Մենք երեխաներին պատկերացնում ենք ամենուր. Զարուհի Բաթոյան
14:03 - 17 մայիսի, 2019

Մենք երեխաներին պատկերացնում ենք ամենուր. Զարուհի Բաթոյան

«Ուրախ եմ մեր վաղեմի գործընկերներին հանդիպելու համար: Չնայած այն հանգամանքին, որ այսօր ներկայացնում եմ ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ Կառավարությունը, վստահ եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանության առումով մեր մոտեցումներն անփոփոխ են մնացել:

Ուստի շատ անելիքներ ունենք՝ նաև համատեղ ջանքերով, երեխաների ներառումն ապահովելու, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Human Rights Watch միջազգային կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընի և նույն կազմակերպության Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիայի հետ հանդիպման ընթացքում:

Նախարարը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ամենածավալուն գործընթացները վերանայելու և ահռելի ծավալի աշխատանք կա իրականացնելու:

Նախարարը հյուրերին է ներկայացրել ապաինստիտուցիոնալացման քաղաքականության մանրամասները և շեշտել, որ ծրագիրը ներառելու է բոլոր երեխաներին, բոլոր հաստատություններում.

«Սա առաջին անգամ է, երբ երեխաներին հաստատություններից կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու այս ծրագիրը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և մասնավոր մանկատների վրա:

Չնայած այն հանգամանքին, որ մենք կասկած չունենք, որ բոլոր հատուկ հաստատությունները պետք է փակվեն, այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում այն իրականացնել հափշտապ: Երեխաների, նրանց ընտանիքների, անհրաժեշտ ծառայությունների լուրջ գնահատում պետք է իրականացվի, և այս գործընթացին պետք է մոտենանք բացառիկ աչալրջությամբ և հոգատարությամբ, որովհետև այստեղ սխալվելու իրավունք չունենք:

Մենք միասնական և ունիվերսալ մոտեցում դեռ չունենք բոլոր հաստատությունների վերաբերյալ, որովհետև պատկերացնում ենք, որ երեխաները պետք է լինեն ամենուր»,– ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունում վերանայվում են մի շարք ռազմավարական ուղղություններ, պատրաստվում են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների առաջարկությունները, մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

«Ուրախ ենք տեսնել այս պատրաստակամությունը՝ ուղղված երեխաների ապաինստիտուցիոնալացմանը: Ուզում եմ նշել, որ լիովին կիսում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք աջակցել՝ թե՛ փորձագիտական աջակցության շրջանակում, թե՛ փորձի փոխանակման:

Մեր վերջին օրերի հանդիպումները Հայաստանում մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ շատերը ձեր գերատեսչությունն ընկալում են որպես բարդ, բայց անհրաժեշտ փոփոխությունների առաջամարտիկ: Ուրախ եմ, որ դուք չեք խուսափում այդ դերը ստանձնելուց»,– ասել է Ջեյն Բյուքենընը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել