Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները
11:22 - 10 սեպտեմբերի, 2022

Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Հայաստանի բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ, իսկ 31%-ի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ։ Մինչդեռ 2021 թ․-ի հարցումներով 43%-ը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ 20%-ը ասել էր, որ ՀՀ-ն սխալ ուղղությամբ է գնում։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի 2022 թ․-ի հունիսին անցկացված սոցհարցման արդյունքները։

Պատասխանելով հարցին, թե քաղաքական որ գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%:

Հարցվածների 22%-ը խիստ դրական, 31%-ը որոշ չափով դրական կարծիք ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ 11%-ը որոշ չափով բացասական, իսկ 22%-ը խիստ բացասական կարծիք ունի Փաշինյանի մասին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին խիստ դրական կարծիք ունի հարցվածների 8, իսկ որոշ չափով դրական կարծիք՝ հարցվածների 26%-ը։ 25%-ը որոշ չափով բացասական, իսկ 11%-ը խիստ բացասաբար է վերաբերվում Սիմոնյանին։


Քաղաքական գործիչների վերաբերյալ հարցման արդյունքները՝ ավելի մանրամասն

Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, քաղաքացիները նշել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%:

Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։ Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով (RDD)՝  ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Այն դեպքում, երբ հեռախոսահամարները պատահականորեն են կազմվել, բնակավայրի տիպի համար քվոտաներ են սահմանվել՝ հիմնված 2011թ․-ի մարդահամարի տվյալների վրա։ Դաշտային աշխատանքների երկրորդ կեսի ժամանակ բջջային օպերատների համար քվոտա է ավելացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել