ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|
10:12 - 12 դեկտեմբերի, 2023

ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է։

Այս մասին դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Ադրբեջանի ԱԳ նախարարը Բորելին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու նշել վերջին միջոցառումների դրական ազդեցությունն այդ գործընթացում վստահություն ձևավորելու հարցում։

Հանդիպմանը Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, սակայն միևնույն ժամանակ նա նաև դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել