Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը
 |civilnet.am|
17:36 - 13 մարտի, 2024

Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը |civilnet.am|

civilnet.am:  Տավուշի մարզի չորս գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն։ Այս մասին մարտի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարն ասել է, որ հայկական կողմն իր հերթին 31 գյուղերի տարածքներ է պահանջում Ադրբեջանից։

«Սահմանազատումն ու սահմանագծումը նրա համար են, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը։ Որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու: Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա»,- ասել է Սանոսյանը։

Հարցին, թե ինչու է վարչապետը շտապում ասել, որ այդ չորս գյուղերը Հայաստանի տարածքում չեն, երբ սահմանազատման գործընթացն ավարտված չէ, նախարարը պատասխանել է․ «Ինչքան էլ աշխատանքներն ավարտված չեն, բայց կան աշխատանքներ, այսինքն՝ ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երևում»։

Գնել Սանոսյանի խոսքով՝ որոշ հատվածներում ՀՀ ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են, և սահմանազատման գործընթացից հետո հնարավոր է՝ դրանք վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա։

«Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավական մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,- ասել է նա:

Նախարարը տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ աշխատանքները դեռ չեն սկսվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ «1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։

«ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։

Այս գյուղերի մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

Գլխավոր լուսանկարը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտուց՝ Տավուշի մարզում/ Կարեն Հարությունյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել