Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
12:46 - 10 նոյեմբերի, 2022

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երկու օր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: 

Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ պարոն Մարությանը նշել է, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրույթունները: Նա նշել է նաև՝ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ:

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հերպերին նվիրել է “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել