Հայաստան

Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

Չորրորդ օրն է՝ ադրբեջանցիները չեն բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս բառերը վերջին օրերին հավանաբար տասնյակ անգամներ եք կարդացել ու լսել։ Տագնապալի հնչող այդ նախադասությունը սառել-մնացել է օդի մեջ, հատկապես Լիսագորի սարերի արանքում։ Այստեղ ՌԴ խաղաղապահների անցակետն է, որը չի բացվում դեպի Ստեփանակերտ գնալու համար։ Այդ անցակետից այս կողմ են մնացել Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը, մյուս կողմում Ստեփանակերտի հետ կապը կտրել են ադրբեջանցի «բնապահպանները»։ Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։ Ճանապարհի փակ լինելու պատճառով քանի օր է՝ որոշ տղամարդիկ գիշերում են իրենց մեքենաներում, մարդկանց մի մասն էլ, որ չի կարողացել հասնել իր տուն, ժամանակավոր տանիք է գտել մոտակա Լիսագորում, հարյուրավոր մարդիկ գնացել են Սյունիքի մարզ, Երեւան կամ այլ բնակավայրեր։  ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետին են մոտենում տղամարդիկ՝ հույսով, որ հիմա վերջապես կլսեն այդ լուրը՝ ադրբեջանցիները բացել են ճանապարհը։ Բայց ամեն ինչ ավարտվում է խաղաղապահ զորախմբի երիտասարդ ծառայողի անտարբեր կամ գուցե զուտ ծառայողական հայացքի ու արցախցու սառած մատների արանքում այրվող ծխախոտի հատման կետում։  Դրսում կանգնածներին սուրճ ու թեյ է առաջարկում Լիսագորի գյուղապետարանի աշխատակից տիկին Իրինան, որը նաեւ հուսադրող խոսքեր է ասում մեկ ու մեջ։ Բաբաջանյան Իրինան առանձնացել է՝ քրոջ հետ հեռախոսով խոսելու։ Սենյակից մի նախադասություն է դուրս սպրդում․ «Գնանք առեւտուր անենք, խանութները դատարկվում են արդեն»։ Տիկին Իրինան պատմում է, որ երբ իմացան՝ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, խուճապի չմտանվեցին, որովհետեւ սա առաջին դեպքը չէր։ Միայն թե այս անգամ սպասվածից երկար տեւեց, նախորդ անգամներին տասը րոպեով, մեկ-երկու ժամով փակել-բացել էին։ Այս կարճատեւ սադրանքներին մարդիկ երեւի սովորել էին, բայց որ օրերով իրենց հարազատներին չէին տեսնի, օրերով կմնային բլոկադայի մեջ, երեւի չեն էլ ուզել պատկերացնել։ Տիկին Իրինան չի թաքցնում, որ անհանգստություններ ունեն, բայց երկրորդ անգամ է շեշտում՝ խուճապ չկա։  Նա պատմում է, որ մարդիկ կենցաղային, առողջական, սոցիալական հարցերը լուծել են Ստեփանակերտի հետ կապի միջոցով, ու հիմա այդ կենսական կապը կտրվել է, գյուղի խանութն էլ փակ է․ «Մենք գյուղում պահում ենք մեր ամենօրյա ուտելիքները՝ վերմիշել, մակարոն, ալյուր, տենց քիչ ու միչ ենք առնում, որովհետեւ չենք մտածում հետագա․․․ Կամ էդքան հնարավորություն չկա միանգամից շատ գնելու համար։ Մնացած բաներն ամեն օր խանութներից ենք առնում, ամեն օր չենք կարա, չէ՞, էդ ամենօրյա բաներն ուտենք, կամ գյուղում երեխաներ կան, էդ երեխաները պիտի սնվեն։ Էս ամենը Ստեփանակերտի կապի միջոցով է արվել։ Մեծ մասը էդ կենցաղային խնդիրներն էլ կարանք հաղթահարենք, բայց էս ապրելակերպը շատ դժվար ա լինելու մեր համար»,- ասում է նա ու պատմում, որ երբ իմացան, որ ճանապարհը փակվել է, ու մարդիկ ցուրտ օրով մնացել են դրսում, միանգամից կազմակերպել են, որ նրանք մնալու տեղ ունեն։ Քառասունից ավելի մարդու տեղավորել են լիսագորցիների տներում։  Իրինա Բաբաջանյանը «Ճիշտ ա, էդ պահին հարգելի պատճառով մեր համայնքի ղեկավարը բացակայում էր, առողջական խնդիրներ ունի, բայց ամեն ինչով օգնում է»,- ասում է տիկին Իրինան, ու պարզվում է՝ գյուղապետը Ստեփանակարետում հիվանդանոցից դուրս է գրվել ու չի հասցրել վերադառնալ, ու մնացել է Արցախի մայրաքաղաքում։  Տիկին Իրինայի դուստրն ու թոռնիկն էլ գնացել են Ստեփանակերտ ու էլի չեն կարողացել հետ գալ։ Բայց նա շարունակում է հավատալ․ «Ամեն պահի սպասում ենք լավ բանի, ամեն պահի, միշտ դժվարություն ա եղել, մենք հաղթահարել ենք»։ Լիսագորի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահների անցակետի մոտ հավաքված մարդկանց մեծ մասը մթերքներով բեռնված մեքենաների վարորդներ են։ Նրանցից են Արսենն ու Գուրգենը, որոնք հեռվում կանգնած մեր զրույցին են հետեւում եւ որոնք եւս չեն կարողացել հասնել Ստեփանակերտ։ Արսեն Խաչատրյանը պատմում է, որ Ստեփանակերտի ճանապարհին են իմացել, որ ադրբեջանցիները միջանցքը փակել են, բայց, հուսալով, որ շուտ կբացեն, շարունակել են գալ։  Արսեն Խաչատրյանը «Եկանք Տեղ գյուղի մեր պոստում մի գիշեր մնացինք, հետո ասեցին մինչեւ Լիսագոր գանք, էդա՝ չորս օր ա ստեղ ենք, սպասում ենք։ Որը՝ մեքենայի մեջ, բարեկամի տուն, նայած, տենանք՝ ինչ ա ստացվում»,- ասում է Արսենը, որի ընտանիքն էլ Ստեփանակերտում է բլոկադայի մեջ․ «Երեխեքի հետ հեռախոսով խոսում ենք, ուրախանում ենք, երբ զանգում ենք»։  Արսենի ընկերը՝ Գուրգեն Գաբրիելյանը, որ համեստ ժպտում է, երեւի ամենից անհամբերն է սպասում ճանապարհի բացվելուն․ նրա կինը շուտով երեխա է լույս աշխարհ բերելու, մի քանի օր է մնացել։ Գուրգենն ասում է՝ մի քիչ էլ կսպասի ու խաղաղապահներին կասի այս մասին, կխնդրի նրանց հետ հասնել Ստեփանակերտ, որ կնոջ կողքին լինի։  Գուրգեն Գաբրիելյանը Արսենը, ի դեպ, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է․ Թաղավարդի այն հատվածից, որն այժմ հակառակորդի վերահսկողության ներքո է։ Արսենը հիմա Ստեփանակերտում է ապրում։ Իսկ Գուրգենը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է, որոշ ժամանակ ապրել է Շուշիում, մինչեւ այն եւս անցավ հակառակորդի վերահսկողության տակ։ Հիմա նա էլ է Ստեփանակերտում ապրում։ Մեր ուշադրությունը շեղվում է, երբ լսում ենք, որ խաղաղապահ զորախմբի երկու ծառայողները հաշվում են կանգնած բեռնատարները․ «Տասնմեկ»,- ասում է նրանցից մեկը, այն անտարբեր հայացքովը, մյուսն ուղղում է՝ «չէ, տասնչորս»։ Որոշում են մի հատ էլ աչքի անցկացնել։ Ցածրաձայն խոսակցություն է պտտվում ձեռքերը ցրտից գրպանները խոթած մարդկանց մեջ՝ «ոնց որ ուզում են մթերքներով բեռնատարների, կանանց ու երեխաների համար ճանապարհը բացել»։ Բայց ոգեւորություն չի մտնում նրանց մեջ, կարծես՝ չեն հավատում։ Ասում են՝ էս քանի օրը հազար անգամ եկել ասել են՝ հեսա կբացվի, երկու ժամից կբացվի, երեք։ Բայց չորրորդ օրն է՝ չի բացվում։ Մենք շատ վաղ ենք եկել Լիսագոր։ Տեղ ենք հասել համարյա արեւածագն անց։ Մի քանի ժամվա ոչ թեթեւ զրույցներից հետո որոշում ենք հետ դառնալ։ Հաջողություն ենք մաղթում մարդկանց, կիսում ենք նրանց ցանկությունը, բոլորով սպասում՝ Գուրգենը մի ձեւ անի, հասնի կնոջը, թեկուզ այսքանից միայն ինքը գնա առաջինը։ Ու հետ ենք գնում՝ մտքում վերհիշելով՝ խաղաղապահների քանի անցակետ կա առջեւում, երբ պիտի պատրաստել անձնագրերը։ Մտածում ենք՝ եթե անխոչընդոտ հասանք Լիսագոր, հետ ճամփան, ինչպես «դքով» ներքեւ իջնելը, ավելի հեշտ կլինի։ Առաջին անցակետում ռուս երիտասարդը ալարկոտ մոտենում է ուղեփակոցին, բարձրացնում այն, անցնում ենք, րոպեներ անց երեւում են նրանց բազաները, հետո՝ հաջորդ անցակետը։  Հին Շեն բնակավայրի մոտ տեղակայված այդ անցակետի իր խցիկից դուրս է գալիս ռուս ծառայողը ու, մեր մեքենայի ուղղությամբ քայլելով, ձեռքի շարժումով ցույց տալիս, որ հետ գնանք։ Նա մոտենում է մեքենայի լուսամուտին ու ասում՝ «փակ է»․ - Ինչո՞ւ։ - Եւ ելքն է փակը եւ մուտքը։ Շրջադարձ արեք, հետ գնացեք։ - Ո՞ւր, հետ ո՞ւր։ - Որտեղից եկել եք։ - Մենք Գորիսից ենք գնացել։ - Դե, ելքն արգելված է, ինչպես եւ մուտքը։ Մենք հրաման ունենք։ - Մենք Գորիսից․․․ Ու այստեղից երիտասարդն էլ չի լսում, ասում է, պտտվում ու գնում։ Մենք դուրս ենք գալիս ու մոտենում մյուս ծառայողին, որն, ըստ ամենայնի, վերադասի հետ քննարկում է այս հարցը։ Այդ ժամանակ դեպի Գորիս գնացող ուղղության վրա կանգնած է միայն մեր մեքենան, հակառակ՝ դեպի Լիսագոր ուղղությամբ՝ եւս մեկ մեքենա։  Ռուս խաղաղապահի ձեռքի ռադիոսարքից մի քանի բառ է հնչում․ «Հիմա նրանց թողեք, բայց զգուշացրեք, որ հետ գալ չեն կարող»։ Ռուս խաղաղապահները բացում են ուղեփակոցը՝ նորից շեշտելով, որ հետ գալու դեպքում մուտքն արգելված է։ Մենք առաջ ենք շարժվում, ու նման զգուշացում է անում նաեւ հաջորդ անցակետի ծառայողը։ Հարցին՝ իսկ ի՞նչ խնդիր է, նոր հրամա՞ն կա, ու ինչքա՞ն ժամանակով է այս արգելքը, նա պատասխանում է, որ նոր հրաման կա, ու հնարավոր է՝ ճաշից հետո կարգավորվի (այս տեքստը գրվում է խոսակցությունից մոտ մեկ ժամ անց, ու ներկա դրությամբ տեղում իրադրության մասին նոր տեղեկություն չունենք)։ Վերջին անցակետը Տեղ համայնքում է․ սա հայկական անցակետ է, որտեղի ծառայողներից հետաքրքրվում ենք՝ ինչու է դեպի Ստեփանակերտ ճանապարհը արդեն փակ Հին Շեն բնակավայրի մոտից։ Բայց ծառայողները հստակ պատասխան չեն տալիս, ասում են՝ ռուսական կողմից են փակել։ Ու մեր՝ Տեղի անցակետի մոտ լինելու ժամանակ արդեն այդտեղ էին կանգնում մեքենաները։  Հայարփի Բաղդասարյան
16:10 - 15 դեկտեմբերի, 2022
ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ․ Վիգեն Խաչատրյան

ՌԴ-ն մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ․ Վիգեն Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնությունը մեզ ուզում է ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Այս մասին այսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ «Անհամբեր սպասում են, թե երբ պետք է ղարաբաղցիները չդիմանան, նռնակ պայթացնեն, անհամբեր սպասում են՝ երբ պետք է նոր Լաչինի ճանապարհ փնտրենք ուրիշ սարերով։ Իմ կարծիքով՝ Ռուսաաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից, սա պետք է մենք հասկանանք և ուղղակի պիտի մտնենք խոսակցության մեջ Ադրբեջանի և մեր գործընկերների հետ»։ Վիգեն Խաչատրյանն ասաց՝ արևմտյան գործընկերներից պետք է աջակցություն խնդրել, իսկ Ռուսաստանից պետք է պահանջել կատարել իր պարտականությունները․ «Ռուսաստանը այսօր 20-ական թվականների Քեմալական Թուրքիայի առաքելությունը տալիս է Ադրբեջանին, չեմ կարծում՝ Ադրբեջանը դրանով շահագրգռված է։ Պետք է ուղղակի պահանջել Ռուսաստանից, որ կամ թող հրաժարվի, իր խոսքը հարգի, կամ դիմի օգնության, եթե դրա կարիք ունի»։
15:24 - 14 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|

armtimes.com: Բաքուն «անհիմն» է որակում Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի «մեղադրանքները»: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Հակադարձելով երեկ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերը անընդունելի են, քանի որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է»: «Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն: Արտգործնախարարությունը նաև կտրականապես հերքել է մեղադրանքները, թե կապ ունի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միակ ճանապարհը փակելու հետ: Ադրբեջանական կողմը պնդում է, թե «Շուշի-Լաչին ճանապարհը փակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից, որը ժամանակավորապես տեղակայվել է Ադրբեջանի տարածքում»: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանը պատրաստ է բավարարել տեղի բնակչության բոլոր կարիքները, և Հայաստանի դժգոհությունները որևէ հիմք չունեն»: Նշենք, որ այս պնդումները հաստատել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքվի նպատակը Արցախի տարածքում գործող հանքավայրերի ամբողջական փակումն է:
14:05 - 14 դեկտեմբերի, 2022
Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս

Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:   Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:   Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:   Վառելիքի տրամադրման մեխանիզմների և ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:   Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:   Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:
11:41 - 14 դեկտեմբերի, 2022
ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո
 |azatutyun.am|

ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու։ «Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», - ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։ Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունն ավարտվում է վեց օրից։ Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակն, ըստ էության, չի պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Եվրամիությունը որոշեց չերկարաձգել այս գործող առաքելությունը՝ հատկապես, որ պաշտոնական Երևանը ողջունել էր նման հնարավորությունը։ Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 
21:02 - 13 դեկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետն ընդունել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «Ամունդի Գրուպ» ընկերության պատվիրակությանը

ՀՀ վարչապետն ընդունել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «Ամունդի Գրուպ» ընկերության պատվիրակությանը

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը կարևորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխման ընթացքին և նշել, որ ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ բարձրացնել բարեփոխման արդյունավետությունը:  Բերնար դը Վիթը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ փոխգործակցության համար և նշել, որ «Ամունդի Գրուպ»-ը հետաքրքրված է շարունակելու հանրության, պետության և կենսաթոշակային համակարգի համար շահավետ նախագծերի իրականացումը: Հանդիպմանը քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեության, եկամտաբերության և ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել ֆինանսական շուկայի զարգացման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական բարեկեցության ապահովման և մի շարք այլ ուղղություններով իրականացվող համատեղ ծրագրերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի հանրային իրազեկվածության, հաշվետվողականության շարունակական բարձրացմանը և կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը:
17:16 - 13 դեկտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը դուրս եկավ՝ հանդիպելու բողոքի ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս նրան հանձնեցին դիմում, որտեղ ասված է, որ Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Հայաստան կապող միակ ճանապարհը։ Մասնակիցները նշեցին, որ Ադրբեջանը ստեղծել է հումանիտար ու անվտանգային լրջագույն խնդիրներ՝ նպատակ ունենալով ապակայունացնել տարածաշրջանը, հայաթափել Արցախը։  Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հավաքվել են մարդիկ, որոնք Արցախի իրենց հայրենակիցներին չեն կարողանում օգնել այլ կերպ, քան ՄԱԿ-ին դիմելն է, որպեսզի միջազգային հանրությունը իրական քայլեր ձեռնարկի Արցախի ապաշրջափակվի․ «Իրականում չենք ցանկանում կարծել, որ այս ամենը եւ Ադրբեջանի ագրեսիան հովանավորվում են միջազգային հանրության կողմից, հույս ենք հայտնում, որ դրա հակադարձ ապացույցը կտեսնենք ձեր՝ միջազգային տարբեր կառույցների կողմից»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, մարդիկ են, որոնք ծնվել են եւ իրենց ազատություններն ունեն, եւ այն կյանքի երակը, որ այսօր Արցախը կապում է ՀՀ-ին, միակ տարբերակն է՝ փրկելու 120․000-ից ավելի հայությանը եւ հայրենիքում նրանց ապրելու իրավունքը։ Արցախի երիտասարդներից մեկն էլ նշեց, որ ինքը 20 տարի շարունակ ապրել է Հադրութում եւ չի ուզում այժմ Արցախի մնացած մասն էլ կորցնել։ Նա խնդրեց ՄԱԿ-ի ուշադրությունը այս կարեւորագույն հարցի շուրջ՝ պնդելով, որ իրենք՝ երիտասարդները, պահանջատեր են։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ ինքը ընդունեց մասնակիցների դիմումը։ Վերջիններս էլ հույս հայտնեցին, որ միջազգային կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն։
16:59 - 13 դեկտեմբերի, 2022
Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․    «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.   Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։   Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։   Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:   Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):   Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։   Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։   Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։   Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- նշված է գրառման մեջ։    Լուսանկարը՝ Ազգային ժողովի
15:28 - 13 դեկտեմբերի, 2022
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։    Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։   Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
14:17 - 13 դեկտեմբերի, 2022
Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ Արցախի առողջապահության նախարարություն

Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Արցախի առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:  Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
13:12 - 13 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապն ապահովելու նպատակով: Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ և ակնհայտ է, որ տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից, նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետության և այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից: Այս գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ: Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո,բ) Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլև հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին: Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում: Ընդգծում ենք, որ միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար: Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ»: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
12:52 - 13 դեկտեմբերի, 2022
Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա. Նեդ Փրայս

 |armenpress.am|

Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա. Նեդ Փրայս |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանը` նշելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին զրույցները հայկական և ադրբեջանական կողմերի հետ և արևմտյան եվրոպացիների մտահոգություններն այս առնչությամբ: «Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, այս երկու երկրներին կայուն, համապարփակ կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում, կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության մեջ՝ համոզվելու, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն անում են ամեն բան, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը:
10:55 - 13 դեկտեմբերի, 2022
«Դեռ շատ հեռու ենք պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն տվող բնագծեր ունենալուց»․ Տիգրան Աբրահամյան
 |azatutyun.am|

«Դեռ շատ հեռու ենք պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն տվող բնագծեր ունենալուց»․ Տիգրան Աբրահամյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը դեռ շատ հեռու է այնպիսի բնագծեր ունենալուց, որը հնարավորություն կտա պատշաճ ձևով պաշտպանություն իրականացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության հանձնաժողվի անդամ Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն ընդգծեց՝ ասածները հիմնավոր ապացույցներ ունեն, և այն ծանր իրավիճակը, որ ինքն է ներկայացնում, որևէ պաշտոնյա չի կարող ուղղակի կասկածի տակ դնել։ Աբրահամյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ - Պարոն Աբրահամյան, այդ թվում՝ և այս տաղավարում, քննադատել եք առաջնագծի կահավորումը։ Նախօրիեն Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ անձամբ Ձեզ առաջարկում է՝ միասին գնալ Ջերմուկ և համոզվել, որ այնքան գործ է արվել, որ նախկինում նման բան չի եղել։ - Բնականաբար, իմ բոլոր հայտարարությունները հիմնված են փաստական տեղեկության հիման վրա։ Ես ինքս մի քանի օր առաջ եղել եմ Ջերմուկում։ Առհասարակ ես սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո եղել եմ ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով՝ սկսած Ներքին Հանդից, Ճակատեն, Տեղ, Խոզնավար, Իշխանասար, Ջերմուկ, Վերին Շորժա, Սոթք, Կուտական վաղը ևս լինելու եմ առաջնագծում։  - Համարյա ամբողջ երկայքով անցել եք։ - Բոլոր ուղղություններով եղել եմ, և այս իրավիճակում այն, ինչ ես եմ հնչեցնում, այն, ինչ ես եմ արտահայտում, ես տեր եմ իմ ասածին և, կարծում եմ, որ իմ ասածը հիմնված է հիմնավոր ապացույցների վրա, և այն ծանր իրավիճակը, որ ես եմ ներկայացնում, որևէ պաշտոնյա, որևէ գործիչ չի կարող ուղղակի հերքել, կամ կասկածի տակ դնել։ - Ինչո՞ւ ժամանակը չի բավարարել, պարոն Աբրահամյան։  - Կարծում եմ՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ առաջնահերթությունների խնդիր կա․ մի կողմից կան ռեսուրսներ, կա բյուջե, որոնք պայմանական քաղաքացիական ենթակառուցվածքների մասով գործում են, կամ ակտիվ գործում են, և կա հատկացված բյուջե, որի պայմաններում արագ, օպերատիվ մեր հրատապ խնդիրները լուծելու հանարավորություն դեռևս ամբողջական չկա։ Այսինքն՝ պայմանական կարելի է ֆիքսել ուղղություն, որտեղ կան մարտական հենակետեր, որտեղ կա առաջնագծի որոշակի կահավորում, բայց մենք դեռ շատ հեռու ենք այնպիսի բնագծեր ունենալուց, որը մեզ հնարավորություն կտա պատշաճ ձևով պաշտպանություն իրականացնել և էականորեն դրա միջոցով նվազեցնել մեր մարտական կորուստների թիվը։ Ավելի վաղ Աբրահամյանն ասել էր, որ առաջնագիծն այն աստիճան կահավորված չէ, որ Ադրբեջանը սեպտեմբերին երկու-երեք օրում հսկայական տարածքներ գրավեց։ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել էր և Տիգրան Աբրահամյանին առաջարկել հանձնաժողովի անդամների հետ Ջերմուկ գնալ և տեսնել, թե ինչ է նոր կահավորումը և ինժեներական զորքերի կայացումը ոնց է տեղի ունենում։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatuyun.am-ում
10:21 - 13 դեկտեմբերի, 2022
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ. Արցախի ՆԳՆ

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ. Արցախի ՆԳՆ

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է  Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։  Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:   Լուսանկարը՝ Լիսագորից
09:27 - 13 դեկտեմբերի, 2022