Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ազգային ժողովի արտահերթ նիստ․ ուղիղ

Ազգային ժողովի արտահերթ նիստ․ ուղիղ

Երեկ Ազգային ժողովի խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Հիմք ընդունելով 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու եւ օրենքի նախագծերի փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. Համաձայնություն տալ 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու»։
11:03 - 28 ապրիլի, 2021
Վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հայտարարություն է տարածել վաղը՝ ապրիլի 28-ին, ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին։ «Հիմք ընդունելով 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  « 2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու եւ օրենքի նախագծերի փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. Համաձայնություն տալ 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:05 - 27 ապրիլի, 2021
Անկախ պատգամավորները մտադիր են էթիկայի հանձնաժողով ձևավորել՝ Հրաչյա Հակոբյանի արտահայտությունների համար |hetq.am|

Անկախ պատգամավորները մտադիր են էթիկայի հանձնաժողով ձևավորել՝ Հրաչյա Հակոբյանի արտահայտությունների համար |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի անկախ պատգամավորները նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար: Այս մասին ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը: Տիկին Գրիգորյան, վերջին օրերի դեպքերից հետո Սյունիքում եղե՞լ եք, ի՞նչ տրամադրություններ են այնտեղ իշխում: -Վերջին օրերին բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու, թե ինչ է տեղի ունեցել Սյունիքում և սյունիքյան իրադարձություններից հետո: Մենք տեղի ունեցածը փորձում ենք ներկայացնել էմոցիոնալ ֆոնի վրա, մինչդեռ եկեք արձանագրենք, որ այցից հետո իշխանության կողմից գեթ մեկ արձանագրում չի եղել, թե ինչ է կատարվում Սյունիքում: Ի վերջո վարչապետն անցել է Շուռնուխով, տեսել, որ ադրբեջանցիներն այնտեղ կանգնած են, իհարկե նրան ուղեկցում է ռուսական սահմանապահ մեքենան, բայց ես չեմ տեսել, որ երկրի ղեկավարն ամենավտանգավոր միջավայր գնալուց հետո որևէ արձանագրում անի, թե ինչպիսին է իրավիճակը Սյունիքում: Ես կարծում եմ նրանց բողոքն արդարացի էր, առանձին դրսևորումեր իհարկե չեմ սատարում, բայց մեծ հաշվով տեղի ունեցավ այն, ինչ պետք է լիներ: Մարդիկ հինգ ամսից ավելի կուտակած ցասումը որևէ կերպ դրսևորեցին, իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, մեծ հաշվով, կարծում եմ, քաղաքական հաշվեհարդար էր: Դրան գումարենք նաև այն, որ պատգամավորները հանդես եկան այնպիսի հայտարարություններով, որոնք պարզապես անթույլատելի են հանրային գործչի համար: Խոսքս մասնավորապես Հրաչյա Հակոբյանի արտահայտության մասին է՝ էդպես ստորացնելով պետք է բերման ենթարկեն: Մենք անկախ պատգամավորներով հանդես ենք եկել էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ Հրաչյա Հակոբյանի՝ որպես պատգամավոր նման միտք հնչեցնելու համար: Ի վերջո Սահմանադրության համաձայն՝ որևէ մեկը չի կարող ենթարկվել անմարդկային վերաբերմունքի, մարդը բարձրագույն արժեք է, դա ամրագրված է Սահմանադրությամբ: Նաև չեմ լսել մեկ արտահայտություն, կշտամբանք սեփական թիմից այդ արտահայտությունը դատապարտող: Ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ ձեր դիմումը: -Քանի որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվում է խորհրդարանի որոշմամբ, նման նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն խմբակցությունները, մենք դիմել ենք խմբակցություններին, և ես հույս ունեմ, որ գոնե ընդդիմադիր խմբակցությունների կողմից այն ուշադրության կարժանանա: Ի վերջո, մենք հիշում ենք, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկի արտահայտած «ժեխ» բառի համար պատգամավորը զրկվեց հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից: Վարչապետը և իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե սյունիքյան ակցիաները որոշ շրջանակներ էին նախաձեռնել։ Դուք ի՞նչ կարող եք ասել այդ մասին, վարչապետը հանրային աջակցություն վայելո՞ւմ է Սյունիքում: -Իշխանությունն ասում է՝ նեղ շրջանակների կողմից, իսկ միգուցե մանրամասնի, թե ովքե՞ր են նեղ շրջանակները: Շատ հեշտ է նման պնդումներ անել առանց հիմք ունենալու: Ես խնդրում և պահանջում եմ նման հայտարարություններ անելուց հետո հիմքեր ներկայացնել, այլապես այն հիմնազուրկ է: Իսկ առհասարակ ի՞նչ եք կարծում շուռնուխցին կարո՞ղ է ծափահարություններով ընդունել մի իշխանության, որի անգործության պայմաններում զրկվել է տնից կամ ում ղեկավարման օրոք նրա երեխաները ստիպված են կաշկանդված ապրել, որովհետև նրանց և ադրբեջանցիներին բաժանում է մեկ ճանապարհ: Բազմաթիվ փաստեր, վկայականներ կան, որոնցով մեր իշխանությունները կարող էին բանակցել՝ ասելով, որ այդ տարածքները մերն են և պետք է մեր վերահսկողության տակ լինեն: Չարդարացնելով հայհոյանքը` պետք է հասկանանք, որ նրանց ցասումն արդարացված է: Մենք տեսանք՝ ինչպես բերման ենթարկեցին շուռնուխցի Աշխարհապետին, ինչպես Հրաչյա Հակոբյանն էր ասում՝ ստորացնելով բեման ենթարկեցին: Դա իրավաչա՞փ արձագանք էր, վստահաբար ասում եմ՝ ոչ: Իսկ առհասարակ Սյունիքում կան մարդիկ, ովքեր սատարում են Փաշինյանին, կան՝ ոչ, թե ինչ համամասնություն կլինի՝ կտեսնենք ընտրությունների արդյունքներով: Սակայն այն, որ սյունեցին պետք է բողոքի, սյունեցին, որի տան դիմաց կանգնած է ադրբեջանցին, դա բնական է: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:55 - 27 ապրիլի, 2021
Կառավարությունը մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան կներկայացնի 2020 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Կառավարությունը մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան կներկայացնի 2020 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Նախարարը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքով սահմանված կարգով մինչեւ մայիսի 1-ը խորհրդարան պետք է ներկայացնի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ջանջուղազյանը խոսեց 2020-ի առանձնահատկություններից, անդրադարձավ տնտեսության վրա համավարակի ունեցած բացասական հետեւանքներին: «Նախորդ ճգնաժամերի պարագայում մի դեպքում առաջարկի ցնցում էր, մյուս դեպքում` պահանջարկի: 2020-ի համար եւ առաջարկի, եւ պահանջարկի շոկ կար»,-ընդգծեց նախարարը: Նրա խոսքով` եթե մինչեւ 2020-ը լավատեսական կանխատեսումներ կային, ապա արդեն տարվա սկզբին միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունները փոխեցին իրենց կանխատեսումները: Եթե հունվարին հրապարակված կանխատեսումներով դեռեւս շարունակվում էր 2019-ի լավատեսության իներցիան, Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տեղեկության համաձայն` 3.3 տոկոսով տնտեսության աճ էր գնահատվում, ապա արդեն ապրիլին համաշխարհային տնտեսության համար կանխատեսումները կազմում էին բացասական 3 տոկոս: Հունիսին արդեն 4.9 տոկոս անկում էր կանխատեսվում: Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքներին: Նշվեց, որ այդ ժամանակահատվածին բնորոշ անորոշության աստիճանը հաշվի առնելով` ներկայացվել է տնտեսական 2 տոկոս անկման սցենարին համապատասխան բյուջեի շրջանակի վերանայում նախատեսող նախագիծ: Հարկաբյուջետային քաղաքականության փոփոխության տրամաբանության նպատակը դրան համարժեք քաղաքականություն ունենալն է եղել: «Տնտեսական վերելքի ժամանակ ենթադրվում է, որ այն պետք է լինի զսպող կամ չեզոք ազդեցություն ունեցող քաղաքականություն, իսկ այդ ժամանակահատվածում կուտակած պաշարները պետք է օգտագործվեն սպասվող ճգնաժամի ժամանակ` մեղմելու ճգնաժամի բացասական ազդեցությունը»,-փաստեց նախարարը: Նա հավելեց, որ ծախսերին առնչվող որեւէ պարտավորություն չի նվազեցվել, հակառակը` առաջարկվել է նոր պարտավորությունների իրականացում: Ինն ամսվա ծրագրով եկամուտների համար նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8 տոկոսով: Հատկանշական է, որ ներքին ռեսուրսներից ակնկալվող ցուցանիշը կատարվել է 100.3 տոկոսով: Հարկային եկամուտները ծրագրայինի  համեմատ ունեցել են 100.6 տոկոս կատարողական: Ծախսերի գծով 84.4 տոկոս կատարողական է արձանագրվել: Ինն ամսվա արդյունքներով համեմատաբար ցածր է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականը` կազմելով 27.5 տոկոս: 
12:20 - 27 ապրիլի, 2021
Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ գերիներին և զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից. Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ գերիներին և զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից. Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ:Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակել է, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Այս փաստը, ըստ ԱԺ նախագահի, վկայում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Խորհրդարանի խոսնակն անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիային և կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության պարտավորությունների չկատարմանն Ադրբեջանի կողմից: Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը, հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ նրանց նկատմամբ արհեստական քրեական գործեր հարուցելով: ԱԺ նախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ չի իրացվել արցախահայերի ազատ ինքնորոշման իրավունքը, և անհրաժեշտ է շարունակել այս ուղղությամբ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել լիտվացի մի խումբ պատգամավորների սկզբունքային դիրքորոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձի գործընթացը: Լիտվայի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա ընդգծել է, որ չնայած համավարակի և պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության արժեքներին և Լիտվայի անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու բարեփոխումների օրակարգին: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա հայտնել է, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից, եթե ցանկություն ունի կառուցողական երկխոսություն ծավալել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ոլորտային բարեփոխումների օրակարգը և հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական, միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության վերաբերյալ հարցեր:
18:45 - 26 ապրիլի, 2021
Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը |armenpress.am|

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում տապալվել է ադրբեջանական պատվիրակության հերթական նախաձեռնություն-առաջարկը, որը նպատակ է ունեցել առաջ քաշել հայկական ատոմակայանի փակման հարցը: ՀՀ ազգային ժողովում ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսում այս մասին հայտնեց պատվիրակության անդամ Արման Եղոյանը: «Էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում ադրբեջանցիները, ավանդույթի համաձայն, բարձրացրեցին խորհրդային ատոմակայանների հարցը՝ բնականաբար, նկատի ունենալով Հայկական ատոմակայանը: Բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց առաջարկությունները՝ դիտարկելու ատոմակայանները, դրանց անվտանգության հարցերին ավելի աչալուրջ լինել, ընդհուպ փակել, բնականաբար, տապալվեցին այդ հանձնաժողովի նիստում»,- ասաց Եղոյանը: Այսպիսով, նա նկատեց, որ նույնիսկ Եվրանեսթ ԽՎ-ի մակարդակում փաստվել է, որ չկա խնդիր ատոմակայանի առնչությամբ:
12:01 - 26 ապրիլի, 2021
Պատգամավորական մանդատը վայր դրած Նարեկ Մկրտչյանը գործունեությունը շարունակելու է գործադիրում

Պատգամավորական մանդատը վայր դրած Նարեկ Մկրտչյանը գործունեությունը շարունակելու է գործադիրում

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:«Միաժամանակ հայտնում եմ, որ գործունեությունս շարունակելու եմ գործադիրում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին՝ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ գործընկերներիս, Արմավիրի մարզային իշխանություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար։ Պատգամավորական գործունեությանս ընթացքում փորձել եմ հնարավորինս հասանելի լինել քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները և գտնել լուծումներ։ Հիմա առավել քան երբևէ մեր երկիրն ունի բոլորիս աջակցության և հոգածության կարիքը, ուստի սիրենք միմյանց, ներողամիտ լինենք և համատեղ ջանքերով գործենք ի փառս Հայաստանի Հանրապետության»,- գրել է նա։  
21:55 - 21 ապրիլի, 2021
Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|

Հույս ունեմ, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան․ Գևորգ Գորգիսյան |tert.am|

tert.am: Հույս ունեմ, որ այնքան խելամտություն կունենան, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության փաթեթը չեն բերի խորհրդարան, որովհետև, ըստ բոլոր հաշվարկների, Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա, իսկ դա կնշանակի Ընտրական օրենսգրքի փոփոխություն, երբ վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է, հուսով եմ, որ իրենք այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Հարցին, թե Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, ի՞նչ ապագա կունենա դիմումը, նա նշեց. «Եթե հիմա ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն պետք է ղեկավարի Անդրանիկ Քոչարյանը և այնտեղ 11 հոգուց 7-ը պետք է լինեն իմքայլական, դա նպատակահարմար չէ, վստահ էլ չեմ, որ մենք պաշտոնապես այդ նամակը ստացել ենք: Իսկ մենք առաջարկել էինք պարետետային հանձնաժողով ստեղծել, որը պետք է հավասար մասնաբաժնով բաղկացած լիներ խորհրդարանական ուժերից, ՄԻՊ-ի գրասենյակից, որը մերժվել է: Այն մարդիկ, ովքեր ամբողջ պատերազմի ժամանակ սատարել են վարչապետի բոլոր գործողություններին, որևէ կերպ շահագրգիռ չեն լինելու, որ որևէ խնդիր բացահայտվի»:
12:25 - 19 ապրիլի, 2021
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ԼՀԿ նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ էր 103, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:  Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ըստ զինվորական կոչումների փոփոխել և տարբեր տարիքային սանդղակներ սահմանել պահեստազորի ծառայողների համար, որոնց թույլատրվում է ներգրավվել զինված ուժերում: Համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով:  Եվ այսպես՝ պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63: 
10:52 - 19 ապրիլի, 2021
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների |armenpress.am|

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց 82 «կողմ», 1 «դեմ» և 16 «ձեռնպահ» ձայներով: Գործող օրենքով հստակ կարգավորված չեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների՝ ծրագրին չառնչվող այն գործարքների հետ կապված հարաբերությունները, որոնց համար նախկինում կիրառվել են օրենքով սահմանված հարկային արտոնություններ: Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառության ընթացքում ծագած խնդիրների լուծումն ու ծրագրի հետագա իրականացումը խոչընդոտող պայմանների վերացումն է: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներն ու կառվարությունը օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացրել:
10:29 - 19 ապրիլի, 2021
Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

Ուսումնարանի ավարտական կուրսում սովորողներին մեկ անգամ տարկետում կտրվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ էր 102, ձեռնպահ 3 պատգամավոր:  Փոփոխության արդյունքում միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:  Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագծի տեքստը հեղինակների կողմից լրամշակվել է Կառավարության առաջարկությունների հիման վրա: 
10:15 - 19 ապրիլի, 2021
Զոհրաբյանի՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

Զոհրաբյանի՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:  «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չեն վիճարկվող որոշումն ընդունելու՝ Սահմանադրության պահանջների այնպիսի խախտումներ, որոնք նշանակություն ունեն կամ կարող են ունենալ որոշման ընդունման սահմանադրականության առումով, և որոնք հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը: Հետևաբար՝ վիճարկվող Որոշումը, նաև վերջինիս ընդունման՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության տեսանկյունից խնդրահարույց չէ: Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը: 2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է ՍԴ որոշման մեջ:
19:36 - 16 ապրիլի, 2021