Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]
18:05 - 09 հունիսի, 2021

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս առաջին [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցվելուց հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որում ներառված են ինչպես կուսակցության, այնպես էլ կուսակցությունում ներգրավված պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։ 

Infocom-ն ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը, որոնցում ընդգրկված են գործարարներ և բավականին շատ դրամական միջոցներ ունեցող անձինք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են 157 պատգամավորի թեկնածուներ, որում ներառված չեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Կուսակցության վարչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարագրի ներկայացման պահին չի ունեցել և չի հայտարարագրել դրամական միջոցներ։ Վարչապետի թեկնածուն չի հայտարարագրել նաև շարժական և անշարժ գույք։ Վերջինս միայն ներկայացրել է աշխատավարձից ստացված եկամուտը։

Կուսակցության ամենահարուստ, ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած թեկնածուն Գուրգերն Արսենյանն է։ Վերջինս հայտարարագրել է 26 մլն 520 հազար ՀՀ դրամ, 11 մլն 702 հազար 131 ԱՄՆ դոլար և 140 հազար 200 եվրո գումար։ Եթե ամբողջը վերածենք ՀՀ դրամի, ապա պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 6 մլրդ 164 մլն 567 հազար ՀՀ դրամ։ Արսենյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս ունի 18 անշարժ գույք, այդ թվում 4 շենք, 3 շինություն և 11 հողամաս։ Արսենյանն ունի 4 մեքենա՝ «Ռենջ Ռովեր L405», «Մերսեդես Բենց S63», «Նիսսան X-Trail 2.5l» և «Բենտլի Bentayga 4.0T»։

Պատգամավորի թեկնածու Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 22 թանկարժեք գույք, այդ թվում 51 մլն 300 հազար դրամ և 82 մլն դրամ արժողությամբ 2 ժամացույց, 32 մլն 55 հազար դրամ արժողությամբ 1 ոսկյա ձուլակտոր և  532 մլն 900 հազար դրամ արժողությամբ 19 նկար։

Արսենյանը 8 ընկերությունների՝ «Արսօյլ» ՓԲԸ (100%), «Յունիքորն ֆլորա» ՓԲԸ (100%), «Յունիքորն փրինթ» ՓԲԸ (100%), «Յունիքորն քոնսթաքշըն» ՓԲԸ (100%), «Յունիքորն գրուպ» ՓԲԸ (100%), «Յունիքորն սերվիս» ՓԲԸ (100%), «Վկրեդիտ 24» ՍՊԸ (13%), և «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ (51%) բաժնետեր է։

Հայտարարագրած դրամական միջոցներով երկրորդ տեղում է Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս հայտարարագրել է 4 մլրդ 851 մլն 752 հազար ՀՀ դրամ, 2 մլն 5 հազար 651 ԱՄՆ դոլար և 185 հազար եվրո գումար։ Սուքիասյանի հայտարարագրած դրամական միջոցները ՀՀ դրամի վերածած կազմում է շուրջ 6 մլրդ 4 մլն 853 հազար ՀՀ դրամ։ Սուքիսայանը հայտարարագրել է 37 անշարժ գույք, այդ թվում 22 շինություն և 15 հողամաս։

Սուքիասյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 29 թանկարժեք գույք, այդ թվում 4 նկար «Գրիգորի Խանջյան», 2 նկար «Մարտիրոս Սարյան», 3 նկար «Մինաս», 1 նկար «Կոջոյան», 5 նկար «Գարզու», 1 նկար «Ա․ Ֆյոդորով», 2 նկար «ԱվեԱրթուր», 2 նկար «Վարդան», 2 նկար «Գուռուզ», 5 ձեռագործ հնաոճ խալի, 1 հնաոճ կահույք և 1 հնաոճ տնային ժամացույց։ Նշված թանկարժեք գույքերի արժեքները նշված չեն։

Խաչատուր Սուքիասյանը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում ունի 12․02% հասարակ և 5,75% արտոնյալ բաժնետոմս, «Սիլ Ինշուրանս» ՓԲԸ-ում և «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ում 25% բաժնետոմս, «Նարեկ» ՍՊԸ-ում, «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում և «Առաջ» ՍՊԸ-ում 25% բաժնեմաս, «Երևանի «Զովք» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 16% բաժնետոմս, «Բջնի գրուպ» ՍՊԸ-ում 20% բաժնեմաս, «Ինլոբբի» ՍՊԸ-ում 90% բաժնեմաս, «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ-ում 100% բաժնեմաս և «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» ՀՁ ԲԲԸ-ում 45․17% բաժնետոմս։ Ընդհանուր առմամբ Խաչատուր Սուքիասյանը բաժնեմասեր և բաժնետոմսեր ունի 11 ընկերությունում։

Կուսակցության նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է 78 մլն 450 հազար ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար որպես հայտարարագրման պահին առկա դրամական միջոց։ Ընդհանուր առմամբ Տիգրան Պետրոսյանի հայտարարագրած գումարը ՀՀ դրամով կազմում է 114 մլն 640 հազար ՀՀ դրամ։ Պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 2 մեքենա և 4 անշարժ գույք, այդ թվում 2 բնակարան և 2 հողամաս։

Ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ հաջորդը Ռոբերտ Աֆանդյանն է։ Վերջինս հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար գումար։ Ռոբերտ Աֆանդյանի դրամական միջոցները ՀՀ դրամով կազմում են 56 մլն 190 հազար։ Աֆանդյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում 3 բնակարան և 1 տարածք։ Պատգամավորի թեկնածուն ունի 3 ավտոմեքենա՝ «Մերսեդես E-350», «Մերսեդես ML» և «Օպել Աստռա G»։ Աֆանդյանը հայտարարագրել է 2 ոսկե շղթա 8 մլն դրամ արժողությամբ։

Նշված 4 պատգամավորի թեկնածուներն ամենաշատ դրամական միջոց հայտարարագրածներն էին։ Ինչպես նաև նրանցից երկուսը բացի հայտարարագրած դրամական միջոցներից, ունեն նաև մեծաքանակ թանկարժեք գույք, անշարժ և շարժական գույք, ինչպես նաև մի շարք ընկերությունների բաժնետեր են։ Սակայն կան պատգամավորի թեկնածուներ, որոնց դրամական միջոցները շատ չեն զիջում ներկայացվածներից։ 

Պատգամավորի թեկնածուներից ոմանց մոտ 2018 թվականի խոհրդարանական ընտրություններից հետո դրամական միջոցները շեշտակի ավելացել են։ Օրինակ՝ պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել է 400 հազար ՀՀ դրամ, այս ընտրություններից առաջ դրամական միջոցները 16 մլն 350 հազար են։ Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի ընտրություններից առաջ որպես դրամական միջոց հայտարարագրել էր 450 հազար ՀՀ դրամ, այժմ հայտարարագրել է 11 մլն 768 հազար ՀՀ դրամ։ Սուրեն Պապիկյանը 2018 թվականի ընտրություններից առաջ հայտարարագրել էր 2 մլն 500 հազար ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար, որը դրամի վերածած կազմում է շուրջ 3 մլն 17 հազար։ Այս ընտրություններից առաջ հայտարարագրել է 14 մլն ՀՀ դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար և 4500 եվրո դրամական միջոց։ Վերջինները դրամի վերածած կազմում են 23 մլն 547 հազար դրամ, ինչը նախորդ հայտարարագրածից ավելի է շուրջ 20 մլն 530 հազարով։

Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք հայտարարագիր ներկայացրած բոլոր պատգամավորի թեկնածուների միայն դրամական միջոցները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում տեղ գտած անձանց դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 558 մլն 492 հազար ՀՀ դրամ, 14 մլն 304 հազար 488 ԱՄՆ դոլար, 417 հազար 192 եվրո, 270․000 ռուբլի, 45 լարի և 0,5 բիթքոին։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա ընդհանուր առմամբ կուսակցության թեկնածուների դրամական միջոցները կազմում են 14 մլրդ 805 մլն 635 հազար ՀՀ դրամ և 0,5 բիթքոին։ Նշենք, որ սրանք միայն դրամական միջոցներն են, որոնցում ներառված չեն անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև թանկարժեք գույքը։ Վերևում ներկայացված 4 թեկնածուների եկամուտը միասին կազմում է 12 մլրդ 340 մլն 250 հազար, որը կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր դրամական միջոցների 83․3%-ն է։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել