Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում
16:10 - 15 դեկտեմբերի, 2022

Ձգձգվող սպասում՝ Լիսագորի ու Տեղի արանքում

Չորրորդ օրն է՝ ադրբեջանցիները չեն բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այս բառերը վերջին օրերին հավանաբար տասնյակ անգամներ եք կարդացել ու լսել։ Տագնապալի հնչող այդ նախադասությունը սառել-մնացել է օդի մեջ, հատկապես Լիսագորի սարերի արանքում։ Այստեղ ՌԴ խաղաղապահների անցակետն է, որը չի բացվում դեպի Ստեփանակերտ գնալու համար։ Այդ անցակետից այս կողմ են մնացել Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը, մյուս կողմում Ստեփանակերտի հետ կապը կտրել են ադրբեջանցի «բնապահպանները»։

Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։

Ճանապարհի փակ լինելու պատճառով քանի օր է՝ որոշ տղամարդիկ գիշերում են իրենց մեքենաներում, մարդկանց մի մասն էլ, որ չի կարողացել հասնել իր տուն, ժամանակավոր տանիք է գտել մոտակա Լիսագորում, հարյուրավոր մարդիկ գնացել են Սյունիքի մարզ, Երեւան կամ այլ բնակավայրեր։ 

ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետին են մոտենում տղամարդիկ՝ հույսով, որ հիմա վերջապես կլսեն այդ լուրը՝ ադրբեջանցիները բացել են ճանապարհը։ Բայց ամեն ինչ ավարտվում է խաղաղապահ զորախմբի երիտասարդ ծառայողի անտարբեր կամ գուցե զուտ ծառայողական հայացքի ու արցախցու սառած մատների արանքում այրվող ծխախոտի հատման կետում։ 

Դրսում կանգնածներին սուրճ ու թեյ է առաջարկում Լիսագորի գյուղապետարանի աշխատակից տիկին Իրինան, որը նաեւ հուսադրող խոսքեր է ասում մեկ ու մեջ։ Բաբաջանյան Իրինան առանձնացել է՝ քրոջ հետ հեռախոսով խոսելու։ Սենյակից մի նախադասություն է դուրս սպրդում․ «Գնանք առեւտուր անենք, խանութները դատարկվում են արդեն»։

Տիկին Իրինան պատմում է, որ երբ իմացան՝ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, խուճապի չմտանվեցին, որովհետեւ սա առաջին դեպքը չէր։ Միայն թե այս անգամ սպասվածից երկար տեւեց, նախորդ անգամներին տասը րոպեով, մեկ-երկու ժամով փակել-բացել էին։ Այս կարճատեւ սադրանքներին մարդիկ երեւի սովորել էին, բայց որ օրերով իրենց հարազատներին չէին տեսնի, օրերով կմնային բլոկադայի մեջ, երեւի չեն էլ ուզել պատկերացնել։ Տիկին Իրինան չի թաքցնում, որ անհանգստություններ ունեն, բայց երկրորդ անգամ է շեշտում՝ խուճապ չկա։ 

Նա պատմում է, որ մարդիկ կենցաղային, առողջական, սոցիալական հարցերը լուծել են Ստեփանակերտի հետ կապի միջոցով, ու հիմա այդ կենսական կապը կտրվել է, գյուղի խանութն էլ փակ է․

«Մենք գյուղում պահում ենք մեր ամենօրյա ուտելիքները՝ վերմիշել, մակարոն, ալյուր, տենց քիչ ու միչ ենք առնում, որովհետեւ չենք մտածում հետագա․․․ Կամ էդքան հնարավորություն չկա միանգամից շատ գնելու համար։ Մնացած բաներն ամեն օր խանութներից ենք առնում, ամեն օր չենք կարա, չէ՞, էդ ամենօրյա բաներն ուտենք, կամ գյուղում երեխաներ կան, էդ երեխաները պիտի սնվեն։ Էս ամենը Ստեփանակերտի կապի միջոցով է արվել։ Մեծ մասը էդ կենցաղային խնդիրներն էլ կարանք հաղթահարենք, բայց էս ապրելակերպը շատ դժվար ա լինելու մեր համար»,- ասում է նա ու պատմում, որ երբ իմացան, որ ճանապարհը փակվել է, ու մարդիկ ցուրտ օրով մնացել են դրսում, միանգամից կազմակերպել են, որ նրանք մնալու տեղ ունեն։ Քառասունից ավելի մարդու տեղավորել են լիսագորցիների տներում։ 

Իրինա Բաբաջանյանը

«Ճիշտ ա, էդ պահին հարգելի պատճառով մեր համայնքի ղեկավարը բացակայում էր, առողջական խնդիրներ ունի, բայց ամեն ինչով օգնում է»,- ասում է տիկին Իրինան, ու պարզվում է՝ գյուղապետը Ստեփանակարետում հիվանդանոցից դուրս է գրվել ու չի հասցրել վերադառնալ, ու մնացել է Արցախի մայրաքաղաքում։ 

Տիկին Իրինայի դուստրն ու թոռնիկն էլ գնացել են Ստեփանակերտ ու էլի չեն կարողացել հետ գալ։ Բայց նա շարունակում է հավատալ․ «Ամեն պահի սպասում ենք լավ բանի, ամեն պահի, միշտ դժվարություն ա եղել, մենք հաղթահարել ենք»։

Լիսագորի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահների անցակետի մոտ հավաքված մարդկանց մեծ մասը մթերքներով բեռնված մեքենաների վարորդներ են։ Նրանցից են Արսենն ու Գուրգենը, որոնք հեռվում կանգնած մեր զրույցին են հետեւում եւ որոնք եւս չեն կարողացել հասնել Ստեփանակերտ։ Արսեն Խաչատրյանը պատմում է, որ Ստեփանակերտի ճանապարհին են իմացել, որ ադրբեջանցիները միջանցքը փակել են, բայց, հուսալով, որ շուտ կբացեն, շարունակել են գալ։ 

Արսեն Խաչատրյանը

«Եկանք Տեղ գյուղի մեր պոստում մի գիշեր մնացինք, հետո ասեցին մինչեւ Լիսագոր գանք, էդա՝ չորս օր ա ստեղ ենք, սպասում ենք։ Որը՝ մեքենայի մեջ, բարեկամի տուն, նայած, տենանք՝ ինչ ա ստացվում»,- ասում է Արսենը, որի ընտանիքն էլ Ստեփանակերտում է բլոկադայի մեջ․

«Երեխեքի հետ հեռախոսով խոսում ենք, ուրախանում ենք, երբ զանգում ենք»։ 

Արսենի ընկերը՝ Գուրգեն Գաբրիելյանը, որ համեստ ժպտում է, երեւի ամենից անհամբերն է սպասում ճանապարհի բացվելուն․ նրա կինը շուտով երեխա է լույս աշխարհ բերելու, մի քանի օր է մնացել։ Գուրգենն ասում է՝ մի քիչ էլ կսպասի ու խաղաղապահներին կասի այս մասին, կխնդրի նրանց հետ հասնել Ստեփանակերտ, որ կնոջ կողքին լինի։ 

Գուրգեն Գաբրիելյանը

Արսենը, ի դեպ, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է․ Թաղավարդի այն հատվածից, որն այժմ հակառակորդի վերահսկողության ներքո է։ Արսենը հիմա Ստեփանակերտում է ապրում։ Իսկ Գուրգենը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է, որոշ ժամանակ ապրել է Շուշիում, մինչեւ այն եւս անցավ հակառակորդի վերահսկողության տակ։ Հիմա նա էլ է Ստեփանակերտում ապրում։

Մեր ուշադրությունը շեղվում է, երբ լսում ենք, որ խաղաղապահ զորախմբի երկու ծառայողները հաշվում են կանգնած բեռնատարները․

«Տասնմեկ»,- ասում է նրանցից մեկը, այն անտարբեր հայացքովը, մյուսն ուղղում է՝ «չէ, տասնչորս»։ Որոշում են մի հատ էլ աչքի անցկացնել։ Ցածրաձայն խոսակցություն է պտտվում ձեռքերը ցրտից գրպանները խոթած մարդկանց մեջ՝ «ոնց որ ուզում են մթերքներով բեռնատարների, կանանց ու երեխաների համար ճանապարհը բացել»։ Բայց ոգեւորություն չի մտնում նրանց մեջ, կարծես՝ չեն հավատում։ Ասում են՝ էս քանի օրը հազար անգամ եկել ասել են՝ հեսա կբացվի, երկու ժամից կբացվի, երեք։ Բայց չորրորդ օրն է՝ չի բացվում։

Մենք շատ վաղ ենք եկել Լիսագոր։ Տեղ ենք հասել համարյա արեւածագն անց։ Մի քանի ժամվա ոչ թեթեւ զրույցներից հետո որոշում ենք հետ դառնալ։ Հաջողություն ենք մաղթում մարդկանց, կիսում ենք նրանց ցանկությունը, բոլորով սպասում՝ Գուրգենը մի ձեւ անի, հասնի կնոջը, թեկուզ այսքանից միայն ինքը գնա առաջինը։ Ու հետ ենք գնում՝ մտքում վերհիշելով՝ խաղաղապահների քանի անցակետ կա առջեւում, երբ պիտի պատրաստել անձնագրերը։ Մտածում ենք՝ եթե անխոչընդոտ հասանք Լիսագոր, հետ ճամփան, ինչպես «դքով» ներքեւ իջնելը, ավելի հեշտ կլինի։ Առաջին անցակետում ռուս երիտասարդը ալարկոտ մոտենում է ուղեփակոցին, բարձրացնում այն, անցնում ենք, րոպեներ անց երեւում են նրանց բազաները, հետո՝ հաջորդ անցակետը։ 

Հին Շեն բնակավայրի մոտ տեղակայված այդ անցակետի իր խցիկից դուրս է գալիս ռուս ծառայողը ու, մեր մեքենայի ուղղությամբ քայլելով, ձեռքի շարժումով ցույց տալիս, որ հետ գնանք։ Նա մոտենում է մեքենայի լուսամուտին ու ասում՝ «փակ է»․

- Ինչո՞ւ։

- Եւ ելքն է փակը եւ մուտքը։ Շրջադարձ արեք, հետ գնացեք։

- Ո՞ւր, հետ ո՞ւր։

- Որտեղից եկել եք։

- Մենք Գորիսից ենք գնացել։

- Դե, ելքն արգելված է, ինչպես եւ մուտքը։ Մենք հրաման ունենք։

- Մենք Գորիսից․․․

Ու այստեղից երիտասարդն էլ չի լսում, ասում է, պտտվում ու գնում։ Մենք դուրս ենք գալիս ու մոտենում մյուս ծառայողին, որն, ըստ ամենայնի, վերադասի հետ քննարկում է այս հարցը։ Այդ ժամանակ դեպի Գորիս գնացող ուղղության վրա կանգնած է միայն մեր մեքենան, հակառակ՝ դեպի Լիսագոր ուղղությամբ՝ եւս մեկ մեքենա։ 

Ռուս խաղաղապահի ձեռքի ռադիոսարքից մի քանի բառ է հնչում․ «Հիմա նրանց թողեք, բայց զգուշացրեք, որ հետ գալ չեն կարող»։

Ռուս խաղաղապահները բացում են ուղեփակոցը՝ նորից շեշտելով, որ հետ գալու դեպքում մուտքն արգելված է։ Մենք առաջ ենք շարժվում, ու նման զգուշացում է անում նաեւ հաջորդ անցակետի ծառայողը։ Հարցին՝ իսկ ի՞նչ խնդիր է, նոր հրամա՞ն կա, ու ինչքա՞ն ժամանակով է այս արգելքը, նա պատասխանում է, որ նոր հրաման կա, ու հնարավոր է՝ ճաշից հետո կարգավորվի (այս տեքստը գրվում է խոսակցությունից մոտ մեկ ժամ անց, ու ներկա դրությամբ տեղում իրադրության մասին նոր տեղեկություն չունենք)։ Վերջին անցակետը Տեղ համայնքում է․ սա հայկական անցակետ է, որտեղի ծառայողներից հետաքրքրվում ենք՝ ինչու է դեպի Ստեփանակերտ ճանապարհը արդեն փակ Հին Շեն բնակավայրի մոտից։ Բայց ծառայողները հստակ պատասխան չեն տալիս, ասում են՝ ռուսական կողմից են փակել։ Ու մեր՝ Տեղի անցակետի մոտ լինելու ժամանակ արդեն այդտեղ էին կանգնում մեքենաները։ 


Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել