Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից՝ մանրամասնելով, որ համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ պանելային քննարկումների ձեւաչափով եւ հագեցած օրակարգով: Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու են տարբեր երկրների խորհրդարաններին ներհատուկ հիմնախնդիրների եւ ընդհանրական բնույթի հարցերի շուրջ: Համաժողովում սահմանված օրակարգի առաջնահերթությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց լիարժեք իրացմանն առնչվող հարցերի վերհանումն է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվելու «Կայուն զարգացման հասնելը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու բարեկեցությանը եւ շրջակա  միջավայրի պահպանությանը, քան՝ տնտեսական զարգացմանը», «Կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների չեղարկումը գենդերային հավասարության հասնելու միակ ճանապարհն է» խորագրերով թեմաներին: Գործընկերներն անդրադառնալու են «Խորհրդարանի բաց լինելը թափանցիկություն ու հասանելիություն ընդդեմ անվտանգության. ինչպես հասնել հավասարակշռության» ընդհանրական խորագիր կրող հարցերին՝ լավագույն փորձի վերհանման նպատակով: Համաժողովի օրակարգում է նաեւ հակահամաճարակային  միասնական մարտահրավերների հաղթահարմանն առնչվող միջխորհրդարանական փորձի փոխանակումը: Նախատեսված է քննարկել  «COVID-19 համավարակին գլոբալ արձագանքը մարտահրավեր է նետում մարդկանց համար ցանկալի արդյունքի հասնելուն՝ բազմակողմանի հարաբերությունների կարողությունը», «Ժողովրդավարության վրա COVID-19 համավարակի ազդեցության մեղմացումը» վերտառությամբ հարցեր: Օրակարգում ընդգրկված է նաեւ Միջխորհրդարանական միության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարակից միջոցառումը: Սեպտեմբերի 9-ին կայանալիք Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ահաբեկչությունից տուժածների իրավունքների ու կարիքների ուսումնասիրությունը եւ անդրադառնալով տուժածներին՝ պատգամավորների կողմից վերաինտեգրման հարցում ցուցաբերվելիք օգնությանը: Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպիչներն են Միջխորհրդարանական միությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Ավստրիայի խորհրդարանը:
14:56 - 06 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց. Հակոբ Արշակյանը՝ ՌԴ սենատորին

Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց. Հակոբ Արշակյանը՝ ՌԴ սենատորին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Ողջունելով հյուրին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատել է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով եւ կարեւորեց խորհրդարանական փոխգործակցության խորացումը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն. Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց:  ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար: Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ: Անդրեյ Կլիմովը երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացման գործում կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը: Հյուրն անդրադարձել է անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը:
14:51 - 06 սեպտեմբերի, 2021
Արցախը լինելու է կանգուն, ազատ և անկախ. Ալեն Սիմոնյան

Արցախը լինելու է կանգուն, ազատ և անկախ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի` հաղթանակներով թրծված ոգին: Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով: Արցախը, որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ: Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին: Արցախյան վերազարթոնքի սպասումով` մաղթում եմ խաղաղություն եւ բարօրություն»:
14:05 - 02 սեպտեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրված Արթուր Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը: Հարցուպատասխանից, ելույթներից հետո իշխանական պատգամավորները հայտնեցին, որ դեմ են Ղազինյանի սկզբունքներին ու դիրքորոշումներին, հետևաբար դեմ քվեարկեցին նրա թեկնածությանը: «Ըստ կանոնակարգի՝ 5-օրյա ժամկետում պետք է հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածություն ներկայացվի: Կքննարկենք, նորից նիստ կանենք, հարցեր կլինեն, կպարզաբանենք: Կարծում եմ, ինչպես նշեց պարոն Ղազինյանը, բոլորս էլ մեր երկրի, մեր պետության առջև անելիք ունենք՝ անկախ կարգավիճակից: Արտահերթ ընտրություններն ավարտվել են, մենք պետք է մտածենք մեր պետական համակարգի բնականոն աշխատանքը համահունչ, ճիշտ կազմակերպելու և միասին անցնելու ուղղությամբ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ըստ Դոնթի բանաձևի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցությանը:
13:04 - 31 օգոստոսի, 2021
Ուղիղ եթերի անջատման դեպքը նույնպես աննախադեպ էր․ բացարձակ սուբյեկտիվ  որոշման արդյունքում  հասարակությունը զրվեց անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից․ Շուշան Դոյդոյան

Ուղիղ եթերի անջատման դեպքը նույնպես աննախադեպ էր․ բացարձակ սուբյեկտիվ որոշման արդյունքում հասարակությունը զրվեց անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից․ Շուշան Դոյդոյան

Կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ նաև բռնություններ խորհրդարանական լրագրողների հանդեպ, և մենք որևէ կերպ չպետք  է համակերպվենք այս փաստի հետ։ Ես այստեղ արձանագրել եմ նաև ուղիղ եթերի անջատման դեպքը, սա նույնպես աննախադեպ էր, երբ այսպես ուղղակի, հայեցողական, սուբյեկտիվ, պահի ազդեցությամբ՝ ԱԺ նախագահը համայում է, որոշում է անջատել ուղիղ եթերը, բացարձակ սուբյեկտիվ և  կամայական որոշման արդյունքում զրկում է հասարակությանը ուղիղ, անմիջապես տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Այս փաստը նույնպես ուզում եմ մեր դժգոհությունների ցանկում ավելացնել։  ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ քննարկմանը այս մասին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։  Վերջինս նշեց, որ այս քննարկումները տարբեր հարթակներում ընթանում են օգոստոսի 2-ից, սակայն որևէ պրակտիկ քայլ  չի արվել, բացի լուռ ակցիան, որն օրեր առաջ ԱԺ օթյակում իրականացրին լրագրողները։  «Ի՞նչ եմ ես առաջարկում, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ խնդիրները չտեսնելը մեր շահերից չի բխում։ Խոսում են անվտանգության խնդրի մասին, բացարձակապես չհիմնավորելով անվտանգության խնդրի առնչությունը կոնկրետ լրագրողների աշխատանքին։ Այս պարագայում մենք պետք է պահանջենք հստակ հիմնավորվածություն, թե ինչով է լրագրողի աշխատանքը օթյակում սպառնալիք նրանց աշխատանքին կամ ինչ-որ անձանց հանդեպ։ Մենք այդ հիմանվորումը չենք լսել այս օրերի ընթացքում։ Եվ ես առաջարկում եմ երկու առանձին կամ երկու միասնական առաջարկներ անել, որպես երկխոսության քայլ Աժ ղեկավարությանը, որպեսզի չդիտվի, որ մենք պատրաստ չենք որևէ դրական քայլի, բարեփոխման, այլ միայն պահանջում ենք, որ ամեն ինչ մնա այնպես, որովհետև այդպես մեզ հարմար էր»,- հավելեց Դոյդոյանը։ Վերջինս ներկայացնելով եկրորդ խնդիրը  նշեց, որ լրագրողները պետք է հավատարիմ մնան լրագրողական վարքակոններին։ Դոյդոյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց շարադրի այն հիմնական բարոյական սկզբունքները որով առաջնորդվում են իր լրագրողները, խմբակրակազմը, դա կարող է ցանկացած ծավալի լինել, որտեղ ներառված կլինեն լրագրողի մասնագիտության բարոյական սկզբունքները։ «Մյուս խնդրանքն այն է, որ մասնագիտական ստաժի որոշակի սահմանափակում դնենք, ես գիտեմ և համաձայն եմ ձեզ հետ,  որ որևէ խմբագիր առանց մասնագիտական ստաժի լրագրողին չի ուղարկում ԱԺ, այստեղ իսկապես հավաքված են համայնքի որակյալ ներկայացուցիչները, բայց կուզենայի, որ ինչ-որ կերպ ամրագրվեր, որպես մեր կողմից քայլ։ Առաջինը նշենք, որ այստեղ գտնվում են այն լրագրողները, որոնք բարձր մասնագիտական հմտություններ ունեն և լրագորղական էթիկայի կանոններին համապատասխան են գործում, թե ինչպիսի կանոներ կձևակերպեն խմբագրությունները, դա նրանց ներքին աշխատանքն է։  Մեր պահանջներում մենք պետք է լինեն անհողդողդ, լրագրողները իրենց աշխատանքը  կատարել են ԱԺ ողջ տարարծքում, և այս պայմանները պետք է շարունակվեն, նրանց գործունեությունը չպետք է սահմանափակվի միայն օթյակով և մենք սրանից որևէ քայլ չպետք է նահանջենք։ Նորից առաջարկում եմ, կոնկրետ առաջարկներ ներկայացնենք, և այստեղից դուրս գանք փաստաթղթով»։
14:37 - 30 օգոստոսի, 2021
ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է «ԶԼՄ մասին» օրենքին․ ԱԺ-ում նախաձեռնվել է քննարկում՝ լրագրողների տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովում նախաձեռնվել է քննարկում՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման սկզբում արձանագրեց, որ այդ միջոցառման նպատակը լրագրողական հանրույթի լսելի լինելու հրամայականն է, որը, պատգամավորի համոզմամբ, խախտել է ԱԺ ղեկավարությունը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի վերաբերյալ առանց վերջիններիս հետ քննարկումների որոշումներ կայացնելով։ Թագուհի Թովմասյանն ընթերցեց «ԶԼՄ մասին» օրենքի 6-րդ հոդվածը, որում նշված է, որ հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի։ Պատգամավորն ընդգծեց, որ ԱԺ խորհրդի ընդունած որոշումը հակասում է այս օրենքի 6-րդ հոդվածի երրորդ կետին, այսինքն՝ իրավական առումով խնդիր կա։ Նա նաեւ հիշեցրեց, որ այդ որոշման համար կայցած ԱԺ խորհրդի նիստը դռնփակ է եղել, սակայն պետք է լիներ հրապարակային, ուստի նա կարծիք հայտնեց, որ լրագրողական հանրությունը այս երկու հանգամանքների վերաբերյալ իրավական գործընթաց պետք է նախաձեռնի։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, որը մասնակցում է քննարկմանը, արձանագրեց, որ այն իրադարձությունները, որոնց ականատեսը եղանք լրագրողների գործունեության վերաբերյալ որոշման ընդունումից, ապա ԱԺ նիստերի ժամանակ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունից, անընդունելի են․ «Նման բան Հայաստանում չպետք է լինի, նման բան չի կարող լինել ոչ միայն ժողովրդավարական, այլ նաեւ կիսաժողովրդավարական երկրում, եւ ես վստահ չեմ, որ կարող է նույնիսկ ոչ ժողովրդավար երկրում լինել»,- հայտարարեց Իոաննիսյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակումներին, նա նշեց, որ այդ որոշումը որոշակիորեն հակասում է Սահմանադրության 51-րդ եւ 42-րդ հոդվածներին, որոնք սահմանում են տեղեկատվություն փնտրելու, ստանալու եւ մամուլի ազատությունը․ «Մայր օրենքի այդ նորմերը հստակ ամրագրում են, որ այդ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով եւ սպառիչ թվարկված նպատակների համար։ Արձանագրենք, որ սահմանափակումը տրված չէ օրենքով, հետեւապես այն իրավաչափ չէ։ Ամենաուշը վաղը մենք հայցադիմում ենք մուտքագրելու Վարչական դատարան, որով վիճարկելու ենք սահմանափակումների առնվազն մի մասը, որոնք վերաբերում են անվտանգության աշխատակիցներին նկարահանելու, տեսանկարահանելու արգելքինն, որը որեւիցե կերպ չի տեղավորվում սահմանադրականության ու տրամաբանության մեջ»,- ասաց Իոաննիսյանը։ Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնությունների չորս դրվագներին՝ օգոստոսի 11-ին, երբ լրագրողներին ուժով հեռացրին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից, օգոստոսի 24-ն, երբ լրագրողներին դարձյալ հեռացրին օթյակից, ապա, ինչպես նշեց Իոաննիսյանը,  երբ Վահե Ղալումյանը լրագրողների նկատմամբ բռնություն գործադրեց, եւ 25-ին նորից օթյակից լրագրողներին բռնությամբ հեռացման դեպքերին՝ հանրային գործիչը նշեց, որ դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ դատախազություն։ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ իր հերթին շեշտեց, որ լրագրողների եւ ԶԼՄ-ների գործուենության որեւէ սահմանափակում կարող է լինել միայն ողջամիտ հիմնավորմամբ, անհրաժեշտ, բավարար պայմանների ապահովմամբ․ «Որեւէ սահմանափակում չի կարող լինել կամայական, անգամ եթե դրանք սահմանվում են օրենքներով, նորմատիվ ակտերով ու ընթացակարգերով, հակառակ դեպքում այդ սահմանափակումները որակվել եւ որակվելու են որպես բռնություն՝ խոսքի եւ արտահայտման ազատության դեմ»։ Բարսեղյանը մեջբերեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ռեպլիկը, թե՝ «չեմ կարծում, որ ծեծկռտուք լուսաբանելը լրագրողների գործն է», եւ շարունակեց, որ բռնապետական ռեժիմները հիմնականում ինչ-որ հատուկ ազդարարմամբ չեն ներդրվում․ «Ես լսել եմ որոշ պատգամավորների, որ իրենք համաձայն չեն Վարդանյանի այս մտքին, բայց բոլորդ հասկանում եք, որ բացի պատգամավոր լինելուց՝ նա կարեւոր հանձնաժողովի նախագահ եւ խմբակցությունում էական դերակատարում ունեցող մարդ է։ Կասկածում եմ, թե նա երբեւէ կհասկանա՝ որքան վտանգավոր եւ չարամիտ արտահայտություն է իր խոսքը, հույս ունեմ՝ խմբակցությունն իրեն կարգի կհրավիրի եւ կարգելի նման անհեթեթություններ խոսել, որոշել լրագրողների եւ լրատվականների անելիքները»,- ասաց Բարսեղյանը՝ շեշտելով, որ դա կոնցլագերական մոտեցում է։
13:18 - 30 օգոստոսի, 2021
Երբ մենք հստակ ասացինք, որ գնում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգին,  չեք նկատե՞լ, որ Բաքվից փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը․ Նիկոլ Փաշինյան

Երբ մենք հստակ ասացինք, որ գնում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի օրակարգին, չեք նկատե՞լ, որ Բաքվից փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը․ Նիկոլ Փաշինյան

Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, եւ մենք դրանք չենք թաքցրել ու չենք էլ պատրաստվում թաքցնել։ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․ «Եւ մենք միասնաբար պարտավոր ենք։ Էն իրավիճակում, որում հայտնվել ենք, երեք սցենար կա՝ փախչել պատասխանատվությունից, ուժ կիրառել կամ դիմել միջնորդներին՝ ներքին հանրությանը համախմբելու համար։ Մենք էդ ճանապարհներով չենք գնացել, մենք մեր ժողովրդին ենք դիմել, եւ ժողովուրդը մեզ լիազորել է, տվել է մանդատ, պատվիրել է՝ գնալ եւ էս հարցերով զբավել։ Մենք չենք պատրաստվում փախչել պատասխանատվությունից»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ իրենք բոլորին կոչ են անում, արտախորհրդարանական ուժերին կոչ են անում՝ կա խնդիր, եկեք, մասնակցեք այդ խնդիրների լուծմանը։ Բայց Փաշինյանը համարում է, որ ընդդիմադիրները փորձում են մեթոդաբանական սխալներով հանդես գալ․ «Ո՞րն է էդ սխալը․ նրանք կառավարության ծրագրի քննարկման ընթացքում էս ամբիոնից ասացին այն, ինչ ասել են յոթ ամիս, ու վերջում էլի դիմում են հանրությանը՝ ասելով՝ գուցե հանրությունն էդքան էլ լավ տեղեկացված չէ։ Եղել ա ժամանակ, որ մեր կառավարությունն ընդհանարպես լռել ա, ոչինչ չի ասել, ձեր բոլոր հեռուստաալիքներով ինչ ասես, ինչ սուտ ասես ասել եք, բոլոր հնարավոր ստերը տարածել եք։ Գիտե՞ք ասելիքի ճգնաժամն ինչից ա․ որովհետեւ իրենք ինչ հնարավոր է՝ ասել են, ճիշտ, սուտ, նոր ասելիք չեն կարողանում ձեւակերպել»,- ասաց նա։ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա, որ «ի սկզբանե փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան ու դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող դավաճանական օրակարգ են»։ «Երբ մենք հետեւողական, հստակ ասացինք, որ մենք գնում ենք էդ օրակարգին, եւ մենք ենք շահագրգռված էդ օրակարգով, չէք նկատե՞լ, որ Բաքվից այլեւս չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին, ընդհակառակը՝ փորձ է արվում օրակարգից դուրս բերել այդ հարցը»,- ասաց վարչապետը։
12:23 - 26 օգոստոսի, 2021
Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն.  Օհանյան |tert.am|

Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն. Օհանյան |tert.am|

tert.am: Կարծում եմ՝ ԱԺ-ում տեղի ունեցածի պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պարտվողական քայերի շարունակականությունը, նախընտրական քարոզչության ընթացքում ատելության, «մուրճ» ճոճելու, վախեցնելու քայլերը, ղեկավարության ոչ վայել արտահայտությունները: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին: «Ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե մենք ընդդիմություն ենք, այլ ես եմ պաշտպանության նախարարը: Այդ կաղապարված վիճակից պետք է  դուրս գալ. այս անտեղի խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում: Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, և բոլորի ժամանակ էլ ունեցել ենք թերություններ, բայց բանակից խոսում են մարդիկ, որոնք դրանից շատ հեռու են: Այո, իմ՝ նախարար եղած ժամանակ եղել են թերություններ, և ես չեմ խորշում այդ մասին խոսել, այդ թերություններն այսօր էլ կան: Դուք ուզում եք՝ ես վիրավորանքների, «արա»-ով խոսելու համար ծափահարե՞մ»,-հայտարարեց Օհանյանը: Անդրադառնալով Կառավարության 5-ամյա ծրագրին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե այն ոչ ամբողջությամբ է համապատասխանում պետության խնդիրներին. ռիսկերի, վտանգների, ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն  է:
12:06 - 26 օգոստոսի, 2021
Արթուր Վանեցյանը Փաշինյանին հորդորեց կանգ առնել եւ երկիրը չտանել դեպի վտանգավոր ծուղակ |hetq.am|

Արթուր Վանեցյանը Փաշինյանին հորդորեց կանգ առնել եւ երկիրը չտանել դեպի վտանգավոր ծուղակ |hetq.am|

hetq.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության ծրագրի քննարկմանն իր ելույթում ասաց` մինչ քննարկում են կառավարության հնգամյա ծրագիրը, որն ուղեկցվում է «մարտերով», զուգահեռ իրականությունում երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: «Մեր թշնամի երկիրը փակել է մի միջպետական ճանապարհ ու մինչև էս պահը տեղյակ չենք՝ Սյունիքը կտրվա՞ծ է մնացած մարզերից, թե ոչ: Պաշտպանության նախարարն ասում էր, եթե անգամ մեր ինքնիշխան տարածքից մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ, թշնամին դուրս է շպրտվելու։ Պարոն նախարար, խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը` միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե ոչ»,-ասաց նա: ԱԱԾ նախկին տնօրենը դիմեց նաև իր երբեմնի ղեկավարին` վարչապետ Փաշինյանին և հարցրեց, թե որ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան ավտոճանապարհի կարգավիճակը: Ըստ Վանեցյանի` իշխանական պատգամավորներն իրենց ելույթներով անուղղակի մեղադրանք հնչեցրին նաև Վազգեն Սարգսյանի հասցեին` ասելով, թե դավաճան են պաշտպանության այն բոլոր նախարարները, որոնց պաշտոնավարման շրջանում բանակից փողով կամ զանգով ազատվել են: Վանեցյանը պնդեց` անձամբ ճանաչում է մարդկանց, ովքեր բանակից ազատվել են Վազգեն Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:59 - 26 օգոստոսի, 2021
Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ

Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է․ վարչապետը համոզված է, որ, այո՛, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ «Էն մարդիկ, որոնք վիճարկում են՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպել, այնպիսին, ինչպիսին փորձել են կազմակերպել նոյեմբերի 10-ին»,- ասաց Փաշինյանը։ Նա խոսեց նաեւ այն ելույթների մասին, թե՝ «չգիտենք՝ Սյունիքը Հայաստանից կտրվա՞ծ է, թե՞ ոչ»․«Ձեզ ներկայացնում էիք որպես Սյունիքի ներկայացուցիչներ։ Դժվար է՞ մի հատ նիստից առաջ զանգել-տեղեկանալ։ Տեսնում ե՞ք, որ կապ չունեք, մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու աղբյուրը, դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ որպես Սյունիքի Դոն Կառլեոնեներ։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, որովհետեւ էնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամմեդ Ալի․․․ Ես սպասում էի, որ էսօր նա գոնե ԱԺ կգա՝ «Ваша киска купила бы Whiskas» գրությամբ շապիկով»,- ասաց Փաշինյանը՝ ըստ ամենայնի նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ Փաշինյանը հիշեցրեց դեկտեմբերի 19-ի իր ուղերձը, որում ինքը խոսում էր Գորիս-Կապան հատվածում խնդիրների մասին՝ ասելով, որ այդտեղ խնդիր ունենք, եւ իրենք քաղաքական որոշում են կայացրել, որի պատասխանատվությունն ինքը կրում է։ Այդ ուղերձից նա մեջբերում արեց․ «Այսօր արդեն ՌԴ սահմանապահ զորքերը լիարժեք ներկայացված են Սյունիքում, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե, այս առումով կարող են ծագել տրասնպորտային լոգիստիկ բարդույթուններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են, եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում՝ այդ թվում եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- ասաց Փաշինյանն ու հարց հնչեցրեց՝ մենք արդյունքում ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ու պատասխանեց․ «Ոչ, փոխարենը, ՊՆ-ն դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հավածն անցնում է վիճարկելի հատվածով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում երթեւեկության անխափան կազմակերպման նպատակով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից։ Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,- ընթերցեց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ սրա վերաբերյալ իերնք ամբողջական տեղեկություն են տվել, եւ տեղեկություն չեն տվել միայն այն հատվածների մասին, որոնք, ըստ իրեն, կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվտանգության հետ։ «Հիմա, որ գրել են վիճարկելի, էդ վիճարկելին մենք ե՞նք դարձրել վիճարկելի»,- ասաց վարչապետն ու նորից հիշեցրեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որի մասին բազմիցս խոսել է․ «Դա էլ մի կողմ՝ դուք գիտեք, որ 2010-ից եղել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նախագիծ։ Ոչ մի մեկնաբանության սա չի արժանացել։ Հիմա ասում են՝ էդ ինչ անկլավների, Տիգրանաշենի հարց է առաջանում։ Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսի-հարավ ճանապարհը նածագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։ Փաշինյանն ասաց, որ այն հատվածները, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայասատանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել, այդ տեղերը փակել են՝ որպես պատճառ բերելով, որ գիշերը հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին․ «Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, եւ կոչ ենք անում, որ եթե ադրբեջանական կողմը միջադպի հիմնավորումներ ունի, փոխանցի մեզ։ Բայց էն, ինչ տեղի է ւնեցել, հակասում է ՊՆ դեկտեմբերի 19-ի հայտարարությանը, որը ձեռք է բերվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, եւ ամրագրվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով նաև Սյունիքի իրավիճակին՝ նա ասաց․ «Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, եւ մենք, անկախ էս իրավիճակներից, էնպես ենք պլանավորել մեր աշխատանքները, որ տրանսպորտային երթեւեկությունը կարգավորենք եւ երաշխավորենք, եւ էդ աշխատանքները կշարունակվեն։ Ռազմավարական առումով հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումնէ լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես, նաեւ Շուռնուխ եւ Որոտան համայնքների ճանապարհների լավարկման աշխատանք է սկսված, որը մենք պարզապես կարագացնենք»։
11:45 - 26 օգոստոսի, 2021