Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ
17:31 - 15 դեկտեմբերի, 2022

Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Արցախ ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված ակցիաները շարունակվում են։ Արտակ Բեգլարյանի ու Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ մասնակիցները շարունակում են ակցիան ՌԴ դեսպանատան դիմաց։ Այստեղ են նաեւ մի խումբ ուսանողներ, որոնք փակել են դեսպանատան մուտքը։

Գեղամ Ստեփանայնը նշեց, որ կոչով դիմել է ՀՀ եւ Արցախի բոլոր ՄԻՊ-երին՝ շեշտադրելու այն հանգամանքը, որ խոսքը Արցախում ապրող մարդկանց իրավունքներին է վերաբերում։

Ակցիայի մասնակիցներն արդեն եղել են ԱՄՆ, Չինաստանի, ԵՄ դեսպանությունների մոտ եւ հաջորդ կանգառը ՌԴ դեսպանատունն էր։ 

«Ես կարծում եմ՝ Ռուսաստանի դերակատարումն առավել քան կարեւոր է՝ որպես եռակողմ հայտարարության կողմ, երաշխավոր, որպես Արցախում միջազգային միակ ներկայացվածություն, որպես ՄԱԿ ԱԽ-ում 5 մշտական անդամներից մեկը։ Միջազգային հանրության անդամներից երեւի ոչ մեկն այնքան չի տիրապետում, թե ինչ է կատարվում Արցախում, որքան ՌԴ-ն։ 2 Հազար ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում  Արցախում ապրող 120 հազար մարդու իրավունքները, այդ խախտումները պարբերաբար արձանագրվում են նաեւ ՌԴ ՊՆ տեղեկագրերում։

ՌԴ-ն տեսնում է նաեւ, որ Ադրբեջանը մասնավորապես սկսած 2022-ի փետրվար-մարտ ամիսներից, իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահներին որակազրկելու։ Դրանով նպատակ են հետապնդում նախապատրաստելու, որ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների ուժերը հանվեն ԱՐցախից, իսկ Արցախի ժողովուրդը թողնվի առանց անվտանգույան երաշխիքների։ Մենք գտնում ենք, որ ՌԴ-ն իր գործողություններով սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները եւ ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Արցախում բնակվող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։

Ես վստահ եմ, որ ՌԴ-ն դա կարող է անել, վստահ եմ՝ ՌԴ-ն դա ուզում է անել եւ ես՝ որպես Արցախի ՄԻՊ, որը շատ հաճախ շփում է ունենում խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ, գիտեմ, որ զորակազմում մարդիկ են, որոնք իրապես հավատարիմ են իրենց առաքելությանը։ Ուզում են նորից դիմել այդ մարդկանց՝ խնդրելով, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որ ամենակարճ ժամանակահատվածում՝ հենց այս պահին, վերականգնվի մայր Հայաստանի ու Արցախի միջեւ անխափան կապը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։ 

ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանաում, միայն այդ դեպքում է հնարավոր, որ Ադրբեջանը հարգի Արցախի ժողովրդի իրավունքները, կատարի եռակողմ հայտարարության դրույթները։

Արտակ Բեգլարյանը նորից խիստ կարեւորեց օդային հումանիտար միջանցքի տրամադրումը․

«Եթե այս ճանապարհը հիմա փակված է, մենք ունենք տոտալ շրջափակում, այնինչ օդային ճանապարհը կարող է այլընտրանքային միջոց լինեն գոնե հումանիտար բեռների փոխադրման համար, գոնե սուր կարիքների դեպքում մարդկային տեղաշարժի համար»։ 

Ակցիայի մասնակիցները դեպի ՌԴ դեսպանատուն էլ նետեցին իրենց պատրաստած թղթե ինքնաթիռները՝ ի նշան օդային հումանիտար միջանցքի բացման պահանջի։

Ակցիային մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել