ տեղերում հետ են գրավել դիրքերը, որոնք ենթարկվել էին հարձակման․ «Այս պահի դրությամբ կա ներթափանցած 1-2 խումբ, հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, ենթադրում եմ՝ շատ արագ։ Մխրճվել են մի քանի տեղ, եւ փառք Աստծո, որեւիցե բնակավայր գրավված չէ, եւ որեւիցե բնակավայրում հակառակորդ չկա։ Բայց, ինչպես արդեն ասվել է, տարբեր տեղերում Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ եւ գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում»,– ասաց նա։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միակ ռեալ կարիքը, որ այսօր բանակում կա, եւ կապված չէ մեր ցանկության կամ գործելաոճի հետ, զենքի կարիքն է, որովհետեւ զենքն այն բանն է, որի կարիքը անընդմեջ ստեղծվում է, իսկ մնացած բոլոր կարիքները հոգալու առումով ՊՆ–ն ամեն ինչ անում է․ «Կառավարությունը որեւիցե գումարային խնդիր չունի, այսինքն՝ գումարի խնդիր չունենք, որը պետք է հատկացվի, եւ անհրաժեշտ պարագաները գնվեն։ Զենքի առումով տարբեր միջոցներ ենք ձեռնարկում, եւ չենք բավարարվում մեկ ուղղությունից զենքի հետ կապված լուծումներ տալու, այդ աշխատանքները անընդմեջ կատարվում են»։ Ըստ Սիմոնյանի՝ վերջին իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ–ն է․ «Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ ՌԴ միջամտությունից»։ Անդրադառնալով ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի՝ ՀՀ այցին՝ Սիմոնյանն ասաց, որ նա Հայաստան է գալու իր հրավերով․ «Այնուամենայնիվ, դա քաղաքական աշխատանք է, մեր դեսպանի, մեր քաղաքական թիմի մեծ աշխատանքն է, դա նաեւ գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը ՀՀ–ում գոյություն ունի, եւ ես շնորհակալ եմ Փելոսին, որ նա չչեղարկեց իր այցը, որովհետեւ ես այցի մասին գիտեի շատ ավելի վաղ։ Ասեմ, որ իր այցելությունը շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»։ Անդրադառնալով ռազմական դրության հավանականությանը՝ նա ասաց․ «Մենք կարծում ենք, որ ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է որպես ագրեսիայի քայլ դիտարկվել, որովհետեւ Ադրբեջանը իր գործողություններից առաջ մշտապես արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, որ ինչ–որ պրովոկացիա ենք արել»: Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով, եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ մենք այդ ճանապարհով այլեւս չենք կարող գնալ եւ չենք գնալու, եւ դրա մասին է մեր կռիվը, եւ դրա մասին են մեր հայտարարությունները, որ այլեւս պատրաստ ենք քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, եւ ոչ մի բան ավելի»։ Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, թե հայտարարությունը, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, որ մենք ոչինչ չենք զիջելու, եւ միջանցք չի լինելու, ընդդիմության կողմից գնահատվեց, որ «այ, ոչ մի խոսք չկար Արցախի մասին, եւ դուք պատրաստ եք Արցախը հանձնել», Ալեն Սիմոնյանը ասաց․ «Հիմա հարձակման է ենթարկվել ՀՀ–ն, Արցախի մասին ինչ խոսք կա, եւ ինչի մասին կարող ենք խոսել, գտնվում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում։ Արցախի անվտանգությունը ապահովում են ՌԴ խաղաղապահները, եւ ՀՀ–ն ամեն ինչ անում է Արցախի համար եւ արցախցիների համար եւ անում է շատ ավելի շատ, քան երբեւիցե արվել է։ Բայց այսօր 29 800 կմ քառակուսին ՀՀ ինքնիշխան տարածքն է, եւ ես ու վարչապետը ներկայացնում ենք ՀՀ–ն։ Այսօր ՀՀ–ն հարձակման է ենթարկվել, եւ մենք խոսում ենք ՀՀ անվտանգությունը ապահովելու մասին»։ Խոսելով ՀԱՊԿ–ից ունեցած ակնկալիքների մասին՝ ԱԺ նախագահը նշեց, որ իրենք շատ դժգոհ են, այն ակնկալիքները, որ կային, բնական է, չեն արդարացվում․ «Կապ ունենալով մեր ժողովրդի հետ եւ ներկայացնելով ՀՀ ժողովրդին՝ մենք շատ երկար չենք կարողանալու բացատրել, թե ինչու ՀԱՊԿ–ը չի անում այն, ինչ նախատեսված է։ Եվ բնական է, մենք դրանից հետեւություններ ենք անելու, անում ենք եւ արդեն արել ենք»։ Ըստ Սիմոնյանի՝ իրենք նաեւ ռուս գործընկերներից են ակնկալում են շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների կամ կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով․ «Ես զարմացած եմ եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց Հանրային հեռուսաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ հնչում են սադրիչ հայտարարություններ ՀՀ ղեկավարության հանդեպ։ Մենք անկեղծ չենք հասկանում՝ ինչ մարտավարություն է դա եւ ինչի համար։ Կարո՞ղ է դա անճարությունից է, չգիտեմ»։ Արձագանքելով Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ շատերը ասում են՝ Պուտինը չի սիրում ՀՀ գործող իշխանություններին, այլ սիրում է Ռոբերտ Քոչարյանին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Գիտե՞ք՝ ինչ, եթե սիրում է, արդյո՞ք դա փոխում է այն բանը, որ մենք այսօր սպասում ենք ռազմական օգնության, եւ այդ օգնությունը չկա։ Սա աղջիկ ուզելու խոսակցություն չէ, որ մեկը մեկին սիրում է, կամ չէ։ Արդյո՞ք ՌԴ–ն շահեր ունի այստեղ թե՞ ոչ։ Լավ, վարչապետին չեն սիրում, Քոչարյանին են սիրում կամ Սերժ Սարգսյանին են սիրում կամ մեզ են սիրում։ Սիրելու մասին չէ այս խոսակցությունը։ Ուրիշ բան ասեմ․ եթե անվտանգության գինը մեր հեռանալն է, թող բաց ասեն, մենք հիմա հեռանանք։ Դա ընդհանրապես քննարկելու բան չէ, դա կեղծ, հնարած բան է։ Այո, մենք իշխանություն ենք, որը Բրյուսելից, Մոսկվայից եւ Վաշինգտոնից «դաբրո» ստանալու չունենք, ներողություն, բայց եթե բաց ենք խոսում, մեր չակերտավոր «դաբրոն» ՀՀ ժողովուրդն է»,– նշել է նա։  
00:41 - 17 սեպտեմբերի, 2022
Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ երեկա հրադադարի հաստատման գործում մեծ դերակատարում է ունեցել ԱՄՆ-ը։ ԱԺ-ում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե միջազգային որ գործընկերներն են գլխավոր դերակատար եղել հրադադարի հաստատման գործում, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Բոլոր գործընկերները հավասարաչափ իրենց ներդրումը ունեցել են՝ ՌԴ-ը, Ֆրանսիայի Հանրապետությունը։ Երեկվա իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, և դա շատ ողջունելի է»։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հրադադար է հաստատվել։ ՀՀ ՊՆ-ը հայտնել է, որ այսօր՝ Ժամը 11:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: ԱԺ նախագահը նաև անդրադարձավ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ պատգամավորների հասցեները հրապարակելու և նարնց տներ գնալու փաստին․ «Դա հայ ժողովրդի հետ կապ չունեցող գործելաոճ է, շատ ավելի բնորոշ է մեր հարևան երկրի բնակիչներին։ Բոլոր մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ հրապարակել իմ տան հասցեն կամ իմ գործընկերների տան հասցեն, ինչ-որ մարդկանց ուղղորդել, ես իրենց շատ վաղուց և շատ հեռու ուղղորդում եմ մի կոնկրետ ուղղությամբ։ ․․․․ Ես նշված հասցեում (երեկ հրապարակված հասցեում- խմբ․) չեմ բնակվում և չգիտեմ՝ եկել են, թե չէ։ Մարդիկ կան, որ բնակվում են, նրանց ծնողներն են բնակվում։ Ես երկու մանկահասակ երեխա ունեմ, մեզանից շատերը մանկահասակ երեխա ունեն, և էդ մարդիկ ուղղակի իրենց պատասխանատվություն չեն տալիս իրենց արարքի համար, և վստահեցնում եմ, որ իրենք դրա վերաբերյալ դեռ շատ երկար զղջալու են»։  
16:37 - 15 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին

Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին և անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը: Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին և դաշնակիցներին առավելագույնս հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին և արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:
12:54 - 15 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ»,- մասնավորապես նշված է նամակներում:  ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում: ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) և Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար և նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
13:16 - 14 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց՝ հայտարարությունը քննարկելու նպատակով

ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց՝ հայտարարությունը քննարկելու նպատակով

Ալեն Սիմոնյանն առաջարկեց հայտարարության նախագիծն առանց ընդմիջումների քննարկել։ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ 20 րոպեն շատ քիչ ժամանակ է, և առաջարկեց տալ 1 ժամ ժամանակ, որ իրենց առաջարկները քննարկման և իրացման հնարավորություն ունենան։ Ալեն Սիմոնյանը նշեց՝ նորից ընդմիջում կհայտարարի, որ ընդդիմադիր պատգամավորներն այդ հնարավորությունն ունենան։ Նրա խոսքով՝ հարցը կքննարկեն վարչապետի հետ հարցուպատասխանից հետո, իսկ ընդդիմադիրների առաջարկները, «եթե որևիցե արտառոց բան չլինի», կներառվեն:  Հայտարարվեց ընդմիջում։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։ Հայտարարվել էր 20 րոպե ընդմիջում, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։
10:40 - 13 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը սահմանին

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը սահմանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 11։00-ին կգա Ազգային ժողով՝ ներկայացնելու իրավիճակը այդ պահի դրությամբ։ Սիմոնյանը նաև նշեց, որ զոհեր և վիրավորներ կան։ Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոերի հիշատակը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
10:17 - 13 սեպտեմբերի, 2022
Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|

Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտպանության նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ «Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա: Շատ ու շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից: Այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ: Կարծում եմ՝ մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ»,- ասաց Սիմոնյանը: Լրագրողներից մեկը, մեջբերելով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը, թե «Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը», հարցրեց՝ խաղաղության գործընթացի ֆոնին ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի նման գործելաոճը: «Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է, մշտապես դրանք փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում: Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է: Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ մենք առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ դրանք երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը:
13:34 - 12 սեպտեմբերի, 2022
Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին

 |armenpress.am|

Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ միջնորդությունները, խոսակցությունները կան, եղել են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը բարեհաջող չեն վերադարձել»,-ասաց Սիմոնյանը: Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձնել 5 հայ ռազմագերիների: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հատկանշական էր համարել, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների:
12:53 - 12 սեպտեմբերի, 2022
Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին
 |1lurer.am|

Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չի՞ խանգարի խորհրդարանի բնականոն աշխատանքին: «Ո՛չ, չի վնասի, որովհետև Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող ԱԺ-ն է, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ: Չգիտեմ, թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- ասաց Սիմոնյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, ապա Սիմոնյանը նշեց. «Տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի: Ես տրամադրված եմ այնպես, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում:  Մեջներից ավելի ճիշտ և արժանապատիվ իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ինչպես, օրինակ՝ մենք վարչության ընտրություններ նշանակեցինք Լոռու մարզում ընտրություններում պարտվելուց հետո»: ԱԺ նախագահը շեշտեց՝ եթե մինչև տարվա վերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի:  «Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Ձևերը, որ հիմա նրանք անում են, այլընտրանք չունեն: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ուրեմն այս դահլիճից դուրս ես»,- ասաց Սիմոնյանը:
12:15 - 12 սեպտեմբերի, 2022
Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Հայաստանի բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ, իսկ 31%-ի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ։ Մինչդեռ 2021 թ․-ի հարցումներով 43%-ը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ 20%-ը ասել էր, որ ՀՀ-ն սխալ ուղղությամբ է գնում։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի 2022 թ․-ի հունիսին անցկացված սոցհարցման արդյունքները։ Պատասխանելով հարցին, թե քաղաքական որ գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%: Հարցվածների 22%-ը խիստ դրական, 31%-ը որոշ չափով դրական կարծիք ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ 11%-ը որոշ չափով բացասական, իսկ 22%-ը խիստ բացասական կարծիք ունի Փաշինյանի մասին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին խիստ դրական կարծիք ունի հարցվածների 8, իսկ որոշ չափով դրական կարծիք՝ հարցվածների 26%-ը։ 25%-ը որոշ չափով բացասական, իսկ 11%-ը խիստ բացասաբար է վերաբերվում Սիմոնյանին։Քաղաքական գործիչների վերաբերյալ հարցման արդյունքները՝ ավելի մանրամասն Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, քաղաքացիները նշել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%: Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։ Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով (RDD)՝  ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Այն դեպքում, երբ հեռախոսահամարները պատահականորեն են կազմվել, բնակավայրի տիպի համար քվոտաներ են սահմանվել՝ հիմնված 2011թ․-ի մարդահամարի տվյալների վրա։ Դաշտային աշխատանքների երկրորդ կեսի ժամանակ բջջային օպերատների համար քվոտա է ավելացվել։
11:22 - 10 սեպտեմբերի, 2022