Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):

1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում. Զարուհի Բաթոյան

Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Մարինա Խաչատրյանից տեղեկություն ստանալու հարցում եմ ստացել։ Որոշեցի հրապարակային պատասխանել իմ նախկին գործընկերոջը Տիկին Խաչատրյան,քայլելուս մասին հարցը դուք կարող էիք ինձ ուղղել այն ժամանակ, երբ ձեզ հետ մասնակցեցի նախընտրական ասուլիսին՝ դեռևս 2017 թվականին։ Այդ ժամանակ ես առանց սայլակի էի, ձեր կողքի աթոռին էի նստել, եթե հիշում եք։ Թեև արդեն պարզ է, որ այդ ժամանակ որևէ լուրջ դրդապատճառ չունեիք այդ հարցով հետաքրքրվելու համար, թեև Երևանի ավագանու նիստերին ինձ արդեն տեսնում էիք սայլակով տեղաշարժվելիս։Ամեն դեպքում ինձ դժվար չէ հիմա պատասխանել ձեզ այդքան հուզող հարցերին: Սայլակը և աջակցող մյուս սարքերը տեղաշարժման միջոց են, որոնք մարդը կարող է օգտագործել անընդհատ կամ որոշակի միջավայրում՝ ըստ անհրաժեշտության։ Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում, որովհետև ապահով միջավայրում կարողանում եմ տեղաշարժվել քայլելով։Ես 2012-ին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հասցրել էի կոտրել ոտքս և բարդ վիրահատություն տանել։ Կոտրվածքները ստացել էի վայր ընկնելու հետևանքով, որովհետև մանկուց մկանային ատրոֆիա ունեմ։ Դրանից հետո մասնագետները խորհուրդ տվեցին դրսում տեղաշարժվել սայլակով, որովհետև ամեն անգամ անզգույշ հարվածից կամ շարժումից վնասվելը կարող է ճակատագրական լինել։ Ասեմ ավելին, իմ վիճակը չի լավացել, հակառակը՝ վատացել է և գնալով վատանալու է, բայց դա չի նշանակում, որ իմ կարողությունները սահմանափակ են, որովհետև մարդկանց կարողությունների սահմանը ամեն օր կարելի է բացահայտել։Ոչ մի բուժում ու բուժական միջոցառում չեմ ստանում, որովհետև իմ առողջական խնդիրը բուժման ենթակա չէ։ Բայց խնդրում եմ, ինձ համար չանհանգստանալ, որովհետև ազատությունը, երջանկությունը և լիարժեքության զգացումը պայմանավորված չեն միայն դրանով։ Ասեմ ավելին, դա ինձ չի խանգարում, որ սիրեմ մարդկանց ու ներողամիտ լինեմ։Եվ որ ամենակարևորն է, պատրաստ եմ միշտ ոգեշնչելու, օգնելու և խրախուսել բոլոր նրանց, ովքեր որևէ դժվարություն կամ առողջական խնդիր ունեն։ Լավ եղեք և շարունակեք ուրախանալ ինձ համար»:
06:27 - 04 հունիսի, 2019
Հայտարարություն`Զ․ Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ

Հայտարարություն`Զ․ Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ

Ներքոստորագրյալ կազմակերպությունները խիստ մտահոգված են վերջին շրջանում որոշ խմբերի և անհատների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ իրականացվող շարունակական և նպատակաուղղված թիրախավորմամբ և դատապարտում են հաշմանդամության և սեռի հիմքով խտրականության և ատելության հրահրումը:Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարի հանրային և անձնական գործունեությունից, խոսքից և մոտեցումներից առանձնացվում են երեխաների սեռական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի իրավունքի, հասարակության կրթության և առողջ հարաբերությունների վերաբերյալ արտահայտությունները և խեղաթյուրվում՝ արժեզրկող և մարդկային արժանապատվությունը նվաստացնող ոճով։ Զարուհի Բաթոյանի հանդեպ խտրականացնող և վտանգավոր խոսքի դրսևորումներն ուղեկցվում են անգամ վերջինիս հաշմանդամություն ունենալու փաստը կասկածի տակ դնելով, ինչը վկայում է սայլակով տեղաշարժվող անձանց տարբեր աստիճանի շարժունակություն ունենալու մասին պարզ գիտելիքների բացակայության կամ միտումնավոր անտեսման և վարկաբեկման մասին:Կնատյաց և սեռականացված բառապաշարով Տիկին Բաթոյանի թիրախավորումը վկայում է մեր երկրում սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված խտրականության խորը արմատավորված խնդրի և խտրականության դեմ ուղղած գործողությունների անբավարար մակարդակի մասին: Սակայն հարկ է նշել, որ այս և նմանատիպ ատելության քարոզարշավները որպես շղարշ են օգտագործվում քաղաքական նպատակների իրագործման համար: Այսպիսի քաղաքականությունը մերժելի է Հայաստանում և անընդունելի է ժողովրդավարական հասարակության մեջ, իսկ անձի արժանապատվությունը նվաստացնող և բարի համբավը արատավորող խոսքը պատժելի է օրենքով: Այս արշավը ուղղորդող խմբերի կողմից նման շեշտադրումների շահարկումն ինքնին վկայում է տիկին Բաթոյանի կողմից բարձրաձայնվող հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկման և կրթության կարիքի մասին։Ներքոստորագրյալներս մեր զորակցությունն ենք հայտնում Զարուհի Բաթոյանին և հաստատում մեր աջակցությունը Հայաստանում սոցիալական և աշխատանքային իրավունքների, հակախտրական պետական քաղաքականության և ներառական զարգացմանն ուղղված քայլերի իրագործման գործում:«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ«Աստղացոլք» ՀԿ«Զարգացման նախաձեռնություններ» սոցիալ-տնտեսական ՀԿԸնդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ«Լիարժեք կյանք» ՀԿ«Լռության ձայն» ՀԿԽտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ«Կանանց իրավունքների տուն» ՀԿ«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ«Հայկական ճամբար» ՀԿ«Հասարակություն առանց բռնության» ՀԿ«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակՄարդու իրավունքների տուն Երևան«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ«Մենք կարող ենք» ՀԿ«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ«Սկարպ» ՀԿ«Փինք» իրավապաշտպան ՀԿՀայտարարությունը բաց է միանալու համար:
06:30 - 03 հունիսի, 2019
Հյուսիսային պողոտայում մանկատան սաների համար կազմակերպված դրամահավաքը խարդախություն է. նախարարությունը զգոնության կոչ է անում

Հյուսիսային պողոտայում մանկատան սաների համար կազմակերպված դրամահավաքը խարդախություն է. նախարարությունը զգոնության կոչ է անում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, որ պետության հոգածության տակ գտնվող հաստատությունների՝ մանկատների, ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոնների և նախարարաության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի կողմից դրամահավաք չի իրականացվել՝ ո՛չ համացանցում, ո՛չ փողոցներում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:«Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, թե Գավառի մանկատան սաներին աջակցելու պատրվակով օրերս Հյուսիսային պողոտայում դրամահավաք է իրականացվել, հարկ ենք համարում պաշտոնապես հայտարարել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի անունից կազմակերպվող դրամահավաքի նախաձեռնողները զբաղվում են խարդախությամբ՝ շահարկելով մանկատան սաների անունը:Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դրամահավաքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 27-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայից ապօրինի համերգ կազմակերպելու համար բաժին են ներկայացրել մի քաղաքացու, որը նշված վայրում կազմակերպված համերգի հասույթը մանկատան երեխաներին հատկացնելու պատրվակով հավաքելուց հետո, խարդախությամբ տիրացել է գումարին: Այժմ հետաքննություն է ընթանում: Կոչ ենք անում քաղաքացիներին զգոն լինել և չտրվել խաբեության, իսկ նման նախաձեռնությունների մասին անմիջապես տեղյակ պահել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 114 թեժ գծի միջոցով, կամ ՀՀ ոստիկանությանը՝ 1-02 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:
07:24 - 30 մայիսի, 2019
Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում կառավարությունը լինելու է ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող. Զարուհի Բաթոյան |tert.am|

Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում կառավարությունը լինելու է ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող. Զարուհի Բաթոյան |tert.am|

tert.am։ Ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ իրականացվող գործողություններում կառավարությունը ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող է լինելու: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Կարծում եմ՝ բավականին շատ անելիք կա Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ: Այս իմաստով շատ կարևոր է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին միջգերատեսչական համագործակցությունն եմ կարևորում, որովհետև սա միայն մեկ կառույցի խնդիր չէ: Չկա այնպիսի երկիր, նույնիսկ եվրոպական զարգացած երկրներում, չկա այնպիսի հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող աչք փակել և անտեսել այս խնդիրը»,- նշեց նախարարը:Զարուհի Բաթոյանը նաև կարևորում է պետական աջակցության ծավալների մեծացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման, ինչպես նաև կանխարգելման ծրագրերի իրականացման առումով: Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում ընտանեկան բռնության կանխարգելման հարցում դրական տեղաշարժ կա՝ հանրային իրազեկվածության բարձրացման և հավասարության գիտակցության առումով. «Հանրային կրթությունը, հանրային իրազեկությունը կարևոր է, մենք պետք է ավելի շատ խոսենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի կարողանանք ճանապարհներ գտնել բռնությունը վերացնելու, անհատ քաղաքացիների երջանկությունն ապահովելու, ընտանեկան համերաշխությունն ապահովելու նպատակով»:Ավելին՝ tert.am
08:07 - 27 մայիսի, 2019
Ոստիկանությունը պետք է ցուցաբերի առանձնակի զգոնություն` բացառելու որևէ խտրականություն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելիս. Զարուհի Բաթոյան

Ոստիկանությունը պետք է ցուցաբերի առանձնակի զգոնություն` բացառելու որևէ խտրականություն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելիս. Զարուհի Բաթոյան

Հայաստանի «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունը անկախ հասարակական միավորում է, և որևէ պետական մարմինի, այդ թվում` ԱՍՀՆ ենթակայությամբ չի գործում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Ես որպես նախարարի տեղակալ 2018-ին հանդիպել եմ վիճող կողմերի հետ, որոնք բարձրացնում էին ՀԿ ղեկավարի լեգիտիմության և միավորման շենքի տնօրինման հարցը, հայտնել եմ մեր պատրաստակամությունը իրավական հարցերում խորհրդատվական աջակցություն տրամադրելու հարցում։ Ինչ վերաբերում է այսօրվա միջադեպին, ապա հիշեցնեմ, որ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները իրավունք ունեն բողոքներ, ակցիաներ և անհնազանդության գործողություններ իրականացնել Հայաստանում։ Ուստի կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը: Լսողության խնդիր ունեցող քաղաքացիները, այդ թվում` բերման ենթարկված անձինք պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ իրենց իրավունքները պաշտպանելու համար, իսկ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն խուլ քաղաքացիների հետ հաղորդակցվելու համար։ Ոստիկանությունը պետք է ցուցաբերի առանձնակի զգոնություն` բացառելու որևէ խտրականություն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով սահմանված իրավունքներն իրացնելիս: Մտահոգություններս փոխանցել եմ նաև Ոստիկանության պետ պարոն Օսիպյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում»,-գրել է Բաթոյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ միջադեպ էր տեղի ունեցել «Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց։
15:19 - 21 մայիսի, 2019
Խտրականության բացակայությունը դեռ չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Բաթոյան

Խտրականության բացակայությունը դեռ չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Բաթոյան

Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության շատ կարեւոր դերակատարներն են կանայք, եւ այն արժեքները, որ նրանք են բերել այս հեղափոխության ընթացքում, մենք պետք է վերածենք հստակ քաղաքական ծրագրերի եւ գործողությունների: Այս մասին ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կիսում է այն համոզմունքը, որ կանանց քաղաքական եւ տնտեսական մասնակցության խթանումը կարեւորագույն խնդիր է: Նա նաեւ նշել է, որ հասարակական սեկտորի եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ այսօր նախարարությունում մշակվում է գենդերային ռազմավարություն, որը կոչված է լինելու կանանց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը եւ հավասար իրավունքների ապահովմանը, քանի որ խտրականության բացակայությունը դեռեւս չի ապահովում հավասար հնարավորությունների առկայություն: Տիկին Օսա Ռեգները տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել Կառավարության անդամների հետ եւ կարող է վստահ ասել, որ ՀՀ նոր կառավարությունն ունի միասնական մոտեցում՝ կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ստեղծման հարցում.«Մեզ համար վերջին օրերի հանդիպումները շատ կարեւոր էին, որովհետեւ մենք տեսանք միասնական մոտեցում եւ արժեքային համակարգ, իսկ դա կարեւորագույն խթան է փոփոխությունների համար: Բացի այդ, պետք է ուրախությամբ նշեմ, որ երբեւէ չէի հանդիպել Կառավարության նկատմամբ այսօրինակ վստահություն հասարակական սեկտորի ներկայացուցիչների կողմից: Սա մի բան է, որը ոգեւորում է եւ մղում առաջ»,- ասել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի գործադիր տնօրենի տեղակալը:Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը 2020 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին նախատեսում է միջազգային համաժողով կազմակերպել՝ նվիրված կանանց հիմնախնդիրներին ողջ աշխարհում: Տիկին Օսա Ռեգները նշել է, որ այս ավանդական համաժողովները երբեք չեն իրականացվել Եվրոպայում, Միջին Ասիայում կամ Կովկասում.«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ուզում էինք դիմել ձեզ՝ դառնալու գալիք համաժողովի կազմակերպիչն ու հյուրընկալ երկիրը: Կարծում եմ՝ սա լավագույն հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կարեւորագույն հարցերի քննարկման կենտրոն»,- ասել է նա:Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ պատրաստակամ է քննարկել համաժողովի կազմակերպման հնարավորությունները մյուս պատկան կառույցների հետ, եւ նշել, որ դա մեծ պատիվ կլինի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համար:Նշենք, որ 2019 թվականի մարտին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021 թթ․ կայանալիք 64-րդ եւ 65-րդ նստաշրջանների համար։ Հանձնաժողովի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության եւ կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, եւ այն հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։
11:51 - 21 մայիսի, 2019
Կոպտորեն խախտվում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Զարուհի Բաթոյան

Կոպտորեն խախտվում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Զարուհի Բաթոյան

Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը․Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի առողջությանը և ընտանիքին վերաբերող անձնական տվյալներ։ Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը․ «Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:․․․Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս անելիքն է, և այդ նպատակի համար սերտորեն պետք է համագործակցեն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, կառավարությունը, ԱԺ-ն, ՄԻՊ-ը, հասարակական և միջազգային կազմակերպությունները, լրատվամիջոցները, բայց դա չի կարելի անել երեխայի պատվի և արժանապատվության հաշվին։ Հույս ունեմ, որ դեպքի մանրամասները պարզելուց հետո նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին պաշտպանելու, պատշաճ աջակցություն ցուցաբերելու և նման դեպքերը հետագայում բացառելու ուղղությամբ։ Իսկ առայժմ կոչ եմ անում չտարածել այդ տեսանյութը և գործողություններում առաջնորդվել երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքով։
10:56 - 19 մայիսի, 2019
Մենք երեխաներին պատկերացնում ենք ամենուր. Զարուհի Բաթոյան

Մենք երեխաներին պատկերացնում ենք ամենուր. Զարուհի Բաթոյան

«Ուրախ եմ մեր վաղեմի գործընկերներին հանդիպելու համար: Չնայած այն հանգամանքին, որ այսօր ներկայացնում եմ ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ Կառավարությունը, վստահ եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանության առումով մեր մոտեցումներն անփոփոխ են մնացել: Ուստի շատ անելիքներ ունենք՝ նաև համատեղ ջանքերով, երեխաների ներառումն ապահովելու, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Human Rights Watch միջազգային կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընի և նույն կազմակերպության Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիայի հետ հանդիպման ընթացքում:Նախարարը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ամենածավալուն գործընթացները վերանայելու և ահռելի ծավալի աշխատանք կա իրականացնելու:Նախարարը հյուրերին է ներկայացրել ապաինստիտուցիոնալացման քաղաքականության մանրամասները և շեշտել, որ ծրագիրը ներառելու է բոլոր երեխաներին, բոլոր հաստատություններում.«Սա առաջին անգամ է, երբ երեխաներին հաստատություններից կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու այս ծրագիրը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և մասնավոր մանկատների վրա: Չնայած այն հանգամանքին, որ մենք կասկած չունենք, որ բոլոր հատուկ հաստատությունները պետք է փակվեն, այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում այն իրականացնել հափշտապ: Երեխաների, նրանց ընտանիքների, անհրաժեշտ ծառայությունների լուրջ գնահատում պետք է իրականացվի, և այս գործընթացին պետք է մոտենանք բացառիկ աչալրջությամբ և հոգատարությամբ, որովհետև այստեղ սխալվելու իրավունք չունենք: Մենք միասնական և ունիվերսալ մոտեցում դեռ չունենք բոլոր հաստատությունների վերաբերյալ, որովհետև պատկերացնում ենք, որ երեխաները պետք է լինեն ամենուր»,– ասել է նախարարը:Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունում վերանայվում են մի շարք ռազմավարական ուղղություններ, պատրաստվում են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների առաջարկությունները, մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը:«Ուրախ ենք տեսնել այս պատրաստակամությունը՝ ուղղված երեխաների ապաինստիտուցիոնալացմանը: Ուզում եմ նշել, որ լիովին կիսում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք աջակցել՝ թե՛ փորձագիտական աջակցության շրջանակում, թե՛ փորձի փոխանակման: Մեր վերջին օրերի հանդիպումները Հայաստանում մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ շատերը ձեր գերատեսչությունն ընկալում են որպես բարդ, բայց անհրաժեշտ փոփոխությունների առաջամարտիկ: Ուրախ եմ, որ դուք չեք խուսափում այդ դերը ստանձնելուց»,– ասել է Ջեյն Բյուքենընը:
14:03 - 17 մայիսի, 2019
Նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնին ժամանակավոր աշխատողների ընտանիքներին չզրկել նպաստից |armtimes.com|

Նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնին ժամանակավոր աշխատողների ընտանիքներին չզրկել նպաստից |armtimes.com|

armtimes.com։ Կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կներկայացնի նախագիծ, որով նախատեսվում է գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով չզրկել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել, համաձայն որոնց ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։ Նախագծով, առկա իրավակարգավորումներին զուգահեռ, ներդրվում է նաև նոր մեխանիզմ` գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց ընտանիքներին այդ աշխատանքի պատճառով ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու վերաբերյալ:Նախագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և նշել, որ նախագծի ընդհանուր կարգավորումից, ինչպես նաև Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընդլայնվել միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանք կատարող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու արտոնությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված սեզոնային աշխատանքների ցանկում ներառված են նաև սեզոնային աշխատանքների այլ տեսակներ, որոնց պարագայում վերոնշյալ արտոնությունները կիրառելի չեն լինելու: «Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ նախագիծը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի՝ ելնելով դրանում նախատեսված կարգավորումների հստակեցման և միատեսակ մոտեցման դրսևորման անհրաժեշտությունից: Այս առումով նախագծի հիմնավորման մեջ անհրաժեշտ է նախատեսել համապատասխան դրույթներ»,- նշված է նախարարության առաջարկության մեջ և առաջարկվող փոփոխությունները ընդունվել են մասամբ:
06:11 - 16 մայիսի, 2019
Հայաստանում ծրագրերի իրականացման արդյունավետության հետ կապված խնդիր կա. Զարուհի Բաթոյան |news.am|

Հայաստանում ծրագրերի իրականացման արդյունավետության հետ կապված խնդիր կա. Զարուհի Բաթոյան |news.am|

news.am: Հայաստանում ծրագրերի իրականացման արդյունավետության հետ կապված խնդիր կա: Մայիսի 15-ին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի մեկնարկի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:Նա նշեց, որ հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ՝ ծրագրերն ավելի հասցեակաան եւ հասանելի դարձնելով: «Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք հասանելի են տարբեր խմբերի համար, սակայն զբաղվածության ոլորտում տեղեկացվածության եւ մասնակցության հետ կապված խնդիրներ ունենք», - հավելեց Բաթոյանը:Նախարարն ընդգծեց, որ այդ ծրագիրը ապահովում է ինտեգրում, ինչը թույլ կտա լավագույն արդյունքների հասնել բոլոր ռեսուրսների ներգրավման ժամանկ: «Երեկ ստորագրված «Արժանի աշխատանք» ծրագիրը նույնպես իր ավանդը կունենա «Աշխատիր, Հայաստան» ծրագրի իրականացման գործում:Անհրաժեշտ է նաեւ աշխատանք կատարել օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Կարեւոր է, որ բոլոր գործընթացները հիմնված լինեն մարդու իրավունքների սկզբունքների վրա: Այս ծրագիրը բոլորի համար ստեղծելու է պայմաններ արժանապատիվ աշխատանք գտնելու եւ արժանապատիվ կյանք ապահովելու համար:Կառավարությունն այս հարցում թափանցիկ քաղաքականություն է վարելու՝ հույս ունենալով, որ այս օրինակին հետեւելու են ինչպես գործատուները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները», - եզրափակեց Զարուհի Բաթոյանը:
09:03 - 15 մայիսի, 2019
Զարուհի Բաթոյանի ներկայացրած վիճակագրական տվյալները կեղծ չեն |fip.am|

Զարուհի Բաթոյանի ներկայացրած վիճակագրական տվյալները կեղծ չեն |fip.am|

fip.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մայիսի 4-ին արված գրառման մեջ, դատապարտելով «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանումը, ներկայացրել էր վիճակագրական տվյալներ 2017 թվականին Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների քննման վերաբերյալ։ Բաթոյանը մեջբերել էր Քննչական կոմիտեի տվյալները, ըստ որոնց` 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Մայիսի 10-ին AntiFake.am-ում հայտնվել էր գրառում այն մասին, որ նախարարի ներկայացրած վիճակագրությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ AntiFake.am-ը, ըստ այդմ, որպես փաստարկ, բերում է ՀՀ ոստիկանության՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի ներկայացրած վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանում 2016 թվականին անչափահասների նկատմամբ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերի քանակը 80 է, 2017 թվականին՝ 71, 2018 թվականին՝ 50։ Բաթոյանը, սակայն, իր գրառման մեջ նշում է, որ ներկայացրած վիճակագրության աղբյուրը ՀՀ քննչական կոմիտեի տվյալներն են։ Եվ իրոք, Բաթոյանի ներկայացրած վիճակագրությունը հանրությանն էր ներկայացրել ՔԿ արդեն նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը՝ 2018 թվականի մարտի 21-ին «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունը» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսի ժամանակ։Ըստ Հովսեփյանի, 2015 թվականին ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որոնցից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ, 2016 թվականին քննվել է 157 քրեական գործ, որոնցից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ, իսկ 2017 թվականին քննվել է 161 քրեական գործ, որոնցից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ։Այսպիսով, Բաթոյանի ներկայացրած տվյալները համապատասխանում են բերված աղբյուրին և ապատեղեկատվություն իրենց մեջ չեն պարունակում։
10:12 - 14 մայիսի, 2019
Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Այսօր ստորագրվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության, սոցիալական գործընկերների և ԱՄԿ-ի միջև սերտ գործունեության և փայլուն կապերի վառ ապացույցն ու արտացոլումն է, որով սահմանվում են գալիք 4 տարիների ընթացքում մեր համագործակցության գերակայությունները, ռազմավարությունները և սպասվող արդյունքները»,- այս մասին «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ծրագիրն, որը սահմանում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023թթ. համար, ստորագրվեց նախարար Զարուհի Բաթոյանի, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերի, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի կողմից: Այն կոչված է խթանելու արժանապատիվ աշխատանքը` որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ և, միևնույն ժամանակ, կառավարության և սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակներից է: Կարևորելով սոցիալական գործընկերների դերը ծրագրի պատրաստման և իրականացման գործում, Զ. Բաթոյանը նշեց.«Կցանկանայի նաև հատուկ ընդգծել սոցիալական գործընկերների անմիջական դերն ու ներդրումը ծրագրով նախանշված արդյունքների ապահովման և ոլորտի բարեփոխումների իրականացման գործում: Համոզված եմ, որ Ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա և հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի հետագա շարունակական զարգացման համար»: Ծրագիրը երեք հիմնական գերակայութուն ունի՝ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմների կատարելագործում, զբաղվածության քաղաքականության բարելավում, կանանց և տղամարդկանց զբաղվածության կարողությունների ընդլայնում և սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների ամրապնդում բոլոր մակարդակներում: Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերն ընդգծեց, որ ծրագիրը մշակվել է մասնակցային կերպով՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին. «Այս ծրագրում ներկայացված են ոչ միայն այն ստորագրող կողմերի առաջնահերթությունները, այլև ՄԱԿ-ի Զարգացման և աջակցության 2016-2020 թթ. Առաջնահերթությունները, ինչպես նաև՝ Կայուն զարգացման նպատակները: Ուրախ եմ տեսնել ԱՄԿ չափորոշիչներին համապատասխանելու՝ Հայաստանի պատրաստակամությունը: Շատ ուրախ կլինենք մասնակցել աշխատանքի և զբաղվածության ոլորտում ակնկալվող օերնսդրական փոփոխություններին և Զբաղվածության ռազմավարության մշակմանը»,– ասաց Հ. Քոլլերը: Ըստ նրա՝ որևէ կայուն առաջընթաց հնարավոր չի լինի՝ առանց սոցիալական երկխոսության և սոցիալական արդարության: «Մեծ պատիվ է, որ այսօրվա միջոցառումը և այս կարևոր փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենում Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյա հոբելյանի շրջանակներում, մի կազմակերպություն, որն իր երկարամյա գործունեության ընթացքում անվերապահորեն պայքարել է սոցիալական պաշտպանության և արդարության, աշխատանքային իրավունքների և սոցիալական երկխոսության աներկբա գերակայության և ապահովման համար»,- ասաց նախարարը:
09:33 - 14 մայիսի, 2019
Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան

Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան

«Առաջիկայում մենք շատ կարևոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է»,– այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը նշել է, որ կոնվենցիայի վավերացման գործընթացին զուգահեռ կարևոր է հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի ընտանեկան և կանանց նկատմամբ բռնությունների ամբողջական պատկերին, ինչը կօգնի խուսափել թյուրըմբռնումներից: Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ն Հայաստանում մեկնարկում է 2.5 տարի տևողությամբ նոր ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելում և պայքար դրա դեմ»: ԵԽ պաշտոնյան նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորագույն գործընկեր է այս ծրագրի իրականացման ընթացքում, քանի որ կոչված է պաշտպանելու խոցելի խմբերի շահերը. «Ես ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակում համագործակցելու ենք Ձեր կառույցի հետ, քանի որ վերջին զարգացումները ցույց տվեցին մարդու իրավունքների անխախտ նվիրվածությունը և Ձեր անձնական խիզախությունը, ինչը առանցքային նշանակություն ունի պետության հոգածության կարիքն ունեցող անձանց պաշտպանության և աջակցության հարցում»,- ասել է Ն. Վուտովան: Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման հուսալի և գործուն մեխանիզմների ստեղծումն է: Ծրագրի իրականացման հիմքում լինելու է Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից: Նշենք, որ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011թ. մայիսի 11-ին Ստամբուլում: Այն ուժի մեջ է մտել 2014թ. և այժմ արդեն վավերացվել է ԵԽ 28 անդամի կողմից, Հայաստանի հետ միասին ստորագրվել է 17 անդամ երկրի կողմից։  
05:53 - 09 մայիսի, 2019
Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա |lragir.am|

Հայաստանի պետական սեկտորում մոտ 3 հազար թափուր աշխատատեղ կա |lragir.am|

lragir.am: Հայաստանում մասնավոր հատվածում 5 և ավելի աշխատակիցներ ունեցող շուրջ 5700 ուսումնասիրված ընկերություններում կա 2525 թափուր աշխատատեղ։ Պետական սեկտորում թափուր աշխատատեղերի թիվը 2989 է: Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ նախարարությունը հիմնականում աշխատանք է տանում անմրցունակ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը՝ նախարարը կարևորեց այդ երեխաների ընտանիքներին ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցությունը: «Մենք չենք խոսում երեխաներին ուղղակի մանկատներից դուրս բերելու և ընտանիքին վերադարձնելու մասին, առանց ընտանիքին աջակցելու»,-հավելեց նա: Բաթոյանը նշեց նաև, որ քաղաքացիները կարիք ունեն սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման: «Մարդու կարիքը պետք է հասցեական լինի և այն պետք է նախ սոցաշխատողը ճանաչի: Քաղաքացիները կարիք ունեն սոցաշխատողի, որպեսզի իրենց խնդիրների մասին պետությունը, գերատեսչությունը տեղեկանա ինքնուրույն և ոչ թե մարդը գնա դիմի այս կամ այն կառույցին իր մասին իմաց տալու համար»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
12:16 - 06 մայիսի, 2019