Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում
16:59 - 13 դեկտեմբերի, 2022

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին դիմում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը դուրս եկավ՝ հանդիպելու բողոքի ակցիայի մասնակիցներին։ Վերջիններս նրան հանձնեցին դիմում, որտեղ ասված է, որ Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները, փակել է Արցախը Հայաստան կապող միակ ճանապարհը։ Մասնակիցները նշեցին, որ Ադրբեջանը ստեղծել է հումանիտար ու անվտանգային լրջագույն խնդիրներ՝ նպատակ ունենալով ապակայունացնել տարածաշրջանը, հայաթափել Արցախը։ 

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հավաքվել են մարդիկ, որոնք Արցախի իրենց հայրենակիցներին չեն կարողանում օգնել այլ կերպ, քան ՄԱԿ-ին դիմելն է, որպեսզի միջազգային հանրությունը իրական քայլեր ձեռնարկի Արցախի ապաշրջափակվի․ «Իրականում չենք ցանկանում կարծել, որ այս ամենը եւ Ադրբեջանի ագրեսիան հովանավորվում են միջազգային հանրության կողմից, հույս ենք հայտնում, որ դրա հակադարձ ապացույցը կտեսնենք ձեր՝ միջազգային տարբեր կառույցների կողմից»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, մարդիկ են, որոնք ծնվել են եւ իրենց ազատություններն ունեն, եւ այն կյանքի երակը, որ այսօր Արցախը կապում է ՀՀ-ին, միակ տարբերակն է՝ փրկելու 120․000-ից ավելի հայությանը եւ հայրենիքում նրանց ապրելու իրավունքը։

Արցախի երիտասարդներից մեկն էլ նշեց, որ ինքը 20 տարի շարունակ ապրել է Հադրութում եւ չի ուզում այժմ Արցախի մնացած մասն էլ կորցնել։ Նա խնդրեց ՄԱԿ-ի ուշադրությունը այս կարեւորագույն հարցի շուրջ՝ պնդելով, որ իրենք՝ երիտասարդները, պահանջատեր են։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ ինքը ընդունեց մասնակիցների դիմումը։ Վերջիններս էլ հույս հայտնեցին, որ միջազգային կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել