Առաջարկվում է արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև 19 տարին լրանալը․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին
11:47 - 09 նոյեմբերի, 2021

Առաջարկվում է արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև 19 տարին լրանալը․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։

Հանձնաժողովի նիստում ՀՀ փոխոստիկանապետ, նախագծի հիմնական զեկուցող Արա Ֆիդանյանն ասաց, որ մասնավորապես, առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամանակահատվածից բացի նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված բժշկական փորձաքննության ժամկետով։ «Օրինագծով միաժամանակ առաջարկվում է պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում, այն է՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով»։

Ֆիդանյանը հավելեց նաև, որ օրինագծերի ընդունման դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքում, երբ հիվանդությամբ պայմանավորված շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում։ Նախագծերով նաև առաջարկվում է անձնագրում անձի ցանկությամբ ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում։

Օրինագծով կատարավող մյուս փոփոխության նպատակն է հին նմուշի, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, այն է՝ 2022 թ․-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թ․-ի դեկտեմբերի 31-ը։

Արա Ֆիդանյանը ներկայացրեց նաև օրենսդրական նախաձեռնությունների նպատակն ու նախապատմությունը։

Անդրադառնալով արական սեռի քաղաքացիների անձնագրերը մինչև 19 տարին լրանալը տրամադրելուն, Ֆիդանյանն ասաց․ «Երուսաղեմի մեր պատրիարքությունն էր նախ դիմել, որպեսզի հնարավորություն ընձեռվի այնտեղ ուսուցանող անձանց առավել երկար ժամկետով անձնագիր տրամադրել։ Հիմնականում խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ երկրներում, որպեսզի հնարավորություն լինի անձնագրում տվյալ երկրում կացության վիզա ձևակերպել, անհրաժեշտ է առնվազն 2 տարի վավերականության ժամկետով անձնագիր։ Հակառակ պարագայում, մինչև 18 տարեկանը լրանալը անձնագիր տրամադրելու դեպքում մեր համաքաղաքացիները կանգնում էին լուրջ խնդիրների առաջ, որովհետև դեռևս ուսումնական պրոցեսը ավարտված չէր լինում, միևնույն ժամանակ համապատասխան երկրների իրավապահ մարմինները այդ երկրում բնակվելու և ուսումնառության համար վիզայի տրամադրման հարցում մերժում էին»։

Ինչ վերաբերում է հիվանդությամբ պայմանավորված շարժվելու դեպքում  ունակությունը կորցրած անձանց հարազատների միջոցով անձնագրային գործողությունների համար դիմում ներկայացնելու հարցին, Ֆիդանյանն ասաց ՝ խնդիրը ևս առաջ է եկել վերջին շրջանում․  «Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ  անհրաժեշտություն էր առաջանում հրատապ կարգով պատերազմական գործողությունների մասնակից տղաներին արտերկիր տեղափոխել բուժման նպատակով, որոնք իրենք ի վիճակի չէին դիմելու անձնագրային գործողություններ կատարելու համար, և գործնականում կանգնում էին խնդիրների առաջ»։

Անձնագրում անձի ցանկությամբ ծննդավայր պետության փոխարեն մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը նշելու նպատակն էլ, Ֆիդանյանի խոսքով, այն է, որ բազմաթիվ երկրներ միջազգային ճանաչում չունեն․ «Մեր որոշ համաքաղաքացիներ արտերկրում ունենում էին խնդիրներ, դժվարություններ, երբ իրենց անձնագրերում նշված էր լինում այն պետության անվանումը, որը միջազգայնորեն ճանաչում չունի»։

Ֆիդանյանը ասաց նաև, որ առաջարկել են հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը ևս մեկ տարով երկարաձգել, որովհետև դեռևս ամբողջական չի ներդրվել անձնագրերի տրամադրման նոր համակարգը․ «Այդ համակարգի ներդրման ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանքներ են կատարվում, և վստահ եմ, որ մոտ ժամանակներս արդեն մրցույթ կհայտարարվի և մինչ տարեվերջ մենք կունենանք ամբողջովին ներդրված նոր համակարգ»։

Օրինագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել