Ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար. Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին
 |1lurer.am|
12:54 - 26 մարտի, 2024

Ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար. Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին |1lurer.am|

1lurer.am: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, մի կողմից՝ Սև ծովի, մյուս կողմից՝ Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini օրաթերթին տված հարցազրույցի շրջանակում: Թեմայի առնչությամբ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:

Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարևորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, մի կողմից՝ Սև ծովի, մյուս կողմից՝ Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաև այդ երկու վերջնակետերի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետև Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու՝ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով, և այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թևն է:

Կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում՝ այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար, և մենք պատրաստ ենք նաև սրան:

Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝

- Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

- Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է անվտանգությունը:

- Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

- Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել