Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

«Գնանք էնտեղ ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու մասին |armeniasputnik.am|

«Գնանք էնտեղ ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների հերթական միջոցառմանը, որովհետև կարծում է, որ իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։ «Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ–ն փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում և արդեն իսկ չի կատարել, գնամ ի՞նչ անեմ էնտեղ, կբացատրե՞ք ինձ»,– ասաց նա։ Հարցին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նստում մեքենան (նկատի ունի շարունակում է ՀԱՊԿ–ի անդամ մնալ), եթե այն չի տեղափոխում Ա կետից Բ կետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց։ «Ես կփորձեմ այդ մեքենան ինչ-որ ձևով աշխատեցնել, քանի որ այլ մեքենա ես այս պահին չունեմ»,– ասաց ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ իր չմասնակցության մասին տեղեկացրել է նախագահող երկրին և որևէ արձագանք չի ստացել։ Նա վստահեցրեց, որ այս կերպ ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններ չեն սառեցվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չեն մասնակցի նոյեմբերի 22-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
12:54 - 22 նոյեմբերի, 2023
Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին

Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալիայի Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարևոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջև շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ, որի հետ մտքեր փոխանակեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ, ինչը տևական խաղաղության երաշխիք է: Կողմերը քննարկել են ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրներն ու տեղահանմանը նախորդող դեպքերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարևորել է Ադրբեջանի դեմ համարժեք պատժամիջոցների իրականացման անհրաժեշտությունը: Բարձրաձայնվել է, որ Ադրբեջանը չի համաձայնում մասնակցել արևմտյան գործընկերների միջնորդությամբ բանակցություններին և տապալում է խաղաղության շուրջ երկխոսությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ:
17:03 - 17 նոյեմբերի, 2023
Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Անհամբեր սպասում եմ Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը. Կորեայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում և Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը: Դոհուն Լին նշել է, որ անհամբեր սպասում է Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը, երբ իր երկրի դրոշը կծածանվի հյուրընկալ և խաղաղասեր Երևանում: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցության ձևաչափին, խորհրդարանների բարեկամական խմբերի միջև տեղի ունեցած արդյունավետ շփումներին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգային խնդիրները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրին առնչվող մի շարք հարցեր: «Հայաստանն իր միջազգային գործընկերներից, ինչպես նաև բարեկամ Կորեայից ակնկալում է ջանքերի գործադրում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սատարման հարցում, քանի որ այն շարունակ բախվում է ադրբեջանական ոտնձգություններին»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են նաև բազմոլորտ գործակցության լայն հնարավորությունները, որոնք նոր փոխշահավետ ծրագրերի համար պարարտ հող են հանդիսանում:
15:42 - 17 նոյեմբերի, 2023
ԱԺ նախագահը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել խաղաղություն հաստատելու և տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը

ԱԺ նախագահը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել խաղաղություն հաստատելու և տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը

ԱԺ նախագահը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել խաղաղություն հաստատելու և տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առիթով Երևան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Երևանում խորհրդարանական ամենամասշտաբային միջոցառումը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա կազմակերպության անդամ երկրների պատվիրակություններին տեղում ծանոթանալու մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին: Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրներին, Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է խրախուսել ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների միջև երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ աջակցություն ցույց տալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը՝ հիշեցնելով, որ չնայած ամենօրյա ռեժիմով միջազգային կառույցներին ուղղած մեր ահազանգերին՝ չստացվեց կանխել ադրբեջանական աղետը: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացում ապահովելու մեր տեսլականը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մանրամասներ է ներկայացրել Բաքու կատարած այցից:
14:23 - 17 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանը որևիցե տեղ չի պատրաստվում գնալ, այլ ապահովելու է տարածաշրջանում իր անվտանգությունը։ «Երբ ՀԱՊԿ-ը կամ այլ գործընկերներ ասում են՝ մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք, իսկ որտեղ էին իրենք պատրաստ, որտեղ էին գալու կանգնեին, որտեղ էին այդ գործողությունները անելու, եթե միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը չի խախտվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, ըստ նրա, նույնպես չենք կայացրել․ «Այստեղ խնդիրն այն է, թե այդ կառույցը ինչպես է դիրքավորվում. արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը ստեղծված է ինչ-որ գործողություն անելու, երբ այդ կառույցի անդամներից մեկին վտանգ է սպառնում։ Այդ հարցն ուղղված է ավելի շատ այդ կառույցի այլ երկրներին։ ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է։ Ամեն անգամ, այն բոլոր գործընկերները, որոնք փորձ են անում Ալմաթայի դեկլարացիան, Պրահայի համաձայնությունը ներկայացնել մի կետ, որից հետո իրենք չէին կարող որևէ բան անել, թող հետ նայեն և ասեն, թե ինչ են իրենք արել, երբ այդ ամենը տեղի չէր ունեցել»։
13:02 - 16 նոյեմբերի, 2023
ԱԺ նախագահը փոքր հնարավորություն է տեսնում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման համար |azatutyun.am|

ԱԺ նախագահը փոքր հնարավորություն է տեսնում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման համար |azatutyun.am|

azatutyun.am: Քիչ, բայց հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կա այդ հնարավորությունը», - նշեց ԱԺ խոսնակը։ Թե որն է նման լավատեսության պատճառը, Սիմոնյանը չհստակեցրեց։Հարցին, թե ո՞ւմ հովանու ներքո, խորհրդարանի նախագահը պատասխանեց՝ պետք է կողմերը միմյանց հետ պայմանավորվեն, հակառակ դեպքում յուրաքանչյուր կողմ իր շահը կհետապնդի։ «Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, եթե միասին չպայմանավորվենք, հայտնվելու է երրորդ կողմ և այդ գործընթացում ներդնի իր շահերը»,- շեշտեց Սիմոնյանը։ Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»։ Ընդգծելով, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի քաղաքական կամքը մնում է անսասան, գործադիրի ղեկավարն ասաց, որ հստակեցնելու մի քանի հարցեր կան։ «Մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է, մյուսն անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի», - ասաց վարչապետը։
12:38 - 16 նոյեմբերի, 2023
Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ. Ալեն Սիմոնյան |h|

Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ. Ալեն Սիմոնյան |h|

h: Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ: Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա: Այսդ մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է տելեգրամյան իր անձնական ալիքում: «Սա են, թերևս, «դաշնակցային ճիշտ» պատկերացումները: Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»:  Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա «դաշնակցից», Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինին հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»: Հ.Գ. Իսկ հետաքրքիր է, օրինակ՝ Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է»,- գրել է նա:
13:40 - 03 նոյեմբերի, 2023
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարևոր մասն է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. Ալեն Սիմոնյան

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարևոր մասն է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահն ընդունել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության, ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների հարգման վրա: Նա ընդգծել է, որ ժողովրդավար Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպական միության ջանքերը: «Երախտապարտ ենք Էստոնիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրած մարդասիրական աջակցության համար»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպմանը քննարկվել են ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր: «Հարգելի՛ գործընկերներ, չնայած բոլոր մարտահրավերներին` մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին, որի կարեւոր մասն է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ տնտեսական կապերի խթանման գործիք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը: Էստոնացի գործընկերները նկատել են, որ որեւէ մեկը չի կարող մյուսին այդքան լավ հասկանալ, որքան փոքր երկրները, Հայաստանի ցավն ու բարձրացրած հարցերն իրենց համար խորթ չեն: Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի այցի արդյունքում նախանշվող ուղիների զարգացումը եւ մի շարք այլ օրակարգային հարցեր:  
15:57 - 02 նոյեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը Ճապոնիային առաջարկել է միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Ալեն Սիմոնյանը Ճապոնիային առաջարկել է միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաեւ հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:   Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ`   երախտագիտություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա զինված հարձակման հետեւանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների համար հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրելու համար: Կողմերն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններին: ԱԺ խոսնակը նշել է, որ առաջարկ է արվում Ճապոնիային եւս միանալ նախագծին: Նա նշել է նաեւ, որ Հայաստանն իր մասնակցությունը կունենա 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպոյին: Հանդիպման ավարտին դեսպանը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում խորհրդարանի հետ սերտ աշխատանքի համար` շեշտելով, որ սկսված ծրագրերը շարունակական են լինելու: ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին մաղթել է հաջողություններ բոլոր հետագա ձեռնարկումներում:
12:44 - 02 նոյեմբերի, 2023
ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ |armenpress.am|

ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իմ տեղեկություններով դա Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկն է լինելու։ Եվ այդ հարցը պատասխանում է նաև այն հարցին, թե մեր տարածքով անցնող կոմունիկացիաները ինչպես են վերահսկվելու։ Կա արդեն ձևավորված կառույց և այն կզբաղվի կոմունիկացիաներով»,- նշեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն դուրս մղել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի հետ բացվեն։ Խոստանում եմ, որ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու և դա մեր համաքաղաքացիները տեսնելու են և վերջապես խաղաղություն ենք ունենալու»,- եզրափակեց Սիմոնյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը։
16:43 - 27 հոկտեմբերի, 2023
ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ
 |armenpress.am|

ԱԺ նախագահը չի բացառում արտաքին ուժերի շահագրգռվածությունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ներքուստ հայ ժողովուրդը գիտի, թե ովքեր են եղել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության դրդողները և դերակատարները։  «1999 թվականից այս կողմ շատ ժամանակ է անցել, և բնական է՝ ժամանակային բարդություններ կան, բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներն ու հիմնական կազմակերպիչներն ովքեր են եղել։ Ես հիմա իմ պաշտոնի բերումով ինձ իրավունք չեմ վերապահի բարձրաձայն ասել, դա մեղադրանք կհնչի։ Թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառները և դերակատարները գիտենք։ Մնում է այդ փաստը արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն արտաքին ուժերի շահագրգռվածություն տեսնում է, Սիմոնյանը պատասխանեց․ «Չեմ բացառում։ Իհարկե, ո՞նց չեմ տեսնում»։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ զինված հարձակում են իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Դա տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հոկտեմբերի 27-ի գործով 2022-2023 թվականների ընթացքում հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք: Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում:  
16:25 - 27 հոկտեմբերի, 2023