Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ գերիներին և զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից. Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԺ նախագահին
18:45 - 26 ապրիլի, 2021

Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ գերիներին և զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից. Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակել է, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Այս փաստը, ըստ ԱԺ նախագահի, վկայում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Խորհրդարանի խոսնակն անդրադարձել է Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիային և կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության պարտավորությունների չկատարմանն Ադրբեջանի կողմից: Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը, հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ նրանց նկատմամբ արհեստական քրեական գործեր հարուցելով:

ԱԺ նախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ չի իրացվել արցախահայերի ազատ ինքնորոշման իրավունքը, և անհրաժեշտ է շարունակել այս ուղղությամբ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել լիտվացի մի խումբ պատգամավորների սկզբունքային դիրքորոշումը, որով կոչ էր արվում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձի գործընթացը:

Լիտվայի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա ընդգծել է, որ չնայած համավարակի և պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարության արժեքներին և Լիտվայի անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու բարեփոխումների օրակարգին:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա հայտնել է, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև զերծ մնալ հայկական մշակութային ժառանգության վերացումից, եթե ցանկություն ունի կառուցողական երկխոսություն ծավալել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ոլորտային բարեփոխումների օրակարգը և հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական, միջազգային դիտորդական առաքելությունների մասնակցության վերաբերյալ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել