ԱԺ-ի դիմաց ակցիա են իրականացնում գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները․ նրանց մոտեցավ Գուրգեն Արսենյանը
12:59 - 08 դեկտեմբերի, 2021

ԱԺ-ի դիմաց ակցիա են իրականացնում գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները․ նրանց մոտեցավ Գուրգեն Արսենյանը

Այսօր առավոտից գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Քիչ առաջ հարազատներին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյան․ նա տեղեկացրեց, որ խմբակցության ղեկավարի միջոցով Ալեն Սիմոնյանին տեղեկացրել է ծնողների պահանջի մասին։

«Ես քիչ առաջ, երբ զրուցում էի մեր գերիների ծնողների հետ, իմ տեսակետը ասեցի, որ մեր քաղաքացիները, ովքեր հիմա գտնվում են գերության մեջ, նրանք այն մարդիկ են, ովքեր երբևիցե ոչ մի պարագայում չեն լինելու ՀՀ իշխանությունների ուշադրության կիզակետից դուրս, մենք միշտ, քանի դեռ այդ մարդիկ գտնվում են գերության մեջ, որպես մեր քաղաքացիներ պետք է զբաղվենք իրենց խնդրով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արսենյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի պարագայում և ոչ մի իրավիճակում չի կարող հրաժարվել գերիների վերադարձի հետ կապված պարտավորություններից։  

Հարցին, թե պետական պաշտոնյաները կարող են գերիներին համարել դասալիք, Արսենյանն ասաց․ «Մենք այս պահին ունենք գործող ռազմական կանոնակարգեր, որոնց համապատասխան դրույթները նաև բացատրում են՝ ինչ բան է դասալիքը։ Դասալիքի հետ կապված գնահատականը որակավորումը կարող է տալի միայն համապատասխան քննությունը, արդյոք դասալիք է կոնկրետ զինծառայողը, թե ոչ։ Որակավորումները հռետորաբանության ոլորտից է, դա հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն  քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն հնչեցնել։ Հրապարակային գործունեության մեջ քաղաքական գործիչները, հրապարակային գործիչները իրավունք ունեն այդ հռետորական արվեստի շրջանակներում ինչ-որ բան ասել, որը կարող է մարդկանց համար դիտարկվի որպես կանոն։ Դա կանոն չի»։

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատները միջամտում էին պատգամավորի խոսքին՝ չհամաձյանելով նրա հայտարարությունների հետ։ Ծնողներից ոմանք վրդովվեցին՝ հիշելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։

Հիշեցնենք՝ երեկ համացանցում հայտնվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որում Սիմոնյանը գերիների մասին էր խոսում։ «Ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»։ Ավելի ուշ տեսանյութի երկար տարբերակը հայտնվեց համացանցում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել