Իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը․ Փաշինյանը՝ Հին Թաղերի և Խծաբերդի դեպքերի մասին
17:08 - 08 դեկտեմբերի, 2021

Իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը․ Փաշինյանը՝ Հին Թաղերի և Խծաբերդի դեպքերի մասին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց մեկ տարի առաջ այս օրերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցածի մասին․ «Ոչ միայն բռնազավթվեցին այդ երկու գյուղերը, այլ մոտ մեկ տասնյակ զոհեր գրանցվեցին,  62 անձ գերեվարվեց, նրանք մինչև այժմ չեն հայրենադարձվել, և փաստացի տեղի ունեցավ գործընթաց, որը որևէ կերպ չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»։

Աբրահամյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ այդ գյուղերի վերադարձի հարցը օրակարգային հարց չի դառնում՝ ընդգծելով,  որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշյալ գյուղերի հանձնում չէր նախատեսվում։

«Ես ուզում եմ իմ հարգանքի ու խոնարհումի խոսքերը ասել այն զինվորներին, ովքեր Հին Թաղերում զոհվեցին ձեր նշած հանգամանքներում․ 9 հոգի, 9 զինվոր, 9 հերոս, մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Ինչ վերաբերվում է ձեր նշած դրվագին, այդ դրվագի հետ կապված քրեական կա գործ կա հարուցված։ Չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»։

Փաշինյանն ասաց՝ այս դրվագի հետ կապված կան հարցեր․ «Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմությունը, նաև ունենալով որոշակի պատկերացումներ և շահագրգռություններ, նախադասություններ է ձևակերպում, որպեսզի այդ նախադասություններին ի պատասխան ձևակերպվեն այլ նախադասություններ, որոնք կդառնան ներքաղաքական շահարկման նյութ, բայց ես ձեզ ասեմ, որ այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, և նաև գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան։ Ես այսքանով իմ պատասխանը պիտի ամփոփեմ, որովհետև համենայն դեպս կարծում եմ՝ այն, ինչ պիտի ասեի այդ հարցին ի պատասխան այս ամբիոնից, ասացի»։

Վարչապետը նշեց նաև, որ աշխատանքային քննարկումներում բազմիցս բարձրաձայնել է որոշ հարցեր, բայց ամբիոնից չի կարող բարձրաձայնել․ «Վախենամ, թեման առնչվում է շատ բարձր և շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու որևէ ցանկություն չունեմ, երբևէ չեմ ունեցել և համոզված եղեք՝ երբևէ չեմ էլ ունենա»։

Անրդադառնալով հարցին, թե արդյոք իրավիճակը համապատասխանում էր նոյեմբերի 9-ի իրադրությանը, Փաշինյանն ասաց․ «Եթե համարեինք, որ այդ իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, իմ նշած հերոս նահատակները այդ դիրքերում կանգնած չէին լինի։ Այսինքն՝ եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել