ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են անվտանգային հարցերի լայն շրջանակ

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են անվտանգային հարցերի լայն շրջանակ

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային անվտանգային հարցերի լայն շրջանակ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետի աշխատակազմի Ծրագրավորման և կառավարական համադրությունների հարցերով վարչության պետ Վախթանգ Կատամաձեի հետ։
09:27 - 15 նոյեմբերի, 2022
ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարը և Լիլա Պիտերս Յահիան քննարկել են ՄԱԿ-ի համակարգի և գործակալությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի և մասնագիտացված գործակալությունների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իրենց մանդատին համապատասխան առկա մարտահրավերներն արձանագրելու և հասցեագրելու նպատակով:
19:04 - 14 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:  Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը՝ նշելով, որ Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատումը:  Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
18:17 - 14 նոյեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած  պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։  Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանի ցավակցությունների համար։  Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ «Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։ Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։ Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։
11:00 - 14 նոյեմբերի, 2022
Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

Քննարկվել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի մասնակցության հարցեր

 Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի, տնտեսական գրավչության և արտերկրում բնակվող ֆրանսիացիների հարցերով լիազոր նախարար Օլիվիե Բեշտին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Այս համատեքտում երկուստեք կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը, որտեղ ուղենշվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացման հեռանկարները:  Քննարկվել է նաև Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական և ներդրումային ծրագրերին ֆրանսիական կողմի հնարավոր մասնակցության հարցերը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրասիական ապակենտրոնացված համագործակցության բնագավառում հաստատված սերտ կապերը:     
12:33 - 12 նոյեմբերի, 2022
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:  Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։  Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:  Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:
19:25 - 11 նոյեմբերի, 2022
Քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
19:41 - 10 նոյեմբերի, 2022
Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երկու օր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:  Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ պարոն Մարությանը նշել է, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրույթունները: Նա նշել է նաև՝ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ: Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հերպերին նվիրել է “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից:
12:46 - 10 նոյեմբերի, 2022
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև

 |armenpress.am|

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև |armenpress.am|

armenpress.am: Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։ Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը։ Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։ Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերադառնալ արդար և հարատև խաղաղության: Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։
12:17 - 09 նոյեմբերի, 2022
Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

Հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել․ Արա Այվազյան |news.am|

news.am: Ես էլ եկել եմ Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի պաշտպանության համար, որովհետեւ կարծում եմ՝ բոլոր տարատեսակ խոսակցությունների, վարկածների հակառակ՝ բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝ արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքահայ ես: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը մասնակցում է հաջակցություն Արցախի՝ ընդդիմության հրավիրած հանրահավաքին: «Թուրքերի համար մենք թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,- ասաց նա: Հարցին, թե ինքը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախկին նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկական շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի լուծմանը, նա ընդգծեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից: Այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն, ճիշտ լուծում էր, եւ մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների վրա: Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:
16:16 - 05 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին:  Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ համոզմունք հայտնելով, որ այն իր նպաստը կբերի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է իրենց գործունեության շրջանակն ու առաջիկա աշխատանքները Հայաստանում:  Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
13:45 - 04 նոյեմբերի, 2022
Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի նիստը

Բրյուսելում տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։ Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։
20:47 - 03 նոյեմբերի, 2022