Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի քարտեզների հիման վրա. առանց քարտեզների ցանկացած լուծում խնդրահարույց է. Պապոյան
 |news.am|
12:20 - 16 հունվարի, 2024

Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի քարտեզների հիման վրա. առանց քարտեզների ցանկացած լուծում խնդրահարույց է. Պապոյան |news.am|

news.am: Հայաստանի վարչապետը նշեց, որ Ալիեւի վերջին կոնկրետ հայտարարությունները մեզ համար անընդունելի են, իսկ արդյոք պետք է բանակցել այն պարագայում, երբ Ալիեւը ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք չեն նպաստում խաղաղությանը, ընդհակառակը, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Իհարկե, այո, որովհետեւ միշտ բանակցությունից դուրս գալը նշանակում է ասել, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով: Այդպես ճիշտ չէ, եւ մենք այդպես չենք շարժվում առաջ: Մյուս կողմից, պատրաստվել խաղաղության, չի նշանակում զենքերը հանձնել ու հանձնվել: Խաղաղության պատրաստվելը կարող է ենթադրել նաեւ գործողություն, երբ դու քո մարտունակությունը բարձրացնում ես, դրանով պատրաստվելով խաղաղության, որովհետեւ մեր բանակը նպատակ չունի այլ երկրներից տարածքներ գրավելու: Մեր բանակն ունի մեկ նպատակ՝ ՀՀ տարածքները պահել անձեռնմխելի, ինչը իր սահմանադրական պարտականությունն է:

Տեսեք, իրենք խոսում են 8 գյուղերի մասին, մենք՝ 32 գյուղերի մասին: Բայց մենք չենք ուզում, որ լինի 8 գյուղ եւ 32 գյուղ: Մենք ուզում ենք, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը չունենան տրածքներ, որոնք Ալմաթիի հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քարտեզով անկախացել են ԽՍՀՄ-ից եւ մենք ուզում ենք, որ դրվեն այդ քարտեզները, այնուհետեւ դրանց կոնկրետ կոորդինատները եւ տեղում գնա հանձնաժողով եւ ասի, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանը այսինչ գյուղի մոտ անցնցում է այստեղով»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ դրանք այն քարտեզներն են, որոնք իրենց հիմքում ունեն իրավական հիմնավորվածություն:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի ներկայացրած քարտեզները, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Թող Ադրբեջանն առաջարկի այլ քարտեզ, որը կունենա իրավական հիմնավորվածությունն: Կարելի է բերել մ.թ.ա. երկրորդ դարի քարտեզ, դա լուրջ չէ: Կարելի է բերել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետոյի քարտեզ, դա էլ լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ կամ ԽՍՀՄ կազմում, եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել: Մենք հիա ասում ենք՝ 1974 թվականի քարտեզ, բայց եթե հայտնվի 1960 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ: Այդ քարտեզը պետք է հաստատված լինի Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների կողմից, կամ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմի: Դա պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի:

Ինչ վերաբերում է նրան, որ Ալիեւը հայտարարել է, որ իրենք ոչ մի քայլ հետ չեն գնա այն տարածքներից, որոնք զբաղեցրել են, իսկ դա ՀՀ ինքնիշխան տարածքներն են, Պապոյանն ասաց. «Դա այն ապակառուցողական հայտարարություններից է, որն անթույլատրելի է եւ որեւէ կերպ չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Այսօր խաղաղության պայմանագիր չի կնքվում նաեւ այդ պատճառով: Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ ապագայում առաջացնելով նոր քաղաքական լարվածություններ: Արդարը նա է, որ վերցնում ենք քարտեզը, դրա հիման վրա կնքում ենք խաղաղության պայմանագիրը, հետո կողմերի սահմանազատման հանձնաժողովները սկսում ենք կոորդինատները ճշգրտել: Եթե խաղաղության պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում տեխնիկական է լինելու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել