ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար․ Քրիստինա Քվին
 |azatutyun.am|
13:37 - 11 ապրիլի, 2024

ԱՄՆ կաջակցի ցանկացած ձևաչափով միջնորդության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար․ Քրիստինա Քվին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շեշտելով՝ Վաշինգտոնի ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և պատրաստ են աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

«Ազատություն»․ - Չնայած պետքարտուղար Բլինքենը վերջերս զանգահարեց նախագահ Ալիևին, ընդգծելու, որ իրավիճակի սրացումը արդարացում չունի, մենք շարունակում ենք տեսնել ապատեղեկատվության հոսք Ադրբեջանից, ինչպես նաև հրադադարի խախտումներ, ինչը հաստատվել է նաև մեր լրագրողների կողմից։ Այս շարունակական իրավիճակում, երբ Ադրբեջանը ակնհայտ անտեսում է դիվանագիտական հորդորներն ու միջազգային դատարանների վճիռները, Վաշինգտոնը պատժամիջոցներ կամ հարկադրանքի այլ միջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ։

Քրիստինա Քվին․ - Նախ նշեմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա որևէ տարաձայնություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և մեր դիտարկմանբ՝ լինի դա հրադադարի խախտում, շատ ագրեսիվ հռետորաբանություն, թե ապատեղեկատվություն, այդ ամենը վնասում է խաղաղ գործընթացին։ Մեր ուշադրության կենտրոնում այս պահին գործընթացն առաջ մղելն է։ Մենք հյուրընկալում էինք արտաքին գործերի նախարարների մի շարք հանդիպումներ, ԵՄ-ն հյուրընկալեց որոշ հանդիպումներ առաջնորդների միջև, և մենք զգացինք, որ այդ հանդիպումներում որոշակի առաջընթաց կա: Վերջերս առաջընթացն ավելի դանդաղ է, և մենք հուսով ենք, որ այն կարող է իր հունի մեջ մտնել՝ ավելի արագ առաջ շարժվելու համար: Այն կարող է լինել ԱՄՆ-ի միջնորդության ներքո, մենք շատ ուրախ կլինենք դա անել, բայց եթե երկու կողմերին էլ հարմար կլինի այլ միջնորդների հետ աշխատել, մենք ուրախ կլինենք աջակցել նաև դրան: Մեր ցանկությունն է տեսնել առաջընթաց խաղաղ գործընթացի տարբեր մանրամասների վերաբերյալ, և մենք պատրաստ ենք աջակցել դրան ցանկացած տարբերակով, որը ընդունելի կլինի երկու կողմի համար էլ։

«Ազատություն»․ - Ես հարցրի պատժամիջոցների մասին, քանի որ հստակ հիշում եմ Ձեր ելույթը, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Դուք այն ժամանակ ԱՄՆ դեսպանն էիք այդ երկրում, և հստակ ասացիք, որ Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները չեն լինի, քանի դեր այդ երկիրը շարունակում է իր վնասարար դերը միջազգային ասպարեզում։ Նույնը մենք լսեցինք անցած սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա։ Փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայանը Կոնգրեսում հայտարարեց, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Բայց մենք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում էական փոփոխություն չտեսանք, ոչ էլ պատժամիջոցներ։ Փաստացի երկու դեպքում էլ միևնույն իրավիճակն էր՝ Ամերիկայի կարմիր գծերը խախտվել էին, ԱՄՆ-ում նույն վարչակազմն էր, օգտագործվել էր նույն բառապաշարը, բայց եղան տարբեր արդյունքներ։ Ինչո՞ւ։

Քրիստինա Քվին․ - Նախ ասեմ, որ խոսքը, թե հարաբերությունները նախկինի պես չեն լինելու, ենթադրում է գործունեության և ներգրավվածության լայն շրջանակ: Եվ ես կասեի, որ սեպտեմբերից ԱՄՆ-ում որոշակի զսպվածություն է եղել Ադրբեջանի հետ ներգրավվածության և գործունեության առումով: Բայց միայն այն պատճառով, որ հարաբերությունները սովորականի պես չեն, չի նշանակում, որ մենք դադարում ենք խոսել այդ երկրի հետ: Այն, ինչ մենք փորձում ենք անել՝ ներգրավվելն է այնպես, որ հնարավոր լինի խրախուսել և նպաստել բանակցությունների սեղան վերադառնալուն: Ներգրավվածության իսպառ դադարեցումը մեզ այդ հարցում առաջ չի տանի: Մենք դեռ պետք է խոսենք մարդկանց հետ, դեռ պետք է փորձենք խրախուսել նրանց, փորձենք նրանց խթան տալ։ Դա այն է, ինչ մենք հենց հիմա փորձում ենք անել: Մենք խոսում ենք նաև տարածաշրջանային խաղացողների՝ Թուրքիայի և այլոց հետ՝ փորձելով նրանց ընդհանուր հայտարարի բերել՝ խաղաղ գործընթացում առաջընթացը խրախուսելու առումով: Դա հեշտ չի լինելու: Ջեյմս Բեյքերը ժամանակին ասել է՝ դուք խաղաղության շուրջ ձեր բարեկամների հետ չեք բանակցում, այլ՝ հակառակորդների, ինչը երբեք հեշտ չի լինում, բայց դա այն գործընթացն է, որը, կարծում եմ՝ աներևակայելի կարևոր է։ Աներևակայելի կարևոր, իհարկե, Հայաստանի, բայց իրականում նաև ողջ տարածաշրջանի կայունության համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել