Մենք դեմ ենք ցանկացած նոր բացվող հանքի․ Սիրանուշ Ամիրաղյանը՝ Նոյեմբերյանում նախատեսվող «Ամուլսարը հանք չի՛ լինելու» ակցիայի մասին

Այսօր՝ օգոստոսի 16-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի կունենա խաղաղ ակցիա՝ հանուն Ամուլսարի և տարածաշրջանի բնության փրկության։Ակցիան նախաձեռնել է «Ռեստարտ» Նոյեմբերյան համայնքի երիտասարդական խումբը։ infocom.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Սիրանուշ Ամիրաղյանն ասաց, որ այն սկսվելու է երեկոյան 18։30-ին, Նոյեմբերյան համայնքի զբոսայգում։

«Ուղղակի խաղաղ երթ է լինելու․այսպես ասած՝ ի աջակցություն ջերմուկցիների։ Առհասարակ մենք գտնում ենք, որ հանքարդյունաբերությունը չպետք է լինի Հայաստանի զարգացման ուղին։ Մենք դեմ ենք ցանկացած նոր բացվող հանքի։ Ակցիան խաղաղ բնույթ է կրելու և չունի որևէ քաղաքական ինֆո։ Քանի որ 2018 թվականին Նոյեմբերյանում նույնպես փորձում էին հանքարդյունաբերության սկիզբ դնել, մենք հասկանալով դրա կարևորությունը այսօր աջակցում ենք ջերմուկցիներին»,- իր խոսքում նշեց Ամիրաղյանը։

Հարցին, թե արդյո՞ք ակցիա իրականացնելու գաղափարին նպաստեց 2018-ին Նոյեմբերյանում տեղի ունեցած դեպքերի հանգամանքը, Ամիրաղյանը պատասխանեց, որ իր կարծիքով, նոյեմբերյանցիները իրենց մաշկի վրա զգացել են այս ամենը և նաև այդ պատճառով աջակցում են ջերմուկցիներին։

«Ես վստահ եմ, որ Ամուլսարի շահագործումը հանգեցնելու է լուրջ էկոլոգիական վնասների։ Որպես քաղաքացի դեմ եմ, առհասարակ, Հայաստանում որևէ տեղ ծանր մետաղական հանքարդյունաբերության բացմանը։ Ես գտնում եմ, որ մեր երկիրը կարող ենք զարգացնել այլ ոլորտների՝ տուրիզմի, ինտելեկտուալ ոլորտների շնորհիվ»,- հավելեց ակցիայի մասնակիցը։

Խոսելով համայնքում առկա արձագանքների մասին, Ամիրաղյանը նշեց, որ այսօրվա ակցիայի կազմակերպումը եղել է հանպատրաստից և արձագանքների մասին տեղյակ չէ, իսկ ընդհանրապես՝ նոր բացվող հանքերի վերաբերյալ համայնքի կարծիքը բացասական է։ Ամիրաղյանն ընդգծեց, որ 2018 թվականին համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրագիր և 3000 հոգի միացել են այդ նախաձեռնությանը։ Ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց այս քայլը կլինի վարակիչ և այլ համայնքներում նույնպես կիրականցվեն ակցիաներ՝ ի աջակցություն ջերմուկցիների։

x