Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
11:41 - 14 դեկտեմբերի, 2022

Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:
 
Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:
 
Վառելիքի տրամադրման մեխանիզմների և ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
 
Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել