Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան
05:53 - 09 մայիսի, 2019

Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է. Զարուհի Բաթոյան

«Առաջիկայում մենք շատ կարևոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, և այս համատեքստում հատկապես կարևոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը:

Մեր օրակարգում է Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգևորիչ է»,– այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ կոնվենցիայի վավերացման գործընթացին զուգահեռ կարևոր է հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի ընտանեկան և կանանց նկատմամբ բռնությունների ամբողջական պատկերին, ինչը կօգնի խուսափել թյուրըմբռնումներից:

Նատալյա Վուտովան տեղեկացրել է, որ ԵԽ-ն Հայաստանում մեկնարկում է 2.5 տարի տևողությամբ նոր ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելում և պայքար դրա դեմ»: ԵԽ պաշտոնյան նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորագույն գործընկեր է այս ծրագրի իրականացման ընթացքում, քանի որ կոչված է պաշտպանելու խոցելի խմբերի շահերը.

«Ես ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակում համագործակցելու ենք Ձեր կառույցի հետ, քանի որ վերջին զարգացումները ցույց տվեցին մարդու իրավունքների անխախտ նվիրվածությունը և Ձեր անձնական խիզախությունը, ինչը առանցքային նշանակություն ունի պետության հոգածության կարիքն ունեցող անձանց պաշտպանության և աջակցության հարցում»,- ասել է Ն. Վուտովան:

Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման հուսալի և գործուն մեխանիզմների ստեղծումն է: Ծրագրի իրականացման հիմքում լինելու է Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից:

Նշենք, որ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) ընդունվել է 2011թ. մայիսի 11-ին Ստամբուլում: Այն ուժի մեջ է մտել 2014թ. և այժմ արդեն վավերացվել է ԵԽ 28 անդամի կողմից, Հայաստանի հետ միասին ստորագրվել է 17 անդամ երկրի կողմից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել