Ռուսաստանի դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չկան․ Պեսկով
17:20 - 30 մայիսի, 2022

Ռուսաստանի դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չկան․ Պեսկով

Ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարման պրակտիկան ապացուցել է իր արդյունավետությունը, որի արդյունքում՝ ռուսական եվրոպարտատոմսերի անվանատերերի հետ նույն մեխանիզմով հաշվարկների իրականացումը Կրեմլը երկու կողմերի համար գրավիչ է համարում։ Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտը», ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ, գազի դիմաց վճարումների պրակտիկան ցույց է տվել իր հարմարավետությունն ինչպես վաճառող կողմի, այնպես էլ՝ գնորդների համար։ Ուրեմն ինչո՞ւ այն չօգտագործել, բայց՝ հակառակ հաջորդականությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԴ եվրոբոնդերի վճարային նոր մեխանիզմի մասին Ռուսաստանի ֆինանսների նախարարության վերջին հայտարարության իրատեսական լինելու մասին հարցին։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ երկրի ֆինանսների նախարարությունը «շփումներ է ունենալու» բոնդերի սեփականատերերի հետ՝ այս նորամուծության հաստատման հարցով, և բացառել է դեֆոլտի հնարավորությունն անգամ, եթե արժեթղթերի սեփականատերերը բացասական պատասխանեն առաջարկին։

«Դեֆոլտի համար որևէ օբյեկտիվ պատճառ լինել չի կարող։ Փող կա։ Ամեն ինչ կախված կլինի շփումներից», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել էր, որ ՌԴ-ն մտադիր է ռուսական եվրոբոնդերի անվանատերերին կատարելիք վճարումներն իրականացնել «ոչ բարեկամ երկրների» կողմից ռուսական գազի դիմաց վճարման նոր մեխանիզմի նմանությամբ։

«Այնպես, ինչպես տեղի է ունենում գազի դիմաց ռուբլով վճարումը․ մեզ փոխանցում են արտարժույթ, այստեղ այն [գազի գնորդի – խմբ․] հանձնարարությամբ փոխարկվում է ռուբլու։ Եվրոբոնդերի վճարման մեխանիզմը գործելու է նույն եղանակով, միայն թե՝ հակառակ ուղղությամբ», - ասել էր Սիլուանովը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել