Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի նախագիծը քննարկել են նաև շահառուների, քաղաքացիական հասարակության, բանկերի և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման օժանդակության և սոցիալական բնակարանային ֆոնդում բնակության իրավունքի տրամադրման հնարավորություններին: Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու ընդգծել ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման անհրաժեշտությունը:
20:36 - 26 ապրիլի, 2024
Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը։  Այս առիթով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել է հանդիսավոր արարողություն։ Արարողությանը մասնակցում են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը, Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները և այլ անձինք։ Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի դադարեցման մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել էր 2021թվականին։ Այստեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:
11:35 - 26 ապրիլի, 2024
Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունները

Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունները

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Ստորեւ՝ այդ հանդիպումների մասին Արցախ Միության մամուլի հաղորդագրությունը։ Նստաշրջանի օրակարգում էր Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի ներքո Ադրբեջանի պարտավորությունների կատարումը: Վերջինիս վերաբերյալ I.C.Law-ն, Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն մարտի 18-ին համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Կոմիտեին ներկայացրած Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին: Խոսնակները ելույթ են ունեցել Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների համար նախատեսված ճեպազրույցում՝ ներկայացնելով 2016-ից ի վեր ադրբեջանցիների կողմից էթնիկ ատելության հիմքով հայերի նկատմամբ խոշտանգումների դեպքերը: Նրանք ընդգծել են, որ ադրբեջանական հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է 2020-2023թթ. խոշտանգումների և այլ ոճրագործությունների կտրուկ աճի, որոնց հետևանքով Արցախի ժողովուրդը ենթարկվել է տասնամսյա շրջափակման և ամբողջական ու բռնի տեղահանման: Քալֆայանն ու Բեգլարյանը հատուկ անդրադարձել են ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումներին՝ հղում անելով հայրենիք վերադարձած հայ գերիների վկայություններին: Այդ համատեքստում նրանք կարևորել են միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ պաշտպանելու և ազատելու ադրբեջանական բանտերում որպես գերի պահվող հայերին: Մասնակցելով նաև Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամների և Ադրբեջանի պատվիրակության միջև քննարկմանը՝ ՀԿ-ների ներկայացուցիչները հերթական անգամ արձանագրեցին, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները բազմաթիվ կեղծ տեղեկություններ տրամադրում միջազգային հանրության ներկայացուցիչներին, կոծկում իրենց կատարած զանգվածային ոճրագործությունները և ամբողջապես խեղում ղարաբաղյան հակամարտության էությունը: Կոմիտեի փորձագետ և երկրի համազեկուցող Թոդ Բուխվալդն ասաց, որ բազմաթիվ հաղորդումներ են եղել հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների մասին․ «Մի սարսափելի տեսանյութում երևում էր, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գլխատում տանջվող հայ տղամարդու, իսկ հավաքված ամբոխը՝ ծափահարում և ոգևորում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ազգամիջյան ատելության այս և այլ դեպքերը հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։ Ադրբեջանի պատվիրակությունը պատասխանել է, որ Ադրբեջանը ժխտել է հայ ռազմագերիների նկատմամբ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան վերաբերմունք չցուցաբերելու մասին պնդումները։ Ըստ պատվիրակության անդամների՝ ռազմագերիները չեն ենթարկվել խոշտանգումների և ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին։ Պատվիրակությունը նաև պնդել է, որ Գլխավոր դատախազությունը հետաքննություն է իրականացրել՝ տեսագրված հայ կալանավորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Ըստ նրանց՝ որոշ զինվորականներ մեղավոր են ճանաչվել հայկական դիակները և գերեզմանները պղծելու մեջ և ենթարկվել են կարգապահական տույժերի կամ բանտարկության, իսկ Հայաստանի քաղաքացիների սպանության համար երկու անձ դատապարտվել է ազատազրկման։ Քալֆայանն ու Բեգլարյանը նաև հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի, Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով աշխատանքային խմբի և այլ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք ներկայացրել են տվյալ մարմինների լիազորություններին առնչվող ադրբեջանական հանցագործություններն ու հիմնախնդիրները, որոնց բախվել և բախվում են հայերն Արցախում ու Հայաստանում:
21:22 - 25 ապրիլի, 2024
Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկխոսության մասին։ Ալիևը կարծիք է հայտնել, որ խաղաղ բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթաց գրանցելու մեծ հավանականություն կա։ Բանակցությունների մեկնարկի սկզբնական փուլին անդրադառնալով՝ նա հիշեցրել է, թե խաղաղ գործընթացի նախաձեռնողը Ադրբեջանն է եղել, սակայն Հայաստանը չի արձագանքել։ Ավելի ուշ Ադրբեջանը, Ալիևի խոսքով, հանդես է եկել խաղաղության համաձայնագրի 5 հիմնական սկզբունքների առաջարկով, և բանակցությունները սկսվել են հենց այդ սկզբունքների հիման վրա։  Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հայաստանը այդ սկզբունքներին ավելացրել է այլ կետեր, ինչպես օրինակ, «Լեռնային Ղարաբաղի հարցը»։  «Սա էր հիմնական պատճառը, որ չկարողացանք առաջընթաց գրանցել։ Նրանք (հայկական կողմը-խմբ․) պնդում էին, որ այդ դրույթը ներառվի, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի էր, և մենք գտանք, որ չենք կարող համաձայնության գալ»,- ասել է Իլհամ Ալիևը։  Ըստ Ալիևի՝ դա տևեց մինչև անցյալ տարվա սեպտեմբեր (Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի՝ տեղահանության ենթարկելով Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը)։ Ալիևը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին տեղի ունեցավ իր հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ապա երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեցին, և միայն հիմա կարելի է ասել, որ կողմերը մոտենում են իրական բանակցություններին։  Ալիևը պնդել է, թե «Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վերականգնումից հետո (Արցախի օկուպացիայից և արցախահայության տեղահանությունից հետո-խմբ․) Հայաստանը հանել է ԼՂ-ին վերաբերող կետը ևՂարաբաղ բառի ոչ մի ասպեկտ այլեւս չի նշում»։   Ադրբեջանի նախագահի խոսքով՝ 30 տարի հնարավոր չի եղել համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, այն ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չի եղել, բայց հիմա այն կա և երկու կողմերն էլ ունեն խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամք։ 
11:03 - 25 ապրիլի, 2024
Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
 |armenpress.am|

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆի՝ X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձն ամբողջությամբ․ «109 տարի առաջ Օսմանյան կայսրությունը սկսեց համաձայնեցված և համակարգված ջանքեր՝ ոչնչացնելու հայ ժողովրդին: Բոլոր խավերի հայերը հավաքվել են և դաժանաբար սպանվել. գրողներին, արվեստագետներին, ձեռնարկատերերին, հոգևորականներին խոշտանգել և ողջ-ողջ այրել են եկեղեցիներում, նորածիններին գողացել են իրենց ծնողների գրկից, ավելի քան մեկ միլիոն տղամարդ, կին և երեխա սպանվել է։ Ընտանիքները կոտորվել են ամենադաժան ձևերով:  Եվ, այնուամենայնիվ, չնայած այս մեթոդական զանգվածային սպանության, այս ցեղասպանության ճնշող և անընդհատ աճող ապացույցներին, Թուրքիան ձեռնամուխ է եղել երկար ու վտանգավոր արշավի՝ ժխտելու ցեղասպանությունը և լռեցնելու յուրաքանչյուրին, ով ձգտում է խոսել ճշմարտության մասին:  Ես հանդիպել եմ կենդանի մնացածների հետ: Ինձ ընդունել են իրենց տները: Ես լսել եմ նրանց պատմությունները, թե ինչպես են սպանվել իրենց ծնողները, մորաքույրներն ու հորեղբայրները, թե ինչպես են ոչնչացվել նրանց ունեցվածքը և կյանքը, որը նրանց ընտանիքները կառուցել են: Ես դիտել եմ, թե ինչպես են նրանք վերապրում ցավը նորից ու նորից՝ վերաբացելով վերքը՝ կենդանի պահելու իրենց ընտանիքների պատմությունը:  2019 թվականին Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն և երկկուսակցական տարբերությամբ ընդունեց իմ որոշումը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: 2021 թվականին նախագահ Բայդենը վերջապես մի կողմ թողեց մեր ազգի տասնամյակների ամոթալի լռությունը՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:  Այս պատմական ձեռքբերումները տեղի են ունեցել ամուր և հարատև հայկական սփյուռքի և տասնամյակների աշխատանքի շնորհիվ: Դա հազարավոր ակտիվիստների, կազմակերպությունների, համայնքների և հավատքի առաջնորդների ջանքերի վկայությունն է: Սա մարդու իրավունքների և ճշմարտության հաղթանակ է, և դա մի բան է, որին մենք հասել ենք միասին աշխատելով: Բայց մենք գիտենք, որ դեռ շատ կարևոր,  դժվարին աշխատանք կա անելու: Այս վերքերը դեռ բաց են։ Դրանք լիովին չեն բուժվել, և ողբերգական ձևերով ոմանք էլ ավելի են մեծանում:  Մինչ օրս Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմում է մեկ դար առաջվա ցեղասպանական լեզվին և գործողություններին` Թուրքիայի աջակցությամբ: Նրանք հարձակվեցին Արցախի վրա 2020 թվականին, շրջափակեցին Արցախը մոտ 10 ամիս՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից, իսկ հետո 2023 թվականին Ալիևի ռեժիմը լիովին օգտվեց այն հանգամանքից, որ ժողովրդը՝ Արցախի բնիկ հայ բնակչությունը, համակարգված սովի էր մատնվել,  և էթնիկ զտման ենթարկեց նրան:  Մինչ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ «այլևս երբեք»  խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է սպառնալիքների, ինչպես երբեք: Վարչակազմի կողմից խիստ  հայտարարությունների ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է: Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել, չեն կարող մնալ անպատասխան:  Այս հանդիսավոր տարելիցին, երբ կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, մենք նաև անդրադառնում ենք փրկվածների՝ նրանց երեխաների և թոռների տոկունությանը։ Նրանց, ովքեր նոր կյանք են կառուցել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, ովքեր խոսում են գեղեցիկ հայերեն լեզվով և հարստացնում մեր ազգը հայկական մշակույթով և ժառանգությամբ:  Չնայած այն սարսափներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը: Նրանք հաղթահարել են ամենադաժան փորձությունները և զրկանքները, և, այնուամենայնիվ, մնում են ամուր և չխոնարհված՝ Հարավային Կալիֆորնիայում, Երևանում և ամբողջ աշխարհում: Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին»:  
22:02 - 24 ապրիլի, 2024
Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները. Լոուրենս Մարտին
 |1lurer.am|

Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները. Լոուրենս Մարտին |1lurer.am|

1lurer.am: Ինչպես երկուշաբթի, այսօր նույնպես կներկայացնեմ Հայաստանի նախնական առարկությունները դատարանի ժամկետային իրավազորության խնդրի մասին: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ասաց Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինը: Նա ներկայացրեց ընդհանուր դիտարկում բոլորի ելույթների վերաբերյալ: «Ակնհայտորեն համակարգված ջանք էր գործադրվում երեկվա բոլոր բանախոսների կողմից` բազմիցս անդրադառնալու այսպես կոչված էթնիկ զտման ծրագրին, որն իրենց պնդմամբ շարունակվում է նույնիսկ այսօր` ԼՂ-ում առաջին պատերազմի ավարտից 30 տարի անց: Այդ համակարգված գործընթացի նպատակն էր տպավորություն առաջացնել, թե այս գործով էական ամսաթվի խնդիրը կարևոր չէ, քանի որ այն տեղի է ունեցել ավելի քան 3 տասնամյակ առաջ, և դա համակցված ներկայացվում է այսօրվա իրադարձությունների հետ մեկ փաթեթով՝ ամբողջ ժամանակահատվածը ներկայացնելով որպես մեկ ժամանակահատված: Այնուամենայնիվ, մեր ընկերների ջանքերն ապարդյուն են այս խնդրում: Կասկած չի կարող լինել. ինչպես երկուշաբթի ասացի` Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները: Բայց ներկայումս էական հանգամանքը դա չէ, էականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանի ներկայացրած փաստական պնդումների համաձայն` ցանկացած ենթադրյալ էթնիկ զտում ավարտված է եղել 1994 թվականի դրությամբ՝ նախքան 1996 թվականի սեպտեմբերը, որն այս գործով վճռորոշ ամսաթիվ է»,- նշեց նա: Փաստաբանի խոսքով՝ երկուշաբթի Ադրբեջանը չներկայացրեց էթնիկ զտում հասկացության սահմանումը: «ՄԱԿ-ի հանձնաժողովի երկու սահմանումների համաձայն՝ եթե տարածքի քաղաքացիական բնակչությունը հեռացվել է, բոլորը գնացել են, էթնիկ զտումը համարվում է այդ պահին ավարտված: Դրանից հետո կարող են հետևանքները շարունակվել, սակայն գործողությունը դրանով համարվում է ավարտված: Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք իրականում վերաբերում են հետագայում տեղի ունեցած առանձին միջադեպերի, և այսպես կոչված էթէնիկ զտման մաս չեն»,- ասաց նա: 
19:21 - 24 ապրիլի, 2024
Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց |azatutyun.am|

Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որտեղ արձանագրված է Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով 2023-ի աշնանը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի տեղահանման փաստը։ Նշված է, որ դա հաջորդել է 2022-ի դեկտեմբերից մինչև հաջորդ տարվա սեպտեմբերը Լաչինի միջանցքի փակմանը, երբ միայն միջազգային հումանիտար օգնություն էր թույլատրվում։ Հաղորդվում էր Լեռնային Ղարաբաղից միայն դուրս գալու՝ միակողմանի երթևեկության մասին։ Տարվա ընթացքում ադրբեջանական ուժերը հարվածել են Հայաստանի ներսում որոշակի ենթակառուցվածքների, մասնավորապես Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ կառուցող մետալուրգիական գործարանի շինհրապարակին, որի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, ասված է հաղորդման մեջ։ Ներհայաստանյան խնդիրներին ևս անդրադարձ կա. զեկույցը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է կոռուպցիայի դեմ պայքարի իր ինստիտուցիոնալ շրջանակը՝ կիրառելով նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը մի շարք ուղղություններով։ Բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ, ըստ Պետդեպի, հաղորդել են անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ իրավապահների կողմից բռնության կամ խոշտանգումների դեպքերի զգալի աճի մասին և պնդում են, որ նման վարքագիծը դառնում է համակարգային և հաճախ մնում է անպատիժ: Զեկույցը հավելում է, ու մարդու իրավունքների լուրջ խնդիրները ներառում են հավաստի հաղորդագրություններ խոշտանգումների կամ դաժան անմարդկային, կամ արժանապատվությանը նվաստացնելու, պատիժներ կառավարության կողմից, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, լուրջ խնդիրներ համակարգի անկախության հետ կապված, կամայական կամ անօրինական միջամտություն անձնական կյանքին, հանցագործություններ, որ ներառում են բռնություն կամ բռնության կոչեր միասեռականների դեմ և մանկական աշխատանքի ամենավատ ֆորմաների առկայություն։ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում նշված է, որ կառավարությունը միայն սահմանափակ հավաստի քայլեր է կատարել նախկին կամ գործող պետական պաշտոնյաների և իրավապահների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու և պատժելու համար։ Ինչպես նաև ասվում է, որ հաղորդագրություններ չկան 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքի որևէ առաջընթացի մասին։
17:15 - 23 ապրիլի, 2024
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, Հայաստանի կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք: Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը: Փաշինյանն անդրադարձել է այն մեղադրանքներին, որոնք հնչում էին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման օրերին, թե Հայաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ ԼՂ-ի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստան։ Վարչապետը հերքել է այդ մեղադրանքները՝ պարզաբանելով, որ իրենք այդ ժամանակ ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա: «ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քառակուսի կիլոմետր՝ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։ Մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։  
23:06 - 22 ապրիլի, 2024
Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը

Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը

Monument Watch-ը ահազանգում է․ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության (Caucasus Heritage Watch) արբանյակային մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ապրիլի 4-ին ամբողջությամբ ավերվել է Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը (https://caucasusheritage.cornell.edu/?p=1593, նկ․ 1)։ Գերեզմանատան ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ արձանագրվել էր 18-19-րդ դարերի բազմաթիվ տապանաքարերի ոչնչացումը (մանրամասն՝ Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները)։ Պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է, քանի որ հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։ Կարևոր է նշել, որ գերեզմանոցի ոչնչացումը անձնական արժանապատվության դեմ իրականացված հանցագործության կարող է համարվել, Հռոմի Ստատուտի մեկնաբանությամբ տուժած «անձանց» թվում դիտարկելով նաև մահացած անձանց։ Այս իմաստով, հարկ է նշել, որ գերեզմանոցների ավերմամբ պղծվում են դիակները՝ խախտելով մահացած անձի մշակութային հուղարկավորության գործելակերպը, կարող է անձնական արժանապատվության վիրավորանք համարվել: Գերեզմանոցների ոչնչացումը, ոչնչացումը խախտում է արցախահայերի մշակույթի իրավունքը՝ թույլ չտալով պահպանել հիշողությունը։ Հիշեցնենք, որ մշակույթի իրավունքը հիմնարար է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածը և ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների դաշնագրի» 15-րդ հոդվածը։ Ժառանգության մուտքի բացակայությունը և դրա հետևանքով մարդկանց թաղման ավանդական ծեսերը կատարելու անկարողությունը կարող է համայնքներին զրկել իրենց ծեսերը կենդանի պահպանելու հնարավորությունից (See UN General Assembly, Resolution 72/258 (26 January 2021) (promoting a culture of peace and tolerance to safeguard religious sites)., ուստիև խախտել նաև դեռ չծնված երեխաների՝ իրենց կենսընթացին համապատասխան ապրելու իրավունքը։
20:59 - 22 ապրիլի, 2024
Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|

Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության միջազգային դատարանում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Շոն Մըրֆին ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար սպառնալիք չէր հանդիսանում, ապա ինչո՞ւ 100 հազարից ավել մարդ նախորդ տարվա սեպտեմբերին լքեցին իրենց նախնիների տները։  Նա իր ելույթում նշել է, որ դատական գործի շրջանակներում առկա ապացույցներն ուսումնասիրելով՝ ադրբեջանական ներկայացուցիչները, զարմանալիորեն, չեն կարողանում տեսնել հայ քաղաքացիական անձանց նկատմամբ ռասսայական խտրականությունը հաստատող ապացույցները։   Անդրադառնալով հայերի նկատմամբ Ադրբեջանում տարածված հայատյացությանն ու երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցված հայտարարություններին՝ Մըրֆին նշել է․ «Ես չեմ քննի նախագահ Ալիևի բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչել են և, որոնք, ի վերջո, մեր ապացույցների մի մասն են: Բայց, մեր կարծիքով, այդ հայտարարությունները ցույց են տալիս ռասսայական թշնամություն կամ առնվազն այս իրավասության փուլում կարող են այդպես ընթերցվել: Օրինակ, Ադրբեջանը պնդում էր, որ նախագահ Ալիևի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամիները աշխարհի հայերն են, ռասսայական թշնամանքի դրսևորում չէ։ Ադրբեջանը պնդում է, որ այս արտահայտությունը բարեհաճորեն վերաբերում է Ադրբեջանին քննադատողներին կամ նրանց, ովքեր չեն սիրում Ադրբեջանը: Բայց աշխարհի հայեր արտահայտությունը, անշուշտ, չի վերաբերում կոնկրետ երկրի կամ կոնկրետ երկրի ղեկավարությանն ու նրա բանակին: Արտահայտությունն ակնհայտորեն վերաբերում է մի ամբողջ էթնիկ խմբի՝ աշխարհում որտեղ էլ որ լինի»։ Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունն ընդհանուր առմամբ քարոզում և ատելություն է տարածում էթնիկ հայերի նկատմամբ: Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի  խորհրդատվական կոմիտեն չի ընդունում Ադրբեջանի մեկնաբանությունները իր կառավարության հայտարարությունների վերաբերյալ ․․․Եթե Ադրբեջանը սպառնալիք չի հանդիսանում, ապա ինչո՞ւ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100․000 էթնիկ հայ, այդ թվում՝ 30․000 երեխա, մի քանի օրվա ընթացքում փախան իրենց պապենական հայրենիքից»,- հարցադրում է արել ՀՀ ներկայացուցիչը։ Շոն Մըրֆին հավելել է, որ շատ պարզ է, որ ադրբեջանական պաշտոնյաների խոսքերը ճիշտ են ընկալվել Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկ հայերի կողմից։ Նրանք հասկացել են, որ այդ սպառնալիքները ոչ թե ուղղված են միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, այլ առաջին հերթին հենց իրենց։ «Այս պատճառով է, որ նրանք լքել են իրենց տները: Պատճառն այս սպառնալիքն է և դրա ստեղծած ընկալումը, որը մշակվել է տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կառավարության կողմից», - եզրափակել է Մըրֆին։
19:32 - 19 ապրիլի, 2024
Ռուբեն Վարդանյանը 14 օր է՝ հացադուլ է հայտարարել |aravot.am|

Ռուբեն Վարդանյանը 14 օր է՝ հացադուլ է հայտարարել |aravot.am|

aravot.am: Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս: Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: «Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։ Մանրամասները՝ aravօt.am-ում
16:09 - 19 ապրիլի, 2024
Էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի բռնությունները Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում են. Կիրակոսյան |1lurer.am|

Էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի բռնությունները Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում են. Կիրակոսյան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը դատավարության ընթացքում չկարողացավ պահպանել նախնական առարկություններ ներկայացնելու փուլի հստակ սահմանված շրջանակները՝ անտեսելով դատական պրակտիկայում հստակ սահմանված իրավական չափանիշները, ինչպես նաև խեղաթյուրելով Հայաստանի փաստական ապացույցները: Այդ մասին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Արդարադատության միջազգային դատարանում լսումների երկրորդ փուլի ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ Ադրբեջանի մարտավարությունը ձախողվեց։ «Հայաստանի բոլոր հավակնություններն ամբողջությամբ տեղավորվում են Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում։ Էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ռասիստական բռնությունները, կամայական ձերբակալություններն ու բռնի անհետացումները, անշուշտ, կարող են տեղավորվել կոմիտեի ազդեցության շրջանակում: Ինչպես տեսաք այս շաբաթ, այդ սարսափելի գործողությունները հակասում են Ռասայական խտրականության վերացման կոմիտեի բոլոր անդամ պետությունների հանձնառությանը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական խտրականությունը հնարավորինս շուտ վերացնելու համար՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, ինչպես նաև կանխելու և պայքարելու ռասիստական գործողությունների և պրակտիկայի դեմ՝ ռասաների միջև փոխըմբռնումը խթանելու և բարենպաստ միջավայր ստեղծելու համար»,- նշել է Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ դատարանի տրամադրության տակ կան բոլոր անհրաժեշտ տարրերը, որպեսզի հեշտությամբ մերժի Ադրբեջանի առարկությունները։ «Հայաստանը հուսով է, որ շարունակելու է իր աշխատանքը դատավարության ընթացքում ըստ էության պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և վերահաստատում է իր հանձնառությունը այդ վեճը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի թե՛ տառին, և թե՛ ոգուն համապատասխան կարգավորելու հարցում»- նշել է ՀՀ ներկայացուցիչը: Նա ընթերցել է Հայաստանի վերջնական փաստարկները: «Հայաստանի Հանրապետությունը հարգանքով խնդրում է դատարանին: Ա. Մերժել Ադրբեջանի առաջ քաշած առաջին նախնական առարկությունը, Բ. Մերժել Ադրբեջանի առաջ քաշած երկրորդ նախնական առարկությունը, կամ, որպես այլընտրանք, ընդունել որոշում առ այն, որ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությունը բացառապես նախնական բնույթ չի կրում»,- նշել է Կիրակոսյանը:
15:38 - 19 ապրիլի, 2024
Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|

Սխալ է պնդել, թե ԼՂ-ից հայերը դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով |hetq.am|

hetq.am: Այն հայտարարությունները, թե հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Ասել, թե իբր մեր խաղաղապահների անգործության պատճառով հայերը հեռացել են Ղարաբաղից, սխալ է»,- հայտարարել է Լավրովը։ Լավրովն այն կարծիքին է, թե Հայաստանն ամենից շատ օգուտն ունի ԵԱՏՄ-ում։ «ԵԱՏՄ-ից Հայաստանը համամասնորեն ամենաշատ օգուտներն է ստանում։ Հաշվարկված է, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն իրականացվում է ԵԱՏՄ-ին մասնակության հաշվին»,- նշել է Լավրովը։ «Հայաստանը, լինելով փոքր երկիր, ԵԱՏՄ-ին շատ ավելի քիչ է վճարում, քան մյուսները, այդ թվում՝ ֆինանսական ներդրումների մասով, բայց բացարձակ հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են Եվրասիական տնտեսական միության անդամները»,- թեման եզրափակել է նա։
15:34 - 19 ապրիլի, 2024
Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը |panarmenian.net|

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը |panarmenian.net|

panarmenian.net: Ադրբեջանը քանդել է Շուշիի 1818 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավելապես հայտնի է որպես Կանաչ ժամ։ Այդ մասին X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը և արբանյակային լուսանկարներ հրապարակել։ Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրության։ Պատերի մեջ ագուցված է նաև նախկին եկեղեցու արձանագրությունները: «Ադրբեջանը հիմնահատակ քանդել է օկուպացված Շուշիում գտնվող 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն առավելապես հայտնի է որպես Կանաչ ժամ։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Ադրբեջանի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,- ասված է գրառման մեջ։ Ավելի վաղ ադրբեջանցիները քանդել էին Կանաչ ժամի գմբեթները՝ հայտարարելով, թե «իրականում դա ուղղափառ եկեղեցի է և որպես ուղղափառ պետք է գործի»։  
12:28 - 19 ապրիլի, 2024