Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս վեցերորդ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]
18:34 - 17 հունիսի, 2021

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս վեցերորդ [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Infocom-ն ուսումնասիրում է կուսակցությունների նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը։ Արդեն ներկայացրել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը։ Այժմ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ վարչապետի թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Առաջին նախագահը որպես դրամական միջոց հայտարարագրել է 2010 ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, կազմում է 1 մլն 27 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 հողամաս, 3 հասարակական տարածք և 1 ավտոմեքենա՝ «Լինքոլն Թաունքար» մակնիշի։

Կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոց հայտարարագրած թեկնածուն Հայկ Մաղաքելյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար գումար, որը, դրամի վերածած, կազմում է 5 մլրդ 130 մլն ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Մաղաքելյանը հայտարարագրել է 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան և 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոտնակ։ Մաղաքելյանը բաժնեմասեր ունի «ՄԳԳ», «Արմմեդպրոմ», «ԿՌՔՎԶ», «Ավտոդավ+», «ԺԲԻ-13» և «Դոնեցկի էքսկավատոր» ընկերություններում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Հայկ Մաղաքելյանի գրանցումը՝ Անձնագրային և վիզաների վարչության՝ վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկանքը կեղծելու հիմքով։

Պատգամավորի թեկնածու Գրիգորի Գրիգորյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 2 մլն 219 հազար ՀՀ դրամ, 1 մլն 756 հազար 295 ԱՄՆ դոլար, 10 եվրո և 56 ֆունտստերլինգ, որը, դրամի վերածած, կազմում է 899 մլն 733 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանը հայտարարգրել է 3 առանձնատուն, 2 բնակարան, գյուղատնտեսական նշանակության 1 հող և բնակելի կառուցապատման 1 հող։ Գրիգորյանը բաժնեմաս ունի «Արմենիա» և «Դիագնոստիկա» բժշկական կենտրոն ընկերություններում։

Բագրատ Ասատրյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 4 մլն 500 հազար ՀՀ դրամ, 388 հազար 600 ԱՄՆ դոլար և 80 հազար 500 եվրո գումար, որը, դրամի վերածած, կազմում է 251 մլն 898 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Ասատրյանը հայտարարագրել է 1 բնակարան։ Վերջինս բաժնեմաս ունի «Գառնի Ինվեստ» ընկերությունում։

Պատգամավորի թեկնածու Արամ Բարեղամյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 հողամաս, 4 վարելահող և 1 ավտոմոբիլ։ Բարեղամյանը բաժնեմաս ունի «Լեռնաբեկոր» ընկերությունում։ Պատգամավորի թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել։

Արտակ Առաքելյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 15 մլն 73 հազար ՀՀ դրամ և 7000 ԱՄՆ դոլար գումար, որը, դրամի վերածած, կազմում է 18 մլն 650 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Առաքելյանը հայտարարագրել է 1 շինություն և 1 ավտոմոբիլ։ Նա բաժնեմաս ունի «Իմպրինտ» ընկերությունում։

Պատգամավորի թեկնածու Ինեսսա Գաբայանը հայտարարագրել է 21 անշարժ գույք, այդ թվում՝ 2 բնակելի տուն, 1 բնակարան, 1 շինություն, 1 այգետնակ, 1 նկուղ, արդյունաբերական և այլ արտադրական նշանակության 1 տարածք, 1 հողամաս, 3 ավտոկայանատեղի և գյուղատնտեսական նշանակության 10 հող։ Գաբայանը հայտարարագրել է 10 շարժական գույք՝ 4 բեռնատար ավտոմեքենա, 5 թեթև մարդատար ավտոմեքենա և 1 ավտոկռունկ։ Պատգամավորի թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել։ Գաբայանը բաժնեմաս ունի «Էդ․ Գրիգ Շին» ընկերությունում։

Լևիկ Խաչատրյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 այգեգործական հողամաս, 1 գյուղատնտեսական հողամաս և 1 հողամաս։ Խաչատրյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 հազար դրամ։ Նա բաժնեմասեր ունի «Կապիտան Վ․ Լ․ Շ․» և «Զարթոնք-90» ընկերություններում։

Պատգամավորի թեկնածու Վիկտոր Գասպարյանը դրամական միջոց չի հայտարարագրել։ Գասպարյանը հայտարարագրել է 1 շինություն և 1 մեքենա։ Նա բաժնեմաս ունի «Վատռա» ընկերությունում։

Վահագն Մամիկոյանը հայտարարագրել է 600 հազար ՀՀ դրամ և 1 շինություն։ Մամիկոնյանը բաժնեմաս ունի «ՏԻԳՎԱ» ընկերությունում։

Պատգամավորի թեկնածու Սամվել Կարաբեկյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 851 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Կարաբեկյանը հայտարարագրել է 2 բնակարան։ Նա «Հայէկոնոմբանկ» ընկերությունում ունի բաժնետոմս։

Գագիկ Ադամյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 հազար ՀՀ դարմ։ Բացի այդ՝ նա հայտարարագրել է 1 շինություն, 1 հողամաս և 1 ավտոմեքենա։ Ադամյանը բաժնեմաս ունի «Էլիմո» ընկերությունում։

Ռաֆայել Գրիգորյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 3 մլն ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանն ունի 2 հողամաս և 1 մեքենա։ Նա բաժնեմաս ունի «Ռամարտ» ընկերությունում։

Այսպիսով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Հայկ Մաղաքելյանն է, որի գրանցումը, սակայն, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել։ Ընդհանուր առմամբ, կուսակցության պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները, միասին վերցրած, կազմում է 111 մլն 464 հազար 500 ՀՀ դրամ, 12 մլն 340 հազար ԱՄՆ դոլար, 90 հազար 580 եվրո, 80 եվրո և 56 ֆունտստերլինգ։ Ընդհանուր առմամբ, ողջ գումարը, դրամի վերածած, կազմում է 6 մլրդ 470 մլն 786 հազար ՀՀ դրամ։

Նարեկ Մարտիրոսյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել