Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում
14:21 - 09 նոյեմբերի, 2021

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանը ներկայացրել են «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որով  առաջարկում են սեպտեմբերի 27-ը սահմանել Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ 44-օրյա պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելու օր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Մարտական գործողությունները ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում: «Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի եւ ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ: Ադրբեջանական զինված ուժերն ու միջազգային վարձկանները թիրախավորել էին խաղաղ բնակչությանը, բուժհաստատությունները, դպրոցներն ու մանկապարտեզները: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ: Ադրբեջանի տիրապետության տակ անցան Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը: Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով մենք ունեցանք հազարավոր զոհեր: Արցախից տեղահանվեց ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են»:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին: «Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը եւ միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Արցախի բնակչության բնաջնջումից եւ աղետալի կորուստներից հնարավոր եղավ խուսափել հայկական զինված ուժերի, կամավորների, ՄՈԲ-ի աննկարագրելի հերոսության եւ անձնազոհության շնորհիվ: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար հերոսացած մեր հայրենակիցներին եւ վառ պահել նրանց հիշատակը: Սեպտեմբերի 27-ը մեր օրացույցում մշտապես մնալու է որպես ողբերգության եւ աղետի օր, եւ մեզ պետք է հիշեցնի նաեւ, հայկական զինված ուժերի բացառիկ հերոսության եւ անձնազոհության մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել