Հաջիզադեն քննադատում է Ստանոյի հայտարարությունը Ղարաբաղի մասին
 |azatutyun.am|
10:52 - 18 նոյեմբերի, 2023

Հաջիզադեն քննադատում է Ստանոյի հայտարարությունը Ղարաբաղի մասին |azatutyun.am|

azatutyun.am: «2023 թվականի նոյեմբերի 17-ին Բրյուսելում «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի խոսնակ Պետեր Ստանոյի արտահայտած տեսակետները ԵՄ ներկայացուցչի կողմնակալ մոտեցման հերթական վկայությունն են»:

Այդ մեկնաբանությամբ նոյեմբերի 17-ին հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այհան Հաջիզադեն:

«Ցավալի է, որ Եվրամիության ներկայացուցիչն անտեսում է այն փաստը, որ ագրեսիվ Հայաստանը 30 տարի շարունակ ոտնահարել է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ և ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ», - հայտարարել է Հաջիզադեն:

Նրա փոխանցմամբ, 44-օրյա պատերազմը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 24-ժամյա «հակաահաբեկչական միջոցառումները» տեղի են ունեցել «Ադրբեջանի ինքնիշխան տարածքոմ»՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։

Նա պնդում է, որ «Ադրբեջանն օրինական ճանապարհով է վերականգնել իր ինքնիշխանությունը», և անընդունելի է համարում ԵՄ-ի կողմից Ադրբեջանին հասցեագրված միակողմանի ռազմական քայլերի մասին մեղադրանքը:

Ըստ Հաջիզադեի՝ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ հայկական զինված ուժերը, որոնք «շարունակել են ապօրինի տեղակայվել Ադրբեջանի տարածքում», վտանգի աղբյուր են եղել տարածաշրջանում, և բազմիցս կոչ է արել դրանք անհապաղ դուրս հանել:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների՝ իրենց անձնական որոշմամբ Հայաստան տեղափոխվելուն, ապա նրանց իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին ԵՄ ներկայացուցչի հայտարարությունը մենք համարում ենք միջամտություն Ադրբեջանի կողմից նախաձեռնված վերաինտեգրման գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:

Ըստ Հաջիզադեի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է», և այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության «իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն» Ադրբեջանի սահմանադրության համաձայն:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք Ադրբեջանի ամուր հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ծրագրին, այդ դիրքորոշումը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ որպես խաղաղության համաձայնագրի նախաձեռնող մեր կատարած հետևողական քայլերով»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Արմենպրեսին» տված հարցազրույցում Ստանոն խոսել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։

«Մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք՝ նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ»,- նշել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել