Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|
13:03 - 17 նոյեմբերի, 2023

Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»- ի թղթակցին տված հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ- ի հայտարարությանը, որով վերջինս ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։

Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։

- Պարոն Ստանո, ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վիզանների ազատականացման հնարավորությունների մասին խոսեց ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ գործընթացներից է կախված կյանքի կոչվելը։

- Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ ղեկավարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ մենք ցանկանում ենք ուղիներ փնտրել Հայաստանին հետագա աջակցության և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար։ Այնուհետև արտաքին գործերի նախարարների կողմից քննարկումներ եղան, և նախարարներն ասացին, որ ԵՄ կողմից դիտարկվող ուղիներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է։ Այսպիսով, մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Սա նշանակում է, որ մենք կսկսենք գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր բան է, քանի որ այն շոշափելի և տեսանելի է մարդկանց համար: Բայց դա նաև մի բան է, որին բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնություն տան։ Կան նաև առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն գործընկեր երկրի կողմից, այս դեպքում՝ Հայաստանի։ Կարևոր է, որ համաձայնություն լինի: Մենք ցանկանում ենք սկսել դիտարկել տարբերակները և ուսումնասիրել վիզաների ազատականացման հնարավորությունը: Այսպիսով, գործընթաց ենք սկսում։ Սա գործընթացի սկիզբն է, բայց դա գործընթաց է, որը, ի վերջո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին։

- Խոսքն ի՞նչ առաջադրանքների մասին է, մեկ- երկու օրինակ կարո՞ղ եք բերել։

- Ընդհանուր առմամբ, ազատականացման համար կան տեխնիկական պահանջներ, որոնցից է, օրինակ, կենսաչափական անձնագրերի պահանջը։ Բայց նաև քաղաքական պահանջներ՝ համոզվելու, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել։ Դա հիմնական առաջնահերթություններից մեկն է, երբ խոսքը գնում է վիզայի մասին: Մենք չենք ցանկանում, որ հանկարծակի ավելանան ապաստան հայցողները, պետք է կանխել առանց վիզայի կամ ազատականացված ճանապարհորդության ռեժիմի չարաշահումը։ Այսպիսով, նախ կարևոր է քաղաքական և տեխնիկական լոգիստիկ չափանիշների պահպանումը հայտատուի կողմից, իսկ հետո, իհարկե, անդամ պետությունները պետք է համոզվեն, պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ արվել է գործընկեր երկրի կողմից, որպեսզի վիզային ռեժիմի ազատականացումը չչարաշահվի։

- Բարձր հանձնակատարի ասուլիսի երկրորդ կետը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցության մեխանիզմի մասին էր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանին աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմի միջոցով։ Սա Հայաստանում տարբեր մեկնաբանությունների է արժանանում։ Ի՞նչ բացատրություն ունեք։

- Միգուցե, լավ կլիներ բացատրել, թե ինչ է նշանակում Խաղաղության եվրոպական գործիքը։ Դա Եվրամիության գործիքն է, ֆինանսական գործիքը, որի միջոցով մենք աջակցում ենք երկրներին, երբ խոսքը վերաբերում է նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու նրանց կարողությանը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիայից։ Բայց այլ երկրներում հիմնադրամն օգտագործում ենք, օրինակ, ֆինանսավորելու մեր խաղաղ առաքելությունները կամ դիտորդական կամ մոնիտորինգային առաքելությունները: Այդպես է նաև Հայաստանի դեպքում։

Այսպիսով, օրինակ, ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում, նույնպես մի բան է, որը ֆինանսավորվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Այսպիսով, կան բազմաթիվ եղանակներ, թե ինչպես կարելի է աջակցել հատկապես երկրի անվտանգությանը, կայունությանը և ճկունությանը: Հետևաբար, անդամ երկրներն ասել են, որ սա Հայաստանին աջակցելու մեր պատրաստակամության ևս մեկ միջոց է, ինչպես նաև միջոց է դիտարկելու ուղիներ, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ճկունությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Կրկին, սա գործընթացի սկիզբն է:

Մենք ուղիներ ենք փնտրում, թե ինչպես և ինչով աջակցել: Այնպես որ, դեռ կոնկրետ առաջարկ չկա, թե ինչպիսին կարող է լինել այս աջակցությունը։ Բայց, երբ նայում եք այլ երկրներին, թե ինչ ենք մենք անում, օրինակ՝ Մոլդովայի դեպքում մենք օգնում ենք բարելավել նրանց կարողությունը՝ հակազդելու արտաքին միջամտությանը, մենք օգնում ենք երկրներին բարելավել իրենց կարողությունները կիբեռհարձակումների դեմ պայքարում։ Սրանք ուղիներ են, որոնց միջոցով Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցում է, բայց Հայաստանի դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսով, անդամ երկրները սկսում են քննարկումներն այն մասին, թե որն է լինելու Խաղաղության եվրոպական հիմնադրամն օգտագործելու լավագույն միջոցը Հայաստանին աջակցելու համար:

- Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ժոզեպ Բորելի արած հայտարարությունները։ Ադրբեջանում հայտարարել են, որ «ԵՄ-ն սպառազինություն մատակարարելու միջոցով նպաստում է Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը, ինչը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»։ Ադրբեջանը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա՝ փաստացի սպառնալով ոչ միայն Հայաստանին, այլ նաև Եվրոպական Միությանը։ Ո՞րն է Ձեր վերաբերմունքը սրան։ Ադրբեջանը քննադատում է Հայաստանի սպառազինվելը, մինչդեռ ինքը երեք անգամ ավելի մեծ ռազմական բյուջե ունի և զինամթերքով կարգոները չեն դադարում վայրէջք կատարել Բաքվի օդակայան։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում Ադրբեջանի այս հռետորաբանությունը։

- Տրամաբանական եմ համարում, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան, անկախ քայլեր է ձեռնարկում իրեն պաշտպանելու համար։ Դա նշանակում է նաև ուժեղացնել բանակը և ռազմական օգնություն ստանալ այնտեղից, որտեղից նրանք կորոշեն: Յուրաքանչյուր երկիր դա անում է: Պետք չէ անուններ տալ, բայց դա անում է յուրաքանչյուր երկիր։ Դա նման է ինքդ քեզ պաշտպանելու կամ բանակի պաշտպանունակ լինելու հիմնական դոկտրինին։ Այնպես որ, երկրները ստանում են ռազմական աջակցություն իրենց գործընկերներից, տարբեր շուկաներից: Նրանք կարող են դա ստանալ՝ կախված իրենց հարաբերություններից: Սա յուրաքանչյուր անկախ և ինքնիշխան երկրի իրավունքն է, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու դրան, քանի դեռ պահպանվում են բոլոր միջազգային օրենքներն ու համաձայնագրերը։ Բայց դարձյալ՝ աջակցությունը կամ այն, ինչ ասել է Եվրամիությունը Հայաստանին աջակցելու առումով, կապ չունի Հայաստանին զինելու հետ։

Մենք պարզապես ցանկանում ենք մեծացնել կամ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և ցանկացած տեսակի սպառնալիքներից իրեն պաշտպանելու կարողության հարցում։ Այսինքն՝ մենք շատ հստակ ասել ենք, որ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին։ Սա ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների, այլև միջազգային բոլոր հարաբերությունների հիմնաքարերից մեկն է։ Ահա թե ինչու մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ Ուկրաինան պայքարում է հենց այդ պատճառով, որ իր հարևան Ռուսաստանը կոպտորեն խախտել է ՄԱԿ- ի կանոնադրությունը, միջազգային օրենքները և երկկողմանի համաձայնագրերն ու ցանկանում է Ուկրաինային զրկել գոյության և անկախ երկրի իրավունքից, որն ունի իր սեփական որոշումները։ Բայց Հայաստանի դեպքում մենք, իհարկե, այլ իրավիճակում ենք, սակայն սկզբունքների առումով, իհարկե, պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Եթե այն չհարգվի, հետևանքներ կլինեն նրանց համար, ովքեր դա խախտում են։ Սա Եվրամիության շատ հստակ դիրքորոշումն է։ Երկրորդ՝ մեր աջակցությունը Հայաստանին այն է՝ օգնել ներկա իրավիճակում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և դրանց կարողությունները, ճկունությունը, և ոչ թե զինելը ։ Այնպես որ, յուրաքանչյուր ոք, ով քննադատում է Եվրամիությանը, թե ինչ ենք անում Հայաստանի հետ կապված, պետք է փորձի, միգուցե, երկու անգամ վերանայել և հասկանալ, թե ինչ ենք անում և ինչ ենք ասում, քանի որ այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, ոչ մի կերպ ուղղված չէ ուրիշի դեմ: Եվրամիությունը շատ թափանցիկ գործընկեր է, որը շատ թափանցիկ կերպով օգնություն է ցուցաբերում՝ անկախ նրանից, թե ինչպիսի օգնություն է դա՝ քաղաքական, տնտեսական, թե ռազմական: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա, քանի որ սա հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ամրապնդելու համար է։

-Ինչպես Դուք նշեցիք, Լեռնային Ղարաբաղում միակողմանի հարձակումներից, քաղաքական հաշվարկներից և երբեմն էլ ԵՄ-ի լռությունից տուժեց արցախահայությունը։ Բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում ի՞նչ է նախատեսում ԵՄ-ն անել, բացի ֆինանսական օժանդակությունից։

-Նախ, ԵՄ-ն չի լռել։ Մենք շատ լավ գիտենք, որ, գուցե, հիասթափություն կամ քննադատություն կա, որ ԵՄ-ն բավականաչափ աշխատանք չի արել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը։ Ես կարող եմ հիշել այս հարցի վերաբերյալ բարձր հանձնակատարի և անդամ պետությունների միայն երկու շատ խիստ հայտարարություններ, կարող եմ հիշել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ ԵՄ բարձր ներկայացուցիչը Եվրամիության անունից հրապարակայնորեն հանդես եկավ խիստ դատապարտող ուղերձներով՝ արտահայտելով մեր ցնցված լինելը Լեռնային Ղարաբաղից մարդկանց անսպասելի տեղահանման և զանգվածային հեռանալու կապակցությամբ։ Այսպիսով, Եվրամիությունը բարձրաձայն էր, ոչ միայն հանրային տիրույթում, որովհետև մենք նույնն էինք անում միջազգային հարթակներում, որոնք, միգուցե, այնքան էլ բարձրաձայն և ոչ այնքան տեսանելի են լայն հանրության համար։ Նույնը մենք անում էինք երկկողմ հանդիպումներում։ Ուղերձներ են եղել գործընկերներին, որոնք տեղին են այս համատեքստում․ ոչ միայն Ադրբեջանին, իհարկե, այլ նաև Ադրբեջանի դաշնակիցներին, քանի որ, ինչպես ասացի, ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մեզ համար կարևոր է բարձրաձայնել, երբ սկզբունքները խախտվում են: Եվ հետո մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը բռնի տեղահանվածներին։ Մենք շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել