Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երկրորդ [«Հայաստան» դաշինք]
18:36 - 10 հունիսի,2021

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երկրորդ [«Հայաստան» դաշինք]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցվելուց հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որում ներառված են ինչպես կուսակցության, այնպես էլ կուսակցությունում ներգրավված պատգամավորի թեկնածուների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը և շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։ 

Infocom-ն արդեն ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված գործարարների և բավականին շատ դրամական միջոց հայտարարագրած պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը։ Բացի դրանից ուսումնասիրել ենք «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընգրկված շատ դրամական միջոցներ և սեփականություն հայտարարագրած պատգամավորի թեկնածուներին։

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտարարագիր են ներկայացրել 75-ը։ Համաձայն ներկայացված հայտարարագրերի՝ որպես դրամական միջոց ամենաշատ հայտարարագրած պատգամավորի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջինս հայտարարագրման պահին ունեցել է 980 մլն ՀՀ դրամ և 1մլն 927 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ 2 մլրդ 187 մլն 265 հազար։ Քոչարյանը բացի դրամական միջոցներից հայտարարագրել է 1 բնակարան և 1 բնակելի տուն։ Վերջինս «Սիստեմա ԲՖԿ»-ում ունի 0․0306% բաժնետոմս։ Քոչարյանը հանդիսանում է նաև այս ընկերության անկախ տնօրենը։

Հայտարարագրած դրամական միջոցներով երկրորդը Դավիթ Սեդրակյանն է։ Սեդրակյանը հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 1 մլրդ 420 մլն 630 հազար ՀՀ դրամ և 750 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ Սեդրակյանի հայտարարագրածը կազմում է 1 մլրդ 808 մլն 5 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 34 անշարժ գույք, այդ թվում՝ 3 բնակարան, 1 շենք, 7 շինություն, 1 պահեստ, 5 խորդանոց, 1 կրպակ, 1 ծածկ, 1 էստակադա, հարթակ, 7 ավտոկայանատեղ, 3 տարածք և 4 հողամաս։ Սեդրակյանը «Դավիթ և Էլինա», «Դռագսման», «Դռագսման Սթոր», «Դռագսման Մարկետ», «Պարս» ՍՊԸ-ների 100% բաժնետեր է։ Բացի այս ընկերություններից Սեդրակյանը բաժնեմաս ունի «Բիդեք» ՍՊԸ-ում՝ 75%, «Նարիպրոֆ» ՍՊԸ-ում 50% և «Բեստ Ֆրենդս» ՍՊԸ-ում 25%: Ընդհանուր առմամբ պատգամավորի թեկնածուն 8 ընկերությունում ունի բաժնեմաս։

Պատգամավորի թեկնածու Արսեն Հախնազարյանը հայտարարագրման պահին որպես դրամական միջոց հայտարարագրել է 546 մլն 300 հազար ՀՀ դրամ, 1 մլն 205 հազար 600 ԱՄՆ դոլար, 511 հազար եվրո, 10 մլն ռուբլի, 40 հազար լարի և 30 հազար կանադական դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ Հախնազարյանի դրամական միջոցները կազմում են 1 մլրդ 588 մլն 313 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Հախնազարյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք, այդ թվում՝ 2 բնակարան և 2 ավտոհանգրվան, ինչպես նաև 2 շարժական գույք՝ «Mercedes-Benz GLE 400 4Matic Coupe» և «Hyundai Azera 2.4L» մակնիշների։ Հախնազարյանը 33․34% բաժնետոմս ունի «Սմարթ Չոյս» ՍՊԸ-ում, 30% բաժնետոմս «Էկո Սոլուշնս» ՍՊԸ-ում, 100% «Սմարտ ֆայնես» ՍՊԸ-ում, 34% «Սմարթ Սեթ» ՍՊԸ-ում, 23․36% փայաբաժին «Սմարթ ֆայնես ֆորդ» ՍՊԸ-ում և 2 պարտատոմս «Արարատբանկ»-ում՝ 2,8% և 4,6%:

«Հայաստան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սայաթ Շիրինյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 250 մլն ՀՀ դրամ, 750 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ հայտարարագրած գումարները ՀՀ դրամի վերածած կազմում են 731 մլն 350 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Շիրինյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 ավտոտնակ և 2 ավտոմեքենա՝ «Տոյոտա ավենսիս ZRT271» և «Լեքսուս RX 450 H» մակնիշների։ Շիրինյանի միակ եկամտի աղբյուրը նշված է կենսաթոշակից գոյացող գումարը։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նույնպես ընդգրկված է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում։ Առուշանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 230 մլն ՀՀ դրամ, 295 հազար ԱՄՆ դոլար, 105 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ գումարը ՀՀ դրամի վերածած կազմում է 448 մլն 150 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Առուշանյանը հայտարարագրել է 2 հողամաս, 1 անհատական բնակելի տուն, 1 արտադրական նշանակության շինություն և 1 բեռնատար «Զիլ 130»։

Արթուր Ղազինյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 30 մլն ՀՀ դրամ, 500 հազար ԱՄՆ դոլար, 200 հազար եվրո։ Եթե վերածենք ՀՀ դրամի, ապա Ղազինյանի դրամական միջոցները 413 մլն 550 հազար ՀՀ դրամ են։ Բացի դրամական միջոցներից Ղազինյանը հայտարարագրել է 1 տուն, 1 հողամաս և 1 ավտոմեքենա՝ «Jaguar XJL 3.0» մակնիշի։

Լևոն Քոչարյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 161 մլն 280 հազար ՀՀ դրամ և 395 հազար 460 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 365 մլն 535 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Քոչարյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոտնակ, 1 գրասենյակային տարածք և 2 ավտոմեքենա՝ «Toyota RAV4 2.5» և «Toyota Camry 3.5p» մակնիշների։ Քոչարյանը 60% բաժնեմաս ունի «Նաիրի Ինշուրանս»-ում, 50% «Ջեմկոմինվեստ»-ում, 33․3% «Սփեյս Մենեջմենթ»-ում և 0․70% բաժնետոմս «Էքզել Աութդորս»-ում։

Պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 9 մլն 800 հազար ՀՀ դրամ, 408 հազար ԱՄՆ դոլար և 212 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ՝ 353 մլն 350 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Հակոբյանը հայտարարագրել է 4 բնակարան, 3 ավտոկայանատեղի, 1 հողամաս, 2 մարդատար ավտոմոբիլ՝ «Lexus ES 250» և «Mercedes-Benz V250 D 4Matic» մակնիշների և 1 մոտոցիկլ։ Հակոբյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող 6 թանկարժեք գույք, այդ թվում՝ 17 հազար դոլար արժողությամբ «Hublot» ժամացույց, 11 մլն դրամ արժողությամբ «Vacheron Constantin» ժամացույց, 12 մլն դրամ արժողությամբ «Breguet» ժամացույց, 18 հազար դոլար արժողությամբ Մարտիրոս Սարյանի «Սևան» ջրանկար, 150 հազար դոլար արժողությամբ Մարտիրոս Սարյանի յուղանկար և 200 հազար դոլար արժողությամբ Հովհաննես Այվազովսկու նկար։ Հակոբյանը 10% բաժնետոմս ունի «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում։

Անդրանիկ Թևանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 5 մլն 800 հազար ՀՀ դրամ, 358 հազար ԱՄՆ դոլար և 124 հազար եվրո գումար։ Ընդհանուր առմամբ՝ 268 մլն 393 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից Թևանյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոտնակ և 1 ավտոմեքենա՝ «Honda CR-V» մակնիշի։

Բացի վերը նշված անձանցից «Հայաստան» դաշինքով առաջադրվել են այլ անձինք, որոնք ընկերություններում ունեն բաժնեմասեր։ Տիգրան Բարսեղյանը 100% բաժնետեր է «Բիմմօ» ՍՊԸ-ում։ «Վեների», «Վեների Իմմո», «Սագատի ֆիշ», «Ջիտիէս-իմմո» ՍՊԸ-ներում ունի 50% բաժնեմաս։ Վերջինս հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոմեքենա և 53 մլն 737 հազար ՀՀ դրամ գումար։

Ալեքսանդր Խաչատրյանը բաժնեմասեր ունի «Թիքեյ ընդ Փարթներս», «Free Invest S. A.», ««Կամավոր 1» բաց պայմանագրային հրապարակային ֆոնդ» և ««Կամավոր 2» բաց պայմանագրային հրապարակային ֆոնդ» ընկերություններում։ Խաչատրյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 քոթեջ և 35 մլն 710 հազար ՀՀ դրամ դրամական միջոց։

Յուրի Համբարյանը բաժնեմաս ունի «Ռ և Հ Տրանս», «Մայ Նետ», «Լոռի Բիյր» և  «Սպայդեր Սիստեմ» ընկերություններում։ Պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 3 բնակարան, 2 ավտոտնակ, 2 հողամաս, 1 տարածք և 1 ավտոմեքենա՝ «Toyota Camry 2.5» մակնիշի։ Դրամական միջոցները կազմում են 112 մլն 644 հազար ՀՀ դրամ։ 

«Հայաստան» դաշինքով առաջադրված Հռիփսիմե Ստամբուլյանը 100% բաժնետոմս ունի «Անռիվա-Տրանս», «Անռիվա-Տուր», «Անռիվա-Ռիելթի» և «Քորդոբա» ընկերություններում։ Ստամբուլյանը հայտարարագրել է 1 անհատական տուն, 1 բնակարան, 1 հասարակական բնակավայր, 2 հողատարածք և 1 ավտոմեքենա՝ «Lexus rx 350» մակնիշի։ Որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք հայտարարագրել է 10 մլն դրամ արժողությամբ «Omega de ville» ժամացույց։ Ստամբուլյանի դրամական միջոցները կազմում են 146 մլն 125 հազար ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ներկայացրած հայտարարագրերում առկա միայն դրամական միջոցները, ապա դրանք կազմում են 4 մլրդ 468 մլն 687 հազար ՀՀ դրամ, 7 մլն 849 հազար 780 դոլար, 1 մլն 642 հազար 560 եվրո, 15 մլն 502 հազար 700 ռուբլի, 40 հազար լարի և 30 հազար կանադական դոլար։ Գումարը ՀՀ դրամի վերածած կազմում է 9 մլրդ 930 մլն 286 հազար ՀՀ դրամ։ Վերևում նշված 13 պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները միասին վերցրած կազմում են 8 մլրդ 512 մլն 127 հազար ՀՀ դրամ, որը հայտարարագիր ներկայացրած պատգամավորի բոլոր թեկնածուների դրամական միջոցների 85,7%-ն է։

Նարեկ Մարտիրոսյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել