Ինֆոքոմ

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը նիդերլանդական GasTerra ընկերությանը

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը նիդերլանդական GasTerra ընկերությանը

«Գազպրոմը» հաստատել է գազի մատակարարման լիարժեք դադարեցումը նիդերլանդական GasTerra գազային ընկերությանը՝ ռուբլով վճարումներ չկատարելու պատճառով։ Այս մասին ասված է հոլդինգի հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մայիսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ՝ «Գազպրոմ էքսպորտը» GasTerra B.V ընկերությունից չի ստացել ապրիլին մատակարարված գազի դիմաց վճարը»։ Իսկ երեկ «Գազպրոմ էքսպորտը» հաղորդել էր, որ մայիսի 31-ից դադարեցնում է ռուսական գազի մատակարարումը նշված ընկերությանը։ Ավելի վաղ GasTerra-ն հայտարարել էր, որ որոշել է չկատարել մատակարարված գազի համար ռուսական ռուբլով վճարելու մասին «Գազպրոմի» պահանջը։ Ընկերությունն իր որոշումը բացատրել էր նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցների խախտման։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021 թ-ին ՌԴ-ն Նիդերլանդներ է արտահանել շուրջ 6,67 մլրդ կուբամետր գազ, որն այդ երկրի գազի պահանջարկի 16%-ն է կազմում։   Նորա Վանյան
16:23 - 31 մայիսի, 2022
Լավրովը հնարավոր է համարել հացահատիկով բեռնված նավերի ելքն ուկրաինական նավահանգիստներից

Լավրովը հնարավոր է համարել հացահատիկով բեռնված նավերի ելքն ուկրաինական նավահանգիստներից

Ռուսաստանցի զինվորականները կապահովեն ուկրաինական ցորենով բեռնված նավերի ելքը նավահանգիստներից, եթե Կիևը զբաղվի իր տարածքային ջրերի ականազերծմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտը», ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա այս թեման քննարկել է Մանամայում՝ Բահրեյնի արտգործնախարարի հետ բանակացությունների ժամանակ։ Լավրովի պնդմամբ՝ Մոսկվան արդեն մեկ ամսից ավելի է՝ միջոցներ է ձեռնարկում, որոնք պետք է երաշխավորեն հացահատիկի դուրսբերումն ուկրաինական նավահանգիստներից։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, նախարարը չի հստակեցրել։ Սերգեյ Լավրովն ասել է, որ հացահատիկի արտահանման համար անհրաժեշտ է, որ ականազերծվեն Ուկրաինայի տարածքային առափնյա ջրերը։ «Եթե ականազերծման այս խնդիրը լուծվի, իսկ մենք արդեն երկար շաբաթներ մեր արևմտյան գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցին, ապա բաց ծովում Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերը կապահովեն այդ նավերի անխափան ելքը դեպի Միջերկրական ծով, այնուհետև՝ դեպի ուղևորման կետ», - վստահեցրել է նախարարը։ Ուկրաինական նավահանգիստներն արգելափակված են ռուսական ռազմանավերով, ինչպես նաև՝ տարածքային ջրերն ականապատված են Ուկրաինայի կողմից։ Գերմանիան հայտնել է, որ ուկրաինական նավահանգիստներում արգելափակված է 25 մլն տոննա հացահատիկ, ՄԱԿ-ի տվյալներով՝ 14 մլն տոննա։ Նորա Վանյան
15:31 - 31 մայիսի, 2022
Ցույցեր Իրանում՝ Աբադան քաղաքում շենքի փլուզումից հետո․ The Guardian

Ցույցեր Իրանում՝ Աբադան քաղաքում շենքի փլուզումից հետո․ The Guardian

Իրանի Աբադան քաղաքում մայիսի 23-ին 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով, վերջին տվյալներով,  31 մարդ է զոհվել։ Այս դեպքը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Guardian-ը գրում է այն մասին, թե ինչի դեմ են բողոքում մարդիկ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Իրանի հարավ-արևմուտքում շենքի փլուզումից հետո, որը 31 մարդու մահվան պատճառ է դարձել, զայրացած ցուցարարները թույլ չեն տվել խոսել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղարկած բանագնաց Մոհսեն Հեյդարիին։ Դատելով համացանցում տարածված տեսագրություններից՝ ոստիկանությունը ցույցը ցրել է՝ կիրառելով մահակներ և արցունքաբեր գազ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում լարվածությունն աճում  է սննդամթերքի գների աճի և տնտեսական մյուս խնդիրների, ինչպես նաև գերտերությունների հետ միջուկային գործարքի չկայացման ֆոնին։ Թեև ցույցերը դեռևս, կարծես, առաջնորդներ չունեն, սակայն անկարգությունների ուժեղացման վտանգ կա։ Թեհրանի և Արևմուտքի միջև լարվածությունն արդեն աճել է այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մայիսի 27-ին առգրավել է նավթով բեռնած հունական  երկու նավ։ Այաթոլա Մոհսեն Հեյդարի Ալեքասիրն Աբադանում փորձել է դիմել փլուզված «Մետրոպոլ» 10-հարկանի շենքի մոտ հավաքված և զոհերի մահը սգացող անձանց, սակայն նրանք սկսել են բղավել և թույլ չեն տվել Հեյդարիին ավարտել խոսքը։ Թիկնապահներով շրջապատված 60-ամյա հոգևորականը փորձել է շարունակել ելույթը, բայց չի կարողացել։ Նա կրկին դիմել է մարդկանց․ «Թանկագիններ, խնդրում եմ՝ հանդարտվեք որպես հարգանքի նշան դեպի Աբադանը, նրա նահատակները և զոհերը, որոնց մահն այսօր սգում է Իրանի ամբողջ ժողովուրդը»։ «Անամոթներ»,- ի պատասխան՝ վանկարկել է ամբոխը։ Պետական հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։ Իրանական Hamshahri և Fars պարբերականները հայտնել են, որ ցուցարարները վազել են դեպի հարթակը, որտեղ պետական հեռուստատեսությունը տեղադրել էր իր տեսախցիկը, և ընդհատել հեռարձակումը։ Ոստիկանությունն ամբոխին հրահանգել է Իսլամական Հանրապետության դեմ կարգախոսներ չվանկարկել և լքել տարածքը, քանի որ ցույցն արտոնված չէ։ Ավելի ուշ տեսագրություններից հայտնի է դարձել, որ ոստիկանները մահակներով ծեծել են ցուցարարներին, արցունքաբեր գազ կիրառել։ Մայիսի 23-ին Աբադանում շենքի փլուզումից հետո երկրի իշխանությունը հաստատել է, որ շենքի սեփականատերն ու կոռուպմացված պետական պաշտոնյաները թույլատրել են շարունակել շենքի շինարարությունը՝ չնայած կատարված աշխատանքների անորակության վերաբերյալ մտահոգություններին։ Այս ողբերգական դեպքի հետաքննության շրջանակում կալանավորվել է 13 մարդ, այդ թվում Աբադանի քաղաքապետը։ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության տվյալներով փրկարարներն այսօր ևս երկու մարմին են դուրս բերել փլատակներից, այդպիսով՝ զոհերի թիվը հասել է 31-ի։ Իշխանությունը մտավախություն ունի, որ փլատակների տակ ավելի շատ մարդ կարող է մնացած լինել։ Փլուզման այս դեպքը հարցեր է բարձրացրել երկրում նույնպիսի շենքերի անվտանգության մասին և ընդգծել է իրանական շիննախագծերի ոլորտում առկա ճգնաժամը։ Դեպքը շատերին հիշեցրել է 2017 թ.-ին Թեհրանի «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհն ու փլուզումը, որը 26 մարդու կյանք է խլել։ Թեհրանի արտակարգ իրավիճակկների վարչությունը զգուշացրել է, որ մայրաքաղաքում 129 բարձրահարկեր վթարային են։ Երկրի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին խոստացել է անհապաղ լուծել խնդիրը։ Աբադանում նախկինում ողբերգական այլ դեպքեր էլ են տեղի ունեցել։ 1978 թ.-ին «Ռեքս» կինոթատրոնի դիտավորյալ հրդեհման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այս դեպքն անկարգություններ է սադրել Իրանի՝ նավթով հարուստ շրջաններում և նպաստել է իսլամական հեղափոխությանը, որի արդյունքում գահընկեց է արվել Մոհամմադ Ռեզա Փահլավի շահը»։   Նորա Վանյան
09:49 - 31 մայիսի, 2022
G7 երկրները որոշել են աստիճանաբար հրաժարվել ածխից՝ էլեկտրաէներգիայի արտադրման համար, բայց մանևրելու տեղ են թողել․ CNN

G7 երկրները որոշել են աստիճանաբար հրաժարվել ածխից՝ էլեկտրաէներգիայի արտադրման համար, բայց մանևրելու տեղ են թողել․ CNN

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն այսօր համաձայնության են եկել մինչև 2035 թ-ը «մեծապես ապակարբոնացնել» էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտը։ Սա մի մեծ քայլ է, որն, ըստ փորձագետների, աշխարհին թույլ կտա կանխարգելել կլիմայի աղետալի փոփոխությունները, գրում է CNN-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «G7 երկրների կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարարները Բեռլինում կայացած հանդիպումն ամփոփող 40-էջանոց կոմյունիկեում նոր պարտավորություն են ստանձնել՝ վերջնականապես հրաժարվելու ածխի միջոցով էլեկտրաէներգիա արտադրելուց, սակայն վերջնաժամկետ չեն նշել։ Ապակարբոնացման մասին այս որոշումն, ամեն դեպքում, տեղ է թողնում, որ երկրները շարունակեն օգտագործել հանածո վառելիքը, եթե դրանցում ջերմոցային գազերի արտանետումը «նվազեցվում է»։ Սա նշանակում է, որ նրանք այրման հետևանքով ավելի քիչ արտանետումներ են ունենում։ Ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարող չեզոքացնել հանածո վառելիքի այրման հետևանքով արտանետվող ջերմոցային գազերի 100%-ը։ G7-ի երկրներն են ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Մեծ Բրտանիան: Էներգետիկ կամ կլիմայական հարցերով նրանց որոշումները հաճախ հետո ներկայացվում են ավելի լայն «Մեծ քսանյակի» (G20) երկրներին, որոնց բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 80%-ը։ G20 երկրները նոյեմբերին հանդիպելու են Բալիում։ Այս որոշումը կայացվել է ուկրաինական պատերազմի ֆոնին, որը սրել է էներգիայի՝ էկոլոգիապես ավելի մաքուր աղբյուրների անցնելու անհրաժեշտությունը, հատկապես՝ Եվրոպայում։ Կոմյունիկեում «Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել չարգելափակել հանածո վառելիքի սուբսիդավորումը, որոնք նախատեսված են հակամարտության հետևանքների հաղթահարման համար։ «Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք նրան, որ աջակցության մեր միջոցները ժամանակավոր և թիրախային լինեն, և վերահաստատում ենք մեր որոշումը՝ չեղարկելու անարդյունավետ հանածո վառելիքի սուբսիդիաները մինչև 2025 թ-ը», - ասված է փաստաթղթում։ Կլիմայական և էներգետիկ հարցերի հետազոտական Ember խմբի գլխավոր գործառնական տնօրեն Ֆիլ Մակդոնալդն ասում է, որ այս որոշումը «փոխում է խաղի կանոնները»։ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 2035 թ-ն էլեկտրաէներգիայի ապակարբոնացումը զրոյական մակարդակի հասնելու ամենաարագ և ամենաէժան ուղին է», - ասում է նա՝ նկատի ունենալով այն նպատակակետը, երբ աշխարհի երկրները հնարավորինս քիչ ջերմոցային գազեր արտանետեն և փոխհատուցեն այն արտանետումները, որոնցից հնարավոր չէ խուսափել։ Զարգացած երկրները ձգտում են զրոյական մակարդակի հասնել մինչև 2050 թ-ը։ ««Մեծ յոթնյակն» այսօր ճիշտ ուղղությամբ քայլ է կատարել՝ ժամկետ սահմանելով էլեկրաէներգիայի արտադրման ոլորտի զգալի ապակարբոնացման համար, - ասում է E3G վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական Մարիա Պաստուխովան։ - Սա կարևոր ազդակ է մնացած աշխարհի համար այն մասին, որ ներկայիս ճգնաժամն ու հանածո վառելիքի նոր մատակարարումների ապահովման ջանքերը ժամանակային սահմանափակում են ունենալու»»։   Նորա Վանյան    
19:52 - 30 մայիսի, 2022
Ռուսաստանի դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չկան․ Պեսկով

Ռուսաստանի դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չկան․ Պեսկով

Ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարման պրակտիկան ապացուցել է իր արդյունավետությունը, որի արդյունքում՝ ռուսական եվրոպարտատոմսերի անվանատերերի հետ նույն մեխանիզմով հաշվարկների իրականացումը Կրեմլը երկու կողմերի համար գրավիչ է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտը», ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ընդհանուր առմամբ, գազի դիմաց վճարումների պրակտիկան ցույց է տվել իր հարմարավետությունն ինչպես վաճառող կողմի, այնպես էլ՝ գնորդների համար։ Ուրեմն ինչո՞ւ այն չօգտագործել, բայց՝ հակառակ հաջորդականությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ եվրոբոնդերի վճարային նոր մեխանիզմի մասին Ռուսաստանի ֆինանսների նախարարության վերջին հայտարարության իրատեսական լինելու մասին հարցին։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ երկրի ֆինանսների նախարարությունը «շփումներ է ունենալու» բոնդերի սեփականատերերի հետ՝ այս նորամուծության հաստատման հարցով, և բացառել է դեֆոլտի հնարավորությունն անգամ, եթե արժեթղթերի սեփականատերերը բացասական պատասխանեն առաջարկին։ «Դեֆոլտի համար որևէ օբյեկտիվ պատճառ լինել չի կարող։ Փող կա։ Ամեն ինչ կախված կլինի շփումներից», - ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել էր, որ ՌԴ-ն մտադիր է ռուսական եվրոբոնդերի անվանատերերին կատարելիք վճարումներն իրականացնել «ոչ բարեկամ երկրների» կողմից ռուսական գազի դիմաց վճարման նոր մեխանիզմի նմանությամբ։ «Այնպես, ինչպես տեղի է ունենում գազի դիմաց ռուբլով վճարումը․ մեզ փոխանցում են արտարժույթ, այստեղ այն [գազի գնորդի – խմբ․] հանձնարարությամբ փոխարկվում է ռուբլու։ Եվրոբոնդերի վճարման մեխանիզմը գործելու է նույն եղանակով, միայն թե՝ հակառակ ուղղությամբ», - ասել էր Սիլուանովը։   Նորա Վանյան
17:20 - 30 մայիսի, 2022
Եվրամիության գագաթնաժողովից առաջ ԵՄ դիվանագետները քննարկում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Եվրամիության գագաթնաժողովից առաջ ԵՄ դիվանագետները քննարկում են ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետներն այսօր հանդիպել են, որպեսզի օրվա երկրորդ կեսին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ վերջին անգամ փորձեն պայմանավորվածության գալ ռուսական նավթի ներկրման դեմ պատժամիջոցների շուրջ, հայտնում է Reuters-ը։ Գագաթնաժողովի եզրակացության նախնական տարբերակի համաձայն, որին ծանոթացել է Reuters-ը՝ 27 երկրների առաջնորդները պետք է համաձայնության գան, որ պատժամիջոցների նոր փաթեթը տարածվելու է նավթի վրա՝ խողովակաշարով մատակարարվող նավթի ժամանակավոր բացառությամբ։ Այս հարցի շուրջ փոխզիջման չի հաջողվել գալ կիրակի օրը։ Սակայն ԵՄ երկրների առաջնորդները, որոնք Բրյուսելում կհանդիպեն օրվա երկրորդ կեսին, վերջնականապես չեն համաձայնեցնի այս ժամանակավոր բացառության պայմանները, նշվում է տեքստում, որը դեռ կարող է վերանայվել։ Փոխարենը նրանք դիվանգետներին և նախարարներին կխնդրեն գտնել լուծում, որը կապահովի արդար մրցակցությունն այն երկրների միջև, որոնք դեռևս ներկրում են ռուսական նավթը, և այն երկրների, որոնք այլևս նավթ չեն աստանում Ռուսաստանից։ Եվրամիության առաջնորդները կհայտարարեն աջակցությունն Ուկրաինային շարունակելու մասին, կքննարկեն հակամարտության հետևանքների հաղթահարման ուղիները, հատկապես՝ էներգակիների գների կտրուկ աճը և հասունացող պարենային ճգնաժամը։   Նորա Վանյան
15:36 - 30 մայիսի, 2022
Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Զելենսկին Խարկովի շրջան է այցելել և ծանոթացել օպերատիվ իրավիճակին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի շրջան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր, գրում է ՈւՆԻԱՆ-ը։ Երկրի ղեկավարը ծաոթացել է ուկրաինական ստորաբաժանումների պատասխանատվության գոտում առկա օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև զինծառայողներին պետական պարգևներ է շնորհել։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին՝ ծառայության համար։ Դուք ամեն օր ձեր կյանքը վտագում եք մեզ բոլորիս և մեր պետության համար։ Շնորհակալություն Ուկրաինայի անկախությունը պաշտպանելու համար», - ասել է նա։ Ինչպես գրում է Reuters-ը, ռուսական ներխուժումից ի վեր՝ սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Կիևի շրջանից դուրս։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ ներկա պահին շրջանի 31%-ը «ժամանակավորապես օկուպացված է» Ռուսաստանի կողմից, 5%-ն ազատագրվել է։   Նորա Վանյան
18:16 - 29 մայիսի, 2022
«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ֆիննական և շվեդական պատվիրակությունների հետ բանակցությունները «սպասված մակարդակով» չեն անցել, և Անկարան չի կարող «այո» ասել «ահաբեկչությունը սատարող» երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։ «Քանի դեռ Թայիփ Էրդողանն է Թուրքիայի Հանրապետության ղեկավարը, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այն երկրների անդամակցությանը, որոնք սատարում են ահաբեկչությունը», - ասել է նա։ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի առնչությամբ առարկություններ ունի այն հիմքով, թե այդ երկրներն օգնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող անձանց։ Նա այս երկրներից պահանջում է նաև չեղարկել 2019 թ-ին Անկարային զենքի մատակարարման էմբարգոն։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են, որ դատապարտում են ահաբեկչությունը։ Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում։ «Երկուշաբթի հեռախոսազրույց եմ ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք շարունակելու ենք կողմերին կոչ անել օգտագործելու երկխոսության և դիվանագիտության խողովակները», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:45 - 29 մայիսի, 2022
«Տրտմության եռանկյունին» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող

«Տրտմության եռանկյունին» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնի հաղթող

Շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդի «Տրտմության եռանկյունին» («Triangle of Sadness») ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում, գրում է Reuters-ը։ Ֆիլմը պատմում է երկու մոդելների մասին, որոնք շքեղ դասի ճամփորդության են մեկնում, այնուհետև հայտնվում անմարդաբնակ կղզում՝ մաքրուհու և միլիարդատեր հյուրերի հետ միասին։ Միայն մաքրուհին ունի ողջ մնալու հմտություններ, և սոցիալական դերերը գլխիվայր շուռ են գալիս։ «Երբ մենք սկսեցինք ֆիլմի նկարահանումները, կարծում եմ՝ մի նպատակ ունեինք․ իրոք, ամեն կերպ փորձել հանդիսատեսի համար կլանող ֆիլմ ստանալ և այնպիսի բովանդակություն առաջարկել, որը ստիպում է մտածել», - ասել է ֆիլմի ռեժիսոր Օստլունդը։ Գրան-պրի մրցանակը շահել է միանգամից երկու ֆիլմ՝ բելգիացի ռեժիսոր Լուկաս Դոնտի «Մտերմություն» («Close») ֆիլմն ու ֆրանսիացի ռեժիսոր Կլեր Դենիի «Աստղերը՝ միջօրեին» («Stars at Noon») ֆիլմը։ Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել Պակ Չան Ուկը՝ «Հեռանալու որոշում» («Decision to Leave») ֆիլմի համար։ Լավագույն դերասան է ճանաչվել հարավկորեացի դերասան Սոն Կան Հոն («Բրոքեր»/«Broker»), լավագույն դերասանուհի՝ իրանցի Զար Ամիր-Էբրահիմին («Սուրբ սարդ»/ «Holy Spider»)։   Լուսանկարում՝ շվեդ ռեժիսոր Ռուբեն Օստլունդը Նորա Վանյան  
16:31 - 29 մայիսի, 2022
Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Առարկայական քննարկումներ են եղել երկկողմանի հարաբերությունների արդիական օրակարգի հարցերի շուրջ՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձերք բերվել, մասնավորապես, այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է բնական գազի անխափան մատակարարումները Սերբիային», - նշված է հաղորդագրությունում։ Բացի այդ, կողմերը «կարծիքներով են փոխանակվել մի շարք միջազգային թեմաների՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Կոսովոյի շուրջ իրադարձությունների զարգացման շուրջ»։   Նորա Վանյան
15:23 - 29 մայիսի, 2022
Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝  ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Սա ջրբաժան է, ով ուզում է`ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել. Սաղաթելյանը՝ ԱԺ արտահերթ նիստին իրենց նախաձեռնության մասին

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա երկուշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ հասցեական գնալու են դռնեդուռ, որ բոլորը դիրքորոշում հայտնեն՝ կողմ են արդյոք այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են ուրբաթ օրն ընդունել ԱԺ արտահերթ նիստին։  «Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինել, սրանք նվազագույն պահանջներն են հայ մնալու, պետություն ունենալու: Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք  ուժերը եւ գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է․ ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետեւ այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա: Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,-ասաց նա: Սաղաթելյանի խոսքով՝ բոլորը՝ սկսած իշխող խմբակցության պատգամավորներից ու կառավարության անդամներից, պետք է պատասխանեն այդ հարցին։ Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնել, որը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին։ 
23:13 - 28 մայիսի, 2022