Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ
 |1lurer.am|
17:05 - 15 մարտի, 2024

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ: Այդ մասին ծրագիրը Կառավարության հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Առաջին բաղադրիչի համար նախատեսված է, որ պետությունը տրամադրում է ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ, յուրաքանչյուրի համար՝ 50-հազարական դրամ: Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, և պետությունը գործատուին փոխհատուցում է մինչև 50 հազար դրամի չափով եկամտային հարկ և այլ պահումներ:

Երկրորդ բաղադրիչով մինչև 3 ամիս տևողությամբ յուրաքանչյուր ամիս 165 հազար դրամի չափով աշխատավարձի գումար է փոխհատուցվում գործատուին, որի մեջ ներառված են հարկերը, որից հետո ևս 3 ամիս պետությունը փոխհատուցում է եկամտային հարկի՝ մինչև 50 հազար դրամը՝ ևս 3 ամիս: Այս պարագայում նվազագույն աշխատանքային պայմանագրի տևողությունը առնվազն 6 ամիս է:

Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է, այսինքն՝ առկա է մասնագիտական ուսուցման բաղադրիչ, աշխատանքային փորձի և հարկերի փոխհատուցման:

«Ծրագրով հետաքրքրվողների թիվը 1000-ից ավելի է, առկա պայմանագրերի թիվը՝ 133»,- ասաց նախարարի տեղակալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել