Կոպտորեն խախտվում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Զարուհի Բաթոյան
10:56 - 19 մայիսի, 2019

Կոպտորեն խախտվում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Զարուհի Բաթոյան

Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը․

Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի առողջությանը և ընտանիքին վերաբերող անձնական տվյալներ։

Երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը․

«Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:
Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

․․․Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրիս անելիքն է, և այդ նպատակի համար սերտորեն պետք է համագործակցեն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, կառավարությունը, ԱԺ-ն, ՄԻՊ-ը, հասարակական և միջազգային կազմակերպությունները, լրատվամիջոցները, բայց դա չի կարելի անել երեխայի պատվի և արժանապատվության հաշվին։

Հույս ունեմ, որ դեպքի մանրամասները պարզելուց հետո նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին պաշտպանելու, պատշաճ աջակցություն ցուցաբերելու և նման դեպքերը հետագայում բացառելու ուղղությամբ։ Իսկ առայժմ կոչ եմ անում չտարածել այդ տեսանյութը և գործողություններում առաջնորդվել երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել