Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Քննարկվել են ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին առնչվող հարցեր

ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 10-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր: «Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 3 տարիների համար հաստատված աշխատանքային պլանի, հերթական նիստի ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը»,- հայտնում են ԱԺ-ից: Պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում Արցախի հարցի շուրջ քննարկումների, հանձնաժողովին կից գործարարների խորհրդի ստեղծման, փորձագիտական խորհրդի գործունեության, համատեղ մշակութային ու կրթական միջոցառումների իրագործման, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, օրենսդրական դաշտի ներդաշնակեցման և մի շարք այլ հարցերի: ԵԱՏՄ շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցման համատեքստում կարևորվել է գործադիրի հետ համաձայնեցված աշխատանքը: Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների անցկացման համատեղ աշխատանքի իրականացման ձևաչափը:
15:02 - 11 նոյեմբերի, 2021
Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր. այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին. «Հայաստան» դաշինք

Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.   «Սիրելի հայրենակիցներ, Պարտության խորհրդանիշ իշխանությունը հերթական պայմանավորված զիջումն արեց․ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանն այլևս ամբողջությամբ վերցրել է իր վերահսկողության տակ: Կապիտուլյանտը հայտարարում էր՝ այդ ճանապարհով միշտ ազատ տեղաշարժվելու ենք: Հանրությանը խաբում էր հերթական անգամ: Հիմա հայտարարում է այլընտրանքային ճանապարհի մասին: Քանի դեռ այս վարչախումբը իշխանության է, նման խայտառակ զիջումները սպասելի են ամեն օր: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այլևս ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշումներ կայացնում է Ադրբեջանը: Հայաստանի սուվերեն տարածքում հակառակորդը ոչ միայն ֆիզիկապես է ներկա, այլ նաև տեղադրում է մաքսային ու սահմանային հսկողության կետեր: Այս իշխանությունն անկարող է, չի դիմադրելու Ադրբեջանին: Բայց մենք չենք համակերպվելու: Փաստորեն, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու՝ վարչախմբի օրակարգը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Կատարվածը ուղղակի սպառնալիք է՝ Սյունիքի մարզի մեր հայրենակիցների անվտանգության, Հայաստանի պաշտպանունակության առումով: Սա նաև տնտեսական լուրջ և անկառավարելի ռիսկեր է բովանդակում: Սիրելի հայրենակիցներ, ստեղծված աղետալի վիճակի այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է, ազգային-պետական շահը պաշտպանող նոր իշխանության ձևավորումը: Մենք սկզբնավորել ենք համազգային դիմադրություն իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Այսօրվա խնդիրը դիմադրության հզորացումն է, ամենօրյա աշխատանքն ու շարունակական ակցիաները: Մենք ճնշումների, ուժային կառույցների բռնարարքների դեմ չենք ընկճվելու, գնալու ենք մինչև վերջ: Սյունիքը չի զիջվելու, Արցախը չի հայաթափվելու, Հայաստանը չի թուրքացվելու։ Հայաստանը լինելու է ինքնիշխան պետություն, հայ մարդը դարձյալ ապրելու է արդար, ուժեղ երկրում»:
13:10 - 11 նոյեմբերի, 2021
Հայկ Կոնջորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Հայկ Կոնջորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների հարաբերություններում: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցին: Խմբակցության ղեկավարը խոսել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:
17:40 - 10 նոյեմբերի, 2021
Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային կմնա նաև հունվարի 2-ը. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»: Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը: «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը հիշեցրեց, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով: Նախարարը վստահեցրեց, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարը վստահեցրեց, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասաց Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Մայր Աթոռի կողմից ներկայացվող առաջարկները պետք է ջանասիրաբար քննարկման առարկա դառնան, դրանց էական նշանակություն տրվի: Նա հիշեցրեց, որ նման նախագիծը դեռ մշակվել էր 2017-2018 թթ՝ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: «Սակայն, այդ նախագծի  շրջանակներում էլ հաշվի էր առնվում մեռելոցի օրվա հետ կապված տրամաբանությունը և խորհուրդը: Հիմա այս պարագայում ինչու՞ է դրան այդպիսի դիմադրություն ցուցաբերվում, ինձ համար հասկանալի և ընդունելի չէ: Ինչ պետք է լինի, որ այսպիսի դիմադրություն դրա նկատմամբ ցուցաբերվի՝ առավել ևս պատերազմից հետո»,-ասաց պատգամավորը: Նախարար Քերոբյանը, անդրադառնալով Վարդևանյանի՝ «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությանը՝ ասաց. «Հայտի հայտարարությունից անցել է ուղիղ 1 տարի: Դրա մեջ նշված է նաև 5 տարի ժամկետ՝ որոշակի գործողություններ անելու համար: Եվ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է այդ 5 տարվա մեջ մաքսիմալ ուժեղանա: Այդ տեսանկյունից «առավել ևս պատերազմից հետո» արտահայտությունը մենք ընկալում ենք, որ պետք է միայն հնարավորինս շատ աշխատել, ամրապնդվել, որպեսզի այն մարտահրավերները, որոնք կան, կարողանանք հաղթահարել: Մեր զոհված եղբայրների հիշատակը լավագույնս պատվելու եղանակը հզոր հայրենիք ունենալն է»: «Հայաստան» խմբակցության առաջարկը նախարարը չընդունեց: Լրամշակված նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:
13:12 - 10 նոյեմբերի, 2021
Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը: Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում ևս, 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: «Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա: «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարևորեց՝ նշելով,  որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա ևս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,-ասաց նա: Պատգամավորը խոսեց նաև խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան փոխնմախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ: Ըստփոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է: Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:
12:19 - 10 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանը ներկայացրել են «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որով  առաջարկում են սեպտեմբերի 27-ը սահմանել Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ 44-օրյա պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելու օր: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Մարտական գործողությունները ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում: «Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի եւ ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ: Ադրբեջանական զինված ուժերն ու միջազգային վարձկանները թիրախավորել էին խաղաղ բնակչությանը, բուժհաստատությունները, դպրոցներն ու մանկապարտեզները: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ: Ադրբեջանի տիրապետության տակ անցան Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը: Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով մենք ունեցանք հազարավոր զոհեր: Արցախից տեղահանվեց ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են»: Նախագծի հիմնավորման համաձայն՝ միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին: «Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը եւ միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Արցախի բնակչության բնաջնջումից եւ աղետալի կորուստներից հնարավոր եղավ խուսափել հայկական զինված ուժերի, կամավորների, ՄՈԲ-ի աննկարագրելի հերոսության եւ անձնազոհության շնորհիվ: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար հերոսացած մեր հայրենակիցներին եւ վառ պահել նրանց հիշատակը: Սեպտեմբերի 27-ը մեր օրացույցում մշտապես մնալու է որպես ողբերգության եւ աղետի օր, եւ մեզ պետք է հիշեցնի նաեւ, հայկական զինված ուժերի բացառիկ հերոսության եւ անձնազոհության մասին»։
14:21 - 09 նոյեմբերի, 2021
Առաջարկվում է արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև 19 տարին լրանալը․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Առաջարկվում է արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև 19 տարին լրանալը․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Հանձնաժողովի նիստում ՀՀ փոխոստիկանապետ, նախագծի հիմնական զեկուցող Արա Ֆիդանյանն ասաց, որ մասնավորապես, առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամանակահատվածից բացի նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված բժշկական փորձաքննության ժամկետով։ «Օրինագծով միաժամանակ առաջարկվում է պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում, այն է՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով»։ Ֆիդանյանը հավելեց նաև, որ օրինագծերի ընդունման դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքում, երբ հիվանդությամբ պայմանավորված շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում։ Նախագծերով նաև առաջարկվում է անձնագրում անձի ցանկությամբ ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում։ Օրինագծով կատարավող մյուս փոփոխության նպատակն է հին նմուշի, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, այն է՝ 2022 թ․-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ը։ Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև օրենսդրական նախաձեռնությունների նպատակն ու նախապատմությունը։ Անդրադառնալով արական սեռի քաղաքացիների անձնագրերը մինչև 19 տարին լրանալը տրամադրելուն, Ֆիդանյանն ասաց․ «Երուսաղեմի մեր պատրիարքությունն էր նախ դիմել, որպեսզի հնարավորություն ընձեռվի այնտեղ ուսուցանող անձանց առավել երկար ժամկետով անձնագիր տրամադրել։ Հիմնականում խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ երկրներում, որպեսզի հնարավորություն լինի անձնագրում տվյալ երկրում կացության վիզա ձևակերպել, անհրաժեշտ է առնվազն 2 տարի վավերականության ժամկետով անձնագիր։ Հակառակ պարագայում, մինչև 18 տարեկանը լրանալը անձնագիր տրամադրելու դեպքում մեր համաքաղաքացիները կանգնում էին լուրջ խնդիրների առաջ, որովհետև դեռևս ուսումնական պրոցեսը ավարտված չէր լինում, միևնույն ժամանակ համապատասխան երկրների իրավապահ մարմինները այդ երկրում բնակվելու և ուսումնառության համար վիզայի տրամադրման հարցում մերժում էին»։ Ինչ վերաբերում է հիվանդությամբ պայմանավորված շարժվելու դեպքում  ունակությունը կորցրած անձանց հարազատների միջոցով անձնագրային գործողությունների համար դիմում ներկայացնելու հարցին, Ֆիդանյանն ասաց ՝ խնդիրը ևս առաջ է եկել վերջին շրջանում․  «Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ  անհրաժեշտություն էր առաջանում հրատապ կարգով պատերազմական գործողությունների մասնակից տղաներին արտերկիր տեղափոխել բուժման նպատակով, որոնք իրենք ի վիճակի չէին դիմելու անձնագրային գործողություններ կատարելու համար, և գործնականում կանգնում էին խնդիրների առաջ»։ Անձնագրում անձի ցանկությամբ ծննդավայր պետության փոխարեն մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը նշելու նպատակն էլ, Ֆիդանյանի խոսքով, այն է, որ բազմաթիվ երկրներ միջազգային ճանաչում չունեն․ «Մեր որոշ համաքաղաքացիներ արտերկրում ունենում էին խնդիրներ, դժվարություններ, երբ իրենց անձնագրերում նշված էր լինում այն պետության անվանումը, որը միջազգայնորեն ճանաչում չունի»։ Ֆիդանյանը ասաց նաև, որ առաջարկել են հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը ևս մեկ տարով երկարաձգել, որովհետև դեռևս ամբողջական չի ներդրվել անձնագրերի տրամադրման նոր համակարգը․ «Այդ համակարգի ներդրման ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանքներ են կատարվում, և վստահ եմ, որ մոտ ժամանակներս արդեն մրցույթ կհայտարարվի և մինչ տարեվերջ մենք կունենանք ամբողջովին ներդրված նոր համակարգ»։ Օրինագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։
11:47 - 09 նոյեմբերի, 2021
Էդուարդ Աղաջանյանը ՄԹ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին և գերիների վերադարձի խնդրին

Էդուարդ Աղաջանյանը ՄԹ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին և գերիների վերադարձի խնդրին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին  հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարեւորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին ջերմ ընդունելության համար՝ շնորհավորելով բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա եւս կարեւորել է փոխգործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող մի շարք միջազգային ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ է նշել դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության փաստը:Կողմերն անդրադարձել են մասնավորապես ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին եւ  Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարմանը:Խոսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաեւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին՝ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին եւ եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին: Նա մասնավորապես նշել է, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:
20:41 - 08 նոյեմբերի, 2021
2022 թ․-ին Հայաստանում կանցկացվի Կենսաբանության միջազգային օլիմպիադա․ Վահրամ Դումանյան

2022 թ․-ին Հայաստանում կանցկացվի Կենսաբանության միջազգային օլիմպիադա․ Վահրամ Դումանյան

2022 թ․-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել կենսաբանության միջազգային օլիմպիադա։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ 2022 թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «2022 թ․-ին Հայաստանում կանցկացվի Կենսաբանության միջազգային օլիմպիադա, որի համար այս ծրագրով նախատեսվել է 324 միլիոն դրամ, ինչպես նաև «STARMUS» փառատոնը, ինչի համար կրթության մշակույթի և սպորտի ոլորոտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացման ծրագրի գծով հատկացվել է 627 միլիոն դրամ»։ Ի պատասխան պատգամավորիների հարցերին, Դումանյանը ընդգծեց, որ Կենսաբանության միջազգային օլիմպիադան բացառիկ կարևորություն ունի․ «Այդ օլիմպիադային, եթե չեմ սխալվում, մասնակցում են առնվազն 80 երկրների դպրոցականներ։ Ինչպես մնացած բոլոր միջազգային դպրոցական առարկայական օլիմպիադաները, շատ հնչեղ և շատ կարևոր իրադարձություն է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այն անցնի բարձր մակարդակով»։  
14:59 - 08 նոյեմբերի, 2021
Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 155 մլն դրամ |armenpress.am|

Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար բյուջեից կհատկացվի 1 մլրդ 155 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է 2022-ին պետբյուջեից սահմանամերձ համայնքների պետական աջակցության համար հատկացնել 1 մլրդ 155 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետական բյուջեից նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 335 մլրդ 257 մլն դրամ, որից միայն 209 մլրդ 594 մլնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 մլրդ 663 մլնը՝ ընթացիկ բնույթի ծախսեր»,-ասաց Սանոսյանը: Տարածքային կառավարման մասով նախատեսվում է իրականացնել 8 խոշոր ծրագիր, որոնց մեջ ներառված է 131 մլրդ 40 մլն դրամ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին պետական աջակցության միջոցառմանը՝ նա ասաց. «Այստեղ ներառված է 1 մլրդ 155 մլն դրամ: Նախատեսված է ՀՀ 5 մարզերի թվով 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին աջակցություն ցուցաբերել՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և այլ արտոնությունների մասով»,-ասաց նախարարը: Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիաների տրամադրման համար նախատեսված է շուրջ 18 մլրդ դրամ հատկացնել:
16:25 - 05 նոյեմբերի, 2021
Վրաստանի հետ համագործակցության խորացումը բխում է եղբայրական և հարևանային  շահերի առաջնահերթություններից. Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վրաստանի հետ համագործակցության խորացումը բխում է եղբայրական և հարևանային շահերի առաջնահերթություններից. Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը: Հանդիպմանն արձանագրվել է հայ-վրացական բազմաբեւեռ հարաբերությունների եւ փոխգործակցության բարձր մակարդակը: Զրույց է ծավալվել երկու երկրների իշխանությունների տարբեր թեւերում առկա գործընկերային հարաբերությունների եւ դրանց ընդլայնման շուրջ: Այս համատեքստում  ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Վրաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունները չափազանց կարեւոր են բարեկամ երկրի հետ համատեղ աշխատանքային օրակարգեր ունենալու տեսանկյունից: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ  Վրաստանի հետ բոլոր ոլորտներում  համագործակցության խորացումը բխում է եղբայրական եւ հարեւանային  շահերի առաջնահերթություններից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի ՍԴ նախագահը կարեւորել է Հայաստան կատարած այցը՝ շեշտելով, որ երկու երկրների օրենսդիր մարմինների օրինակելի փոխգործակցությունը կարեւոր ցուցիչ է սահմանադրական դատարանների համար: Նրա խոսքով՝ Վրաստանի ՍԴ նիստերին իրենց մասնակցությունն են բերում պատգամավորները, ինչը մեծապես օգնում է օրինաստեղծ պրակտիկայի կատարելագործմանը: Կողմերը քննարկել են գործընկերային ամուր հիմքեր ունեցող ծրագրերի իրականացմանը միտված հարցեր:
15:03 - 05 նոյեմբերի, 2021
Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը |armenpress.am|

Իշխան Զաքարյանը մեկնաբանել է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքում է, ոչ հաստատում «Պատիվ ունեմ« խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին լուրերը: Զաքարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Լրագրողների հարցերին, թե արդյոք դու՞րս է գալիս խմբակցությունից, նա չպատասխանեց՝ նշելով շտապում է, փոխարենը երկուշաբթի օրը լրագրողներին հրավիրեց զրույցի: Հարցին, թե արդյոք հերքու՞մ է այդ լուրերը, Զաքարյանը պատասխանեց. «Ես ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Ասում եմ՝ երկուշաբթի կխոսենք»: Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը ընդդիմադիր պատգամավոր է, պնդեց. «Էլի եմ մնալու ընդդիմադիր, երբեք չկասկածեք, որ ընդդիմադիր եմ լինելու»: Հարցին՝ անգամ խմբակցությունից դուրս գալուց հետո՞, նա դրական պատասխան տվեց:
13:08 - 05 նոյեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ |armenpress.am|

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022-ին կուղղվի 34.7 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով նախարարությանը հատկացվելիք բյուջեին: «Ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով: Սակայն սրանից 36.2 մլրդը՝ կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 մլրդը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,-ասաց Մկրտչյանը: Նա ներկայացրեց պարգևավճարների և պատվովճարների ծրագրի վերջնական արդյունքը՝ առանձին կատեգորիայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացված է եղել 11.3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36 հազար 437 անձ: 2022 թվականի համար այս մասով նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար: Մյուս ծրագիրը անապահով սոցիալական խմբերի վերաբերում է աջակցությանը: «2022-ի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 306 հազար դրամ: 2020-ի ծախսը եղել է 30 մլրդ 797 մլն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված  եղել է 37 մլրդ 188 մլն 32 հազար դրամ»,- ասաց նախարարը:
11:18 - 05 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցելու 20-ամյակը: Նա մեծապես կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բարձր է գնահատվել մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: ԱԺ նախագահն ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական օրակարգի կարեւորությունը՝ փաստելով, որ  մեր երկիրը շարունակելու է շարժվել այդ օրակարգով: Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրողություններին առնչվող հարցեր, Հայաստանում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենսդրական բարեփոխումներին վերաբերող թեմաներ: Առանձնակի կարեւորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումը: Համազեկուցողները տեղեկացրել են, որ քննարկումներ են  ունեցել հայաստանյան գործընկերների հետ՝ առանձնացնելով փոխգործակցության  որոշ առաջնահերթություններ: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությանը: Մտքեր են փոխանակվել խորհրդարանում լրագրողների աշխատանքի շուրջ: Անդրադարձ է եղել  խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ՝ իշխանություն-ընդդիմութուն խորհրդարանական ձեւաչափի ներկա վիճակին:
16:29 - 04 նոյեմբերի, 2021
Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ |armenpress.am|

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարության 2022-ի բյուջեն 2021-ի համեմատ կավելանա 2.26 տոկոսով, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար կհատկացվի 2 մլրդ 295 մլն դրամ: Այս մասին հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: 2022-ին նախատեսվում է, որ ԱԳՆ-ի մասով պետք է իրականացվեն 5 ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն 8 միջոցառումներ: «Բյուջեի նախագծով առաջարկված ծախսերի հանրագումարը 2022-ի համար կազմում է 18 մլրդ 653 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեի համեմատությամբ ավելի 412 մլն դրամով կամ 2.26 տոկոսով»,-ասաց Խաչատրյանը: Նախարարը հնչեցրեց նաև այն թիվը, որը ծառայելու է միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները կատարելու համար: «Դա 2022-ի համար 2 մլրդ 295 մլն դրամ է՝ 2021-ի պետբյուջեով հաստատված 2 մլրդ 197 մլն դրամի փոխարեն: Աճը 4.47 տոկոս է»,- ասաց նա:
10:30 - 04 նոյեմբերի, 2021