Այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց․ Նիկոլ Փաշինյան
18:03 - 08 դեկտեմբերի, 2021

Այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների դիմաց․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ նա ասել էր՝ իր համար բոլոր գերիները հավասար են, եւ պատրաստ է իր որդուն հանձնել բոլոր գերիների փոխարեն, հետո ասել էր՝ գերիները մեզ կներեն, եթե եւս երկու ամիս մնան գերու կարգավիճակում, հետո ասել էր՝ դեռ պետք է քննել՝ գերի ընկները հանցագործություն է թե ոչ։ Վարդանյանը հարցրեց՝ ի վերջո ինչպիսի՞ն է Փաշինյանի դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակվա՞ծ է արդյոք այդ հարցը նրա համար։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այսօր էլ է պատրաստ իր որդուն հանձնել գերիների դիմաց․ «Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերն էդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, հիմա էլ եմ առաջարկում։ Մենք էդ առաջարկը էն ժամանակ պաշտոնական ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել, որ պահին արձագանք կգտնի, ուժի մեջ գտնվող արձագանք է։ Էլի վերահաստատում եմ՝ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի, ի՞նչն է էդտեղ զարմանալի։ Ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, որովհետեւ կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետեւանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ քրեաիրավական հետեւանքներ կլինեն։ Բայց եթե ձեզ այդ իրավիճակները էդպիսի տոնայնությամբ հետաքրքիր են նրա համար, որ էստեղ-էնտեղ ասեք՝ վայ, վերեւից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, որ չկրակեն, որ գերի հանձնվեն, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նման հրաման տված մարդիկ կդատվեն, բայց այդ ամենն իրականության հետ, նրա պնդմամբ, կապ չունի։ 

«Զինվորականն ունի պարտականություններ եւ իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը։ Զենքը տրվում է զինվորականին՝ ի պատասխանատվություն։ Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Իմ ասած ամեն ինչն ուժի մեջ է, մենք հայտարարել, հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է տրավում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու։ Արվել է, արվում է, արվելու է, ի՞նչն է տարօրինակ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել