Ինֆոքոմ

Ինչ կարող է սպասել Հայաստանը 3+2 ձևաչափից [Challenge 23.1 | Բենիամին Պողոսյան]

Ինչ կարող է սպասել Հայաստանը 3+2 ձևաչափից [Challenge 23.1 | Բենիամին Պողոսյան]

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն «Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Ստեղծման պատմություն 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հարավային Կովկասում 3+2 ձևաչափով տարածաշրջանային նոր հարթակի առաջին հանդիպումը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Հարավային Կովկասում նմանատիպ հարթակի ստեղծման գաղափարը նոր չէ և այս կամ այն տարբերակով շրջանառվել է դեռևս 1990-ական թվականների վերջից։ 2008 թ. ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո նմանատիպ հարթակի ստեղծման առաջարկով հանդես եկավ Թուրքիան, սակայն այն իրականություն չդարձավ՝ առաջին հերթին Ռուսաստանի սառը դիրքորոշման պատճառով։ Տարածաշրջանային համագործակցության գաղափարը վերստին շրջանառության մեջ դրվեց 2020 թ. արցախյան պատերազմից անմիջապես հետո։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց 2020 թ. դեկտեմբերի 10-ին՝ Բաքվում կայացած «Հաղթանակի շքերթին» մասնակցելու նպատակով Ադրբեջան կատարած այցելության ընթացքում։ Գրեթե անմիջապես դրական արձագանքներ ստացվեցին Ադրբեջանից և Իրանից, իսկ որոշ ժամանակ անց այս գաղափարին իր աջակցությունը հայտնեց նաև Ռուսաստանը։ Հայաստանի և Վրաստանի արձագանքն ավելի սպասողական և խուսափողական էր։  Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ, նախքան վերջնական դիքրորոշում հայտնելը, անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ հարթակի ստեղծման նպատակները։ Մի քանի հակասական հայտարարություններից հետո վրացական իշխանություններն ի վերջո հանդես եկան հստակ մերժմամբ։ Վրաստանն իր դիրքորոշումը հիմնավորում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացման փաստով՝ հայտարարելով, որ չի կարող օկուպանտ պետության հետ քննարկել տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս հարցում էական նշանակություն ունեցավ նաև ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումը հարթակի և դրան Վրաստանի մասնակցության վերաբերյալ։ 2021 թ. հոկտեմբերին՝ Վրաստան կատարած այցելության ընթացքում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հստակ հայտարարեց, որ նախքան նման հարթակների ստեղծումը Ռուսաստանը պետք է կատարի 2008թ. օգոստոսին ստորագրված հրադադարի պայմանները և զորքերը դուրս հանի Վրաստանի տարածքից։  Հայաստանի իշխանությունները հարթակին իրենց մասնակցության հարցը վերջնականապես հստակեցրին միայն 2021թ. դեկտեմբերի 8-ին, երբ Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց Մոսկվայում սպասվող հանդիպման մասին։ Միևնույն ժամանակ Հայաստանը պնդում է, որ այս նոր ձևաչափում չպետք է քննարկվեն տարածաշրջանային այն խնդիրները, այդ թվում՝ արցախյան հիմնախնդիրը, հաղորդակցության  ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, որոնք դիտարկվում են այլ կառույցներում։ Հարթակի ստեղծման նպատակները 3+2 ձևաչափի ստեղծման հիմնական նպատակը վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորված «Մրցակցային համագործակցության» հարաբերությունների տեղայնացումն է Հարավային Կովկասում։ Տարբեր տարածաշրջաններում՝ Հարավային Կովկաս, Սևծովյան ավազան, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Բալկաններ, ունենալով համընկնող և հակադրվող շահեր՝ Ռուսաստանը և Թուրքիան առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում կարողացել են ձևավորել հարաբերությունների արդյունավետ մոդել։ Այն թույլ է տալիս տարանջատել տարբեր խնդիրները և, կոշտ պայքար մղելով մի քանի տարածաշրջաններում, համագործակցել մյուսներում։ Ռուս-թուրքական հարաբերություններում այս նոր ձևաչափը սկսել է ձևավորվել դեռևս 2000-ականների կեսերից, սակայն այն առավել հստակ տեսք ստացավ 2016-ի հուլիսին՝ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ Ռուսաստանը միանշանակ աջակցություն ցուցաբերեց նախագահ Էրդողանին։  Նախագահ Էրդողանը վերջին տասը տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարաբերականորեն անկախ և ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող Թուրքիա ձևավորելուն, որն աստիճանաբար հրաժեշտ է տալիս սոսկ ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիքի իմիջին։ Այս ռազմավարությունը տեղավորվում է գլոբալ աշխարհակարգի աստիճանական փոփոխության համատեքստում։ 1991-2008թթ. ԱՄՆ-ի բացարձակ գերիշխանությամբ բնորոշվող միաբևեռ համակարգն աստիճանաբար իր տեղն է զիջում շատ ավելի բարդ, բազմաբևեռ աշխարհակարգի, որտեղ, բացի ԱՄՆ-ից, էական ազդեցություն ունեն նաև Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Եվրամիությունը։ Այս խորքային փոփոխություններն ուղեկցվում են «գլոլաբալիզացիայի ռեգիոնալիզացմամբ», երբ աստիճանաբար սրվում է պայքարը տարածաշրջանային գերիշխանության համար, այդ թվում՝ ուժային դիվանագիտության և ռազմական շանտաժի տարրերի կիրառմամբ։ Տարածաշրջանային շատ խնդիրներ սկսում են կարգավորվել հիմնականում տարածաշրջանային տերությունների կողմից, մինչդեռ մինչև 2008 թ. խաղի կանոնները սահմանում և լուծումները պարտադրում էր բացառապես ԱՄՆ-ն․ բոսնիական ճգնաժամի կարգավորում՝ 1995 թ., Սերբիայի պատժում՝ 1999 թ., ներխուժում Աֆղանստան և Իրաք՝ համապատասխանաբար 2001 թ. և 2003 թ., Կոսովոյի անկախության հռչակում՝ 2008 թ.։ Այս գլոբալ փոփոխությունները ազդում են նաև Հարավային Կովկասի անվտանգության դինամիկայի վրա։ Այստեղ հիմնական խաղացող շարունակում է մնալ Ռուսաստանը, որը տարածաշրջանը դիտարկում է որպես իր հատուկ շահերի գոտի։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի համար իդեալական տարբերակ է Հարավային Կովկասից բոլոր արտաքին խաղացողների դուրս մղումը, սակայն առայժմ Ռուսաստանը բավարարվում է Արևմուտքի ազդեցության սահմանափակմամբ։ Հարաբերականորեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող Թուրքիայի հետ տարածաշրջանային խնդիրների կարգավորումը Ռուսաստանը դիտարկում է որպես առավել արդյունավետ միջոց՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղակի ներգրավվումը սահմանափակելու համար։ Իր հերթին Թուրքիան  3+2 հարթակի ստեղծումը դիտարկում է որպես տարածաշրջանում սեփական ազդեցությունը լեգիտիմացնելու և ֆիքսելու հնարավորություն՝ դա համարելով առաջին քայլ՝ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում Ռուսաստանի փոխարեն առավել ազդեցիկ տերություն դառնալու ճանապարհին։ Հարթակի ձևավորումը կարելի է համարել միջնաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում մրցակցության կարգավորման և այլ խաղացողների ազդեցությունը սահմանափակելու ռուս-թուրքական փորձ։ Հայաստանի խնդիրները 2020 թ. արցախյան պատերազմում պարտությունը էականորեն նվազեցրել է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը, պետության համախումբ ներուժը և բացասական զարգացումներին դիմագրավելու կարողությունները։ Պատերազմի հետևանքով կտրուկ ավելացել է կախվածությունը Ռուսաստանից։ Եթե մինչև 2018 թ. միջազգային փորձագետները հաճախ Հայաստանն անվանում էին «Ռուսաստանի հաճախորդ պետություն» (client state of Russia), ապա 2020 թ. նոյեմբերից հետո ոմանք ընդհանրապես կասկածի տակ են դնում Հայաստանի՝ արտաքին և անվտանգային ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունները։ Ստեղծված պայմաններում, ակնհայտորեն, Հայաստանը չէր կարող մերժել 3+2 հարթակին անդամակցելու Ռուսաստանի առաջարկ/պահանջը։  Միևնույն ժամանակ դժվար թե Հայաստանը օգուտներ քաղի հարթակին մասնակցությունից։ Նախ, այն հնարավորություն է տալիս Թուրքիային անմիջականորեն ներգրավվելու Արցախի հետագա ճակատագրին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող քննարկումներին։ Միևնույն ժամանակ, անկախ Հայաստանի ցանկությունից, 3+2 ձևաչափն աստիճանաբար դառնալու է Արցախի խնդրի քննարկման ևս մեկ հարթակ՝ ավելի նվազեցնելով առանց այդ էլ անորոշ վիճակում գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի համար չկան լավ ելքեր, և խնդիրը վատի ու վատագույնի միջև ճիշտ ընտրություն կատարելն է։ Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավերը նետում եմ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հրանտ Միքայելյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
17:09 - 13 դեկտեմբերի, 2021
Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

2003 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչ Անդրանիկ Թեւանյանը (խոսքը պատգամավոր Թեւանյանի մասին չէ) Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրի վարձակալության պայմանագիր՝ 10 տարի ժամկետով։ Հետագայում՝ 2013-ին, երբ այդ արոտավայրերն արդեն Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքների հաշվեկշիռներին էին փոխանցվել, այդ համայնքների ղեկավարները երկարաձգել են վարձակալության ժամկետը՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին չի ներկայացրել արոտավայրի վարձակալության համար կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։ Այսպես, 2003 թվականին, Արարատի մարզպետարանը Ա․Թ․-ին 884 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 1 մլն 135 հազար դրամով, 174 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 80 հազար դրամով։  2009թ. հոկտեմբերին վարչատարածքային բաժանման փոփոխության արդյունքում Արարատի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող այդ արոտավայրերը փոխանցվել են Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին: 2013 թվականին վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը եւ Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան երկարաձգել են Ա․Թ․-ի եւ Արարատի մարզպետարանի միջեւ արոտվայրերի վարձակալության վերաբերյալ կնքված պայմանագրերը։ Մասնավորապես, 2013 թվականին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է եւս տասը տարով․ Ա․ Թ․-ն իր լիազորած անձի՝ Լ․ Ս․-ի միջոցով դիմում է ներկայացրել Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ նշելով, որ շարունակում է զբաղվել անասնապահությամբ եւ ցանկություն ունի շարունակել վարձակալության իր իրավունքը։ Դվին եւ Վերին Դվին համայնքների ղեկավարներն էլ, առաջնորդվելով Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ քաղաքացի Ա․ Թ․-ի՝ իրենց հասցեագրած դիմումներով եւ ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով (Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը․ «Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման եւ պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք»), երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագիրը։  Համայնքապետերը, սակայն, արոտավայրի վարձակալության պայմանագիրը երկարաձգել են այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրերի օգտագործման պլան։ Իսկ այս պահանջը նշված է ՀՀ կառավարության՝ 2011թ․ ապրիլի 14-ի N 389-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը։  Infocom-ը գրավոր հարցումներ էր ուղարկել Վ․ Դվինի եւ Դվինի համայնքապետարաններ, որոնց ի պատասխան՝ համայնքապետարաններից հաստատել էին, որ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել։  Արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման այդ կարգի համաձայն՝ կա արոտային թույլատրելի բեռնվածություն, որն արտահայտվում է մեկ հեկտարի վրա տեղաբաշխվող պայմանական անասնագլխաքանակով։ Համայնքապետարաններից հետաքրքրվել էինք նաեւ՝ Ա․ Թ․-ն ներկայացրե՞լ է արդյոք անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք։ Ի պատասխան՝ Վերին Դվինի համայնքապետարանից պատասխանել են, որ անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը չի պահպանվել։ Վերին Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Միլենա Տամրազովան մեր զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տեղեկանքը միանշանակ եղել է, ինքն այն տեսել է, սակայն, ըստ ամենայնի, կորել է, քանի որ համայնքապետարանում առկա փաստաթղթերում այն չեն գտել։ Իսկ ահա Դվինի համայնքապետարանից այդ փաստաթուղթը չէին կցել հարցման պատասխանին եւ մեր հարցին ընդհանրապես չէին պատասխանել։ Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը մեր զրույցում նույնատիպ պատասխան տվեց՝ հավաստիացնելով, որ Ա․ Թ․-ն տեղեկանք ներկայացրել է, սակայն իրենց մոտ եղած փաստաթղթերի փաթեթում այն եւս առկա չէ։  Անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը կեղծելու դեպքի առիթվ քրեական գործ է հարուցվում, մեկ տարի անց՝ կարճվում Նախորդ տարի՝ 2020 թվականին, արոտավայրը վարձակալության տալու պայմանագրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում ներկայացվել է զեկուցագիր այն մասին, որ Ա. Թ․-ն անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դվին եւ Վ. Դվին համայնքների ղեկավարները, առանց հաշվի առնելու ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 14-ի թիվ 389-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները, այն է՝ մինչեւ արոտվայրերի օգտագործումը կազմվում է արոտավայրերի օգտագործման պլան՝ հաշվի առնելով արածեցվող կենդանիների թվաքանակը եւ արոտավայրերի բերքատվությունը, եւ 12-րդ կետի պահանջները, ըստ որի՝ արոտային բեռնվածության որոշման նպատակով մեկ պայմանական կենդանու գլխաքանակին տարբեր գյուղատնտեսական կենդանիները հավասարեցվում են կոնկրետ գործակիցներով, Ա․ Թ․-ի կողմից անասուններ ունենալու վերաբերյալ տեղեկանքներ չներկայացնելու պայմաններում 10 տարի ժամկետով երկարաձգել են 2003-ին կնքված պայմանագրի ժամկետը։  Արծրուն Աբրահամյանը, աղբյուրը՝ irates.am Մասնավորապես, Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Ա. Աբրահամյանը 441 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 595,000 ՀՀ դրամ գումար, իսկ Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լ. Պետրովան 574 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 617.915 ՀՀ դրամ գումար: Լյուդմիլա Պետրովան, նկարը՝ ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեսանյութիցԱյս փաստի առթիվ 2020թ. մայիսին ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական գործ է հարուցվել, այն ընդունվել է Արարատի մարզային քննչական վարչության վարույթ: Այս տարվա մայիսի 19-ին, սակայն, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Տեղեկանքը կորում է երկու համայնքապետարաններից, չկա նաեւ Քննչական կոմիտեում Վերադառնալով կորած փաստաթղթին՝ նշենք, որ անասնագլխաքանակի վերաբերյալ ենթադրյալ տեղեկանքը, որ պետք է ներկայացրած լիներ Ա․ Թ․-ն, չկա նաեւ Քննչական կոմիտեում։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ քրեական գործի նյութերում չկան Դվինի եւ Վերին Դվինի համայնքապետարաններից առգրավված փաստաթղթերի բնօրինակներ։ Պատասխաններ ստանալու համար ստիպված ենք եղել տասնյակ զանգեր կատարել համայնքապետարաններ։ Բանն այն է, որ մեր գրավոր հարցմանը Դվինից ու Վերին Դվինից նախ պատասխանել էին, թե հայցած փաստաթղթերը համայնքապետարաններում չեն, եւ որ դրանք տրամադրել են քննչական բաժնին։ ՀՀ քննչական կոմիտեից էլ պատասխանում էին, որ քրեական գործը կարճվել է, իսկ իրենց մոտ փաստաթղթեր չկան։ Փորձում էինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունից ճշտել՝ արդյոք քրգործում եղած փաստաթղթերը վերադարձվե՞լ են համայնքապետարաններին, թե՞ ոչ, քանի որ համայնքների ղեկավարները պնդում էին՝ իրենց մոտ չկան փաստաթղթեր։ Մարզային քննչական վարչության քաղաքային հեռախոսահամարներն օրեր շարունակ չէին աշխատում։ Ուստի կապ հաստատեցինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Թադեւոսյանի հետ, որը մեր զրույցում ասաց, որ այդ գործով իրենց մոտ փաստաթղթերի բնօրինակներ չեն եղել, ինչ եղել է՝ քրեական գործի մեջ է, իսկ գործը ՔԿ-ում արխիվացվել է։ Թադեւոսյանը հեռախոսազանգով մեր մյուս հարցերին չպատասխանեց՝ նշելով՝ ինչ կա, պատասխանվել է։ Նորից դիմեցինք համայնքապետարաններ՝ այս անգամ ուղիղ կապ հաստատելով համայնքի ղեկավարների հետ։ Լյուդմիլա Պետրովան եւ Արծրուն Աբրահամյանը մեր զրույցում ասացին, որ որոշ փաստաթղթեր իրենց մոտ կան, դրանք կարող են ուղարկել։ Մեր հարցին՝ իսկ ինչու գրավոր հարցման պատասխանում դրանք չէին տրամադրել, հստակ պատասխան չտրվեց։ Ի վերջո տրամադրեցին համայնքապետարաններում առկա փաստաթղթերը, որոնցում, ինչպես արդեն նշեցինք, բացակայում էին անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքն ու արոտավայրի օգտագործման պլանը։ Համայնքապետերը նաեւ նշեցին, որ իրենք չեն ստացել քրեական գործի կարճման որոշումը։ Համայնքապետարաններից ստացած տեղեկությունների համաձայն՝ 2013-2020 թվականներին Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ն տարեկան վճարել է 595 հազար դրամ, Վ․ Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար՝ տարեկան 617 հազար 915 դրամ։ Այս տարվա վճարը դեռեւս չի արվել։  Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են արոտավայրը վարձակալության տրամադրելու՝ 2003թ․ պայմանագիրը, արոտավայրերի հատակագծերը, Արարատի մարզպետի՝ Դվին գյուղական համայնքի ղեկավարին ուղղված դիմումը՝ արոտավայրի վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին, ժամկետը երկարաձգելու մասին Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ի՝ ամեն տարի վճարած գումարի տեղեկանքները, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Հարցին՝ այլ փաստաթղթեր չկա՞ն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը պատասխանեց՝ ինչ գյուղապետը տրամադրել է, ուղարկել են, եթե չեն ուղարկել, ապա, ըստ ամենայնի, իրենց մոտ այլ փաստաթղթեր չկան։ Վերին Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են մարզպետի դիմումը համայնքապետին, Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Նշենք, որ արոտավայրերը վարձակալության տրամադրելու համար մրցույթ չի հայտարարվել։  Այսպիսով, քաղաքացի Ա․ Թ․-ն 2003թ․-ին Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա արոտավայր վարձակալելու մասին պայմանագիր՝ տասը տարի ժամկետով։ Հետագայում արոտավայրերը փոխանցվել են մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո երկու համայնքների ղեկավարները եւս տասը տարով երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագրերը այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրի օգտագործման պլան, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ։ ՀՀ քննչական կոմիտեում այս փաստի առիթով նյութեր են նախապատրաստել ու պարզել, որ Ա․ Թ․-ն նաեւ անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել, հարուցել են քրեական գործ, բայց մեկ տարի անց կարճել այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն այդ տեղեկանքը՝ լինի կեղծ, թե իրական, այժմ չկա ոչ Քննչական կոմիտեում, ոչ էլ համայնքապետարաններում։ Համայնքապետարաններից ստացած պատասխանների համաձայն՝ այդ փաստաթուղթը կորել է։ Ընդ որում՝ համայնքապետարաններից հստակ պատասխանում են՝ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել, բայց նույնպիսի հստակությամբ չեն պատասխանում՝ ուր է կորել անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը։ Հայարփի Բաղդասարյան
10:08 - 13 դեկտեմբերի, 2021
Քաղաքաշինության կոմիտեն Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի խնդիրների լուծմանն աջակցելու համար նախագիծ է մշակել

Քաղաքաշինության կոմիտեն Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի խնդիրների լուծմանն աջակցելու համար նախագիծ է մշակել

1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից տուժած ընտանիքներին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում ժամանակավոր փայտե կացարաններ են հատկացվել, որոնք շահագործվում են մինչ օրս։ Բնակիչները բազմիցս ահազանգել են, որ թաղամասի շենքերի փայտը նեխել է, շենքերի խոնավությունը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների․ նրանք կառավարությունից պահանջել են նոր բնակարաններով ապահովել իրենց։ 2018 թ․-ի դեկտեմբերի 11-ին բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով 3 մարդ էր մահացել։ Դրանից առաջ էլ, բնակիչների խոսքով, փայտե շենքերից մեկն էր ամբողջությամբ այրվել, ինչը մի ծերունու մահվան պատճառ էր դարձել։ Infocom-ը փորձել է պարզել, թե երբ և ինչպես են բնակարաններով ապահովվելու Աշոտաբերդ թաղամասի փայտե կացարաններում ապրող բնակիչները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) Infocom-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասի 24 բազմաբնակարան փայտաշեն տներում ապրում է 296 ընտանիք․ 128 բնակարան սեփականաշնորհված է, պետական է 168-ը. «Աշոտաբերդ թաղամասի բնակարանները բաշխվել են՝ համաձայն կառավարության կողմից հաստատված բնակարանների բաշխման առաջնահերթության ցուցակի, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով տուն կորցրած ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրի։ Ըստ Լոռու մարզպետարանի տրամադրած տեղեկության՝ բնակարանային ապահովման խնդիրը կարող է լուծվել միայն բնակարանաշինական ծրագրերի առկայության դեպքում»։ ՏԿԵՆ-ը ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար առաջարկել էր դիմել Քաղաքաշինության կոմիտե։ Քաղաքաշինության կոմիտեից մեզ հայտնել են, որ Աշոտաբերդ թաղամասի բնակարանները շահագործման են հանձնվել 1989 թ․-ից, շենքերի համար նախատեսված է եղել 25 տարի շահագործման ժամկետ․ «Շենքերի պահպանման համար պարտադիր պայման է հանդիսացել փայտյա կոնստրուկցիաների պաշտպանիչ միջոցառումների իրականացման աշխատանքների ապահովումը, որը չի կատարվել և տարիների շահագործման ընթացքում վերոհիշյալ շենքերի բնակարանները դարձել են բնակվելու համար ոչ պիտանի»։ Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել փայտաշեն տներում ապրող մարդկանց բնակարաններով ապահովելու համար, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նշել է, որ բնակարանները հիմնականում քաղաքացիների սեփականությունն են, և գործող իրավակարգավորումների համաձայն՝ իրենց գույքի պահպանման հոգսը, այդ թվում՝ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում են սեփականատերերը․ «Սակայն, հաշվի առնելով խնդիրը սեփականատերերի միջոցներով լուծելու ոչ իրատեսական լինելու հանգամանքը, այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցին աջակցելու նպատակով կոմիտեի կողմից մշակվել և ներկայումս շահագրգիռ մարմինների քննարկման փուլում է գտնվում Աշոտաբերդ թաղամասում, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում առկա նմանատիպ խնդրի կանոնակարգման նպատակով նշված երկու համայնքներում նոր բնակելի թաղամասերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման հետ կապված ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որի ընդունմամբ և այդ ուղղությամբ ֆինանսական միջոցների նախատեսմամբ էլ կպայմանավորի խնդրի կանոնակարգման հետագա ընթացքը»։ Կոմիտեից հավելել են նաև, որ մշակված նախագծով նախատեսվում է անդրադառնալ Աշոտաբերդ թաղամասի խնդրին ամբողջականության մեջ (այլ ոչ թե ընտանիքների մի մասին), քանի որ նախագծի նպատակը, քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման կարիքից զատ, նաև քաղաքաշինական է, որի իրագործումը հնարավորություն կտա ձևավորել այդ շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված մոտեցումներ և թաղամասն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ խնդրի կանոնակարգման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր կլինի հայտնել նշված նախագծի ընդունումից և նախագծանախահաշվային փաստթղթերը ձեռք բերելուց հետո։ Հարցին` արդյոք պետությունը չունի՞ պարտավորություն այն ընտանիքների նկատմամբ, որոնք Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն տներում են հայտնվել երկրաշարժի հետևանքով, կոմիտեն այսպես է պատասխանել․ «Ներկայումս գործող օրենսդրությամբ վերը նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական պարտավորություն ձևավորված չէ»։ Նանե Ավետիսյան
18:14 - 10 դեկտեմբերի, 2021
Տարածվող տեսանյութը, որտեղ սպան ծեծում և խոշտանգում է երկու զինվորների, 10 տարվա վաղեմության է

Տարածվող տեսանյութը, որտեղ սպան ծեծում և խոշտանգում է երկու զինվորների, 10 տարվա վաղեմության է

Նոյեմբերի 30-ին սոցիալական հարթակներում տարածվեց օգտատեր Ռոման Բաղդասարյանի ուղիղ եթերից հատված, որտեղ վերջինս մեղադրում է Արցախի պաշտպանության բանակին, սպաներին ու գեներալներին պատերազմի ընթացքում կատարած սպանությունների, սպանություններ կատարելու հրամաններ տալու և Մատաղիսում 200 մարդ սպանելու մեջ։  Հաջորդ օրը Արցախի դատախազությունը Ռոման Բաղդասարյանի տեսանյութին կից հաղորդագրություն, տարածեց, համաձայն որի, Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները քննության կառնվեն։ Նույն օրը հաղորդագրություն տարածեց նաև Արցախի ԱԱԾ-ն․ հաղորդագրությամբ Ռոման Բաղդասարյանին առաջարկում էին ներկայանալ Արցախի ԱԱԾ՝  պարզաբանումներ ներկայացնելու։ Սրանից 2 օր անց՝ դեկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան մի կեղծ օգտատեր տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է մի սպա ծեծում և խոշտանգում երկու զինվորների։ Կեղծ օգտատերը տեսանյութին կից գրել է, որ «սա մեծ ապացույց է Ռոման Բաղդասարյանի համար»: Կարդալով տեսանյութին կից տեքստը և մեկնաբանությունները՝ տպավորություն է ստեղծվում, թե դեպքը եղել է ոչ վաղ անցյալում և ապացուցում է Ռոման Բաղդասարյանի խոսքերը։ Նշված տեսանյութը կեղծ օգտատիրոջ էջում հավանել է 1300-ից ավելի, տարածել՝ 5600-ից ավելի օգտատեր։ Տեսանյութն, ընդհանուր առմամբ, դիտել են 137 հազարից ավելի անգամ։ Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ դարձավ, որ այն նոր չէ։ Նշված տեսանյութը հնարավոր եղավ գտնել Յութուբում, որտեղ այն վերբեռնվել է 2010 թվականի սեպտեմբերի 12-ին։  Յութուբում շրջանառվող տեսանյութը լայն հնչեղություն էր ստացել, որից հետո Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, ձեռնարկվել էին համապատասխան միջոցներ տեսանյութում երևացող անձանց ինքնությունները պարզելու և բռնություն կիրառողներին պատժելու ուղղությամբ։ Օրեր անց պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ նոր մանրամասներ հրապարակեց, որտեղ նշվում էր բռնության ենթարկող սպայի անունը, և որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մայոր Սասուն Գալստյանին 2010 թվականի սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գործը մեղադրական եզրակացությամբ նույն թվականի նոյեմբերի 2-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը նույն թվականի դեկտեմբերի 9-ին Սասուն Գալստյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Այսպիսով՝ տարածվող տեսանյութը նոր կամ վերջին ժամանակների չէ, որևէ առնչություն չունի և չի կարող ապացույց լինել Ռոման Բաղդասարյանի խոսքերին, քանի որ այն 10 տարվա վաղեմության է, իսկ տեսանյութում բռնություն գործադրող սպան դատապարտվել է կատարած արարքի համար։ Նարեկ Մարտիրոսյան
17:50 - 10 դեկտեմբերի, 2021
Ի՞նչ խողովակներով է Փաշինյանը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ ստանում. ՊՆ-ն հաշվառում չի իրականացնում

Ի՞նչ խողովակներով է Փաշինյանը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ ստանում. ՊՆ-ն հաշվառում չի իրականացնում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ՀՀ վարչապետի աշխատակազմը չեն ցանկանում մեկնաբանել՝ որ գերատեսչությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիները թիվը։ Այս տարվա մայիսին, երբ հակառակորդը ներխուժել էր ՀՀ ինքնիշխան տարածք, իրավասու մարմիններն ադրբեջանցիների թվի մասին հստակ տեղեկություններ չէին տալիս։ Միայն մի քանի թվեր են հնչել․ օրինակ՝ մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ սահմաններից ներս գտնվում են շուրջ 250 ադրբեջանցիներ, իսկ նույն ամսվա 20-ին նա այլ թիվ էր ասել՝ 500-600։ Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 22-ին, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ՀՀ տարածքում գտնվում են շուրջ 1000 ադրբեջանցիներ։ Պաշտոնական հստակ տեղեկատվության բացակայության ֆոնին Infocom-ը նախ հուլիսի 22-ից գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի, նրանց տեղակայման վայրի մասին:  Պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ եւ պնդելով, որ հայցված տեղեկությունները գաղտնիք են պարունակում։ Նախարարության պատասխանի համաձայն՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Քանի որ ՊՆ-ն գաղտնիք պարունակելու հիմքով չէր տրամադրել հակառակորդի զորքի թվի մասին տեղեկություններ, մեկ այլ հարցմամբ խնդրեցինք հստակեցնել՝ Փաշինյանի եւ ԳՇ պետի՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնք պարունակում էին տվյալ պահի դրությամբ ադրբեջանցիների թվի մասին տեղեկություններ, արդյոք համարվո՞ւմ են գաղտնիք պարունակող, եւ այդ թվերի հրապարակումը համարվո՞ւմ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։  Նախարարությունից պատասխանել են, որ նշված հայտարարություններում գաղտնիքի տարր պարունակող արտահայտություններ չկան, իսկ հայտարարությունը գաղտնիքի բացահայտում չի համարվում, քանի որ չի վնասում ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ անվտանգությունը։ Առաջնորդվելով վերոբերյալ պատասխանով՝ ՊՆ-ին խնդրեցինք տեղեկություն տալ մայիսի 13-ի (հակառակորդի զորքի թվի մասին Փաշինյանի առաջին հայտարարության օրը) եւ հունիսի 22-ի (հակառակորդի զորքի թվի մասին ԳՇ պետի հայտարարության օրը), ապա նաեւ այդ օրերի միջեւ ընկած ամսաթվերի դրությամբ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին, քանի որ, փաստացի, այդ ընթացքում արդեն բարձրագույն ղեկավարության ներկայացուցչի եւ պաշտպանական կառույցի ղեկավար կազմի ներկայացուցչի հայտարարություններում թվեր հնչել էին։  Այս դեպքում, պարզվեց, ՊՆ-ն չի համարում, որ մեր հայցած տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գաղտնիք պարունակող՝ վկայակոչված տեղեկությունների բացահայտման, բացի դրանից՝ ՊՆ-ն առհասարակ չի էլ հաշվում ու արձանագրում, թե մեր ինքնիշխան տարածքում որ օրվա դրությամբ հակառակորդի քանի զինծառայող կա․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող հակառակորդի անձնակազմի անհատական եւ քանակական հաշվառում չի իրականացնում»,- այսպես էին պատասխանել մեր հարցմանը։  Այս պատասխանից մեզ հետաքրքրեց՝ եթե ՊՆ-ն «ադրբեջանցիների հաշվառում» չի իրականացնում, ապա ո՞վ կամ ո՞ր գերատեսչությունն է հիշատակված թվերը տրամադրել ՀՀ վարչապետին։ Գրավոր հարցմամբ դիմեցինք վարչապետի աշխատակազմին եւ պաշտպանության նախարարությանը։ Վարչապետի աշխատակազմից պատասխանեցին, որ Փաշինյանի հայտարարությանը հավելելու բան չկա։  Իսկ ահա ՊՆ-ն, հավատարիմ մնալով լրատվամիջոցների հետ աշխատանքում իր որդեգրած գործելաոճին, դարձյալ ըստ էության չի պատասխանել Infocom.am-ի գրավոր հարցմանը։ Ընդ որում՝ ընդամենը մեկ նախադասություն գրելու համար գերատեսչությունը նախ մեկ ամիս ժամանակ խնդրեց, ապա պատասխան ուղարկեց հարցումն ուղարկելուց 36 աշխատանքային օր հետո․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին օպերատիվ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է տարբեր խողովակներից, այդ թվում նաեւ պաշտպանական գերատեսչությունից»,- այսպես են պատասխանել հարցին։ ՊՆ-ին եւս մեկ հարցում ուղարկեցինք՝ նշելով, որ մեր հարցին ըստ էության պատասխան չի տրվել, ուստի խնդրեցինք հստակեցնել՝ կոնկրետ օրվա կոնկրետ տվյալը Նախարարությո՞ւնն է տրամադրել գործադիրի ղեկավարին։ ՊՆ-ից այս անգամ հղում արեցին վերոնշյալ նույն պատասխանին։ Ստացվում է՝ վարչապետի աշխատակազմը եւ պաշտպանության նախարարությունը չեն ուզում հստակեցնել՝ վարչապետին ո՞ր գերատեսչությունն է ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիների թիվ տրամադրել։ Եւ եթե ՊՆ-ն հակառակորդի հաշվառում չի իրականացնում, ապա, տրամաբանորեն, չէր կարող այդ թիվն ինքը տրամադրած լինել։ Սակայն գերատեսչությունը չի էլ հերքել, որ կարող էր այդ թիվը հայտնած լինել։ Հայարփի Բաղդասարյան
17:07 - 10 դեկտեմբերի, 2021
Բնակիչները Փելա սարի տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ

Բնակիչները Փելա սարի տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ

Այս տարվա հոկտեմբերի 18-ին մամուլում շրջանառվում էր Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հաստատած այն տեղեկությունը, որ Կապանի Փելա սար կոչվող տարածքն ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Նույն օրը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքեց այդ լուրերը՝ պնդելով, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, եւ որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։ Այս հերքումով, սակայն, Փելա սարի կորստի մասին տեղեկությունները չդադարեցին տարածվել։ Հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Գեւորգ Փարսյանը քարտեզի վրա ավելի մանրամասն մեկնաբանեց, թե որ հատվածն է անցել հակառակորդի վերահսկողության տակ։ Նա, խոսելով ԱԱԾ տարածած հաղորդագրության այն տողի մասին, թե դիրքային փոփոխություն չի եղել, ասաց, որ ոչ թե դիրքային փոփոխությունների մասին է խոսքը, այլ ուղղակի տարածքն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու։ Կապանի քաղաքապետի փոխանցմամբ՝ այդ հատվածում գոյություն ունի նաեւ մի ճանապարհ, որը ադրբեջանական արգելափակոցի պատճառով տեղացիների համար խոչընդոտներ է ստեղծել վառելափայտ հայթայթելու եւ նաեւ Կապան գնալու առումով։ Հայտարարության հաջորդ օրը գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հասկանալու՝ արդյոք երկու օրերի ընթացքում Փայլասարի հատվածում իրադրության փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ ստացանք գրություն, ըստ որի՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքը գտնվում է հայկական վերահսկողության ներքո, դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ թե Փայլասարի լեռնաշղթայի որ բարձունքներն են հայկական վերահսկողության ներքո, որոնք՝ ադրբեջանական, ԱԱԾ-ն տեղեկություն չտրամադրեց՝ մեկնաբանելով, որ հայցվածը գաղտնիք է պարունակում։ Օրեր անց եւս մեկ հարցմամբ դիմեցինք ԱԱԾ-ին՝ կցելով նաեւ Գեւորգ Փարսյանի՝ հարցազրույցում ներկայացրած քարտեզը։ Գերատեսչությանը խնդրեցինք պարզաբանել՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչները ստորեւ բերվող քարտեզի վրա դեղին սլաքներով ցույց տրվող ճանապարհով Փայլասարի լեռներ եւ Փելա սար գնալու հնարավորություն ունե՞ն, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ կառույցից նշեցին, որ հիշատակված բնակավայրերի բնակիչները ներկայացված ճանապարհով դեպի Փայլասար գնալու հնարավորություն չունեն, բայց չհստակեցրին՝ հատկապես ինչու։ ԱԱԾ-ից նշեցին, որ 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսից հետո Փայլասարի ճանապարհով դրան հարակից բնակավայրերի բնակիչները դեպի Կապան գնալու համար օգտագործում են Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։ Իսկ ինչ վերաբերում է Փարսյանի ցուցադրած ճանապարհահատվածին, որտեղով բնակիչները նախկինում վառելափայտ էին հայթայթում, իսկ հիմա, նրա պնդմամբ, այդ հնարավորությունը չունեն, ԱԱԾ-ն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այդ մյուս՝ ոչ հիմնական ճանապարհով (ստորեւ բերվող քարտեզում՝ դեղին սլաքով) նշված ճանապարհով Ագարակ, Խդրանց, Եղվարդ, Ուժանիս համայնքների բնակիչները Փայլասարի լեռներ և Փելա սար գնալու հնարավորություն ունեն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փայլասարի լեռնաշղթայի երկայնքով ծառայություն են իրականացնում մեր կողմից՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, հարակից տարածքում՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերը՝ անվտանգության նկատառումներից ելնելով բնակիչները տվյալ տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ: Քարտեզի նկարները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութից։ Առաջին նկարում՝ Փելա սարով անցնող, դեպի Կապան գնացող հիմնական ճանապարհը, երկրորդ նկարում՝ վառելափայտ հայթայթելու ճանապարհը Լուսանկարները՝ Google Maps-ից, կարմիր սլաքով ցուցադրված է Փարսյանի հիշատակած՝ նախկինում վառելափայտի համար օգտագործված ճանապարհը Ի դեպ, մենք գրավոր հարցմամբ Կապանի քաղաքապետին խնդրել էինք հստակեցնել՝ երբ հարցազրույցում նշում է, որ Ագարակ, Ուժանիս եւ մյուս գյուղեր գնալու հիմնական ճանապարհն արդեն ամբողջությամբ հակառակորդի վերահսկողության տակ է, նկատի ունի դեռ 2020-ի դեկտեմբերի՞ց է հակառակորդի վերահսկողության տակ, թե՞ Փելա սարի հատվածում հոկտեմբերի զարգացումներից հետո։ Ի պատասխան՝ Փարսյանը գրավոր տեղեկացրել էր, որ ճանապարհը հակառակորդի վերահսկողության տակ է 2020 թ․-ի դեկտեմբերից։ Մեր հարցմանը կցած քարտեզի վրա համայնքապետը հստակեցրել էր նաեւ ճանապարհահատվածը, որը եւ ադրբեջանական հսկողության ներքո է։ Այդ ճանապարհահատվածը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող քարտեզի վրա։ Կապանի համայնքապետի մամուլի խոսնակը մեր զրույցում հստակեցրեց, որ այժմ բնակիչները Սյունիք համայնքից միայն Դիցմայրի կարող են գնալ, իսկ Ագարակ գնալու համար օգտագործում են Վարդավանքի ճանապարhը։ Այսինքն՝ ճանապարհը Փելա սարով անցնող հատվածից մինչեւ Դիցմայրին Սյունիք գյուղի հետ կապող հատվածը հակառակորդի վերահսկողության տակ է։  Նախկինում Դիցմայրիից Ագարակ գնալու ճանապարհը 14 կմ էր, իսկ այժմ Դիցմայրիից Վարդավանքով Ագարակ գնացող ճանապարհը 20 կմ է՝ ժամանակային առումով՝ մոտ 30 րոպեի տարբերությամբ։ Ինչ վերաբերում է Փայլասարի լեռներով անցնող ճանապարհի որեւէ հատվածում ադրբեջանցիների տեղադրած հնարավոր արգելափակոցի մասին Փարսյանի պնդմանը, ԱԱԾ-ն հրաժարվեց տեղեկություն տրամադրել՝ դարձյալ մեկնաբանելով, թե այն գաղտնիք է պարունակում։ Ճանապարհը, որ անցնում է լեռներով, երեւում է վերը ներկայացված քարտեզում, դեղին սլաքով նշված է Փարսյանի հիշատակած արգելափակոցի մոտավոր վայրը Նկարում՝ Google քարտեզը, որտեղ դեղին սլաքով դարձյալ նշված է Փարսյանի հիշատակած արգելափակոցի մոտավոր վայրը ԱԱԾ-ից տեղեկություն էինք խնդրել նաեւ Փարսյանի՝ հարցազրույցի ժամանակ հնչեցրած մյուս հայտարարությունների իսկության վերաբերյալ՝ կցելով նաեւ «Զանգեզուր» TV-ի մոտ 7-րոպեանոց համապատասխան տեսանյութը, սակայն ԱԱԾ-ից պատասխանել էին, որ անհրաժեշտ է կոնկրետ հարցադրում ներկայացնել Փարսյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ: Ուստի երրորդ հարցումն ուղարկեցինք՝ այս անգամ վայրկյան առ վայրկյան նշելով հարցազրույցում հնչեցված մտքերն ու յուրաքանչյուրի համար առանձին-առանձին հարցնելով՝ պնդումն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Անտեսելով Փարսյանի մի քանի հայտարարություններ՝ ԱԱԾ-ից անդրադարձան միայն համայնքապետի՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին պնդմանը․  «Երկու օր առաջվա դրությամբ (հոկտեմբերի 17-ի,- հեղ․) տեղակայված են եղել ռուս սահմանապահ զորքերից մի խումբ, հիմա ներկա դրությամբ տեղափոխվել եւ տեղակայվել են այ էս հատվածում (ստորեւ քարտեզի վրա տեղափոխման ուղղությունը ցուցադրված է դեղին սլաքով,- հեղ․)»,- մասնավորապես ասել էր Փարսյանը։ ԱԱԾ-ից ստացած հարցման պատասխանում ասված է, թե այդ տարածքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները դուրս չեն եկել, այլ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանակորված վերատեղադրել են իրենց կեցավայր վագոն-տնակը։ ԱԱԾ-ն, ինչպես երեւում է պատասխանից, համարում է, որ դա ոչ թե տարածքը լքել է, այլ միայն կեցավայր վագոն-տնակի՝ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանավորված վերատեղադրում։ Փարսյանի մյուս պնդումը, թե «ռուսների բացակայության պատճառով տարածքն ամբողջովին անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ․․․», ԱԱԾ-ն ոչ հաստատել է, ոչ հերքել։ Վերադառնալով Փայլասար գնալու ճանապարհի թեմային՝ վերջին հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հստակեցնել նաեւ՝ ինչո՞ւ են Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչներն այժմ օգտագործում Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։ Այս անգամ պատասխան ստացանք, որ նշված հարցազրույցի ընթացքում ցուցադրված քարտեզն էականորեն տարբերվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից կիրառվող տեղագրական (գաղտնի դրոշմակնիքով) քարտեզների տեղորոշիչ կոորդինատներից, հետեւաբար մեր հարցադրումներին հնարավոր չէ պատասխանել՝ անճշտություններից խուսափելու համար։ Բացի սրանից՝ ԱԱԾ-ն կրկին համարում է, որ հայցվող տեղեկությունը գաղտնիք է պարունակում, ուստի մեզ տեղեկություն չի տրամադրի՝ Սահմանապահ զորքերի զբաղեցրած դիրքերի տեղորոշման կոորդինատները չբացահայտելու համար: Հարկ է նշել, որ ե՛ւ նախորդ, ե՛ւ վերջին հարցմանը կցել էինք Փարսյանի ցուցադրած նույն քարտեզը՝ ճանապարհի նշումներով։ Եւ, փաստորեն, մի դեպքում ԱԱԾ-ն չի համարել, որ այդ քարտեզը տարբերվում է սահմանապահների ունեցած քարտեզից ու հաստատել է, որ բնակիչներն այլեւս այդ ճանապարհը չեն օգտագործում, մյուս դեպքում լրիվ այլ պատասխան է տվել։ Միաժամանակ, ԱԱԾ-ից ստացած պատասխանում հիշատակված է հոկտեմբերի 18-ին տեղադրված հաղորդագրությունը, ըստ որի Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Այսպիսով, Ագարակ, Ուժանիս, Եղվարդ, Խդրանց համայնքների բնակիչները Փելա սարով անցնող՝ նախկինում օգտագործվող ճանապարհով դեպի Կապան գնալու հնարավորություն չունեն 2020թ․ դեկտեմբերի կեսից, սակայն ԱԱԾ-ն չի մեկնաբանում՝ ինչու։ Այժմ բնակիչները դեպի Կապան գնալու համար օգտագործում են Ագարակ-Խդրանց-Վարդավանք-Կապան ավտոճանապարհը։ Սա իր հարցազրույցում ասել էր նաեւ Գեւորգ Փարսյանը, սակայն, փաստորեն, ոչ թե դեկտեմբերին, այլ միայն տասը ամիս անց՝ հոկտեմբերին։ Իրականություն է Փարսյանի այն հայտարարությունը նաեւ, ըստ որի՝ ռուս խաղաղապահները փոխել են իրենց տեղակայման վայրը։ Միայն թե ԱԱԾ-ն մեկնաբանում է, որ խաղաղապահները ոչ թե հեռացել են դիրքից, այլ կենցաղային անհրաժեշտությամբ պայմանակորված վերատեղադրել են իրենց կեցավայր վագոն-տնակը։ Իսկ ինչ վերաբերում է Փարսյանի ցուցադրած ճանապարհահատվածին, որտեղով բնակիչները նախկինում վառելափայտ էին հայթայթում, ԱԱԾ-ն նշում է, որ բնակիչներն այդ տեղամասում կարող են գտնվել խիստ անհրաժեշտության դեպքերում միայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների ուղեկցությամբ: Ռուսների բացակայության պատճառով հիշատակված տարածքն ամբողջովին ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու, նախկինում Ագարակ, Եղվարդ, Ուժանիս հասնելու համար հիմնական ճանապարհի վրա հայկական կողմի վերահսկողության բացակայության մասին Փարսյանի պնդումներն ԱԱԾ-ն առհասարակ չի մեկնաբանել, ոչ հերքել է, ոչ հաստատել, նշել է միայն, որ խնդրո առարկա հատվածում դիրքային փոփոխություն չի եղել։ Հայարփի Բաղդասարյան
12:30 - 10 դեկտեմբերի, 2021
Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց

Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց

ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ անելու մի նախագիծ, որով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը:  Ներկայումս ինքնակամ կառույցի հասկացությունը, ինչպես նաև դրա օրինականացման համար անհրաժեշտ դրույթները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով: Ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի առավել ամբողջական կարգավորումը սահմանվել է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ: Նախագծի հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը նշել է, որ, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման ապահովումը: Ընդ որում, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված գործող իրավակարգավորումների՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: «Փաստորեն, ըստ գործող իրավակարգավորումների, համայնքի ղեկավարը, որի պարտականությունների թվում է նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, միևնույն ժամանակ օրենսդրությամբ օժտված է համայնքի վարչական տարածքում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման լիազորությամբ: Վերոնշյալ իրավակարգավորումների նախատեսման արդյունքում բազմաթիվ շինությունների օրինականացման գործընթացը սկսվեց միայն դրանց կառուցումն ավարտին հասցնելուց հետո: Արդյունքում, տեղի ունեցավ առանց շենքերի ճակատների տեխնիկական վիճակի և անհրաժեշտ ճարտարապետական պատշաճ տեսքի պահպանման շինությունների օրինականացում»,- ընդգծել է նախարարությունը: Նախագծում նշված է, որ ձևավորված արատավոր պրակտիկայի և առկա օրենսդրական խնդրի մասին է վկայում ՀՀ-ում ինքնակամ կառույցների հսկայական թիվը․ «Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ինքնակամ կառույցների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումները՝ բացառելով դրանց օրինականացման հնարավորությունը, ինչը կստիպի քաղաքացիներին և իրավաբանական անձանց շինարարական թույլտվություն պահանջող ցանկացած շինարարական գործունեություն իրականացնելուց առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ շինարարական թույտվություն, իսկ շինարարական գործունեությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ»:  Այսպիսով, «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար երկու ռեժիմ է սահմանվել․ 1) Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Նշյալ կարգավորումները գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածի վրա: 2) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես նախատեսվում է երկու ռեժիմ: Առաջին դեպքը վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից իր կողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը (ապամոնտաժմանը): Մասնավորապես, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նախագծով առաջարկվող իրավակարգավորման, հողամասի սեփականատերը կարող է առանց դատարան դիմելու քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը վերաբերում է ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման հնարավորությանը, որը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը: Երեւանի սահմաններում կառուցված ինքնակամների ներկայացման եւ հաշվառման համար տրված է ժամկետ մինչեւ 2023-ի հունվարի մեկը, այն համայնքները, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, մինչեւ 2024-ն է տրված, եւ գյուղական բնակավայրերում՝ մինչեւ 2025-ի հունվարի մեկը։ Բացի վերոնշյալից՝ ՏԻՄ եւ Երեւան քաղաքում ՏԻՄ մասին օրենքներում նախատեսվել են կարգավորումներ, որոնցով համայնքի ղեկավարին և Երևանի քաղաքապետին վերապահվել է համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման որոշում կայացնելու և իրենց լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով նշված որոշման կատարման ապահովման իրավասություն:  Իսկ ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի քանդման նկատմամբ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերապահվել է վերահսկողական լիազորություն, որն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցի քանդման որոշման կայացման և որոշման կատարման ապահովման նկատմամբ: Նշված լիազորությունը Տեսչական մարմինը կիրացնի տեղական ինքնակառավարման մարմնում ստուգումների իրականացմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարականներ տալով՝ ուղղված բացահայտված խախտումների և թերությունների որոշակի ժամկետում վերացմանը: Նախագծով նաև նախատեսվել է ստուգման արդյունքների հիման վրա Տեսչական մարմնի կողմից հայանքի ղեկավարի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն: Նախագծով նախատեսվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից քանդման որոշում չընդունելու կամ նշված որոշման կատարումը չապահովելու դեպքում նշված լիազորությունները Տեսչական մարմնին փոխանցելու հնարավորություն: Նախագծով նաև նախատեսվել է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին տեսչական մարմնի կայացրած վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու կարգը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի համապատասխան հոդվածներում էլ հստակեցվել են դիսպոզիցիաները՝ համապատախանեցնելով ինքնակամ կառույցի հասկացությանը, միևնույն ժամանակ ավելացվել են սանկցիաների չափերը:  Պատասխանատվության չափերի ավելացումը, նախարարության մեկնաբանամամբ, նպատակ է հետապնդում կանխել ինքնակամ կառույցների կառուցման հնարավորությունը և կանխել վարչական տուգանքները վճարելուց հետո իրավախախտ վարքագիծը շարունակելու պրատիկան:  Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, համաձայն որոնց՝ հողամասերում ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու արդյունքում պատճառված վնասի հատուցումն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:  «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման մասին կայացված վարչական ակտը համապատասխանաբար դատական կարգով վիճարկելու կամ վարչական կարգով բողոքարկվելու դեպքում դրա կատարումը չի կասեցվում: Նման իրավակարգավորումների նախատեսման դեպքում նշված վարչական ակտի վիճարկումը ինքնաբերաբար չի հանգեցնի դրա կատարման կասեցմանը:  Իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է Կադաստրի կոմիտեի նոր լիազորություն, ըստ որի՝ այն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցների հաշվառում: Արդարադատության նախարարության մեկնաբանմամբ՝ մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչն ինքնին կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ բնակավայրերի օդային լուսանկարներ է անում, եւ կոնկրետ ժամկետի դրությամբ ՀՀ-ում կունենանք իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ նկարահանումների դաշտային աշխատանքները հարյուր տոկոսով ավարտված են, ապագայում կան որոշ անելիքներ, բայց շուտով ամբողջական մշակված տեղեկություններ կունենան։  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ըստ մեխանիզմի՝ արագ գործողություններ պետք է ձեռնարկեն հատկապես այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021-ի հունվարից մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում, ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, որոնք ապագայում կսահմանի կառավարությունը։  Կառավարության ղեկավարը, սակայն, կարծիք հայտնեց, որ այս նախագիծը բացեր ունի․ մարդիկ հնարավորություն ունեն մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը (իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր անց) կառուցել բազմաթիվ ինքնակամ շինություններ, գրանցել դրանք։ Նա պնդեց, որ պետք է շտկվի այդ մասը, գոնե հետադարձ ուժ տրվի օրենքին։  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ հարցը քննարկելիս եզրահանգել են, որ կարգավորումներով բաց մնացող երկու ամսվա համար համայնքային իշխանույթուններին եւ տեսչական մարմիններին պետք է խնդրեն առավել ուժեղացված ռեժիմ պահպանել։  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ասաց, որ շատ են փորձել լուծումներ գտնել, եւ այս պատճառով, որ փորձեն էլի քննարկումների ժամանակ կորցրել, կարող է ավելի վտանգավոր լինել, դրա համար խնդրել են հրատապ անցկացնել այս նախագիծը։ Նրա խոսքով՝ եթե այսօրվա գրած ժամկետներով ընդունեն նախագիծը, ապա ԱԺ-ում լուծում տալ հարցին, շատ ավելի շուտ կլինի օրենքի ուժի մեջ մտնելը։ Երկար քննարկումից հետո Փաշինյանը համաձայնեց անհետաձգելի ճանաչել օրենքի նախագիծը՝ հարցնելով՝ ԱԺ իրենց գործընկերները ներգրավված եղե՞լ են քննարկումներին։ Դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ պետք է խնդրել՝ ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրեն, արագացված կարգով օրենքն ընդունեն, բայց այս ընթացքում էլ բարձրացված մտահոգությունները լուծելու միջոցներ գտնեն, ոստիկանությանն էլ խնդրեն՝ համապատասխան մարմինների հետ համագործակցութամբ կարողանան կանխել խնդրի խիստ բռնկումը։ Փաշինյանի խոսքով՝ պետք է շատ օպերատիվ լինել, որպեսզի հակառակ էֆեկտ չստացվի։ Նախագիծն ի վերջո ընդունվեց, այն կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։
12:10 - 09 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե հայկական ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե հայկական ԶՈՒ կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ի գիշերը, հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառ (Քելբաջար) շրջանի ուղղությամբ իբր «հայկական զինուժի հերթական սադրանքի արդյունքում» զոհվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։ Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Բացի սրանից՝ ՊՆ-ից հերքել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ 
09:37 - 09 դեկտեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում մանրամասնեց՝ ինչ են քննարկում փոխվարչապետերը եռակողմ աշխատանքային խմբում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ փոխվարչապետերի մակարդակով ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչի շուրջ են այս պահին բանակցությունները՝ բացի ապաշրջափակման թեմայից։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ի սկզբանե, երբ ստորագրվեց հունվարի 11-ի հայտարարությունը, որի շրջանակներում ձեւավորվեց աշխատանքային խումբ ու սկսեց աշխատել, պաշտոնական հաղորդագրություն հրապարակվեց, որտեղ նկարագրվեցին այն փորձագիտական ենթախմբերը, որոնք եռակողմի աշխատանքի շրջանակներում պետք է մշակեն գաղափարկներ եւ ներկայացնեն աշխատանքային խմբին․ «Մի ենթախումբը զբաղվում էր տրանսպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման եւ հնարավորությունների բացահայտման հարցով, մյուս ենթախումբը զբաղվում էր մաքսային, սահմանային ֆիտոսանիտարիայի, եւ հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով։ Մենք ճանապարհների հետ կապված քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում, այսինքն՝ ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներում, եւ որոնց շուրջ մենք քննարկումներ ենք վարում, ենթակա են լինելու տվյալ երկրի իրավազորության ներքո եւ ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այս շրջանակներում են քննարկում հարցերը։ Մյուս խնդիրը, նրա խոսքով, ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիակկան լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին, առանձին՝ ավտոմոբիլային ճանապրհներին․ «Երկթագծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան։ Մեր բանակցությունները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում, ըստ էության, այդ հատվածը կարեւոր է, քանի որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլեւ հնարավորություն է Երասխից իրանական Ջուլֆայի հետ կապ ստանալու, եւ նաեւ օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ, եւ դանռում է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում»,- ասաց Մհեր Գրիգորյանը։ Սա, փոխվարչապետի վստահեցմամբ, Հայաստանի համար շատ կարեւոր է։ Այս գործընթացը, նրա խոսքով, սահմանագծման եւ սահմանազատման հետ կապ չունի․ «Մեր ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է՝ որպես տարածաշրջանումմ հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման՝ ռեգիոնալ նշանակության գործընթաց»։
18:40 - 08 դեկտեմբերի, 2021
Այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց․ Նիկոլ Փաշինյան

Այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ նա ասել էր՝ իր համար բոլոր գերիները հավասար են, եւ պատրաստ է իր որդուն հանձնել բոլոր գերիների փոխարեն, հետո ասել էր՝ գերիները մեզ կներեն, եթե եւս երկու ամիս մնան գերու կարգավիճակում, հետո ասել էր՝ դեռ պետք է քննել՝ գերի ընկները հանցագործություն է թե ոչ։ Վարդանյանը հարցրեց՝ ի վերջո ինչպիսի՞ն է Փաշինյանի դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակվա՞ծ է արդյոք այդ հարցը նրա համար։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այսօր էլ է պատրաստ իր որդուն հանձնել գերիների դիմաց․ «Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն էդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, հիմա էլ եմ առաջարկում։ Մենք էդ առաջարկը էն ժամանակ պաշտոնական ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել, որ պահին արձագանք կգտնի, ուժի մեջ գտնվող արձագանք է։ Էլի վերահաստատում եմ՝ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի, ի՞նչն է էդտեղ զարմանալի։ Ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, որովհետեւ կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետեւանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ քրեաիրավական հետեւանքներ կլինեն։ Բայց եթե ձեզ այդ իրավիճակները էդպիսի տոնայնությամբ հետաքրքիր են նրա համար, որ էստեղ-էնտեղ ասեք՝ վայ, վերեւից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, որ չկրակեն, որ գերի հանձնվեն, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նման հրաման տված մարդիկ կդատվեն, բայց այդ ամենն իրականության հետ, նրա պնդմամբ, կապ չունի։  «Զինվորականն ունի պարտականություններ եւ իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը։ Զենքը տրվում է զինվորականին՝ ի պատասխանատվություն։ Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Իմ ասած ամեն ինչն ուժի մեջ է, մենք հայտարարել, հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է տրավում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու։ Արվել է, արվում է, արվելու է, ի՞նչն է տարօրինակ»։
18:03 - 08 դեկտեմբերի, 2021
Մենք բանավոր պայմանավորվածոթյուններ չենք իրագործել․ Նիկոլ Փաշինյան

Մենք բանավոր պայմանավորվածոթյուններ չենք իրագործել․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ ներկայիս կառավարության օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել բանավոր պայմանավորվածութոյւններ ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու գործելաոճ․ «Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների, սրա բացատրությունը ե՞րբ  պետք է տաք»,-հետաքրքրվեց Ռուստամյանը։ Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բանավոր պայմանավորվածություններ չեն իրագործել․ «Իմիջիայլոց ասեմ, այդ նարրատիվը, որ կան ինչ-որ գաղտնի, բանավոր պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։ Արմեն Ռուստամյանը, արձագանքելով, ասաց, որ վարչապետն է հայտարարել բանավոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։ «Ես ստիպված եմ նորից հիշեցնել, այսինքն՝ մի անգամ այս հարցուպատասխանին ի պատասխան հիշեցրել եմ, թե Մեսրոպ Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը։ Նորից ստիպված եմ հիշեցնել, գնացեք, նորից նայեք։ Ես չգիտեմ, դուք երևի երբ հարց եք տալիս, կարևորը ձեր հարցն է և ոչ թե իմ պատասխանը, որ այս ամբիոնից լսվում է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հարցին արդեն պատասխանել է։
17:51 - 08 դեկտեմբերի, 2021
Ռիտորիկան, որ մենք մեր բոլոր ճանապարհները պիտի փակենք, միշտ առաջ են քաշել նրանք, որոնք ցանկացել են՝ ՀՀ-ի տրանսպորտային ուղիները փակ լինեն․ Փաշինյան

Ռիտորիկան, որ մենք մեր բոլոր ճանապարհները պիտի փակենք, միշտ առաջ են քաշել նրանք, որոնք ցանկացել են՝ ՀՀ-ի տրանսպորտային ուղիները փակ լինեն․ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընթերցեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Մկրտչյանը հարց հնչեցրեց՝ սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք․ «Առաջինը՝ ՀՀ-ն երաշխավորում է թշնամու անվտանգությունն էն պարագայում, երբ մինչեւ հիմա մեր քաղաքացիներին մեր սուվերեն պետությունից առեւանգում, գերի են տանում, խոշտանգում, սպանում, երկրորդ կոմպոնենտը՝ ՀՀ-ի հաշվին տրամադրովւմ է ճանապարհ, որի նկատմամբ վերահսկողություն է իրականացնելու երրորդ պետության անվտանգային ծառայությունը։ Սա ի՞նչ է, եթե ոչ միջանց»,- ասաց Մկրտչյանը՝ դիմելով, իր խոսքով, այդ հայտարարությունը ստորագրած անձին՝ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս պատասխանելիս ասաց, որ եթե կարդում է այդ կետը, պետք է կարդա, որ գրված է՝ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը․ «Երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Ի՞նչ ա դա նշանակում։ Այսինքն՝ դուք հիմա մեկնաբանում եք, ես ամենեւին էդպիսի մեկնաբանություն չունեմ, մեր բոլոր մեկնաբանությունները մանրամասն ձեւակերպված են ԱԳՆ հայտարարության մեջ։ Հարցի էությունը ո՞րն է, դուք ուզում եք ստանալ պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ դուք ուզում եք, որ միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք։ Ես ձեր մեկնաբանությունների հետ համաձայն չեմ։ Եթե ձեր ուզածը դա է, դա այլ խնդիր։ Ասում եք՝ ՀՀ հաշվին ճանապարհ է տրվում։ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԱԳՆ երեկվա հայտարարության մեջ էլ դա հստակ ասված է։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի բացմամբ, այն ընկալմամբ, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները պիտի երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջեւանի հետ՝ ՀՀ տարածքով, ՀՀ-ն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ՝ Իրանի եւ ՌԴ-ի հետ, ավտոմոբիլային հաղորդակցություն՝ ՌԴ-ի հետ․ «Մենք կարծում ենք, որ պետք է գնանք այս տրամաբանությամբ լուծումների։ Նախկինում էլ ասել եմ, որ ես այդ ռիտորիկան չեմ հասկանում, որ մենք մեր բոլոր ճանապարհները պիտի փակենք։ Էդ տրամաբանությունը միշտ առաջ են քաշել նրանք, ովքեր ցանկացել են՝ ՀՀ-ի տրանսպորտային ուղիները փակ լինեն»,- ասաց Փաշինյանը։
17:08 - 08 դեկտեմբերի, 2021
Իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը․ Փաշինյանը՝ Հին Թաղերի և Խծաբերդի դեպքերի մասին

Իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը․ Փաշինյանը՝ Հին Թաղերի և Խծաբերդի դեպքերի մասին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց մեկ տարի առաջ այս օրերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցածի մասին․ «Ոչ միայն բռնազավթվեցին այդ երկու գյուղերը, այլ մոտ մեկ տասնյակ զոհեր գրանցվեցին,  62 անձ գերեվարվեց, նրանք մինչև այժմ չեն հայրենադարձվել, և փաստացի տեղի ունեցավ գործընթաց, որը որևէ կերպ չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»։ Աբրահամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ այդ գյուղերի վերադարձի հարցը օրակարգային հարց չի դառնում՝ ընդգծելով,  որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշյալ գյուղերի հանձնում չէր նախատեսվում։ «Ես ուզում եմ իմ հարգանքի ու խոնարհումի խոսքերը ասել այն զինվորներին, ովքեր Հին Թաղերում զոհվեցին ձեր նշած հանգամանքներում․ 9 հոգի, 9 զինվոր, 9 հերոս, մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Ինչ վերաբերվում է ձեր նշած դրվագին, այդ դրվագի հետ կապված քրեական կա գործ կա հարուցված։ Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»։ Փաշինյանն ասաց՝ այս դրվագի հետ կապված կան հարցեր․ «Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմությունը, նաև ունենալով որոշակի պատկերացումներ և շահագրգռություններ, նախադասություններ է ձևակերպում, որպեսզի այդ նախադասություններին ի պատասխան ձևակերպվեն այլ նախադասություններ, որոնք կդառնան ներքաղաքական շահարկման նյութ, բայց ես ձեզ ասեմ, որ այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, և նաև գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան։ Ես այսքանով իմ պատասխանը պիտի ամփոփեմ, որովհետև համենայն դեպս կարծում եմ՝ այն, ինչ պիտի ասեի այդ հարցին ի պատասխան այս ամբիոնից, ասացի»։ Վարչապետը նշեց նաև, որ աշխատանքային քննարկումներում բազմիցս բարձրաձայնել է որոշ հարցեր, բայց ամբիոնից չի կարող բարձրաձայնել․ «Վախենամ, թեման առնչվում է շատ բարձր և շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու որևէ ցանկություն չունեմ, երբևէ չեմ ունեցել և համոզված եղեք՝ երբևէ չեմ էլ ունենա»։ Անրդադառնալով հարցին, թե արդյոք իրավիճակը համապատասխանում էր նոյեմբերի 9-ի իրադրությանը, Փաշինյանն ասաց․ «Եթե համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, իմ նշած հերոս նահատակները այդ դիրքերում կանգնած չէին լինի։ Այսինքն՝ եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը»։
17:08 - 08 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ի դիմաց ակցիա են իրականացնում գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները․ նրանց մոտեցավ Գուրգեն Արսենյանը

ԱԺ-ի դիմաց ակցիա են իրականացնում գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները․ նրանց մոտեցավ Գուրգեն Արսենյանը

Այսօր առավոտից գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Քիչ առաջ հարազատներին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյան․ նա տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավարի միջոցով Ալեն Սիմոնյանին տեղեկացրել է ծնողների պահանջի մասին։ «Ես քիչ առաջ, երբ զրուցում էի մեր գերիների ծնողների հետ, իմ տեսակետը ասեցի, որ մեր քաղաքացիները, ովքեր հիմա գտնվում են գերության մեջ, նրանք այն մարդիկ են, ովքեր երբևիցե ոչ մի պարագայում չեն լինելու ՀՀ իշխանությունների ուշադրության կիզակետից դուրս, մենք միշտ, քանի դեռ այդ մարդիկ գտնվում են գերության մեջ, որպես մեր քաղաքացիներ պետք է զբաղվենք իրենց խնդրով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արսենյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի պարագայում և ոչ մի իրավիճակում չի կարող հրաժարվել գերիների վերադարձի հետ կապված պարտավորություններից։   Հարցին, թե պետական պաշտոնյաները կարող են գերիներին համարել դասալիք, Արսենյանն ասաց․ «Մենք այս պահին ունենք գործող ռազմական կանոնակարգեր, որոնց համապատասխան դրույթները նաև բացատրում են՝ ինչ բան է դասալիքը։ Դասալիքի հետ կապված գնահատականը որակավորումը կարող է տալի միայն համապատասխան քննությունը, արդյոք դասալիք է կոնկրետ զինծառայողը, թե ոչ։ Որակավորումները հռետորաբանության ոլորտից է, դա հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն  քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն հնչեցնել։ Հրապարակային գործունեության մեջ քաղաքական գործիչները, հրապարակային գործիչները իրավունք ունեն այդ հռետորական արվեստի շրջանակներում ինչ-որ բան ասել, որը կարող է մարդկանց համար դիտարկվի որպես կանոն։ Դա կանոն չի»։ Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները միջամտում էին պատգամավորի խոսքին՝ չհամաձյանելով նրա հայտարարությունների հետ։ Ծնողներից ոմանք վրդովվեցին՝ հիշելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։ Հիշեցնենք՝ երեկ համացանցում հայտնվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որում Սիմոնյանը գերիների մասին էր խոսում։ «Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»։ Ավելի ուշ տեսանյութի երկար տարբերակը հայտնվեց համացանցում։ 
12:59 - 08 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ն դեմ քվեարկեց ընդդիմադիրների՝ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը  քառօրյայի օրակարգում ներառելուն

ԱԺ-ն դեմ քվեարկեց ընդդիմադիրների՝ «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը քառօրյայի օրակարգում ներառելուն

Ազգային ժողովն այսօր չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագիծը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Ավելի վաղ նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում, ուստի «Հայաստան» խմբակցությունը առաջարկել էր հարցը լրացուցիչ ընդգրկել այսօրվա նիստի օրակարգում։ Նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախագիծը ներկայացնելիս ասաց՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը, փաստացի միակողմանի սահմագծման և սահմանազատման գործողությունները Հայաստանի Հանրապետության ինիքնիշխանության կորստի և Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանը և գոյությանը լուրջ սպառնալիք են․ «Ակնհայտ է, որ ինչպես պատերազմից հետո, իշխանությունը, ունենալով պետական ամբողջ գործիքակազմը, գնահատական տալու ստեղծված իրավիճակին և իր իսկ թիմի գործունեությանը, այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր և զգայուն սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին՝ ամեն կերպ ամեն ինչ անելով, որպեսզի փակ քննարկում կազմակերպվի։ Փակ քննարկման ընթացքում ներկայացված խմբագրված հայտարարության տարբերակին  որևիցե նոր առաջարկություն չտալով դեմ քվեարկեց»։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի․ «Իշխանությունը խուսափում է բաց քննարկել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»։ Պատգամավորն ասաց, որ հայտարարությամբ պահանջում են ըստ էության գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում են բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին, և նաև պետության անվտանգությանը,  ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակը արագ վերականգնել, սահմանները ամրապնդել և բարելավել հստակեցնել կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները։ Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը իր ելույթում նշեց՝ հաշվի առնելով, որ հարցի քննարկումը ենթադրում էր Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության վերաբերյալ զգայուն հարցեր, հանձնաժողովը փակ ռեժիմով մանրամասն քննարկել է հայտարարության նախագիծը և առաջարկում է Ազգային ժողովին նախագիծը հավելյալ չքննարկել լիագումար նիստերի ժամանակ։ Կարապետյանը նշեց, որ հայտարարությունը երեք մասի կարելի է բաժանել․ առաջին մասը կապված է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու հետ, իսկ այդպիսի հայտարարություններ, Կարապետյանի խոսքով, ԱԺ-ն արդեն ընդունել է։    «Այս հայտարարության նախագիծը ընդդիմադիր խմբակցության նախագիծ է, որի ընդդիմադիր դիրքորոշումները, բնականաբար, կառավարող խմբակցությունը չի կիսում։ Հայտարարությունն ըստ էության փորձ է անվտահություն հայտնել ՀՀ կառավարությանը բանակցություններում և մասնավորապես սահմանագծման և սահմանազատման հարցում պետության և ժողովրդի շահերը առաջ մղելու պատրաստակամության վերաբերյալ, սա մեզ համար անընդունելի է, ավելին հայտարարության նախագիծը առաջարկում է կոչ անել ՀՀ կառավարությանը մնալ ՀՀ միջազգային և ներպետական պարտավարությունների, այդ թվում՝ Սահմանադրության շրջանակներում։ Մենք նման կասկած հայտնելու որևէ դրդապատճառ չունենք»։ Նա ընդգծեց նաև՝ սահմանազատման և սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ պետք է տարանջատել։ Նախագծի քվեարկությունից առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ինչից հետո հարցը քվերակության դրվեց․ 28 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Հայաստան» խմբակցության նախագիծը չներառվեց լիագումար նիստերի օրակարգում։ Քվեարկությունից հետո Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագծի լրամշակված տարբերակը դրվել է շրջանառության մեջ և դեկտեմբերի 14-ին պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ առաջարկելու են արտահերթ նիստ գումարել՝ նույն օրակարգով։
12:09 - 07 դեկտեմբերի, 2021