Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
 |factor.am|
14:18 - 26 ապրիլի, 2024

Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը |factor.am|

factor.am: Ադրբեջանի Միլլի Մեջլիսը բողոք է հայտնել նախօրեին Եվրախորհրդարանի կողմից քաղաքացիական և մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ։ «Միլլի Մեջլիսն ապրիլի 25-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հարցի վերաբերյալ ոչ օբյեկտիվ բանաձևի ընդունումը դիտարկում է որպես մեր երկրի դեմ ուղղված կանխակալ քաղաքական ակցիա և կտրականապես մերժում է ստի և ոչ հավաստի տեղեկատվության վրա հիմնված անհիմն մեղադրանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Եվրախորհրադարանը «գործիք է դարձել Ադրբեջանի դեմ թշնամական ու զրպարտչական արշավ իրականացնող ուժերի ձեռքում և պատահական չէ, որ 2021 թվականից ի վեր Եվրախորհրդարանը տարբեր պատրվակներով ընդունել է 8 հակաադրբեջանական բանաձև»։ Բացի այդ, Մեջլիսը կառույցին մեղադրել է Հարավային Կովկասում, իբր, խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։

«Այս ամենը վկայում է վերջին շրջանում կազմակերպությունում ադրբեջանատյաց, թուրքատյաց և իսլամատյաց տրամադրությունների է՛լ ավելի ուժեղացման մասին։ Մյուս կողմից՝ նշված բանաձևը պատրաստվել և քննարկման է ներկայացվել Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններ իրականացնող Եվրախորհրդարանի պատգամավորների դրդմամբ, ինչը պատկերացում է ստեղծում հայկական լոբբիի ազդեցության մասշտաբի և նրան սատարող ուժերի մասին։ Կեղտոտ քաղաքական նպատակներին հասնելու համար բանաձևի հեղինակները պատրաստ են նույնիսկ խաթարել Ադրբեջանի հետ Եվրամիության համագործակցությունը և ընդհանրապես վտանգել նրա քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ»,- ասվում է Մեջլիսի հայտարարությունում։

«Մեջլիսը կոչ է անում Եվրախորհրդարանին՝ հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք ստվեր են գցում մեր երկրում ժողովրդավարության կառուցման ոլորտում տարվող աշխատանքների վրա, օբյեկտիվ դիրքորոշում որդեգրել մեր երկրին առնչվող հարցերում, այլ ոչ թե միակողմանի դիրքորոշում ընդունել՝ հիմնված քաղաքական դատողությունների վրա։ Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել Ադրբեջանին շեղվել ժողովրդավարական զարգացման ուղուց»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը ձայների 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել