Սահման

Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում ռազմական օպերացիա իրականացնելիս պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն հայ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական օպերացիայի իրականացման ֆոնին մեզ համար առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, խոսքն, իհարկե, հայկական բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Պեսկովը։ Նա հայտարարել է, որ հիմա գլխավորը համոզելն է Երեւանին եւ Բաքվին ուժային մեթոդներից հրաժարվել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղում իրադրության կայունացման հարցում «ԱՄՆ-ի հերթի» մասին հարցին, ասել է, որ «այստեղ չի կարող որեւէ հերթ լինել, պետք են կոնկրետ  ջանքեր՝ հիմնված իրավական բազայի վրա»։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հիմա ԱՄՆ-ի հերթն է որոշելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն Ղարաբաղում իրադրությունը կայունացնելու համար։ «Այստեղ չպիտի լինի որեւէ հերթ։ Այստեղ պետք է լինեն կոնկրետ ջանքեր՝ հիմնված իրական, գիտակցված իրավական բազայի վրա, որը հնարավորություն կտա դուրս գալ խաղաղ կարգավորման։ Մեր տեսանկյունից՝ այդպիսի հնարավորություն կա։ Դրանք հենց այն պայմանավորվածություններն են, որոնց վրա հիմնվում են մեր գործողությունները։ Շարունակում ենք մեր շփումները ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ»,- ասել է Պեսկովը։
19:01 - 19 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի» մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի» մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ «տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»: «Ղարաբաղյան շրջանում Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից Ադրբեջանական բանակի դիրքերի պարբերաբար գնդակոծումը, մեր տարածքների շարունակ ականապատումը, մարտական դիրքերի ինժեներական բարելավման աշխատանքները, ինչպես նաեւ խրամատների եւ բլինդաժների թվի ավելացումը վերջին ամիսների ընթացքում լարվածության աճի ավելի մեծացման պատճառ են դարձել։ Նաեւ նկատվում է մարտական դիրքերի ուժեղացում անձնակազմով, զրահատեխնիկայով, հրետանային կայաններով եւ այլ կրակային միջոցներով, ստորաբաժանումները մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելով, նկատվում է լրացուցիչ մոբիլիզացիոն ստորաբաժանումների ստեղծում, ընդդեմ Ադրբեջանի բանակի հետախուզական գործողությունների ընդլայնում, մեր դիրքերի խորքը ներթափանցում՝ ականազերծված տարածքների եւ քաղաքացիական նշանակության ճանապարհների շարունակ ականապատման եւ դիվերսիոն-ահաբեկչական նպատակներով։ Սեպտեմբերի 19-ին ղարաբաղյան տնտեսական գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոմոբիլային ճանապարհի վրա ահաբեկչական նպատակներով տեղադրված  ականի պայթյունի հետեւանքով զոհվել են քաղաքացիական անձինք եւ շարքից հանվել է մեքենա, որը պատկանել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը»,- նշում են ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրության մեջ հիշեցրել է նաեւ ՆԳն աշխատակիցների մահվան դեպքի մասին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։ «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում հայկական զինված ուժերի կազմավորումների շարունակական ներկայությունը՝ խախտելով 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները, հանդիսանում է լուրջ սպառնալիքի աղբյուր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։ Տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: Միջոցառումների շրջանակում գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում եւ խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաեւ ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ քաղաքացիական բնակչությունը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները չեն հանդիսանում թիրախներ, շարքից հանվում են միայն լեգիտիմ ռազմական թիրախները։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը եւ թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությունը։ «Միջոցառումների շրջանակում գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում և խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաև ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները»,- հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
14:14 - 19 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, հավելելով՝ կողմերի որոշումն է գնալ դրանց, թե ոչ։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ Միացյալ Նահանգները կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար և տևական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ և եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին», - ասել է նա։ «Միաժամանակ, գաղտնիք չէ, որ ռուսներն էլ են քննարկումների հրավիրում կողմերին, և գաղտնիք չէ, որ ռուսները խաղաղապահներ ունեն տեղում։ Մենք չենք կարող այս պահին երկխոսություն ունենալ ռուսների քայլերի շուրջ, ուստի կողմերն իրենք են որոշում՝ ուզում են ներգրավվել ռուսական քննարկումներում, թե ոչ», - շարունակել է Մայքլ Քարփենթերը։ Ընդ որում, խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու Ադրբեջանի հարևանը չէ, կողմնակալ շահեր չունի և դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երևանում, թե՛ Բաքվում։ «Կարծում եմ՝ երկու կողմն էլ Միացյալ Նահանգների ծառայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ազնիվ ու անկեղծ ջանք, քանի որ մենք տեսնում ենք դրա առավելությունները երկարաժամկետ կտրվածքով. մենք հարևան երկիր չենք, ուստի մենք չունենք այն «անձնական» շահերը, որ որոշ այլ տարածաշրջանային երկրներ կարող են ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է նաև առավելություն լինել Միացյալ Նահանգների համար, թույլ տալով, որ մենք գործի դնենք մեր անաչառ դիվանագիտական գործիքները՝ այս տարաձայնությունների լուծմանը հասնելու համար», - շեշտել է նա։ Այս փուլում Վաշինգտոնի համար առաջնահերթություն է, որ հումանիտար բեռները հասնեն Ղարաբաղ, և այդ ուղերձը Միացյալ Նահանգները փոխանցել է Ադրբեջանին, ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Մայքլ Քարփենթերը մանրամասնել է՝ կարևոր է, որ Լաչինի միջանցքը բացվի հիմա, բայց Նահանգների համար ընդունելի է նաև Աղդամի գործարկումը. - «Մենք ասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ այդ օգնությունը պետք է անցնի Լաչինի միջանցքով հիմա, բայց միաժամանակ նաև ասում ենք, որ այն պետք է անցնի երկու՝ թե՛ Լաչինի ճանապարհով, թե՛ Աղդամի։ Որ ճանապարհով հնարավոր կլինի օր առաջ հումանիտար աջակցությունը հասցնել Լեռնային Ղարաբաղ, դրանով էլ պետք է գնա»։ Ավելի մանրամասն՝ azaztutyun.am-ում։ 
17:47 - 17 սեպտեմբերի, 2023